Ճանապարհորդութեան ընկերը

Ճանապարհորդութեան ընկերը
թարգմանությունը՝ Զավէն Տիգրանի

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ԸՆԿԵՐԸ




Խեղճ Ժանը շատ վշտացել էր, որովհետև հայրը հիւանդ էր և առողջանալու յոյս չը կար: Փոքրիկ սենեակում միայն իրանք երկուսն էին: Լամպան սեղանի վրա վառւում էր, հատնում, ու գիշերը անցնում էր։

—Դո՛ւ, բարի պտուղ հասար, Ժա՜նս, ասաց հիւանդ հայրը. դո՛ւ լաւ որդի ես, Աստուած քեզ օգնական ու պահապան լինի:

Յետոյ հայրը երկա՜ր ու քաղցր նայեց իր որդուն, խոր շունչ քաշեց ու մեռաւ: Նա ասես թէ քնում էր: Ժան լացաւ: Աշխարհում ոչ ոք ունէր, ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ եղբայր, ո՛չ քոյր։ Խե՜ղճ Ժան: Անկողնու առաջ ծունր դրած՝ նա իր վախճանուած հօր ձեռըն համբուրեց ու դառն արտասուք թափեց: Բայց աչքերը վերջապէս փակուեցին, և նա քնեց, գլուխը անկողնու կարծր փայտին կռթնցրած։

Այն ժամանակ նա մի տարօրինակ երազ տեսաւ: Արեգակն ու լուսինը իր առաջ խոնարհուեցին. տեսաւ հօրը ողջ և առողջ որ, ծիծաղում էր առաջուայ նման, երբ լաւ տրամադրութեան մէջ էր։ Մի փոքրիկ գրաւիչ աղջիկ՝ իր երկար և գեղեցիկ մազերի վրայ ոսկեայ պսակ դրած՝ ձեռքը Ժանին երկարեց: Եւ հայրը որդուն ասաց.

—Տե՛ս, ահա՛ նշանածդ, աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է:

Յետոյ Ժան զարթնեց. գեղեցիկ տեսիլքը չքացաւ: Հայրը՝ սառը և մեռած՝ ձգուել էր անկողնու մէջ ու ոչ ոք կար նրանց մօտ: Խե՜ղճ Ժան։

Հետևեալ օրը՝ հօրը թաղեցին: Ժան դագաղի ետևից գնաց: Նա այլ ևս չը պէտք է տեսներ իր բարի հօրը, որին չափազանց շատ էր սիրում: Դագաղն իջեցրին փոսի մէջ և վրան հող լցրին։ Ժան երկար դիտեց դադաղի ծայրը, որ հողի տակից երևում էր տակաւին. բայց հողը լեցւում էր հա լեցւում. շուտով ամբողջ դագաղը հողով ծածկուեց։ Այն ժամանակ նրա սիրտը ճմլուեց. շատ էր մեծ նրա վիշտը։ Գերեզմանի եզերքին՝ մի տխուր, շա՜տ տխուր շարական էին երգում: Ժան յուզուեց ու լացաւ: Արտասուքները սիրտը թեթևացրին: Արեգակը քնքչութեամբ լուսաւորում էր կանաչ ծառերը և կարծես ուզում էր ասել. «Մխիթարուիր, Ժան, տես երկինքը ո՜րքան գեղեցիկ կապոյտ է: Այնտեղ է քո հայրը և խնդրում է բարի Աստուծուց, որ դու միշտ բաղդաւոր լինես»:

—Միշտ բարի պիտի լինեմ, ասաց Ժան, որովհետև ուզում եմ իմ հօր մօտ՝ երկինք գնալ. այնտեղ, մենք մեծապէս ուրախ պիտի լինենք իրար տեսնելով: Ա՜հ, նրան պատմելու ո՜րքան բաներ ունեմ. նա անշուշտ ինձ ցոյց կը տայ և կը բացատրի երկնքի հրաշալիքները, ինչպէս առաջ ինձ սովորեցնում էր երկրի վրայ: Օ՜հ, ո՜րչափ պիտի ուրախանանք:

Ժան այս բոլոր բաների վրայ խորհելով՝ արտասուքների միջից ժպտում էր: Շագանակենիների վրայ փոքրիկ թռչունները զուարթօրէն դայլայլում էին. «ճի՜ւ, ճի՜ւ, ճի՜ւ»: Նրանք էլ թաղման ներկայ էին եղել. գիտէին՝ թէ հանգուցեալը երկնքումն էր, և շատ աւելի մեծ ու գեղեցիկ թևեր ունէր, քան իրանք և թէ նա յաւիտեան բաղդաւոր էր, որովհետև երկրի վրայ բարիք էր միայն գործել։ Ահա՛ ինչու համար թռչնիկ ները գոհ և ուրախ էին:

Ժան տեսաւ, թէ ի՜նչպէս նրանք մեծ ծառերի վրայից թռչկոտում էին օդի մեջ, դնում էին հեռո՜ւ, շատ հեռո՜ւ: Ու ինքն էլ ցանկացաւ նրանց նման ճանապարհորդել: Նախ, փայտից մի մեծ խաչ շինեց երեկոյեան իր հօր գերեզմանի վրայ դնելու համար: Երբ խաչը երեկոյեան տարաւ, տեսաւ թէ գերեզմանը զարդարուած էր աւազով և ծաղիկներով: Գերեզմանը զարդարողները մի քանի ազնիւ անձեր էին որ սիրում և յարգում էին այդ բարի հօրը:

Յաջորդ օրը, առաւօտ կանուխ, Ժան ճանապարհորդական փոքրիկ ծրարը պատրաստեց, իր ժառանգութեան բաժինը՝ մօտ յիսուն և հինգ րուբլի՝ մէջքին կապեց սկսեց աշխարհ ման գալ: Նախ, գնաց գերեզմանատուն. իր հօր վրայ, հայր մեր սաց և գոչեց.

—Մնաս բարեաւ, հա՛յր: Ես էլ պիտի ջանամ քեզ նման միշտ բարի լինել, որպէս զի դու ինձ համար աղօթես բարի Աստծուն:

Դաշտերում, բոլոր ծաղիկները թարմ ու շնորհալի էին արեգակի ջերմութեան տակ: Նրանք զեփիւռի առաջ խոնարհւում էին և կարծես մրնջում էին Ժանին. «Բա՜րի եկար, դու, հազա՛ր բարի. գեղեցիկ է մարգագետինը, չէ՞»։

Բայց, Ժան՝ վերջին անգամ ետ դարձաւ ու դիտեց հին եկեղեցին, ուր նրան մկրտել էին, և և ուր, ամեն կիրակի, գնում էր իր ալևոր հօր հետ փոքրիկ Յիսուսին աղօթելու համար: Նա, հեռուից՝ զանգակատան վերև, մի խորշի մէջ, կարմիր ու սրածայր գդակով եկեղեցու ոգին նշմարեց, որ թևով դեմքը արեգակից ծածկել էր։ Ժան մնաք բարևի նշան արեց նրան և փոքրիկ ոգին հանեց ու շարժեց իր կարմիր գդակը, ձեռքը տարաւ սրտին և իր մատների ծայրով համբոյրներ ուղարկեց, յաջողութիւն և բարի ճանապարհ մաղթելու համար: Ժան՝ այժմ խորհում էր այն գեղեցիկ բաների մասին, որոնց պիտի տեսնէր աշխարհում։ Նա գնաց հեռո՜ւ, հեռո՜ւ, շատ հեռո՜ւ, այնպիսի տեղեր, ուր երբէք նա չէր եղել։ Նա՝ ո՛չ իր անցած քաղաքներն և ո՛չ էլ պատանհած մարդկանցն էր ճանաչում:

