Կոնկրետ հասցե՝ հետնշումով. ցպահանջ
ԿՈՆԿՐԵՏ ՀԱՍՑԵ՝ ՀԵՏՆՇՈՒՄՈՎ. ՑՊԱՀԱՆՋ
Գրքեր կան՝ անցյալն է թելադրում, գրքեր կան՝ ներկան, գրքեր էլ կան, որոնք գրվում են գալիքի «պահանջով», այսինքն, հեղինակի գրելիքը հուշում է ապագան։ Ավելի կոնկրետ՝ քո երկրի, ժողովրդի վաղը։ Եվ այստեղ հեղինակն արդեն դառնում է ժամանակի երդվյալ գրիչն ու զավակը եւ, չեկած կամ սպասվելիք մի պահի մեջ, ինչպես ոսպնյակում, համադրում-ներկայացնում է անցյալի, ներկայի եւ ապագայի հավաքական պատգամը։ Այսպես է ստեղծվել Սեյրան Օհանյանի «XXI դարի բանակը»։ Ի դեպ, գիրքը նախապես չի պլանավորվել (դա երեւում է ժողովածուի ճարտարապետական կառույցից), այն ստեղծվել է բնականորեն՝ որպես ոչ թե անձի կամ անհատի, այլեւ ազգի ու ժողովրդի ինքնապաշտպանության արտահայտություն, ասել է թե՝ ձեւավորվել է, ինչպես ինքը՝ XXI դարի մեր բանակը, անհետաձգելի անհրաժեշտության պես՝ հիմքում ունենալով մեր գոյության պայմանը։ Չէ՞ որ յուրաքանչյուր բառ, ի վերջո, ինքնապաշտպանություն է։ Եվ գուցե հենց դա է պատճառը, որ գրքի տողերը, ամեն մի բառը դուրս են եկել ոչ թե գրչից, ինչպես ասում են, այլ թեժ գործողություններից, արարվել են, ինչպես ճանապարհները՝ մաքառումի մեջ, կյանքի բերումով, դրա համար էլ հասցեն կոնկրետ է եւ, եթե կուզեք, ունի նաեւ հետնշում՝ ցպահանջ։
«Հայոց պատմության ընթացքում մեր ժողովրդի ունեցած պարտություններն ու անհաջողությունները բազմիցս պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ մենք ոչ միշտ ենք խաղաղ պայմաններն օգտագործել նպատակային եւ լիարժեք։ Այսօր մենք իրավունք չունենք կրկնելու նույն սխալը եւ պարտավոր ենք անընդհատ գործել ժամանակի առաջադրած պահանջներին համահունչ». ահա հեղինակի բազմաթիվ հետեւություններից, խոհ-խտացումներից մեկը, ինչ-որ տեղ՝ ահազանգ, որը դաժան, բայց օդ ու ջրի նման խիստ կարեւոր ճշմարտություններ պարունակելուց բացի, միաժամանակ մեզ հաղորդ է անում մեր տղաների արյամբ ռազմադաշտերում բուսած ծաղկանց խորհրդին, ընդգծելով, որ «խաղաղ պայմանները» նույնպես զենք են, միայն թե պիտի դրանք օգտագործվեն նպատակային, այլապես այդ «զենքը» վնասում է հենց իրեն՝ զինակրին։ Խաղաղությունն էլ «զորավարական» իր պահանջներն է թելադրում՝ առարկություն չհանդուրժող։ Եվ սա խոստովանությունն է ասպետական։ Գրքի հերոսները կյանքի ու պատերազմի հերոսներ են եւ ամենեւին էլ զարմանալի չէ, երբ սուրը բառ է, բառը՝ սուր։ Հայոց աշխարհում ի սզբանե այդպես էր, չէ՞ որ մեր գրերը ստեղծողն ինքն էլ «էն գլխից» զորական էր։ Ուրեմն, բնական է, որ Սեյրան Օհանյանի զենքի մեջ բանաստեղծություն կա։ Այստեղ ուզում եմ հիշել հայ գրողի տողերը՝ զենքի պես զգույշ գործածիր բառը, նույն արճիճից են ձուլվում գնդակն ու տառը։
