Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Կյանք


Խոհ

Հե՜շտ է մեզ խելոք աշխարհն ընդգըրկել,
Ուր միտքն է ազատ թըռչում, սավառնում.
Ինչին մեր միտքը չէ կարող հասնել,
Մենք ա՛յն էլ, կարծես, լա՜վ ենք ըմբռնում։

Դատում ենք խըստիվ, ամեն ինչ հաշվում.
Չը բացած սակայն ծածկոցն դարերի.
Ա՛յնտեղ է հասել, որ չենք էլ քաշվում
Խրոխտալով մեկնել գաղտնիքն աշխարհի։

Գոյության օրից մենք մինչև հիմա
Ինչե՜ր չենք տեսել՝ եկա՜ծ ու անցա՜ծ—
Ախտերի՛ ճընշում մեր կյանքի վըրա,
Ազգեր զորացա՜ծ, ազգեր տապալվա՜ծ։

Ապրելով մենք միշտ խո՜րն ենք թափանցել
Բընության խորշեր։ Եվ մեր գիտցածից
Շա՜տ բան դյուրի՜ն է մեր միտքը անցել,
Շա՜տ էլ քաղել ենք մենք համառ կըռվից։

Եվ ո՜րքան քիչ ենք մենք առաջադիմած…
Ի՞նչ կար հընում— դեռ մո՜ւթ է մեզ համար
Ի՞նչ է մեր գալիքն— ա՜յդ էլ քողարկված,
Ի՞նչ ենք մենք այժըմ— ա՜յդ էլ է խավար…

Լոկ փորձն է ասում, որ այստեղ արդեն
Մեզնից առաջ էլ մարդիկ են ապրած.
Ապրում ենք և՛ մենք, հետո՛ էլ կապրեն—
Ահա ի՜նչ գիտենք և ի՜նչ է եղած…