Խորհրդավոր ծերունին
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 65
տ. ― էջ 608, ծ. ― էջ 749
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

— Քո ծնված օրից։

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

— Վա՜հ, մի՞թե…

― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…

— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

— Ինչ տեսակ մարդի՞կ…

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

— Վա՜յ, խե՜ղճ պապեր։

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

— Ո՜վ բարի ծերունի։

— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

— Ե՜կ, ե՜կ…