Գրքի առաջնամասում («Տասնհինգամյա հերոսական ուղի») բավականին հետաքրքիր վերլուծությունների ու դիտարկումների է դիմում Սեյրան Օհանյանը։ Եվ ընթերցողը, որին քաջ հայտնի են արցախյան հիմնախնդրի հետ առնչվող բազմաթիվ քննարկումներ ու մոտեցումներ՝ աշխարհի ամենատարբեր քաղաքական, ռազմական, հասարակական եւ այլ գործիչների կողմից, առանձնակի ուշադրությամբ է հետեւում հեղինակի տրամաբանությանն ու հետեւություններին, մտքի զարգացման դինամիկային, որովհետեւ քաջ գիտակցում է, որ գործ ունի ոչ թե միայն առաջարկողի ու կարծիք ասողի, այլեւ պրոբլեմի լուծմանն անմիջականորեն ու ամբողջապես լծված անհատականության հետ։ Եվ չի սխալվում։ Հեղինակը արցախյան շարժման կարեւոր ձեռքբերումներից մեկն է համարում «ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումը, այն ունեցել է մի քանի փուլ»։ Այդ գործընթացի առանձնահատկությունն այն էր, ըստ հեղինակի, «որ կամավորական-աշխարհազորային ջոկատների վերաճումը կանոնավոր զինվորական ստորաբաժանումների, տեղի էր ունենում մարտական գործողություններին զուգընթաց, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի ծանր պայմաններում։ Այդպիսով՝ իրադրության թելադրանքով մարտական ու բանակային կառույցների ստեղծման խնդիրները հաճախ բխում էին հենց կյանքի պահանջներից։ Կանոնավոր ու մարտունակ բանակի կազմավորումը թելադրված էր նյութական ու մարդկային ռեսուրսներով գերակշռող Ադրբեջանի ագրեսիան արդյունավետորեն դիմագրավելու եւ իր բնօրրանում արցախահայության ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությամբ»։
Եվ այսպես, Սեյրան Օհանյանը յուրօրինակ ձեւով մեկնում է իրադրություններն՝ առանց գունազարդման, ճշգրիտ ու հստակ գծերով, պատմում «բանակի կազմավորման փուլերի» ու նրա մարտական ուղու մասին։ Թվական տվյալներն ու ժամանակը՝ բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրադրությունների համապատկերում ներկայացվում է այնպիսի նրբություններով ու հավաստիությամբ, որ ընթերցողին հաճախ թվում է, թե ոչ թե սովորական գիրք է կարդում, այլ հաղորդակցվում է մեր փրկարար բանակի «անձնագրային տվյալներին»։ Այս բաժինը պատմության համար տեղեկատվական բացառիկ արժեքներ է պարունակում իր ներսում։ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան դիմակայվում է ճշգրիտ հաշվարկված ռազմագործողություններով, վշտի ու արյան մեջ հայտնված անխուճապ քաջորդիների, հրամանատարական կայուն ու նպատակային ձեռնարկումների, բանակի ու ժողովրդի աննախադեպ միասնության շնորհիվ։ Նրանք, ովքեր ականատես կամ մասնակից են եղել այդ ամենին, գիրքը ընթերցելիս, ասես իրենց աչքի առաջ, կինոժապավենի պես, նորից տեսնում են կրկնությունը «ծանոթ» տեսարանների. «Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի ՊՇ-ների համատեղ անցկացրած կայծակնային օպերացիան ավարտվեց Ադրբեջանի զինված ուժերի լաչինքելբաջարյան խմբավորման ջախջախումով, ինչը ձախողեց հակառակորդի զավթողական մտադրությունները, ապահովեց անվտանգ երթեւեկությունը «կյանքի ճանապարհով»։ Մարտերով ազատագրվեցին երկու տասնյակից ավելի գյուղեր։ Հակառակորդը, համառ դիմադրություն ցուցաբերելով հանդերձ, ստիպված էր տեղի տալ, նահանջել՝ մարտադաշտում թողնելով զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, մարտական տեխնիկա եւ մեքենաներ։ Օմարի լեռնանցքի վրա վերահսկողության սահմանումը նկատելիորեն ամրապնդեց ԻՊՈՒ-ի դիրքը, ցնցնող հարված հասցրեց թշնամուն՝ ի չիք դարձնելով նրա զավթողական նկրտումներն այդ շրջանում»։