Առաջին գիշերը, հարկադրուեց պառկելու դաշտում, չոր խոտի մի դէզի վրայ, որովհետև ուրիշ անկողին չունէր: Նա ուղղակի սքանչացաւ. թագաւորը իրանից հանգիստ չէր կարող լինել: Ամբողջ դաշտը, իր լճակով, իր չոր խոտով և իբրև առաստաղ՝ իր կապոյտ անսահման երկնքով՝ իսկապէս հրաշալի մի ննջասենեակ էր կազմում։ Մարգագետինը՝ իր կարմիր և սպիտակ փոքրիկ ծաղիկներով, ասես մի գորգ լինէր, որը պսակազարդում էին թմբիի մացառներ և վայրի վարդենիներ: Լճակը՝ իր յստակ սառը ջրով՝ աղբիւրի տեղ էր ծառայում. եղէգները՝ խոնարհուելով՝ «բա՛րի լոյս, բա՛րի երեկոյ» էին մրմնջում. լուսինը՝ իբրև մի մեծ լամբար, կապոյտ առաստաղից կախուել էր և վախենալու կարիք չը կար, որ այդ լամպան շրջելով վարագոյրները բռնկցնէր: Ժան՝ կարող էր ուրեն քնել հանգստութեամբ, առանց երկիւղի: Ու նա քնեց: Երբ զարթնեց, արեգակը ծագել էր արդէն և թռչնիկները ծլւլում էին շուրջը և կարծես ասում էին. —Բա՛րի լոյս, բա՛րի լոյս, դու դեռ ևս վեր չե՞ս կացել։

Կիրակի էր. զանգակները ժողովրդին եկեղեցի էին հրաւիրում. ամենքը քարոզ լսելու համար շտապում էին: Ժան հետևեց ժողովրդին, ինքն էլ մի սաղմոս երգեց եկեղեցում, յետոյ Աստուծոյ խօսքը լսեց: Նա յիշեց այն եկեղեցին, ուր մկրտուել էր, և ուր գնացել էր յաճախ իր հօր հետ փառաբանելու մանուկ Յիսուսին:

Այցելեց գերեզմաննոց: Այնտեղ շատ գերեզմաններ կային, որոնց մեծ մասի վրայ խոտ էր բուսել: Ժան մտածեց, թէ իր հօր գերեզմանն էլ գուցէ այդպէս անխնա մնացել էր: Նա նստեց, գերեզմանների խոտերը քաղեց, բարձրացրեց ընկած խաչերը և քամուց ցանուցիր եղած ծաղկեպսակները իրանց տեղը զետեղեց: Նա խորհրդածում էր.

«Գուցէ, այս րոպէիս, մի ուրիշը՝ իմ հօր գերեզմանին միևնոյն խնամքն է տանում. ես ուրիշ կերպ անել չեմ կարող»։

Գերեզմանատան դռան առաջ, մի մուրացիկ՝ փայտին յենած նստելէր: Ժան՝ նրան մի քիչ փող բաշխեց ու բաւականութեամբ ճանապարհը շարունակեց: Երեկոյեան դէմ, օդը սարսափելի կերպով վատացաւ: Ժան շտապում էր մի ապաստան գտնել, բայց շուտով վրայ հասաւ մութ գիչերը: Վերջապէս, մի բլրակի գագաթին՝ մի փոքրիկ, մենաւոր մատուռ տեսաւ: Մատուռի դուռը բաց էր, ներս մտաւ և սպասեց որ փոթորիկն անցնի:

«Յոգնել եմ, հանգչելու մեծ կարիք եմ զգում, նստեմ մի քիչ այստեղ», մտածեց։ Ու մի անկիւն նստեց: Ձեռները կցեց, երեկոյեան աղօթքն արեց ու անգիտակցաբար քնեց: Մինչդեռ երկինքը որոտում էր և շանթը փայլատակում, նա հանդարտութեամբ երազում էր:

Կէս գիչերին միայն զարթնեց. օդը պարզուել էր, և պատուհանի միջից լուսինը ժպտում էր: Եկեղեցու մէջտեղում մի բաց դագաղ կար, որի մէջ գտնւող մեռելին դեւ ևս չէին թաղել։ Ժան չը վախեցաւ, որովհետև խիղճը հանդարտ էր, և գիտէր թէ ողջ ու չար մարդիկը միայն չարիք են գործում, իսկ մեռելները ոչինչ չեն աներ: Այդ կենդանի ու չար մարդերից երկուքը կանգնել էին դագաղի կողքին և ուզում էին մեռելը հանելով դուրս շպրտել։

—Ինչո՞ւ համար ուզում էք դուրս նետել մեռելին, հարցրեց Ժան. դա՛ մի վատ ու չար դործ է: Աստուծոյ սիրուն, թողեք նրան հանգիստ.

—Ինչե՞ր ես դուրս տալիս, պատասխանեցին երկու չար մարդերը: Նա մեզ խաբեց. մեզ դրամ պարտական էր և առանց վճարելու շտապեց մեռնել. սրա համար մենք էլ ուզում ենք վրէժ լուծել շան նման փողոց շպրտելով նրան:

—Ես յիսուն րուբլի ունեմ, ասաց Ժան. այդ թէև իր ամբողջ ժառանգութիւնն է. բայց յօժարութեամբ ձեզ կը տամ, եթէ ինձ կը խոստանաք խեղճ մեռելին հանգիստ թողնել: Առանց այդ դրամին էլ կարող եմ ճանապարհս շարունակել. ես ողջ եմ և առողջ և բարի Աստուածն ինձ կօգնէ:

—Այո՛, պատասխանեցին վատ մարդերը. եթէ դու նրա պարտքը վճարես, մենք նրան ոչինչ չենք աներ. խօ՛սք ենք տալիս:

Ու նրանք վերցրին Ժանի փողը, բարձրաձայն ծիծաղեցին նրա բարութեան վրայ և հեռացան: Ժան՝ մեռելը կարգի բերեց դագաղի մէջ, նրա ձեռները միացրեց և «մնաք բարեաւ» ասելով՝ ուղղուեց դէպի մեծ անտառը:

Նա՝ լուսնի շողերով արծաթազօծուած անտառում, ամեն տեղ տեսաւ անտառի փոքրիկ, շնորհալի ոգիներին, որ զուարթութեամբ խաղում էին: Նրանք ո՛չ վախեցան և ո՛չ էլ փախան, որովհետև Ժանի անմեղութիւնը նրանց յայտնի էր. նրանք փախչում, անտեսանելի էին դառնում չարերին միայն։ Նրանցից ոմանք՝ մի մատից աւելի մեծ չէին. և իրանց երկար, խարտեաշ մազերը վեր էին բարձրացրել ոսկի սանդրով։ Երկուս առ երկուս նրանք օրօրւում էին տերևների և խոտերի վրայ սփռուած ցօղի խոշոր կաթիլների վրայ։ Երբեմն կաթիլը գլորւում էր ցած և նրանք ընկնում էին յարդի երկար շիւղերի մէջտեղ. այն ժամանակ միւս փոքրիկ ոգիները հը՜ռ հըռ ծիծաղում էին: Ա՜հ, որչափ զուարճալի էր այս ամենը: Նրանք սկսեցին երգել, ու Ժան նկատեց որ մանկութեան ժամանակ իր սովորած երգերն էին նրանց բոլոր երգածները: Մեծ, խատուտիկ սարդեր՝ արծաթեայ պսակներով՝ մի մացառից միւսը կախ ընկած՝ կամուրջներ պալատներ էին հիւսում, որանք ցօղով ծածկուած, լուսնի ճաճանչներով լուսաւորուած՝ ապակիների նման վառվռում էին: Այս բոլորը տևեց մինչև արեգակի ծագելը. այն ժամանակ փոքրիկ ոգիները մտան ծաղիկների կոկոնների մէջ և քամին ցիր ու ցան արեց նրանց կամուրջներն դղեակները։

Ժան անտառից դուրս էր գալիս, երբ տղամարդու մի ուժեղ ձայն նրա ետևից կանչեց.

