Ավլուկ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մորս ձայնը)

Վարդան Հակոբյան

Ծաղիկ բիբլիական
ՄՈՐՍ ՁԱՅՆԸ


Մորս ձայնը ձգվել է մեր
ժայռերն ի վար,
մաքրություն է շաղում չորս կողմ,
իր մեջ պահած ալպիական
                գույներ ու բույր.
- Ջրվե՜ժն է դա...

Մորս ձայնը բարձրացել է
ծիրը երկնի,
օրհնություն է շաղում չորս կողմ
ու փռում է ալպիական
                 վարդեր ու սեր.
- Արեւ՜ն է դա...

Մորս ձայնը զանգակում է
լեռների մեջ,
փարվում հողիս արցախաբույր,
արթնացնում արթուն լեռներ
                       ալպիական.
- Աղբյու՜րն է դա...

Մորս ձայնը գարունվել է
մեր հանդերում,
ծաղիկ-ծաղիկ երանություն,
ալպիական ի՜նչ մեղեդի
                 եւ ի՜նչ խորհուրդ.
- Սուրբ հողն է դա...