Մեր վարպետները դարեր առաջ, երբ սկսել են քարի վրա քանդակել ոսկեղենիկ մեր գրերը, ձգտել են ավելորդ խոսք ու բառերից խուսափել, թողնելով ամենակարեւոր ասելիքը։ Անհարկավոր բառը բացառվում էր։ Այդպիսի խստությամբ է գրված Սեյրան Օհանյանի այս ժողովածուն։ Նման եզրակացության ես գալիս հենց գրքի առաջին էջերից։ Հեղինակը երկիրը ճանաչում է ներսից։ Իհարկե, հայելու առաջ բոլորն են տեսնում իրենց արտացոլումը, կարեւոր է հայրենական աշխարհի ցանկացած ծառի ու լեռան, աղբյուրի ու ճանապարհի մեջ սեփական պատկերն ու բաղադրատարրերը նկատելը։ Աշխարհի մեծանուն մտածողներից մեկը (եթե չեմ սխալվում՝ Էլի Ֆորը) նշել է, որ յուրաքանչյուր մարդ իր կազմվածքով հիշեցնում է հարազատ երկրի ներքին կառուցվածքը։ Սա անվիճելի ճշմարտություն է հատկապես Սեյրան Օհանյանի պարագայում, որովհետեւ այս գիրքը, ներկայանալով որպես մի ուրույն ու ինքնատիպ ասք, տարբեր տարիների ստեղծված առանձնամասերով, ամբողջականացնում է իր մեջ հայի հոգեկերտվածքն ընդհանրապես՝ բնորոշ հոգսերով, տագնապներով, ճանապարհներից քաղած իմաստություններով։
Փիլիսոփայությունը, որպես ուսմունք, ունի մի անփոփոխ ելակետ, որը բնորոշում է նրան էականորեն, այն է՝ իմաստասիրությունը մարդու խորհրդածությունն է կյանքի ու մահվան խնդիրների շուրջ։ Կյանքի ու մահվան պայքար է հենց ինքը պատերազմը, հետեւապես, այն էլ ունի իր ուրույն փիլիսոփայությունը, պատերազմի փիլիսոփայությունը։ «XXI դարի բանակը» գիրքը մի քայլ առաջ է գնում, որովհետեւ այստեղ «մահ» կատեգորիան բացառվում է, իր տեղը զիջելով կյանքը հաստատող այլ մի հասկացությամբ, որ է՝ «զոհ»։ Սա նոր գաղափար է, որը եւ հասկացվում է դարերի փորձով անցած պատգամով. «Պատվով մեռնել, նշանակում է՝ խուսափել անպատիվ ապրելուց»։
Գրքի յուրաքանչյուր բաժին ունի իր ներքին կառույցները, ես կասեի՝ ուրույն ճարտարապետությունը, որը, մանավանդ, բարոկկոյական իր ոճի ու սլացքի մեջ, խիստ դասական է։ «Տասնհինգամյա հերոսական ուղի» «Ուղերձներ», «Հարցազրույցներ», «Ելույթներ, զեկուցումներ, ողջույններ», «Իմ ընտրանին». ահա հիմնական այն մասերը, որոնցից յուրաքանչյուրն իր անվանման մեջ ներկայացնում է նաեւ կառույցի պատկերային ներքին իմաստն ու բովանդակությունը։
Խոստովանենք, ռազմական գործչի խոսքը, որպես կանոն, ենթադրում է որոշակի շեշտեր ու անառարկելիության ինչ-ինչ գումարելիներ։ «Ուղերձների» մեջ հեղինակը, «բոլոր օրենքները» պահպանելով հանդերձ, ՊԲ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին եւ զինակիցներին դիմում է մի այնպիսի մտերմականությամբ ու անմիջականությամբ, որ խոսքն ուղղակի քանդակվում է հոգիների մեջ. «Մեր համատեղ ծառայության ընթացքում առաջին անգամ ինձ մոտ ցանկություն է առաջացել տարեմուտի շեմին ձեզ հետ գրավոր խոսքով կիսվել բանակաշինության ոլորտում կատարվածի եւ կատարվելիքի շուրջ։ Անկեղծ ասած՝ այս քայլին դիմելու համար երկար չեմ մտածել, բայց, չգիտեմ ինչու, այն ներքին համոզմունքն ունեմ, որ նման շփման անհրաժվեշտությունը կա։ Զգացողությունս հույս է ներշնչում, որ ծանոթանալով տողերիս բովանդակությանը՝ դուք, անտարակույս, կըմբռնեք ձեր հրամանատարի միտքը»։
