Խոսք առ Կոմիտաս Հակոբյան
ԽՈՍՔ ԱՌ ԿՈՄԻՏԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Ես ի՜նչ կարող եմ գրել քո մասին, Կոմիտաս։ Դժվարանում եմ ինքս ինձ խոստովանել, որ դու զոհվել ես։ Դու, որին քո իսկ բառերով՝ աստվածներն են հորինել։ Երբ Ստեփանակերտի փողոցներում հանդիպում էինք, դու քաշվելով, մոտենում էիր ու, ասես, քո բանաստեղծության չբացված երակների ոսկին էիր պարզում պատանեկան ամոթխածությանդ մեջ։ Հանդիպում էինք ոչ հաճախ, այն ժամանակ միայն, երբ դու ռազմադաշտից քաղաք էիր գալիս՝ զինվորական զգեստներիդ մեջ։ Ու Արցախն այնպես էիր ուզում քո սիրածի հետ սպասված հանդիպումի քայլերով, քո զինվորականացված բանաստեղծությամբ, քո գրած ու չգրած սիրերգերով։ Սա ինչ իմաստություն է, Կոմիտաս.
Ես չեմ ծնվել։
Աստվածներն են հորինել ինձ։
Իսկ նախաստեղծ իմ օրվանից
Երակներիս ջրհեղեղում
Գալարվում է
Աստվածների վարքն հեթանոս։
Թերթում եմ գիրքդ՝ «Գոյության պատրանք»։ Ու նոր լույսով եմ կարդում։ Ու հանդիպում եմ քեզ հիմա օրվա մեջ մի քանի անգամ, գրողների միությունում դու քո մշտական անկյունն ունես, ուր բուրում են հուշերդ ու բանաստեղծություններդ, որտեղից դու քո երգն ես հնչեցնում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես եղավ, Կոմիտաս։ Դու՝ արդեն հինգերորդ կուրսի ուսանող-բանաստեղծ, ոչ մի անգամ չեկար իմ դասին, եւ ամեն անգամ ես ներկա էի դնում, իմանալով, որ ռազմի դաշտում ես, ուրեմն՝ ամենաներկան ես։ Բայց, ավա՜ղ, չեկար նաեւ ավարտական քննությանը։ Իսկ ես այնպես էի ուզում, որ դու կարդայիր քո նոր բանաստեղծությունները։ Չեղավ։ Չեկար։ Ու եղավ այնպես, որ դու մեզ դաս տվիր, Կոմիտաս, արյամբ գրելով աշխարհի ամենաիմաստուն բանաստեղծությունդ։ Կոմիտաս, փոքրիկ, գեղեցկատես ախպերս, դու մեր ժողովրդի պատանի տաղանդների շարքում կանգնեցիր՝ որպես մի մշտական կերոն, դու սրբացար, դու քո հերոսական մահով ու հերոսական երգով դարձար այն մեծ բանաստեղծը, որն առանց վարանելու նվիրեց իրեն Արցախին, իր հոգին։
Չկա դրանից բարձր բանաստեղծություն։
Հողը քո մեջ բառավորվում էր ծաղիկ-ծաղիկ։ Եվ մենք սպասում էինք քո նոր գրքի աշխարհ գալուն, որովհետեւ քեզ նման տաղանդները հաճախ չէ, որ ծնվում են։ Ցավի կսկիծը խորն է մեր մեջ, Կոմիտաս, անտանելի խորը։ Եվ մեր միակ մխիթարությունը քո հերոսության մեջ մշտապես ապրող Արցախն է ու Արցախի սրտում՝ Կոմիտաս Հակոբյան անունը, իր մշտահուր ու ոգեղեն բանաստեղծության խորհրդով։ Դու քո երգով ու սխրանքով ցույց տվիր մեկ անգամ եւս, թե ինչպես է լինում, որ վերջից գալիս են ու դառնում առաջինը։
Կոմիտաս, իմ կրտսեր գրչեղբայր, քեզ ծնած Արցախի համար դու միշտ էլ կմնաս այդպիսին՝ առաջին ու առաջնակարգ, կմնաս որպես հավերժական սիրահար, որի մեջ խոսեց հայ ժողովրդի մշտարթուն նվիրյալների՝ Եղիշեից մինչեւ Եղիշե, ցավն ու եղեռնական գարունը։
Դու ավարայրված Արցախի ամենամեծ երգիչն ու գրիչը հզոր, Կոմիտաս, հայ ժողովրդի ամենավճռական գոյամարտի սխրանքը մարմնավորող դպիրը դեռ պատանյակ։ Քո ամեն խոսք ու տաղից, հողի այն բեկորից, ուր դու ես ամփոփված, մշտապես լույս է ելնում ու կելնի... Կոմիտաս։ Լույս անսպառ ու անսահման լույս...