—Է՜, ընկե՛ր, ո՞ւր ես գնում.

—Աշխարհ ման գալու, պատասխանեց Ժան: Ես ո՛չ այլ ունեմ, ո՛չ հայր. ես մի խեղճ երեխայ եմ, բայց բարի Աստուածը ինձ կօգնէ:

—Ես էլ աշխալհ ման պիտի գամ, շարունակեց օտարականը. եթէ ուզում ես միասին ճանապարհորդենք, ընկեր լինենք:

—Ամենայն սիրո՛վ:

Ու միասին շարունակեցին նրանք առաջ գնալ։

Շուտով նրանք իրար սիրեցին, որովհետև երկուսն էլ բարի էին: Բայց Ժան նկատեց, որ անծանօթը իրանից աւելի գիտուն էր. նա շատ էր ճանապարհորդել և կարող էր ամեն բանի մասին խօսել:

Արեգակը բարձրացել էր արդէն երկնքում. հետևաբար մի մեծ ծառի տակ նստան ճաշելու համար: Մի պառաւ կին անց էր կենում նրանց մօտից: Նա այնքան ծեր էր, որ քայլում էր բոլորովին կռացած, յենուելով մի ձեռնափայտի, և կռնակին կրում Էր մի խուրձ, ո՛ր հաւաքել էր անտառից: ժան տեսաւ ողորենու երեք գաւազան, որոնց ծայրերը նրա գոգնոցից դուրս էին ընկնում։ Երբ նրանց առաջ հասաւ, պառաւը սահեց ու ընկաւ սուր ճիչեր արձակելով, որովհետև խեղճ կինը կոտրել էր սրունքը։ Ժան ուզեց անմիջապէս նրան տուն տանել, բայց օտարականը բացաւ իր պայուսակը, վերցրեց մի փոքրիկ աման և ասաց, որ մի բալասան, մի սպեղանի ունէր, որի շնորհիւ կարելի էր նրա ոտքն առողջացնել։

Այնուհետև նա կարող էր մենակ շարունակել իր ճանապարհը, որպէս թէ նրա սրունքը երբէ՛ք կոտրուած չը լինէր: Միայն թէ՝ իբրև վարձատրութիւն, նրա գոգնոցի երեք գաւազաննները պահանջեց:

—Շատ թանգ էք պահանջում, ասաց պառաւը ու գլխով մի այլանդակ շարժում արեց: Երևում էլ որ նա հեշտութեամբ չէր ուզում իր գաւազաններից հրաժարուել. բայց միւս կողմից, շատ անախորժ բան էր, սրունքը կոտրուած՝ պառկել այդպէս ճանապարհի մէջտեղում։ Հետևաբար, պառաւը յանձնեց երեք գաւազանները օտարականին, որ սպեղանին նրա սրունքի վրայ քսելով առողջացրեց ու պառաւը առաջուանից աւելի հաստատ քայլերով հեռացաւ: «Ի՞նչ հրաշագործ սպեղանի» մտածեց ժան:

—Ի՞նչ ուզուք ես անել այդ երեք գաւազանները հարցրեց Ժան իր ուղեկցին:

—Սրանք երեք փոքրիկ, սիրուն աւելներ են, որոնց պէտք ունեմ. ես մի քիչ տարօրինակ մարդ եմ:

Նրանք բաւական երկար քայլեցին։

—Տե՛ս փոթորիկը մօտենում է, ասաց Ժան. այդ ամպերը որչափ սև են ու սարսափելի:

—Ո՛չ, պատասխանեց ուղեկիցը. դրանք ամպ չեն, լեռներ են: Երբ մարդ այդ լեռների վրայ է բարձրանում, հասնում է եթերի ծոցը. ամպերն անգամ ներքև են մնում: Հաւատա՛ ինձ որ այնտեղից բնութեան տեսքը հիանալի է. վաղը մենք արդէն այդ լեռների վրայ կը լինենք:

Բայց պէտք էր ամբողջ օրը քայլել հասնելու համար այդ լեռներին, որոնց կատարի մութ անտառները երկինքին էին դիպչում և որտեղ մի քաղաքի չափ խոշոր քարեր կային: Ո՜րչափ պիտի քայլէին, կտրել անցնելու համար այդ երկար ճանապարհը։ Այս պատճառով էլ ժան և իր ընկերը մտան մի պանդոկ: Պէտք էր հանգստանալ և հետևեալ օրուայ համար ոյժ հաւաքել:

Պանդոկի մեծ սրահում ահագին բազմութիւն կար։ Մի մարդ խամաճիկներ էր խաղացնում: Նա դեռ նոր էր հաստատել իր փոքրիկ թատրոնը. հանդիսատեսները նրա շուրջը բոլորակ էին կազմել։ Առաջին կարգում, լաւագոյն տեղը գրաւել էր մի ծեր, չաղ մսագործ, որին ընկերանում էր նրա ցլաշունը՝ բուլդօկը: Ո՜ւֆ, կատաղի անասունը. ի՜նչպէս նա դիտում էր իր մեծ աչքերով։

Խաղն սկսեց: Գեղեցիկ էր. ոսկեայ թագ դրած և տտունաւոր երկար պատմուճաններ հագած՝ մի թագաւոր և մի թագուհի բազմել էին հոյակապ գահի վրայ. նրանք հարուստ էին և կարող էին այդպէս շքեղ հագնուել: Ապակեայ աչքերով, մեծ բեխերով խամաճիկներ՝ կանգնել էին բոլոր դռների առաջ, որոնց շարունակ բանում և փակում էին օդը մաքրելու համար:

Այո՛, շատ գեղեցիկ ու մանաւանդ շատ ուրախ խաղ էր: Բայց, յանկարծ՝ թագուհին վեր կացաւ և մի քանի քայլ առաջ եկաւ։ Աստուած գիտէ թէ ի՞նչի վրայ էր խորհում այդ պահուն խոշոր ցլաչունը: Որովհետև մսագործը նրան չէր բռնում, նա այդ բանից օգտուելով՝ մի ոստիւն արեց մինչև թատրոնը և թագուհիի նուրբ մէջքից խածաւ։ Չա՜թ, չո՜ւթ: Ա՜հ սարսափելի էր:

Խաղը ցոյց տուող խեղճ մարդը վշտից յուսահատութիւնից ձեռներն էր ճկում, որովհետև ցլաչունը՝ թագուհիին՝ նրա տիկնիկներից ամենագեղեցկին՝ գլուխն էր կերել։

Բայց, երբ ամենքը մեկնեցան, Ժանին ընկերացող օտարականը խոստացաւ շուտով դրստել թագուհուն գլուխը: Նա վերցրեց իր փոքրիկ ամանը, և տիկնիկին շփեց այն սպեղանիով, որի շնորհիւ առողջացրել էր արդէն աղքատ պառաւի սրունքը: Տիկնիկն անմիջապէս բժշկուեց: Նա կարողանում էր խաղալ մինչև իսկ առանց թելի: Խօսելու կարողութիւնն էր միայն պակասում։ Տէրը սքանչացած էր, նրա առանց թելի պարելը տեսնելով: Իր տիկնիկներից և ոչ մինը կարող էր այդպէս ինքն իրան պարել:

Գիշերը, երբ պանդոկում ամեն մարդ արդէն պառկել էր, մէկը՝ մի քանի անգամ այնպէս խորը հառաչեց, որ բոլորը զարթնեցին և վեր կացան, իմանալու համար թէ ո՞վ էլ այդ հառաչողը: Խամաճիկների տէրը վազեց թատրոն, որովհետև հառաչանքի ձայնը այնտեղից էր գալիս: Բոլոր տիկնիկները՝ թագաւորը՝ թիկնապահների մէջտեղում, խառն ի խուռն պառկել էին: Նրանք էին ահա՛ ողբագին հառաչում, որովհետև շատ փափաքում էին որ նրանց էլ սպեղանիով շփեն, որպէս զի կարողանան իրանք իրանց շարժուել։ Թագուհին ծունր դրեց և իր փոքրիկ ոսկի թագը ներկայացնելով սաց.