Ճշմարիտ խոսք լսելը միշտ էլ հետաքրքիր է, առավել եւս, երբ դա ասում է մի մարդ, որն արդեն հայտնի է որպես ինքնատիպ անհատականություն, մի մարդ, որն իր գործի ու ոլորտի մեջ՝ որպես բազմափորձ մի գրիչ, հավատ ու վստահություն է ներշնչում։ Մենք երրորդ հազարամյակի շեմին կրկին ու վերստին համոզվեցինք, որ մեր գոյությունը, բառի ամենաուղղակի իմաստով, մեր կանոնավոր բանակի զորության մեջ է։ Այստեղից միայն եզրակացնել կարելի է, թե որքան հրատապ ու կարեւոր է, երբ մեր ներկան, վաղը շոշափող-արծարծող խնդիրներով հանդես է գալիս նա, ում վստահված է մեր երկրի, խաղաղության, պաշտպանության ղեկավարումը։ Եվ գուցե հենց գաղտնիքը դրանում է կայանում, որ Սեյրան Օհանյանի «Հարցազրույցներն» ընթերցանության նյութ չեն միայն, այլեւ իմացության առաջին աղբյուր ու անսխալ տեղեկատվություն, որ ստանում է ընթերցողն «առաջին ձեռքից»։ Այսպես, «Հայ զինվոր»-ին տված նրա հարցազրույցում կարդում ենք այսպիսի հարց ու պատասխան. «Մարդկային որակների կատարելության մասին շատերն են խոսում։ Ամեն մեկն այն բնորոշում է յուրովի։ Հետաքրքիր է իմանալ նաեւ Ձեր տեսակետը։ Ո՞վ է, ըստ Ձեզ, կատարյալ մարդը, քաղաքացին եւ զինվորականը։
-Իմ կարծիքով, կատարյալ մարդը նա է, ով առաջին՝ ունի գիտելիքների բավարար պաշար, անձնական ունակություններ, մասնագիտական վարպետություն եւ այդ ամենը կարողանում է լիարժեք օգտագործել ի նպաստ իր հայրենիքի եւ ժողովրդի, երկրորդ, եթե նա հասարակության մեջ ունի իր ուրույն տեղն ու հեղինակությունը, եւ այդ հատկանիշների շնորհիվ նրան հաջողվում է լուծել իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր, եւ վերջին, եթե նա ապրում է ոչ միայն իր, այլ նաեւ դիմացինի համար։ Կատարյալ զինվորականի համար իր պատիվն ու հայրենիքը պետք է լինեն նրա սրբություններն ու պաշտամունքի առարկաները։ Որովհետեւ եթե մենք սիրում ենք մեր հայրենիքը, եթե նվիրված ենք մեր բազմաչարչար ժողովրդին, եթե ունենք արժանապատվություն եւ ցանկանում ենք, որ մեր ժողովուրդն այս երկրագնդի վրա ունենա իր մնայուն տեղը, ապա պարտավոր ենք մեր որակներով անընդհատ ձգտել կատարելության, ասել է թե՝ մեր մեջ մարմնավորել զինվոր-հայրենասերի կերպարը։ Իսկ հայրենասիրությունը յուրաքանչյուր մարդու ոչ թե լոկ խոսքերի, այլ իրական, գործնական նվիրվածության արտահայտությունն է»։
Գիրքը ձեւավորվել է տարիների ընթացքում՝ թելադրվելով ժամանակի ու իրադրությունների պահանջներից եւ, այս առումով, եթե կարելի է այսպես ասել, նրա ինֆրաստրուկտուրան ինքն է կանխորոշել ժողովածուի ծնունդը։ «Ելույթներ, զեկույցներ, ողջույններ» բաժնում, օրինակ, տեղ գտած «նյութերը» ներկայացնում են թեմատիկ մոտեցումների մի քաղաքական աշխարհագրություն, որն ընդգրկում է նաեւ ժամանակային «տարածքներ» ու, ընդհանուր առմամբ, գլոբալ խնդիրներ. «Իրազեկեմ, որ ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում ՊԲ-ն առաջնորդվում է «Ակտիվ ուսուցում, մարտական վարպետություն, հաստատուն առաջընթաց» կարգախոսով։ Սրանից հետեւում է, որ բանակի հրամանատարությունը գլխավոր շեշտը դնում է անձնակազմի ուսուցման կամ ավելի կոնկրետ՝ զինվորական մարդու մարտական եւ բարոյահոգեբանական որակների բարձրացման վրա, դրան զուգահեռ` կարեւորելով բանակային մյուս ուղղությունների նշանակությունը։ Ասել է թե՝ գործընթացի հանդեպ ցուցաբերվում է համակարգված մոտեցում, եւ խնդիրները լուծվում են համալիր ձեւով։ Իսկ սա շատ կարեւոր հագնամանք է զինված ուժերը ժամանակի պահանջներին համահունչ զարգացնելու առումով։ Վերջերս ընթերցում էի «Ռազմական մտքերի հանրագիտարան» աշխատությունը։ Դրանում ֆրանսիացի մարշալներից մեկը՝ Մորիս Սաքսոնացին, մի այսպիսի միտք է արտահայտում. «Արիությունը բանակում պետք է ամեն օր վերածնել…»։ Սա նշանակում է, որ բանակը պետք է նմանվի կենդանի օրգանիզմի եւ ունենա զարգացման պահանջ։ Իսկ բանակ ասելով՝ մենք նախ եւ առաջ հասկանում ենք մարդ-զինվոր՝ լինի շարքային, թե` գեներալ…»։
Սա լեզվական մի կուռ շարահյուսություն է՝ հարուստ ներաշխարհի տրամաբանական խորքերով ու իմաստասիրությամբ, որին գրչի մեծերն անգամ հասնում են «դժվար վարժությամբ»։ Մատչելիությունը եւ մարդկային (ասում են, ոճը, դա ինքը՝ մարդն է) գրավչությունը, հոգու հստակությունը դպրության մեջ այն աստվածատուր շնորհներն են, որ գրչին կանգնեցնում են խոսքի երեւելիների դասակի մեջ։ Սեյրան Օհանյանի լեզվական մտածողությանը հատուկ է հյուսվածքների բազմագունությունը, ավելին, նա ամեն տարվա շեմին հանդես գալով «Ուղերձներ»-ով, երբեք չի կրկնում իրեն, մատը դնելով տվյալ պահի զարկերակին՝ կարողանում է կարեւորել ժամանակի պահանջն ու հրամայականը։ Եվ այդ ամենի հենքում Սեյրան Օհանյանի գեղագիտական դավանանքն է, որը հմայք է հաղորդում թե նրա տողերին, թե գործունեությանն ընդհանրապես։
«XXI դարի բանակը» ժողովածուի մեջ շատ փակագծեր է բացում հեղինակը։ Եվ, որ ամենակարեւորն է, նա հայ իրականություն է բերում մի ոճ, որտեղ յուրաքանչյուր արտահայտություն խիստ լակոնիկ է, հաճախ՝ նշանային, ինչպես «պարոլը» պատերազմի ժամանակ, ինչպես ռազմագործողության ընթացքում իմաստային շարժումը ձեռքի կամ դիմագծի։ Եվ այս սկզբունքը գիրքը դարձնում է առավել դինամիկ։ Հեղինակի յուրաքանչյուր խոսք ծանր հրետանու հասցրած հարվածի ուժգնություն ունի իր մեջ։ Ուշադրություն դարձնենք, թեկուզ վերնագրերին, որոնցից ամեն մեկը մի համազարկ է հիշեցնում։ Ահավասիկ. «Մեր զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ են կատարելու ամենաբարդ ու դժվարին առաջադրանքները», «Պաշտպանության բանակն արժանի է կոչվելու երրորդ հազարամյակի բանակ», «Եթե բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են», «Միասնությունը՝ անպարտելիության երաշխիք»...
Ինչպես տեսնում ենք, Սեյրան Օհանյանը ոչ թե ճգնել է ոճ ստեղծել, այլ նրա ասելիքը, խոսքի հրատապությունն ու ռազմահեռագրային սեղմությունը նրան տարել են, առանձին դեպքերում, դեպի մտքի թանձրացում, դեպի աֆորիստիկ մտածողություն, իսկ շատ հաճախ՝ ձայնանշանային կոդավորման, մի դժվարին ձեռքբերում, որը ցանկացած գրողի համար այսօր աննախադեպ հաղթանակ կարող էր համարվել։ Եվ ինչ է հուշում այս ամենը։ Բացարձակ մի ճշմարտություն, այն է՝ գիրքը ձեռք է բերում (տվյալ պարագայում՝ «XXI դարի բանակը») մի հզոր հատկանիշ եւս, որը բացատրվում է նրա գործառնական (ֆունկցիոնալ) նշանակության բարձրացմամբ։ Այսինքն՝ բառը գրքում կարեւորվում է այնքան, որքան, ասենք, ռազմի դաշտում, երբ հրաման է տրվում՝ կրակել։ Սեյրան Օհանյանի այս ժողովածուով ընթերցողից օտարված գիրքը նորից վերադառնում է նրան, գիրքը վերականգնում է իր իսկական դիմագիծն ու կերպարը։
Մի հանգամանք եւս, որ կուզենայի նշել։ Յուրաքանչյուր գիրք, ի վերջո, հուշագրություն է։ Պատերազմի բովով անցած ճանապարհների մասին քիչ գրքեր չեն գրվել աշխարհահռչակ զորավարների (այդ թվում՝ հայ) կողմից։ Այստեղ չենք կարող չհիշել Ժուկովի, Բաղրամյանի, Իսակովի ստեղծած գրքերը։ Սակայն Սեյրան Օհանյանի պարագայում խնդիրը մի քիչ այլ է, այլ են նաեւ քաղաքական ու ժամանակային իրադրությունները, աշխարհագրական պայմանները եւ այլն։ Սեյրան Օհանյանը «մի հարկի տակ», ինչպես ասում են, մի գրքում համահավաք ներկայացրել է ոչ թե անցյալը, կամ անցած պատերազմական ուղին, այլ փորձել է բացել գալիքի փակագծերը՝ հենվելով ներկայի ու անցյալի վրա։ Այստեղից էլ՝ փիլիսոփայական խտացումները։ «XXI դարի բանակը» գիրք է մի մարդու, որը ոչ թե ռազմական քարտեզի վրայով սահեցրել է մատը ու ղեկավարել մարտերը, այլեւ անձամբ ինքն է առաջնորդել զինվորներին՝ կռվի ամենաթեժ կետերում. «Վահանով կամ՝ վահանի վրա»։ Թշնամին նրա թիկունքը երբեք չի տեսել։ Իսկ առաջին գիծը չի ենթադրում ոչ մի ավելորդ կրակոց կամ բառ։ Ինչպես հրամանատարներն են ծնվում ու կնքվում ռազմադաշտերում, այնպես էլ Սեյրան Օհանյանի քննության առարկա գիրքն է ձեւավորվել, շունչ ու ոգի առել։
Այո, հռչակավոր շատ զորավարներ է տեսել աշխարհը։ Եվ, բնականաբար, էլի կտեսնի։ Սակայն նրանք բաժանվում են հիմնականում երկու խմբի՝ նվաճողներ եւ ազատարարներ։ Սեյրան Օհանյանը մեկն է այն զորավարներից, որոնց ռազմավարական տաղանդի ու ճշգրտված, վճռորոշ ձեռնարկումների շնորհիվ կարողացանք հասնել անկախության, փոքրիկ ու անկրկնելի Արցախն ազատվեց թշնամական ճիրաններից։ Եվ, դրան զուգահեռ, անհատական այն լավագույն գծերը, որոնք հատուկ են արժանավոր զորավարներին (ասենք, «ֆենոմենալ հիշողություն ու բարձր աշխատասիրություն, սուր միտք, ռազմաքաղաքական հանճար, դիվանագիտական շնորհներ, մարդկային հմայք ու գրավչություն», շիտակություն, ասպետականություն եւ այլն), կարելի է աներկբայորեն ասել, որ բնորոշ են նաեւ Սեյրան Օհանյանին։ Ինչպես Մոնթեն, ինքը եւս, «շրջապատին ազնվություն հաղորդող մարդ է»…
Այսօր, առավել քան երբեւէ, մեր ժողովուրդը կարիք ունի բանակաշինության պրոբլեմները հստակությամբ արծարծող ու հանրամատչելի այսպիսի ժողովածուների, որոնք պիտի դառնան ոչ միայն դասագրքեր, այլեւ ազգային դպրոց՝ բառի ամենալայն իմաստով։ Հայ երեխան (տղա թե աղջիկ) ծնված օրից պիտի սկսի վարժվել զենքի բոլոր տեսակների գործածությանը, դրանք նա պիտի կրի նաեւ իր մեջ՝ որպես ինքնապաշտպանության առաջին անհրաժեշտություն։ Սա մեր գոյության անվիճարկելի հրամայականն է, որը բխում է աշխարհաքաղաքական մեր պայմաններից ու իրավիճակից։ Քեզ չկորցնելու, ավելի ճիշտ՝ նախնիներիդ միշտ հիշելու եւ հավատարիմ մնալու լավագույն ձեւը, դա նրանց արժանվույն ձեւով շարունակելն է։ Մենք պիտի ուժեղ լինենք, թույլ լինելը հավասարազոր է հանցագործության։ Յուրաքանչյուր հայ մարդ, առավել եւս՝ հայ զինվոր, եթե կորցրեց Ծովից ծով Հայաստանի քաղաքացի լինելու արյամբ փոխանցվող հպարտությունը, ապա մեր բյուրավոր կորուստները կդառնան անդառնալի։ Այնպես որ՝ «XXI դարի բանակը» պիտի ընկալվի նաեւ որպես վաղվա մեր գործողությունների քարտեզագրություն, մեր ոգու ընթացքն ուղենշող սլացքների ամբողջություն, ժողովրդի դարավոր անկատար իղձերը լուսաբանող-տենչաբանող-երազաբանող հիշատակարան։ Մանավանդ, որ նման խոսքի իրավունք գրքի հեղինակը ձեռք է բերել իր բարձր ժողովրդականությամբ, հասարակ մարդու, անվեհեր զինվորի, հրամանատարի, ազգային հերոսի, մտածողի ու իմաստասերի լավագույն հատկանիշներով։ Այս ամենին չեմ կարող չհավելել նաեւ մի այլ, ոչ պակաս կարեւոր առանձնանիշ, դա զորականի ինտելեկտուալ ներուժն է, որն ուղղակի (օգտվելով առիթից՝ նշենք) զարդարում է Սեյրան Օհանյանին, որովհետեւ զենքը զենք է միայն այն ժամանակ, երբ նրա հետ գործում է ինտելեկտը։ Սեյրան Օհանյանի նման ինտելեկտուալ անհատականությունների շնորհիվ հայոց բանակի ընդհանուր պատրաստականության մակարդակն այսօր պահանջվող բարձրության միտումներ է ձեռք բերում։
Սեյրան Օհանյանն այս գիրքը գրել է սեփական արյամբ, ահա ինչու նրա յուրաքանչյուր բառ հավաստի է ու համոզիչ։ Նա փորձում է խոսեցնել ռազմի ու խաղաղության, պատերազմի աստվածներին եւ նրանց իմաստությունները հանձնել սերունդներին, նա չի մտածում պատկեր կամ կապակցություններ ստեղծելու մասին, նա միայն հանդես է գալիս որպես Ասողիկ՝ անավելորդ, աներկրորդական բառերով, որովհետեւ ժամանակն այնքան սրընթաց է, որ անգամ մի վայրկյանով ուշացած անելիքը, ինչպես առաջին գծում կրակոցի վրիպումը, կործանում է նշանակում, իսկ դա սպանում է՝ զրկելով զինվորին զոհվելու, ապրելու, հաղթելու իրավունքից։ Ես չեմ ուզում գրքի գործառնական նշանակությունը բացատրել միայն նրա թեմատիկ հրատապությամբ, այժմեականությամբ, դրանով ես շատ քիչ բան կլինեի ասած։
Գիրքն ընթերցվում է, ինչպես ասում են, մեկ շնչով, մտքերը հելուզված են ազգային գաղափարաբանության ու ոգու բարձր արտահայտության համապատկերում, որը եւ ապահովում է ժողովածուի անառարկելի հաջողությունը։ Ժողովածուի մեջ մեր ազգային նկարագիրը, XXI դարի շեմին հաղթանակով ու բարձր արժանապատվությամբ ոտք դրած հայ զինվորի դեմքը, արցախյան համազգային գոյամարտն ու մեր ոգու աննախադեպ մաքառումի պատմությունը, ազգային միասնականությունը՝ որպես հաղթանակի գրավական, դարերի փորձով իմաստնացած հայ մարդն իր կորուստներով ու գտնումներով եւ, ինչու չէ, հեղինակ Սեյրան Օհանյանն իր ֆենոմենալ հատկանիշներով ու գծերով, ներկայանում են առանձնահատուկ գույների համադրությամբ, հյութեղ ու «առաջին անհրաժեշտության» բանաձեւով։ Սա այն բանալին է, որով կարելի է բացել Սեյրան Օհանյանի «XXI դարի բանակը» գրքի ցանկացած նախադասություն ու էջ։ Սեյրան Օհանյանի գիրքը շատ դասեր ունի, այն, իսկապես որ, ազգային արժեք է, բայց դրանից բացի, մեկ հատկանիշ եւս նշմարելի է, որով այն առանձնանում է։ Ժողովածուն կարծես հուշում է՝ ամենաանսովոր բառը կարող է լինել ամենասովորական բառը։ Նման սկզբունքով է հյուսված «XXI դարի բանակը»։ Եվ գուցե հենց գաղտնիքը դրանում է, որ հեղինակի յուրաքանչյուր արտահայտություն (օրինակ, «Մեր նպատակը ազատ ու անկախ ապրելն է») իր մեջ այնքան թթվածին է պարունակում, որ կարող է փոխել նաեւ երկրի օդը, մթնոլորտը...
Այս ժողովածուն, հիրավի, լուրջ քննության նյութ է տալիս։ Եվ դրան դեռ կանդրադառնան՝ թե այսօրվա, թե վաղվա սերունդները։ Սա գիրք է ապագայի համար։ Գիրք, որ կարող էր գրել միայն ու միայն ինքը՝ Սեյրան Օհանյանը, ուզում եմ ասել, որ Մարդ-Անհատը եզակի երեւույթ է՝ եթե կարողանում է հասնել ինքն իրեն, իր անկրկնելիության ծայրագույն դրսեւորմանը։ Սեյրան Օհանյանը ներկայանում է որպես այդպիսին՝ թե՛ ռազմի, թե՛ գրչության դաշտում։ Նրա գրիչը, նրա ոգին նոր որակ են մտցնում մեր գրավոր խոսքի մեջ։
«XXI դարի բանակը» նաեւ ծնվելիք հատորյակների բանալիներ ունի։
07.05.2007թ. Ստեփանակերտ