Հանեսը կոնկրետ մարդ է։ Բանաստեղծությունից-մանաստեղծությունից հեռու, ուշքը՝ վրան, ձեռն ու ոտը՝ տեղը։

-Արի, ինձ մոտ հաշվապահ աշխատիր, - մի օր խնդրեցի։

-Գործատեղը որտե՞ղ է,- ու հաշվարկներ արեց, թե քանի քայլ պիտի անի, կհասցնի՞ առավոտյան, երեկոյան գնա-գա։ Պարզվեց, որ մաշած ոտնամանների գինը ավելի բարձր է։

-Ինձ ձեռնտու չէ,- ասաց, - օգուտս քիչ է։

Ուրիշ գործի անցավ։ Բայց մեկ-մեկ գալիս եւ ինձ խորհուրդներ է տալիս։ Մասամբ՝ իրիկուները։ Հարեւան ենք։ Ասում է.

-Ափսոս, մարդը խելոք չի ապրում կյանքը։

-Ո՞նց,- հարցնում եմ։

Հաշվում է.

-Օրը ունի 24 ժամ։ 12 ժամը քնած ենք լինում։ Հագնվել, հանվել, դուրս գնալ, գալ ու գնալ, բարեւ, ոնց ես - ոնց չես... սրանք էլ հաշվի մեջ ենք մտցնում, մի քանի ժամ էլ էստեղ ենք կորցնում, էլ չեմ ասում՝ ուտել, լվացվել եւ այլն... Այ ցավդ տանեմ,- ասում է նա,- չասես, թե մանրահաշիվ մարդ է Հանեսը, բա լավ, էլ ապրելու համար տակին ի՞նչ է մնում մարդուն։

Ես գլխով եմ անում։ Հանեսը գլուխն առնում է ափերի մեջ, օրորում տխուր-տխուր։

-Եվ այսքանից հետո էլ մեր էսքան, էսքան կարճ կյանքում,- շարունակում է Հանեսը,- մարդիկ իրար վատություն են անում։ Արա, սիրե՛ք, է՜, սիրե՛ք իրար, ապրելու ժամ չի մնում։

Նման պահերին Հանեսի կինը, որ արդեն կնոջս հետ բամբասանքները պրծած է լինում, շունչ է առնում դեպի Հանեսի կողմը.

-Հողս փիլիսոփա ստեղծողի գլխին։ Ոտնամաններիդ տակը ծակ չլիներ, երեսը էդքան չէիր փայլեցնի։ Վե՛ր, վեր կաց՝ գնանք։ Քնելու ժամն է մարդկանց։

Հանեսը միանգամից՝ ղըրթ, խոսքը կտրում է ու վեր կենում.

-Չէ, կոնկրետ չենք, մարդ պիտի կոնկրետ ապրի կյանքում։