Խոշոր ասեղը
ԽՈՇՈՐ ԱՍԵՂԸ
Կար մի անգամ կարկատանի մի ասեղ, որ իրան կարի ասեղի չափ նուրբ էր համարում։
— Ուշադիր եղէ՛ք, և ինձ լաւ բռնեցէ՛ք, ասաց խոշոր ասեղը այն մատներին, որ նրան պիտի բռնէին: Չը լինի՛ թէ ինձ վայր գցէք, որովհետև, եթէ ընկնեմ, ես ա՜յնչափ նուրբ եմ, ա՜յնչափ նուրբ եմ, որ վստահ եմ, թէ չէք կարող ինձ այլ ևս գտնել:
—Լա՛ւ, լա՛ւ, դուք անհոգ եղէ՛ք, ասացին մատները և նրա մէջքից բռնեցին:
—Մէկ լա՛ւ մտիկ տուէք, ես գալիս եմ իր շքախմբով, ասաց խոշոր ասեղը, իր ետևից քաշ տալով մի երկար թել, որի ծայրին հանգոյց չը կար։
Մատները ասեղը մխեցին մի խոհարարուհու հողաթափի մէջ, որի վերի մասի [ 72 ]կաշին պատռած լինելով՝ կարկատուելու կարիք ունէր:
—Ի՞նչ կոպիտ աշխատանք, ասաց ասեղը. ես չեմ կարող երբէ՛ք անց կենալ, կը կոտրուեմ, ա՜հ կոտրւում եմ։
Եւ, արդարև, նա կոտորուեց:
—Քեզ չ՚ասացի, բողոքեց ասեղը. ես չափազանց նուրբ եմ։
—Նա այլ ևս մի բանի պէտք չի գայ, ասացին մատները:
Խոհարարուհին նրան մեղրամոմից մի գլուխ շինեց և իր վզի թաշկինակը ամրացնելու համար գործ ածեց։
—Օ՜հօ՜, այժմ ես կրծքի մի սիրուն գնդասեղ դարձայ, ասաց ասեղը: Ես լաւ գիտէի, որ այսչափ մեծ պատիւների պէտք է հասնէի: Ինձ նմանները՝ անկարելի է որ կորսուեն, ոչնչանան:
Եւ նա՝ հանդիսաւոր, շքեղ կառքի կառապանի նման, հպարտ կերպարանք ստացաւ և յոխորտանքով դիտեց շուրջը.
—Թոյլ կը տա՞ք ինձ արդեօք ձեզ հարցնելու թէ դուք ոսկո՞ւց էք, ասաց նա հարևան գնդասեղին։ Դուք լաւ արտաքին և միևնոյն ժամանակ սեպհական գլուխ ունիք. [ 73 ]միայն թէ նա շատ փոքր է: Աշխատեցէ՛ք, որ նա մեծանայ, որովհետև ամենքը մեղրամոմից շինած գլխի չեն արժանանար: Ու այս խօսքերից յետոյ, խոշոր ասեղը այնչափ գոռոզութեամբ բարձրացրեց գլուխը, որ թաշկինակից դուրս ելաւ և ընկաւ խոհանոցի լուացարանի մէջ, երբ խոհարարուհին լուանում էր ամանները:
—Ա՜յ, այժմմենք կը ճանապարհորդենք, ասաց ասեղը, միայն թէ վախենում եմ որ չը կորսուեմ։
Արդարև կորսուեց:
—Ես արժանի չեմ այս տեղերին, ես չափազանց նուրբ եմ, ասաց ասեղը, մինչդեռ պառկել էր լուացարանի յատակում։ Բայց գիտեմ, թէ ո՛վ եմ ես, և այդ բաւական է, որ ինձ հպարտացնէ:
Եւ նա պահում էր միշտ իր յոխորտ կերպարանքն և ուրախ տրամադրութիւնը:
Մինչդեռ նա լուացարանի յատակին այդպէս ձգուել էր, նրա վրայից լողալով անցնում էին փայտի կտորտանքներ, յարդի շիւղեր, հին լրագրի պատառներ և այլն:
— Տեսէ՛ք, ի՜նչպէս այդ բոլորը լողում [ 74 ]են ու չեն էլ կանգ առնում, ասաց ասեղը։ Նրանք չը գիտեն թէ ի՞նչ է պատահմամբ պառկել իրանց տակ—-ինձ նման մի ասե՜ղ։ Ա՜յ, ահա՛ օրինակի համար այս փայտի կտոը, որ անցնում է. նա աշխարհում միայն իր և իր նման փայտի կտորների վրայ է մտածում․․. Ահա՛ և մի յարդի շիւղ. ի՜նչպէս նա պտոյտ է գալիս, ի՜նչպէս նա կոտրտւում է. հէ՜յ, մի քիչ ուշադրութիւն դարձրո՛ւ շուրջդ. ապա թէ ոչ ոտքդ քարին կը խփես: Ահա նոյնպէս հին լրագրի մի պատառ: Այն բոլորը, ինչ որ տպուել էր այդ լրագրում, վաղո՜ւց մոռացուել է, բայց և այնպէս, նա հպարտանում է...: Իսկ ես՝ թէև համբերութեամբ պառկել եմ այստեղ, բայց գիտեմ, թէ ո՛վ եմ ես, և ի՜նչ է իմ արժեքը:
Յանկարծ, ասեղը նկատեց մի ինչ որ փայլուն բան, և նրան ադամանդ կարծեց։ Նա գարեջրի շիշի մի կտոր էր պարզապէս։ Բայց նա փայլում էր և խոշոր ասեղը՝ ներկայացնելով ինքն իրան՝ իրրև կրծքի մի գնդասեղ, սկսեց նրա հետ խօսակցել։
—Դո՛ւք, երևի մի ադաքանդ էք, հարցրեց։ [ 75 ]—Այո՛, ես մի ինչ որ այդպիսի բան եմ, պատասխանեց շիշի կտորը:
Այն ժամանակ նրանցից իւրաքանչիւրը համոզուեց, որ իր հարևանը թանկագին էր։ Եւ նրանք մասնաւորաբար խօսակցեցին աշխարհում տիրող հպարտութեան մասին:
—Առաջ ես ապրում էի մի արկղում, որը պատկանում էր մի օրիորդի, ասաց ասեղը: Այդ օրիորդը խոհարարուհի էր: Նրա իւրաքանչիւր ձեռքը հինգ մատ ունէր. ես երբէ՛ք նրանց նման յաւակնոտ և հպարտ մատներ չեմ տեսել. և սակայն նրանք եղել էին միայն նրա համար, որպէս զի ինձ արկղից հանեն և նորից արկղի մէջ դնեն։
—Արդեօք նրանք ազնուակա՞ն դասակարգից էին, հարցրեց շիշի կտորը:
––Ազնուակա՜ն, կրկնեց ասեղը, բոլորովին ո՛չ, բայց նրանք չափազանց սնապարծ էին։ Հինգ եղբայր էին... և ամենքը ծնուել էին... մա՜տ։ Նրանք հպարտութեամբ իրար կողքին էին կենում, թէպէտև միևնոյն հասակը չունէին: Ամենից դրսինը՝ մեծ մատը՝ կարճ և հաստ՝ միւսներից հեռու էր կանգնում: նա ծռւում էր միայն մի տեղից, որովհետև միայն մի յօդ ունէր: Բայց նա [ 76 ]միշտ ասում էր, որ եթէ մի մարդ իր մեծ մատը կորցնէ, այն ժամանակ նա չի կարող զինուորական ծառայութիւն կատարել։ Երկրորդ մատը ուտում էր և՛ քաղցր, և՛ թթուն, ցոյց էր տալիս արևը, լուսինը և յենւում էր գրչի վրայ, երբ միւս մատները ուզում էին գրել: Երրորդը՝ միջամատը՝ բարձրից էր նայում իր եղբայրների վրայ, չորրորդը կրում էլ մի ոսկի գօտի, իսկ վերջին փոքրիկը ոչինչ չէր անում, և դրա համար էլ չափազանց հպարտ էր։ Հինգ եղբայրները՝ բացի պոռոտախօսութիւնից, մեծամտութիւնից ոչինչ չը գիտէին: Այս պատճառով՝ ես էլ հեռացայ նրանցից. լաւ չա՞րի։
—Ի հարկէ. այժմ մենք նստած ենք այստեղ և փայլում ենք, ասաց շիշի կտորը։
Բայց ճիշտ այդ րոպէին լուացարանի մէջ ջուր լեցրին, որը եզերքներից դուրս թափուելով երկուսին էլ քշեց տարաւ իր հետ:
—Վերջապէս շարժւում, առաջանում ենք, ասաց խոշոր ասեղը: Նրանք հասան մինչև առուակը։ Շիշի կտորը շարունակեց ճանապարհը, բայց ասեղը կանգ առաւ առուակի մէջ: [ 77 ]—Հը՜ն, էլ տեղիցս չեմ շարժուի. ես չափազանց նուրբ եմ և իրաւունք ունեմ հպարտանալու, ասաց ասեղը:
Արդարև նա մնաց իր տեղում և անձնատուր եղաւ խոր ու բարձր մտածումների։
—Ա՜Հ, Աստուած իմ, ո՜րքան նուրբ եմ ես. ինձ թւում է, որ ես ծնուել եմ ուղղակի արեգակի մի ճառագայթից։ Կարծես թէ նրանք էլ գալիս են ինձ փնտռելու մինչև ջրի յատակը: Բայց ես այնչափ բարակ եմ, որ մայրս՝ արեգակը՝ անկարող պիտի լինի ինձ գտնելու: Եթէ աչքս կորցրած չը լինէի, գոնէ կը նստէի լաց կը լինէի: Ո՛չ, ես չեմ ուզում լաց լինել. դա ինձ վայել չէ՛:
Մի օր, երեխաները եկան առուակի մէջ հին մեխեր, կոպեկներ և ուրիշ արժէքաւոր առարկաներ որոնելու: Կեղտոտ աշխատանք էր այդ. բայց ի՞նչ արած, նրանք այդ բանի մէջ զուարճութիւն էին գտնում. ամեն մարդ իր կարողութեան չափով է զուարճանում։
— Վա՜յ, վա՜յ, աղաղակեց նրանցից մինը, ասեղից խայթուելով. ա՜յ անպիտա՛ն, ա՜յ։ [ 78 ]—Ես անպիտան չեմ, ես մի ազնուազա՜րմ օրիորդ եմ, ասաց ասեղը։
Բայց ոչ ոք նրան չը լսեց։ Ասեղի մեղրամոմեայ գլուխը պոկուել էր և ասեղն ամբողջապէս սևացել էր: Բայց սև գոյնը հասակը աւելի նուրբ ու երկար է ցոյց տալիս, դրա համար էլ ասեղը աւելի քան երբէ՛ք նուրբ էր կարծում իրան:
—Ահաւասի՛կ ձուի ի կեղև, ասացին երեխաները, և ասեղը ցցեցին նրա վրայ։
—Կեցցէ՛ք, ասաց ասեղը. այժմ ես աւելի գրաւիչ դարձայ, քանի որ ես սև եմ և ինձ շրջապատող կեղևը բոլորովին սպիտակ է: Այսպէս ես կարող եմ ամենքի ուշադրութիւնը հրաւիրել իմ վրայ։ Բայց Աստուած տայ, որ ծովի հիւանդութեամբ [ 79 ]չը բռնուեմ, ապա թէ ոչ փափուկ սիրտս տակն վրայ կը լինի:
Նա ծովի հիւանդութեամբ չը բռնուեց և սիրտն էլ տակն ու վրայ չեղաւ:
—Ի՜նչ բարեբաղդութիւն է, պողպատեայ ստամոքս ունենալ, երբ մարդ ճանապարհորդում է ծովի վրայ: Ասացէք, ես մի մարդուց աւելի չե՞մ արժում: Ո՞վ կարող է պարծենալ, որ իմ ստամոքսի նման ստամոքս ունի։ Ի՜նչ պատուական կազմուածք ունեմ: Եւ յետոյ, պէտք է խոստովանուել, որ մարդ որչափ բարակ է, այնչափ քիչ է ենթարկւում վտանգի:
Չա՜թ, փշրուեց կեղևը: Նրա վրայից անցաւ ապրանքատար մի սայլակ։
—Ա՜Հ, Աստուա՜ծ, սիրտս ճմլւում է, ասաց ասեղը. կարծես ծովի հիւանդութեամբ բռնուեցի. սիրտս տակն լինում:
Որքան էլ որ կառքը նրա վրայից անց կացաւ, սիրտը տակն ու վրայ չեղաւ: Նա՝ իր ամբողջ հասակով առուակի յատակում անշարժ պառկել էր, ինչպէս առաջ: Լա՛ւ. թո՛ղ մնայ այնտեղ: