ԿԻՆԸ ՃԱՄՓԱՄԻՋԻՆ


Քաղաքում այս ոսկե,
Եբենոսյա,
Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
5 Նորից ու նորից,
Ի՞նչ ես ուզում դու — ասա՛։

— Ահա հույսերը սև՝ սև շների նման՝
Կաղկանձեցին նորից, հուսահատ ու մռայլ,
Իմ բիբերի նսեմ լուսինների վրա,
10 Որ երբեմն լուսե՝ խավարել են հիմա։
Այնպես երկա՜ր — երկա՜ր կաղկանձեցին նրանք
Իմ բիբերի նսեմ լուսինների վրա...
Ինչպես ոսկի ու սուգ — իմ մազերի հյուսկեն
Խենթանում է, հուզում ոհմակներին այդ սև,
15 Ու մեղավոր, մաքուր իմ մարմընի ոսկին
Երազներ է ցրում խելագար ու լուսե։

— Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
Նորից ու նորից,
20 Ի՞նչ ես ուզում դու — ասա՛։

— Առագաստները բաց՝ ո՞ւր է թռչում, գիտե՞ք,
Իմ կուրծքը գիրգ ու գեր,— դեպ ի՞նչ ահեղ հրդեհ,
Դեպ ինչպիսի՞ հուշեր ու դրախտներ խավար։
Ի՞նչ ոգիներ են խենթ, կամ նժույգներ հրե,
25 Եվ ի՞նչ, և ի՞նչ, և ի՞նչ մրրիկներ են վառել
Իմ շրթունքներն այսօր հուրհրատող ու վառ։

Ախ, ի՜նչ հրդեհ է. — о ես հրե՛ եմ,
Որ միշտ լիզում են տարփանքս կեզ։
Եվ ի՜նչ թովիչ եմ, որ այդ շները
30 Տենչում են մահը, որ կա իմ մեջ։

— Կի՛ն սևազգեստ, նորից ու նորից,
Օրը օրին,
Ի՞նչ ես ուզում դու այդպես։

— Ես ա՛յն եմ, ում գգվանքը թույն է.
35 Ես ում հպում եմ դողդոջուն —
Նրան տալիս եմ մեղկությունս.
Ես կործանում եմ ու կորչում։

Շրթերս ա՛լ են, արնոտ են, ձիգ են,
Բոսոր, փայլում են նրանք անահ․
40 Անցորդ, մահո՛ւ պես գեղեցիկ եմ
Եվ ամենի՛նն եմ, ինչպես և նա։

Ինձ մոտենում է, ով ուզում է․
Թաղման ջահեր է վառում արթուն:—
Ու էլ թողնում է իր հուզումը
45 Մարմնիս փարթամ այս դիակառքում։

Տալիս եմ գիրկն իմ ամենքի՛ն ես,
Տաճար է գիրկն իմ չգոցած։

Իմ սերն անե՛ծք է երկնքի՛ դեմ՝
Ջահի պես վեր է նա ցցած։

50 Ես վեհ կեցած մի աշտարակ եմ՝
Համակ երկաթ ու դարերից։
Ձեզ զազրելի է իմ կրակը,
Բայց ընդունում եք ինձ էլի։

Օ, ես նրանցն եմ, ով անսեր է,
55 Ում սիրտը բիրտ է ու հիվանդ,
Ով որ սիրում է, որ իր սերը
Եվ թուքը քաղցր ինձ թվա։

Նրանք սիրում են, որ իմ սերը
Մնում է մութ այս անդունդում,
60 Ուր ալ դրո՛շ է անիծելը՝
Փռված միգում այս ու տենդում։

— Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
Նորից ու նորից,
65 Ու՞մ ես ուզում դու — ասա՛։

— Ահա արևը հին՝ փախած մթի խայթից՝
Ոսկիներ է ցրել իրիկնային մայթին,
Եվ ձգվել է ահա, որպես հսկա մի օձ,
Հսկա քաղաքը — տե՛ս, փակուղի ու փողոց
70 Կայծկլտում են այնտեղ կրակների ակնից,
Ուր կանչում է, որպես հավերժական մագնիտ
Կի՜նը.— կեցել է նա մայրամուտին մռայլ,
Որպես հպարտ արձան, հորիզոնի վրա։

Ոհմակը շների,
75 Անհուսության,մահու ոհմակները այդ սև,
Կաղկանձեցին նորից լուսիններին նսեմ,
Սև բիբերիս խոշոր լուսիններին նսեմ,
Որ գիտեին այնպես բորբոքել ու կիզել։
Այնքան երկար—երկար կաղկանձեցին նրանք
80 Սև բիբերիս խոշոր լուսինների վրա։
Այդ ի՞նչ կրակ է բորբ,այդքան արագ,արագ
Իմ կոնքերից հոսում դեպի մարմինս հրի․
Եվ ի՞նչ փայլով խալ կուրծքս մթնում վառած,
Որ ցնդել են այդ սև ոհմակները էլի։
85 Ի՞նչ ոգինե՛ր խելառ,ի՞նչ մրրիկներ հրի
Օրորեցին վառվող շրթունքներս նորից։
Ու մազերս կրկին,առագաստներ դրած,
Ո՞ւր են թռչում ասա՛ ի՞նչ դժոխքներ մռայլ։

— Կի՛ն սևազգեստ,ճամփամիջին կերած,
90 Օրը օրին,
Նորից ու նորից,
Ի՞նչ ես ուզում դու — ասա՛։

— Ես երազում եմ նրա՛ գալուստը,
Ում պետք է ահա գգվի ագահ։
95 Նա խոստացե՛լ է, նա գալո՛ւ է․
Այսօր ուզում եմ — և նա կըգա՛։

Օ, տանջանքո՛վ խոր, որ ձեզ խորթ է․
Նա կենդանի է՝ լցված սիրով
Դեպի կոնքերը անհագուրդ իմ,
100 Դեպի մարմինն իմ անդարձ գերող։

Օ, ձեռքերին այն, որ արնոտ են,
Տալիս եմ քաղցր մարմինս ես․
Ես — նա՛ եմ, վախն ում անծանոթ է,
Նետված է բա՜րձր իմ ամոթը,
105 Որպես մեղսանք մի — միշտ ու անվերջ։

Էլ ո՞վ կառնի ինձ — հենց այս պահուս—
Մութ պանդոկում մի թեկուզ մահու:

— Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Ո՞ւմ ես ուզում դու — անհագ։

110 — Ով տա ինձ արնոտ մի դանակ։