ԾԱՂԻԿ ԲԻԲԼԻԱԿԱՆ


Կա մի ծաղիկ մի տեղ,
բայց չգիտեմ, թե որտեղ,
սպասում է։
Ի՛նձ, իհարկե։
Գուցե կողքովն անցնում եմ ամեն օր, ձայն չի հանում,
գուցե այն վայրերում է բուսել,
   ուր որ ես երբեք չեմ լինելու։
Գուցե ծաղիկն այդ սկսվում է հենց այս պահից,
որի խորքերն այնքան շատ են ու չպեղված։
Արդյոք, դա՞շտ ունի այդ ծաղիկը,
արդյոք երկի՞նք ունի այդ աստղիկը,
արդյոք ծա՞ռ ունի այդ տերեւը,
արդյոք ջո՞ւր ունի այդ հունը,
արդյոք ճյո՞ւղ ունի այդ ճամփան-
կրակ է։
Եվ կրակի մեջ բիբլիական - ինձ սպասում է մի ծաղիկ։
Ինչ ճամփով գնամ,
որ հասնեմ նրան։
Ո՞րն է միակ այն ուղին, որ տանում է անսխալ,
թե հասնելու համար ծաղկին
հազար ու մեկ,
մեկ ու հազար ճամփով պիտի միանգամի՞ց ես գնամ։
Նախնադարյան ցավ։
Ծաղկի բաժակում վայրի հավքերի կտուցից երգ է
կաթել երեւի
ու շողշողում է չհայտնաբերված ադամանդի պես.
գուցե այդ նշանի վրա գնամ,
բայց այն ո՞ր ծաղիկն է, որ իր մեջ ցող չունի,
բայց այն ո՞ր ցողն է, որ իր մեջ փայլ չունի ադամանդի։
Գիշերը վայրի ծաղկի բաժակում կծկվել է վախից,
արեգնալույսին,
դարձել է մի բուռ, աննշան մի խալ,
մելանի կաթոցք,
որով ես հաճախ երգեր եմ գրում եռեփիս ժամին.
բայց այդ ո՞ր ծաղիկն է, որ իր մեջ խալ չունի,
բայց այդ ո՞ր խալն է, որի գույնով երգ չի գրվում։
Ծաղկի բաժակում վայրի արեւի հրայրքը խածնող
իջել է որպես
հոգու շափյուղա,
բայց այդ ո՞ր ծաղիկն է, որ չունի շուրթին
երկնի համբույրը՝
քաղցր մանանա։
Ես բյուր-բյուրանուն ծաղիկների մեջ ո՞նց գտնեմ հիմա
ծաղիկն այն միակ,
որն ինձ սպասող ծաղիկը լինի։
Կա ծաղիկ,
կա փուշ...

Կա մի ծաղիկ մի տեղ,
բայց չգիտեմ, թե որտեղ,
սպասում է։