—Առէ՛ք, բայց շփեցէ՛ք սպեղանիով ամուսնուս և պալատականներիս:

Այն ժամանակ, թատրոնի հէգ տեսուչը անկարող եղաւ իր լացը զսպելու և խոստացաւ ներկայացման բոլոր արդիւնքը տալ, միայն թէ Ժանի ուղեկիցը հաճէր իր ամենագեղեցիկ տիկնիկներից չորսին կամ հինգին սպեղանիով շփել։ Բայց ուղեկիցը, ի փոխարէն, տնօրէնի կողքից կախուած սուրը միայն պահանջեց։ Տնօրէնը ուրախութեամբ ընդունեց պայմանը: Ժանի ընկերը անմիջապէս սպեղանիով շփեց վեց տիկնիկներին էլ։ Տիկնիկներն այնքան սիրուն կերպով սկսեցին պարել, որ պանդոկի մէջ գտնւող բոլոր աղջիկները, նրանց օրինակին հետևեցին: Կառապանը պարում էր խոհարարուհու հետ, սպասաւորը՝ սենեկապանուհու հետ: Բոլորը պարում էին, մինչև իսկ թիակն և ունելիները: Բայց այս վերջինները խաղալ չիմանալով, վայր ընկան: Ի՜նչ ուրախ գիշեր էր:

Հետևեալ օրը Ժան իր ընկերոջ հետ մեկնեցաւ և լեռները, կաղնու մեծ անտառներով ծակծուած բարձր լեռները հասան: Նրանք այնչափ բարձրացան, որ եկեղեցիների զանգակատները երևում էին ցածր, շատ ցածր դալարիքների մէջտեղում, կարմիր փոքրիկ պտուղների նման։ Ու նրանց առաջ բացւում էր մի անսահման հեռապատկեր: Ժան այնքան մեծ տարածութիւն երբէք չէր տեսել: Արեգակի լոյսը իջնում էր թարմ կապոյտ երկնքից: Որսորդները լեռներում փողահարում էին: Այդ ամենը այնքան գեղեցիկ էր ու այնքան յուզիչ, որ Ժան ուրախութիւնից լացաւ և աղաղակեց.

—Բարի Աստուած, դու այնչափ ողորմած ես ամենքի համար, որ ես կը փափագէի քեզ համբուրել։ Քեզ միայն պարտական ենք այս բոլոր շքեղութիւնը։

Ուղեկիցը կանգնել էր, ու նա նոյնպէս ձեռքերը միացրած արեգակի լոյսի առաջ աղօթում էր: Նրանք դիտում էին անտառներն ու քաղաքները։ Յանկարծ մի տարօրինակ ձայն լսուեց նրանց վերևից: Բարձրացրին գլուխները: Մի մեծ սպիտակ կարապ սաւառնում էր օդի մէջ։ Նա հիանալի էր, երգում էր այնքան քաղցր, որ նրանք ո՛չ մի թռչնի այդպէս երգելը չէին լսել։ Բայց նրա ձայնը հետզհետէ մարում էր. նա խորնարհեցրեց գլուխը և դանդաղօրէն ընկաւ նրանց ոտքերի առաջ: Նա մեռած էր:

—Այս երկու սպիտակ, մեծ թևերը շատ թանգ արժեն, ասաց ուղեկիցը. վերցնեմ սրանց: Տեսնո՞ւմ ես, լա՜ւ արի, չէ՞, որ սուրը պահանջեցի։

Մի հարուածով մեռած կարապի թեւերը կտրեց և տարաւ: Ճանապարհորդները՝ ամպերի վերևից շատ ու շատ վերստեր կտրեցին անցան, մինչև որ հեռուից նշմարեցին մի մեծ քաղաք, որի հարիւր զանգակատները, արևի տակ, փայլում էին արծաթի նման: Քաղաքի մէջտեղում, մի մարմարեայ, ոսկեզօծ դղեակ էր բարձրանում, որտեղ ապրում էր թագաւորը:

Ժան և իր ընկերը անմիջապէս քաղաք մտնել չուզեցին։ Դադար առին մի պանդոկում, վրայ դլուխ դրստելու համար. նրանք ցանկանում էին գեղեցիկ երևալ փողոցներում։ Պանդոկապետը նրանց պատմեց, որ թագաւորը մի պատուական մարդ էր, և ոչ ոքի ոչ բարիք և ոչ էլ չարիք էր հասցրել, բայց նրա աղջի՞կը...

—Աստուած մեզ փրկէ նրանից. շատ չար իշխանուհի է։ Նա արևի նման գեղերցիկ է, բայց ինչի է ծառայում նրա գեղեցկութիւնը: Նա մի սարսափելի կախարդ է և բազմաթիւ գեղեցիկ իշխանների գլուխն է կերել:

Այդ իշխանուհին՝ անխտիր ամենքին, իշխանի ինչպէս մուրացիկի, թոյլ էր տուել խնդրելու իր ձեռքը: Բայց պէտք էր գուշակել երեք հանելուկ, որոնց նա առաջարկում էր: Նա՛, ով կը կարողանար հանելուկները լուծել, կամուսնանար և իշխանուհու հետ, նրա հօր մահից յետոյ, կը բարձանար թագաւորական գահի վրայ։ Իսկ նրանք որոնք անկարող կը լինէին հանելուկները գուշակելու, կը կախուէին կամ կը գլխատուէին։ Ահա՛ որչափ չար էր գեղեցիկ իշխանուհին: Նրա հայրը, ալևոր արքան, դրա համար շատ էր վշտացել, բայց չը կաթողացաւ իր աղջկայ այդ արիւնալից խաղն արգելել, որովհետև մի անգամ ընդ միշտ յայտարարել էր, որ չը պէտք է բնա՛ւ խառնուէր փեսայի ընտրութեան գործի մէջ. իշխանուհին այդ մասին բացարձակապէս ազատ էր: Ամեն անգամ, երբ մի իշխան, գեղեցկուհուն հետ ամուսնանալու համար փորձել էր հանելուկները գուշակել՝ — չէր յաջողել և գլխատուել կամ կախաղան էր բարձրացել: Բանը նրանումն է սակայն, որ այդ իշխաններին նախազգուշացրել էին. ի՞նչու նրանք յամառել էին: Ծերունի թագաւորը՝ իր աղջկայ այդ վարմունքից այնքան զգածուել էր, որ ամեն տարի, իր զօրքերի հետ, մի ամբողջ օր ծնրադիր աղօթում էին, որպէս զի իշխանուհին բարի լինի, նրա սիրտը կակղի: Բայց իզո՜ւր: Արաղ խմող պառաւ կնանիքը, իրանց վիշտն արտայայտելու հարմար սև ներկեցին իրանց արաղը: Դրանից աւելի ի՞նչ կարող էին անել։

—Անպիտա՛ն իշխանուհի, ասաց Ժան, արժանի է որ նրան մի լա՛ւ մտրակեն, գուցե այն ժամանակ խելքը գլուխը գայ. Ա՞խ, եթէ ես ծերունի թագաւորի տեղը լինէի, նրան ցոյց կը տա՜յի...

Նոյն րոպէին երկու ընկերները լսեցին որ ժողովուրդը բղաւում էր «հուռռա՜, հուռռա՜»: Իշխանուհին էր անցնում: Արդարև, նա այնչափ գեղեցիկ էր, որ ամեն մարդ նրան տեսնելով մոռանում էր նրա չարութիւնը։ Ահա դրա համար բղաւում էին, հուռռա՜: Սպիտակ մետաքսեայ շրջազգեստ հագած, մի մի ոսկեայ կակաչ ձեռներումը, ածուխի նման սև ձիերի վրայ նստած՝ տասներկու սիրուն օրիորդներ չրջապատում էին նրան: Իսկ իշխանուհին նստել էր ադամանդներով և սուտակներով պճնուած սպիտակ, ձիւնի նման սպիտակ մի ձիու վրայ: Նրա զգեստները զուտ ոսկուց էին, ձեռքին բռնած մտրակը արեգակի մի ճառագայթի էր նմանում: Նրա գլխի թագը երկնքի աստղերից կազմած էր թւում, և շրջազգեստը՝ ասես պատրաստուած լինէր բիւրաւոր թիթեռնիկների հրաշալի թևերոց: Այնուհանդերձ, նա իր հագուստներից էլ գեղեցիկ էր:

Երբ Ժան նրան նշմարեց արիւնի նման կարմրեց և անկարող եղաւ մի բառ անգամ արտասանելու. Իշխանուհու դէմքը նման էր այն տեսիլքին, որը նա ունեցել էլ իր վախճանած օր սնարի մօտ: Նրան չափազանց գեղեցիկ գտաւ, ու սիրեց.

—Անկարելի է, ասաց, որ նա մի չար կախարդ լինի, և հանելուկները լուծել չը կարողացողներին կախել կամ գլխատել տայ։ Ամեն մարդ, մինչև իսկ վերջին մուրացիկը ազատ է նրա ձեռքը խնդրելու, այնպէս չէ՞։ Ես էլ կը գնամ ուրեմն դղեակ, այո՛, անպատճառ պէտք է որ գնամ, ես ուզում եմ գնալ։

Ամենքը նրան ասացին որ սխալւում է, թէ անկասկած նա էլ պիտի ենթարկուի միւսների դժբաղդ վիճակին: Նրա ընկերն էլ ջանաց համոզել, բայց Ժան անդրդուելի մնաց: Խնամով խոզանակեց զգեստները, փայլեցրեց կօշիկները, մանրակրկիտ կերպով լուաց ձեռքերն ու երեսը, կարգի բերաւ գեղեցիկ խարտեաշ մազերը և մենակ մտաւ քաղաք դղեակ գնալու համար:

—Մտէ՛ք, ասաց, ծերունի թագաւորը, երբ Ժան դղեակի դուռը բաղխեց: Ժան ներս մտաւ, և ծերունի թագաւորը գիշերազգեստով, ասեղնազարդ հողաթափներով դիմաւորեց նրան: Նա կրում էր գլխին ոսկի թագ, մի ձեռքին արքայական գաւազանը և միւսին մի ոսկեայ խնձոր:

—Սպասեցէ՛ք, ասաց նա, խնձորը կռնատակին դնելով, որպէս զի ձեռք տայ Ժանին. բայց, երբ լսեց թէ եկել էր իշխանուհու ձեռքը խնդրելու, այնչափ սաստիկ լացաւ, որ գաւազանն ու խնձորը վայր ընկան և ստիպուեց աչքերը սրբել գիշերազգեստով. Հէ՜գ ծերունի թագաւոր:

—Հրաժարուի՛ր այդ մտքից, աղաղակեց նա, միւսների նման քո վավաճանն էլ վատ կը լինի. արի՛, տե՛ս։

Նա Ժանին առաջնորդեց իշխանուհու պարտէզը: Սարսափե՜լի բան. իւրաքանչիւր ծառի կատարից երեք կամ չորս արքայորդիներ կախուել էին: Ամեն անգամ, երբ քամին փչում էր, նրանց կմախքները իրար զարնուելով հնչում էին փոքրիկ թռչունները նրանցից փախչում էին այլ ևս չը վերադառնալու համար: Ամեն տունկ մի ոսկոր էր կրում ծաղկամանների մէջ մեռելի գլուխներ ծիծաղում և իրանց ատամներն էին կրճտացնում:

—Տեսնո՞ւմ ես, ասաց ալևոր թագաւորը. քե՛զ, սրանցից լաւագոյն բաղդ չի սպասում. հրաժարուիր քո մտքից, ես շատ եմ տանջւում այս թափուած արիւններից. դո՛ւ ինձ կը դժբաղդացնես:

Ժան՝ ծեր, բարի թագաւորի ձեռքը համբուրեց և ասաց որ երբէ՛ք երկիւղ չը կրէ, ինքը պիտի յաջողի, որովհետև իշխանուհուն չափազանց շատ է սիրում:

Նա՝ միևնոյն ժամանակ, իր նաժիշտների ընկերակցութեամբ մտաւ դղեակ և երկուսը միասին ընդ առաջ գնացին բարի լոյս մաղթելու համար: Մեծ շնորհալիութեամբ նա ձեռքն երկարեց Ժանին: Ժան աւելի քան երբէ՛ք սիրեց նրան և պնդեց որ սխալւում էին նրան մի չար կախարդ կարծելով։ Յետոյ նրանք բարձրացան մեծ սրահը, որտեղ փոքրիկ մանկլաւիկներ նրանց քաղցրեղէն մատուցին: Բայց ծեր թագաւորը այնքան տխուր էր, որ ոչինչ չը կարողացաւ ուտել, բացի այդ, շաքարները շատ կարծր էին նրա ատամների համար: Որոշուեց որ Ժան՝ հետևեալ օր պիտի վերադառնաս դղեակ, և դատաւորների և նախարարական խորհրդի ներկայութեամբ պիտի փորձէր գուշակել առաջին հանելուկը: Եթէ նա յաջողէր, երկու անգամ էլ հանելուկ պիտի առաջարկուէր։ Բայց, մինչև այդ օրը, ոչ ոք յաջողել էր նոյն իսկ առաջին հանելուկը լուծելու։ Բոլորն էլ կորցրել էին իրանց գլուխը։

Ժան իր բաղդից բնա՛ւ չէր վախենում. ընդհակառակը նա հրճւում էր, և գեղեցիկ իշխանուհու վրայ միայն էր մտածում: Նա հաստատապէս համոզուած էր, որ բարի Աստուած նրան կօգնէ: Բայց ի՞նչպէս: Այդ նա չը գիտէր և չէր էլ ուզում այդ հասին խորհել։ Պանդոկ վերադառնալու ժամանակ, որտեղ սպասում էր նրա ընկերը, նա ուրախութիւնից պարեց մեծ ճանապարհի վրայ։

Ժան՝ բառ չի գտաւ պատմելու համար, թէ իշխանուհին ո՜րքան սիրալիր եղել էր նրա հետ և ո՜րքան գեղեցիկ էր: Ո՜րչափ անհամբերութեամբ նա յաջորդ օրուան էր սպասում դղեակ դառնալու և բաղդը փորձելու համար: Բայց ուղեկիցը գլուխը ցնցում էր տխրութեամբ.

—Ես քեզ շատ սիրում, ասաց նա, մենք կարող էինք տակաւին երկար ժամանակ իրար հետ ապրել։ Ի՞նչ, պէտք շուտով քեզնից զրկուեմ: Խե՜ղճ Ժան, ես ուզում եմ լալ, բայց քո ուրախութիւնը պղտորելուց վախենում եմ։ Գուցէ սա վերջին երեկոն է, որ մենք միասին ենք անցկացնում։ Է՜հ, ուրախ լինենք: Ես վաղը կը լամ, երբ դու մեկնած կը լինես:

Քաղաքում, ամեն մարդ գիտէր, որ մի նոր փեսացու է յայտնուել: Տխրութիւնը ընդհանուր էր։ Թատրոնները փակել էին, քաղցրաւենիքի վաճառականները սև քօղով ծածկել էին իրանց շաքարեայ տիկնիկները, թագաւորը և քահանաները եկեղեցում ծնկաչոք աղօթում էին և ամենքի վիշտը մեծ էր: Միթէ՞ միւսներից տարբեր վախճան կունենար Ժանը:

Երեկոյեան դէմ, Ժանի ընկերը մի մեծ աման պօնչ պատրաստեց և ասաց. —Օ՛ն, ուրախանանք և խմենք իշխանուհու կենացը:

Բայց, երբ Ժան երկու բաժակ խմեց, գլուխը ծանրացաւ, աչքերը փակուեցին և ակամայ քնեց։ Ուղեկիցը նրան մեղմով վերցրեց աթոռից և դրաւ անկողնու վրայ: Երբ մութը կոխեց, կարապի մեծ թևերը վեր առաւ և կպցրեց ուսերին: Գրպանը դրեց պառաւի գաւազաններից ամենամեծը, պատուհանը բացաւ և քաղաքի վրայից թռաւ մինչև մարմարեայ դղեակը: Այնտեղ, իշխանուհու ննջասենեակի պատուհանի տակ, մի անկիւնում նստեց:

Քաղաքի վրայ տարածւում էր խո՜ր լռութիւն: Կէս գիշերուայ քառորդ ժամ մնացած՝ պատուհանը բացուեց և իշխանուհին՝ սև, երկար թևերով, փաթաթուած՝ մի սպիտակ լայն վերարկուի մէջ, թռաւ քաղաքի վրայից և կուզէր հասնել մի մեծ սարի: Ժանի ընկերը անտեսանելի դարձաւ և հետևեց իշխանուհուն, արիւնելու աստիճան նրան գաւազանով խփելով։ Ո՜ւֆ, ի՜նչ ճանապարհորդութիւն: Քամին՝ նրա վերարկուն առագաստի նման ուռեցրեց.

—Ա՜խ, ինչպէս կարկուտ է դալիս, ասում էր իշխանուհին գաւազանի իւրաքանչիւր հարուածն ստանալիս:

Նա արժանի էր այդ հարուածներին:

Վերջապէս հասաւ լեռան ու բաղխեց։ Լսուեց որոտումի նման մի աղմուկ: Լեռը բացուեց և իշխանուհին ներս մտաւ: Ժանի ընկերը՝ միշտ աշխատելով անտեսանելի դառնալ, սողոսկեցաւ նրա ետևից:

Նրանք անցան մի երկար նրբուղիով, որի պատերը փայլատակում էին տարօրինակ կերպով. բիւրաւոր բոցեղէն սարդեր՝ բարձրանում էին և իջնում. ահա՛ ի՞նչից էին կազմուած այդ պատերը: Այնուհետև հասան արծաթահուռ, ոսկէքանդակ մի մեծ սրահ: Կարմիր, կապոյտ, արեգակի չափ մեծ ծաղիկներ փայլում էին պատերի վրայ։ Բայց ո՛չ ոք կարող էր նրանց քաղել, որովհետև ցօղունները թունաւոր, տգեղ օձեր էին և իրանք՝ ծաղիկները՝ այդ օձերի կոկորդից բղխած բոցեր էին միայն: Ամբողջ առաստաղը փոսուռաներով ցանցնուած էր և երկնագոյն չղջիկներ թափահարում էին իրանց թևերը։ Ո՜րքան տարօրինակ էր այդ բոլորը: Տախտակամածի մէջտեղում բարձրանում էր մի գահ, որը զետեղուած էր չորս ձիու կմախքի վրայ, որոնք ասպազինուած էին փայլակնացայտ սարդերով: Գահը՝ կաթի նման սպիտակ շիշից էր և նրա յենարան-բարձերը փոքրիկ սև մկներ էին, որոնք իրանց պոչն էին խածոտում։ Նրա վրայ կար մի ամպհովանի, որը սարդի կարմիր ոստայնից էր և որը զարդարուած էր կանաչ, փոքրիկ, սիրուն, ադամանդի նման փայլլող ճանճերով: Գահի մէջտեղ նստել էր մի պառաւած կախարդ, որը գլխին թագ կրում և ձեռքին՝ գաւազան։ Նա համբուրեց իշխանուհուն՝ ճակատից, հրաւիրեց նրան իր մօտ թանկագին գահի վրայ և երաժշտութիւնն սկսեց: Սև, մեծ մարախներ պարում էին ...և բուն՝ թմբուկի փոխարէն, իր փորն էր դափում։ Իսկ որ մի այլանդակ նուագահանդէս: Գդակի վրայ մի մի շրջմոլիկ-հուր կրող, փոքրիկ սև ուրուականներ սրահում շուրջպար էին դառնում։ Ո՛չ ոք տեսաւ Ժանի ընկերոջ. նա գահի յետևումն էր թագնուել, որտեղից նա և՛ լսում էր և՛ տեսնում բոլորը: Շուտով մտան պալատականները, որոնք ճոխ կերպով էին հագնուել և քայլում էին սիգալով։ Բայց ո՛վ որ զանազանելու մի քիչ կարողութիւն ունէր, իսկոյն և եթե նրանց բուն արժանիքը կը գնահատէր: Նրանք պարզապէս աւելի կոթեր էին կաղամբեայ գլուխներով, որոնց կախարդը կեանք էր ներշնչել և հագցրել էր ասեղնազարդ զգեստներ: Է՜հ, դրանից աւելին էլ հարկաւոր չէր, որպէս զի նրանք այդպէս հպարտանային:

Երբ պարերն աւարտեցան, իշխանուհին պատմեց կախարդին, որ մի նոր փեսացու էր մեջտեղ եկել, և նրան առաջարկելի հանելուկի մասին խորհուրդ հարցրեց.

—Եթէ դու ուզում ես, իմ խորհրդին հետևել, ասաց կախարդը, խորհի՛ր մի այնպիսի պարզ բանի վրայ, որի մասին նա կասկածել անգամ չը կարողանայ։ Մտածի՛ր քո կօշիկների մեկի վրայ. այո՛, այո՛, քո կօշիկների մէկի վրայ. նա անկարող կը լինի գուշակելու: Այն ժամանակ կտրել տուր նրա գլուխը. բայց չը մոռանաս վաղը գիշեր ինձ բերելու նրա աչքերը, որ ես անուշ անեմ։

Իշխանուհին խորը գլուխ տուաւ և խոստացաւ աչքերը բերել։ Յետոյ կախարդը բացաւ լեռը ու նա թռաւ: Ժանի ընկերը միշտ հետեւում էր նրան և միշտ խփում էր այնչա՜փ ուժով, ա՜յնչափ ուժով, որ նա դառնապէս գանգատւում էր:

—Ա՜խ, Տէր Աստուած, այս ի՜նչ սարսափելի կարկուտ է.

Երբ պատուհանից ննջասենեակը մտաւ, ուղեկիցը թռաւ դէպի պանդոկ, որտեղ Ժան քնում էր դեռ ևս. հանեց թևերը և ինքն էլ մտաւ անկողին: Անշուշտ շատ յոգնած լինելու էր, չէ՞:

Ժան, հետևեալ օրը, վաղ առաւօտեան զարթնեց. ուղեկիցն էլ վեր կացաւ և պատմեց, թէ գիշերը մի շատ տարօրինակ երազ էր տեսել. երեւակայեցէ՛ք ի՞նչի մասին՝— մի իշխանուհու և նրա կօշիկի մասին: Այս պատճառով էլ նա խորհուրդ տուաւ Ժանին պատասխանել իշխանուհուն թէ նա չէ՞ր մտածել իր կօշիկի վրայ։

—Գուցէ դու ճիշտ երազ ես տեսել, ասաց Ժան, աւելի լաւ է որ ես իշխանուհուն այդպէս պատասխանեմ քան թէ ուրիշ կերպով։ Ես միշտ հաւատացած եմ, որ բարի Աստուած ինձ կօգնէ: Այնու հանդերձ արի ողջագուրուենք և հրաժեշտ տանք իրար, որովհետև, եթէ չեմ սխալւում, մի ինչ որ նախազգացում ինձ ասում է, թէ ես քեզ չեմ տեսնելու այլ ևս։

Դրա վրայ նրանք համբուրուեցին: Ժան դէպի քաղաք ուղղուեց և գնաց դղեակ։ Մեծ սրահը բազմութեամբ լիքն էր։ Դատաւորները նստել էին իրանց թիկնաթոռներում և գլխները յենել էին փետրալից բարձերի վրայ, որովհետև շատ պիտի խորհրդածէին: Ծերունի թագաւորը վեր կացաւ և աչքերը սրբեց մի սպիտակ թաշկինակով: Վերջապէս ներս մտաւ իշխանուհին: Նա աւելի գեղեցիկ էր քան նախորդ օրը, շնորհալի կերպով բարևեց և ձեռքը տալով Ժանի.

—Բա՛րև, սիրելի՛ս, ասաց նա:

Ժան պիտի գուշակէր, թէ ինչ բանի մասին խորհել էր նա: Իշխանուհին բարեկամաբար դիտում էր Ժանը: Ժան պատասխանեց.

—Իշխանուհի՛, դուք մտածեցիք ձեր կօշկի մասին, չէ՞։

Իշխանուհու դէմքը կաւիճի նման տժգունեց, երբ լսեց «կօշիկ» բառը, և սկսեց ամբողջ մարմնով դողդղալ.

—Դո՛ւ, ճիշտ գուշակեցիր, պատասխանեց վերջապէս իշխանուհին: Գիտէ՞ք ամենից աւելի ո՞վ ուրախացաւ: Ծերունի թագաւորը, որ ցնծութիւնից երեխայի նման թռչկոտում էր: Բոլոր ներկայ եղողները սկսեցին ծափահարել և՛ թագաւորին և Ժանին:

Առաջին յաջողութեան լուրն ստանալով Ժանի ընկերը նոյնպէս շատ ուրախացաւ։ Ժան միացրեց երկիւղածութեամբ ձեռքերը և շնորհակալ եղաւ բարի Աստուծուց, որը անկասկած, միւս երկու հանելուկներն էլ լուծելու համար պիտի օգնէր իրան: Հետեւեալ օրը պէտք է գուշակէր երկրորդ հանելուկը:

Այդ գիշերն էլ անցաւ, ինչպէս նա խորդ գիշերը։ Երբ Ժան քնեց, նրա ընկերը հետեւեց իշխանուհուն և նրան խփեց նախորդ օրուանից աւելի ուժգին, որովհետև երկու գաւազան էր վերցրել։ Նրանք մտան կախարդի մօտ։ Ժանի ընկերը դարձեալ ամեն ինչ իմացաւ։ Իշխանուհին՝ այս անգամ, իր ձեռնոցի մասին պիտի մտածէր: Նա Ժանի յայտնեց առաւօտեան, թէ իշխանուհին խորհել էր իր ձեռնոցի մասին, որովհետեւ այդպէս ցոյց էր տալիս իր երազը։ Շատ հեշտ եղաւ Ժանի համար, երկրորդ անգամ ճիշտ գուշակել հանելուկը:

Այս անգամ դղեակում տիրեց աննկարագրելի ուրախութիւն: Ո՛չ միայն թագաւորը, այլ և ամբողջ արքունիքը ցնծութիւնից թռչկոտում էր: Իսկ իշխանուհին այնքան տխրեց, որ մի բառ անգամ չը կարողացաւ արտասանել և ընկաւ մի բազմոցի վրայ:

Այժմ ամեն ինչ կախուած էր երրորդ փորձից: Եթէ այս անգամ էլ յաջողէր, Ժան պիտի ամուսնանար իշխանուհուն հետ և թագաւորի մահից յետոյ պիտի ժառանդէր գահը: Հակառակ պարագայում, նա կը կորցնէր իր կեանքը և կախարդը կուտէր նրա կապոյտ, գեղեցիկ աչքերը:

Ժան՝ այդ գիշեր վաղ պառկեց, աղօթեց և հանգստութեամբ քնեց: Բայց ուղեկիցը կպցրեց կարապի թեւերը, սուրը կապեց և երեք գաւազանը միասին վերցնելով թռաւ դէպի դղեակ։

Գիշերը սարսափելի էր. փոթորիկը տանիքների կղմինտրներն էր վայր թափում, և իշխանուհու պարտիղի մարդկային կմախքներ կրող ծառերը, քամու իւրաքանչիւր շունչի տակ եղէգների նման ծռւում էին: Փայլակները անդադար իրար էին յաջորդում և երկինքը որոտումներից պիտի փլչէր կարծես:

Պատուհանը բացուեց և իշխանուհին թռաւ: Նա մահու չափ դժգոյն էր, բայց ծաղրում էր օդի խստութիւնը, որը նա դեռ ևս շատ մեղմ էր գտնում։ Նրա սպիտակ վերարկուն՝ առագաստի նման՝ օդի մէջ պտոյտ էր գալիս ու շաչում: Ժանի ընկերը՝ երեք գաւազաններով նրան այնպէս ուժգին էր խփում, որ նրա մարմնից արիւնի կաթիլներ ընկնում էին գետին: Նա հազիւ էր կարողանում թռչել, բայց և այնպէս նա հասաւ լեռ:

—Ի՜նչ անողորմ կարկուտ, ի՜նչ կատաղած քամի, ասաց նա. ես իմ կեանսքումս երբէք այսպիսի օդի չէի պատահել։

— Այո՛, այդ տեսակ օդ յաճախ ենք վայելում, պատասխանեց կախարդը։

Իշխանուհին պատմեց նրան, թէ Ժանը երկրորդ անգամին էլ ճիշտ էր գուշակել։ Եթէ վաղն էլ յաջողէր, այն ժամանակ իրանց բանը բուրդ էր: Նա չէր կարող այլ ևս վերադառնալ լեռ և գործ դնել իր կախարդութիւնները։ Նա շատ ցաւ էր զգում դրա համար:

—Այս անգամ նա չի կարող գուշակել, բացագանչեց կախարդը: Մի՞թէ նա ինձնից աւելի մեծ կախարդ է: Ես կը գտնեմ մի այնպիսի բան, որը նա, եթէ կաշուից անդամ դուրս գայ, չի կարող գուշակել: Առ այժմ մենք զուարճանանք:

Նա բռնեց իշխանուհու երկու ձեռքերից և սրահում գտնւող ուրուականների և շրջմոլիկ հուրերի հետ սկսեցին շուրջպար դառնալ: Կարմիր սարդերը ուրախութեամբ ոստոստում էին պատերի վրայ. բոցեղէն ծաղիկները փայլատակում էին. բուն թմբուկ էր ածում, ծղրիթները երգում էին, սև մարախները իրանց ատամներով վին էին ածում: Պարահանդէսը չափազանց ոգևորուած էր, արդարև:

Երբ նրանք պարելուց ձանձրացան, իշխանուհին պատրաստուեց դղեակ վերադառնալ, որպէս զի իր բացակայութիւնը չը նկատուի։ Կախարդը պատրաստակամութիւն յայտնեց նրան ուղեկցելու:

Նրանք փոթորկալից օդի միջից թռան և Ժանի ընկերը հետևելով նրանց, իր երեք գաւազաններն էլ կոտրեց նրանց ողնաշարի վրայ։ Կախարդը նոյնպէս սկսեց տրտնջալ և յայտնեց որ երբէ՛ք չէր հանդիպել մի այդպիսի կարկուտի։ Դղեակի մօտ նա հրաժեշը տուաւ իշխանուհուն և կամաց շշնջաց նրա ականջին.

—Մտածիր իմ գլխի մասին:

Բայց Ժանի ընկերը լսել էր արդէն: Այն րոպէին, երբ իշխանուհին պատուհանից սողոսկեց իր ննջասենեակը, և կախարդն ուզում էր վերադառնալ, Ժանի ընկերը բռնեց կախարդի երկար, սև մորուքից և իր սրով կտրեց նրա այլանդակ գլուխը: Այդ՝ այնքա՜ն շուտ կատարուեց, որ կախարդը մինչեւ անգամ չիմացաւ: Ուղեկիցը նրա մարմինը նետեց լճի մէջ։ Իսկ գլուխը ջրով լաւ լուանալուց յետոյ, փաթաթեց իր թաշկինակի մէջ, տարաւ պանդոկ և մտաւ անկողին։

Առաւօտեան, թաշկինակը տուաւ Ժանի և պատուիրեց բանալ այն ժամանակ, երբ իշխանուհին կուղղէր երրորդ հարցումը:

Դղեակի մեծ սրահում այնքան բազմութիւն էր հաւաքուել, որ մարդիկ դարսուել էին միմեանց վրայ ինչպէս բողկերը մի կապոցում: Դատաւորները՝ փետրալից բարձերը գլխների տակ, խորհրդի էին նստել: Ծերունի թագաւորը հագել էր նոր զգեստներ: Նրա ոսկեայ թագը և արքայական գաւազանը վառվռում էին, որովհետև նրանց մաքրել, յղկել էր տուել: Բայց իշխանուհին մեռելի նման գունատ էր: Նա կրում Էր սև շրջազգեստ, որպէս թէ թաղման ներկայ լինէր:

—Ինչի՞ մասին եմ տածում այժմ, հարցրեց նա Ժանին։

Ժան բաց արեց թաշկինակը, և կախարդի զարհուրելի գլուխը տեսնելով՝ ինքն էլ մնաց ապշած: Մի ընդհանուր սարսուռ անցաւ ներկայ եղողների վրայից: Իսկ իշխանուհին արձանացաւ, պապանձուեց: Վերջապէս նա վեր կացաւ և ձեռքն երկարեց Ժանի, որովհետեւ ճիշտ էր գուշակել, և առանց համարձակելու իր շուրջը դիտել, նա որ հառաչեց և ասաց.

—Այժմ, դու իմ տէրն ես. այս երեկոյ մենք կը տօնենք մեր հարսանիքը։

—Կեցցէ՛, կեցցէ՜, բացադանչեց ծերունի թագաւորը:

Բոլորը՝ հուռռա՜, հուռռա՜ աղաղակեցին։ Անմիջապէս զինուորական երաժշտութիւնը թնդաց փողոցներում, եկեղեցու զանգակները սկսեցին երգել օդի մէջ, քաղցրաւենիքի վաճառականները վեր առին սև քօղերը և ընդհանուրի ուրախութեան չափ չը կար: Շուկայի մէջտեղում սարքեցին խնջոյք։ Երեք եզների փորը բադով և վառեակով լեցնելով տապակեցին և դրին սերղանի վրայ, որպէս զի ամեն մարդ մասնակից լինի խնջոյքին: Ամենապատուական գինին ջրի նման վազեց փողոցներում: Ո՛վ որ հացագործից մի կոպեկի հաց էր գնում, հացի հետ ստանում էր վեց խոշոր կարկանդակ, և ինչ համեղ կարկանդակ:

Երեկոյեան ամբողջ քաղաքը լուսավառուեց. Զինուորները թնդանօթներ էին արձակում, իսկ երեխաները փամփուշտներ էին պայթեցնում։ Դղեակում ուտում էին, խմում էին, կենացներ էին առաջարկում, թռչկոտում էին եւ պարում: Բոլոր ազնուական պարոններն գեղեցիկ տիկինները մասնակցում էին պարին: Դղեակում, ոչ մի ժամանակ այդպիսի ուրախութիւն էր կատարուել։

Իշխանուհին միայն տխուր էր, որովհետև նրա վրայից կախարդութիւնը չէր հեռացել և հետևաբար, նա չէր սիրում Ժանին։ Ուղեկիցը դրա ճարն էլ գտաւ։ Նա Ժանին տուաւ կարապի թեւից երեք փետուր և մի սրուակ, որը մի ինչ որ հեղուկի կաթիլներ էր պարունակում։ Յետոյ պատուիրեց հարսանեկան անկողնու մօտ դնել ջրով լիքը մի տաշտ, փետուրներն սրուակի պարունակութիւնը ածել նրա մէջ, և երեք անգամ իշխանուհուն ընկղմել ջրում: Դա միակ միջոցն էր, իշխանուհուց կախարդանքը հեռացնելու և նրա մէջ Ժանի համար սէր ծնեցնելու:

Ժան իր ընկերոջ բոլոր պատուէրները կէտ առ կէտ կատարեց: Երբ իշխանուհուն ջրի մէջ ընկղմեց, նա սուր ճիչեր արձակեց եւ աշխատում էր փախչել Ժանի ձեռքից: Առաջին ընկղմումից յետոյ, նա փուխուեց մի սեւ, փայլակնացայտ կարապի։ Երկրորդ ընկղմումից յետոյ, կարապը սպիտակացաւ, միայն մի սեւ օղակ մնաց նրա վզի շուրջը: Ժան աղօթեց բարի Աստուծուն, եւ երբ թռչունին՝ երրորդ անգամ ջրի մէջ ընկղմեց, նա դուրս եկաւ հիանալի կերպով գեղեցիկ մի իշխանուհի: Նա աւելի բան երբէ՛ք պաշտելի էր. արտասուքն աչքերին՝ շնորհակալութիւն յայտնեց Ժանի, որ նրանից հանել էր դեւերը:

Յաջորդ օրը, ծերունի թագաւորը՝ բոլոր պալատականնների ընկերակցութեամբ այցելեց իշխանուհուն: Ամբողջ օրը շնորհաւորութիւններով անցաւ: Ուղեկիցը փայտը ձեռքին և մախաղը կռնակին՝ ներկայացաւ դղեակ, վերջին անգամ տեսնելու Ժանին: Ժան նրան համբոյրներով ծածկեց և չէր ուղում թողնել, որ իր երջանկութեան հեղինակը հեռանայ։ Բայց նա ցնցեց գլուխը, և քաղցր ու բարեկամական ձևով և ասաց.

—Ո՛չ, ժամանակ է բաժանուելու. ես վճարեցի իմ պարտքը. յիշո՞ւմ ես դու այն մեռելը, որին երկու չար մարդիկ ուզում էին դագաղից դուրս շպրտել: Դո՛ւ տուիր քո ունեցած ունեցածը՝ նրա գերեզմանի հանգիստը ապահովելու համար: Այդ մեռելը՝ ե՛ս եմ:

Այդ խօսքերից յետոյ, նա անհետացաւ:

Մի ամբողջ ամիս տեւեց հարսանիքը՝ Ժան և իշխանուհին իրար սիրեցին խանդակաթ ու քնքուշ սիրով: Ծերունի թագաւորը տակաւին շատ ուրախ օրեր անցկացրեց: Նա տեսաւ իր թոռներին, որոնց յաճախ նստեցնում էր իր ծնկների վրայ և տալիս էր իր արքայական գաւազանը նրանց ձեռքը իբրև խաղալիք:

Նրա մահից յետոյ, Ժան բարձրացաւ թագաւորական գահի վրայ: