Այսօրը խոսում է երեկվա հետ՝ վաղվա լեզվով

ԱՅՍՕՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵԿՎԱ ՀԵՏ՝ ՎԱՂՎԱ ԼԵԶՎՈՎ…

Հարցազրույցը վարեց Հուսիկ Արան

1. - Երբ պատրաստվում էի մեր զրույցին, հասկացա, որ ստիպված եմ շեղվել նման զրույցների համար մշակած իմ սկզբունքից. բանաստեղծին ներկայացնել իր մուտքից, գրական ճանապարհի սկզբից մինչեւ ներկա պահը: Ինչպես հին դարերում էր բանաստեղծը ներբողում իր պատերազմող երկրի ազատությունն ու ժողովրդի ուժն ու փառքը` զորքի հետ տեղից-տեղ շարժվելով, պաշտպանելով ու գրոհելով, այնպես էլ դուք եք եղել արցախյան ազատամարտի տարիներին: Մեզ են հասել այդ ազատամարտի միայն արտաքին ազդակները: Ի՞նչ տվայտանքներ ու փոթորկումներ է ապրել բանաստեղծը նահանջի ու հաղթանակի ժամանակ, ի՞նչ անկում ու վերելք է ունեցել: Փորձենք ներկայացնել պատերազմն իր աչքերի մեջ ու թեւերին սեպած գրողի ներաշխարհը, ստեղծագործական ընթացքի այն նուրբ շերտերը, որոնք անծանոթ են ընթերցողին եւ սահմանից այս կողմ ապրող գրողներին:

- Կարծում եմ, բանաստեղծին «գրական ճանապարհի սկզբից մինչեւ ներկա պահը» ներկայացնելու սկզբունքից Ձեր շեղվելը, իմ պարագայում, արդարացուցիչ է, մանավանդ, որ ինձ եւս մինչեւ հիմա անհայտ է մնում իմ մուտքը, ավելին, ես չեմ սկսվել իմ առաջին տողից կամ գրքից, այդ դրանք են սկսվել ինձանով։ Թեեւ, խոստովանեմ անկեղծորեն, յուրաքանչյուր բառի դիմելու ժամանակ, հասնում եմ իմ նախասկիզբն անիմանալի ու վերադառնում։ Ամեն անգամ, թվում է, ուր-որ է հասնելու եմ ինձ, ի վերջո, ափիս մեջ, ինչպես Մ. Տվենի փոքրիկ հերոսը՝ պահածոյի տուփում, բռնելու-պահելու եմ լույսի շողը։ Բայց չի ստացվում։ Սա կրկնվում է մշտապես։

Այն, ինչ ստեղծում ենք՝ թե ես, թե մյուսները, այդ թվում, թող ներվի, նաեւ մեծերը՝ Շեքսպիրից մինչեւ Թումանյան, Չարենց, Ուիթմեն, Սեւակ, Մաթեւոսյան, բոլորը փորձեր են ընդամենը՝ հաջողված, կամ՝ քիչ հաջողված. սա կատարելության ու անհասանելիության սրբազան խորհուրդ է պարունակում, սովորական մի ճշմարտություն, որն անգամ հաշվի չի նստում մեր ընդունելու-չընդունելու հետ։ Ինչ վերաբերում է ազատամարտին (այն կոչենք այսպես՝ արցախյան` համազգային), ապա կարող եմ ասել, որ ամբողջ ժողովուրդն էր զորքի հետ նահանջում ու գրոհում, տեղից-տեղ շարժվում, ես էլ՝ ժողովրդի մեջ` նրան ունենալով իմ ներսում։ Հին դարեր ու հին ժողովուրդներ կարծես չկային, մենակ մենք էինք ու մեր պատերազմը, թիկունք (նախնական իմաստով) նույնպես չկար, որովհետեւ հայոց երկիրն այնքան փոքրիկ է, որ նրա յուրանաքանչյուր սահմանագիծ դարձել էր կրակի առաջին գիծ, եւ ժողովրդի ազատությունն ինքն էր, արյուն տալով, ներբողում զինվորին։ Իմ տվայտանքների ու փոթորկումների մասին կարող են, ինչ որ չափով, պատմել իմ գրքերը՝ «Մեղեդիներ»-ից մինչեւ «Ամարասի զանգերը», «Սոսեն», «Մենարանը», «Արցախա ծուխը», «Քրիստոսի ծաղիկները», «Անդրադարձի տեսիլները», մինչեւ «Բանաստեղծությունը սահմանից դուրս»-ը, մյուս ժողովածուները։ Ավելի ուշ իմացա, որ չգրված բանաստեղծությունները նույնպես մասնակցում են պատերազմին։ Նաեւ՝ ուղղակի իմաստով։

Իմ “Глаза Карабаха” գիրքը, որը հրատարակվել է Մոսկվայում, “Советский писатель” հրատարակչության կողմից, 1990թ., այդպես էլ չհասավ ինձ, Արցախ ուղարկված ամբողջ տպաքանակը բռնագրավվեց Աղդամում եւ վառվեց, ընդամենը երկու օրինակ ինձ հասավ, այն էլ՝ Աղդամն ազատագրվելուց հետո, դրանք՝ վառոդից ու ծխից այրված կազմով, ինձ բերեց գրող-ազատամարտիկ Վոլոդյա Ստեփանյանը։ Իսկ երբ թուրքերը ժամանակավորապես վերցրեցին Չլդրանը, ավերեցին նաեւ գրադարանը, գրքերը վառեցին։ Հետո Չլդրանն ազատողների մեջ էր նաեւ բանաստեղծ-ազատամարտիկ Ռոբերտ Եսայանը, որը եւ ավերակների միջից գտավ ու ինձ, որպես թանկ նվեր, բերեց իմ առաջին գրքույկը՝ «Մեղեդիները»։ Ու հաճախ եմ մտածում՝ ինչու թուրքին առավել շատ կատաղեցնում են մեր գրքերը։ Պատասխանը նոր չէ՝ որովհետեւ նրանց մեջ տեսնում է մեր անմեռնելի, անհաղթելի ոգին, որի առաջ ինքը տեղի է տալիս։ Չէ՞ որ մարդկության ճանաչած արժեքներից (ոսկի, նավթ, ոգի), ինչպես ասում են, ամենամնայունն ու գլխավորը ոգին է, առանց որի` ոչ նավթն է նավթ, ոչ ոսկին՝ ոսկի։

Պատերազմի սկիզբը միշտ իմանում ենք, ընթերցում ենք անվանի զորավարների վկայություններում, սակայն, ահա, դժվար է գուշակել, թե երբ եւ որտեղ այն կավարտվի։ Սա հին իմաստություն է, բայց, ցավոք, այսօր էլ չի հնացել։ Մենք՝ ընթերցող, գրող, հողվոր, զինվոր՝ բոլորս, նորովի հայտնագործեցինք մեր պատերազմը, սահմանից այս կողմ՝ մենք ենք, անկախ նրանից՝ Ստեփանակերտում ենք, Երեւանում, Նյու-Յորքում, թե` այլուր, սահմանից այն կողմ՝ թշնամիներն են։ Մենք սկզբում անգամ զենք չունեինք, բայց կռվում էինք, հետո տեսանք հրաշքը՝ 21-րդ դարի հայ զինվորը ժամանակակից զենքի բոլոր տեսակներն, առանց չափազանցության, արդեն կրում է իր մեջ, իր ներսում։ Այսինքն, ինչպես Սեւակն է ասել, ելքը գտնվեց այնտեղ, ուր վերջացավ հնարը։ Եվ եթե մինչեւ վերջ էլ մենք անզեն մնայինք, դարձյալ կանեինք այն, ինչ արեցինք։ Իսկ «ստեղծագործական ընթացքի նուրբ շերտերի» մասին, ինչպես նշում ես դու, ես իմացա «հարաբերական պատերազմի եւ հարաբերական խաղաղության» տարիներին, հետո։ Հաճախ պատահում էր եւ այսպես. գիտես, որ գտնվում ես թշնամու նշանի տակ, բայց գրում ես, անում ես անհետաձգելի քայլդ, որովհետեւ դա անհրաժեշտ է, եթե անգամ ընկնելու լինես դու, դարձյալ ճանապարհդ պիտի գնա։ Պատերազմի տարիներին, առանց չափազանցության, չգիտեի, որ գրում եմ, հետո, երբ ետ նայեցի, տեսա կատարածս։

Պահը սոսկ ապրում չէ, ռազմադաշտի վերածված փոքրիկ երկրում պահը գերապրում է, հաղորդակցություն Աստծո հետ, իսկ պատերազմի կրակների մեջ ավելորդ, անհարկավոր բառ չի լինում, խոսքը լակոնիկ է, հատու եւ անվրեպ, այլապես առաջինը գնդակ արձակելու իրավունքը ձեռքից տալիս ես, այն թողնվում է թշնամուն։ Պատերազմը դինամիկա է, շարժման, խոսքի ու զենքի արյունոտ ազնվություն, անսուտ վիճակ, մանավանդ՝ եթե այն համեմատելու լինենք խորհրդային տարիների արցախյան խորհրդավոր «լռության» հետ։ Բառը, որով մարդիկ դիմում են իրար, հաղորդություն է ոչ թե խոսողների միջեւ, այլեւ՝ Բարձրյալի հետ, այլապես ոչ մեկը ոչ մեկին չի հասկանա։ Պատերազմում միայն չեն սպանվում, պատերազմում նաեւ ծնվում են։ Եվ չապրված պահեր ռազմադաշտում չեն լինում, թե չէ, նրանցով կքայքայվի ժամանակը՝ եթե անգամ ոսկուց լինի այն։


2. Գրեթե մեր բոլոր բանաստեղծներն ինչ-որ չափով անդրադարձել են արցախյան համազգային ազատամարտին, որն առավել ցայտուն արտահայտված է արցախաբնակ բանաստեղծների ստեղծագործություններում, ովքեր միեւնույն պահին ե՛ւ պոետ էին ե՛ւ զինվոր: Ձեր բանաստեղծական արվեստը նույնպես ներծծված է այդ պատերազմի ծխով եւ հաղթանակի արցունքով: Սակայն այսօր հստակ տեսնում ենք, որ ստեղծված գրականությունն անբավարար է ազատամարտն իր ողջ էությամբ, էական ըմբռնումով արտացոլելու, արժեվորելու համար: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ մի կարեւոր բան պակասեց լիարժեքության համար, թե՞ արժեվորվեց այնքանով` որքանով արժանի էր այդ ազատամարտը:

- Ես համոզված եմ, առայսօր աշխարհի ոչ մի ազատամարտ դեռեւս իր ավարտուն եւ արժանի արտացոլումը չի գտել գեղարվեստական մտքի մեջ, գուցե թե՝ հնարավոր էլ չէ դա (այս պահին աչքերիս առաջ է Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղությունը», սակայն, դարձյալ չեմ ընկրկում, ասելիքիս մեջ մնում եմ հաստատակամ)։ Այդուհանդերձ, ես ինձ չեմ արդարացնում, համաձայն եմ, մեր ազատամարտի մասին ստեղծվածը դեռեւս անբավարար է, համարժեք չէ հաղթանակ կռած հայոց բանակի հերոսությանը։ Հիմնական պատճառը մեկն է՝ ժամանակի նստվածքն է պակասում, բացի դա, փոխվել են գեղարվեստական երկին ներկայացվող պահանջները։ Ես հավատացած եմ, որ պատերազմի մասին գրված լավագույն երկերը լինելու են ոչ պատերազմի մասին (այս «մասինը» միշտ վիրավորական է)։ Վերնագիրը, ցավոք, չեմ հիշում, բայց կարծեմ «Գարուն»-ում եմ կարդացել, տարիներ առաջ, Ռաֆայել Նահապետյանի մի պատմվածքը, ուր հեղինակը պատկերում է իր հոգեվիճակը՝ երեւանյան իր բնակարանում։ Ես դրանում տեսա պատերազմի անսքող դեմքը։ Եվ բավականին՝ տպավորիչ։ Իհարկե, չենք կարող անտեսել նաեւ հսկայական այն աշխատանքը, որ կատարում են հուշագիրները, ականատեսները, պայքարի մասնակիցները՝ ապագայի համար թողնելով աղբյուրագիտական հարուստ տարեգրություն։

Մենք սովոր ենք նայել անցած ճանապարհին եւ քաջությունը «մարմնավորել»` պատմական դեմքերին հիշելով, ասենք՝ Վարդան Մամիկոնյանի հետ համեմատելով նորօրյա հերոսին, բայց դա սխալ մտարկում է, չէ՞ որ անկրկնելի են թե Վարդան Մամիկոնյանը, թե, օրինակ, Մոնթե Մելքոնյանը, որը «նման»-ության մեջ կորսվում է, խամրության տանելով եւ իր մեծ նախորդին։ Իսկ վերջինս մեծ է ավելի, երբ իրենից դարեր հետո եկած իր ժառանգորդն անհամեմատելի նոր է ու չկրկնող։ Հայ զինվորը մեր օրերում չի գնում դեպի Վարդան Մամիկոնյանը, այլ նրանից է ելնում ու գնում է դեպի ինքը, դեպի այնտեղ, ուր ինքն անզուգական է ու մենակ-եզակի։ Ավանդական մոտեցումները վերանայման խիստ կարիք ունեն նաեւ մեր գեղարվեստական մտածողության ու գեղագիտության մեջ` ընդհանրապես։


3. Մենք գրում ենք պատերազմի լավ ու վատ կողմերի մասին, հաղթանակի ու անկման, զոհի ու ապրողի, բայց երբեք չենք գիտակցում այդ պատերազմի, ազատագրական շարժման միստիկական կողմը: Ի վերջո, գաղութից վերածվեցինք ազատ ու անկախ հանրապետության, վերադարձանք մեր սկզբին, տրվեց իբրեւ իրականություն այն, ինչը հեռու երազ էր: Մեր գրածում չկա երկինք, չկա Աստված, գիրը հեռացել է իր նախնական իմաստից` Աստծուց: Հենց երկնքի, Աստծո բացակայությունը չէ՞, որ մեր գիրն անբավարար է դարձնում ազատամարտը լիրաժեք ներկայացնելու համար, գրի շատ ու քիչը չէ, իմաստն է բացակայում, որ կարող էր մի կաթիլի մեջ էլ լիարժեք լինել: Այդպես միստիկական հայացքով մինչ օրս չենք ներկայացրել նաեւ 1915-ը: Ինչո՞ւ երկնքից տրված պարգեւի մեջ, միակ ճակատագրի մեջ չտեսանք, չհանդիպեցինք Աստծուն:


-Մենք արդեն անդրադարձանք այդ խնդիրներին։ Բայց շարունակեմ միտքս, քանի որ ձեւակերպումի մեջ իմաստային նոր երանգներ են դրսեւորվում կարծես։ Պատերազմի միստիկական կողմի զգացողությունը, հիրավի, չէր կարող առկա չլինել մեր մտածողության ու նաեւ, ինչու չէ, արարքների մեջ։ Մի հայացք ձգենք մեր ժողովրդի ու գրականության պատմությանը, մեր գեղարվեստական մտքի լավագույն թռիչքները (ընդհուպ՝ ազգային էպոսի ստեղծումը, Նարեկացին, Պեշիկթաշիլյանը, Չարենցը, Սեւակը եւ այլն) կատարվել են ազգային մաքառումների ամենաբեկումնային շրջաններում, դարակազմիկ ու վճռական իրադարձությունների համապատկերում։ Երազը՝ որքան էլ հեռու հայից, հայը, սակայն, միշտ մոտիկ է եղել նրան։ Մերձումերձ։ Եվ չեմ ընդունում «մեր գրածում չկա երկինք, չկա Աստված» ձեւակերպումները։ Երբեմն մտածում եմ՝ արդյոք, շատ չենք ավելի միստիկական մեր գործերի մեջ, թեեւ, ի վերջո, դա եւս կարելի է դիտել որպես իրատեսության տանող գերիրական մի ճանապարհ։ Ինչ վերաբերում է գրին, նրա հեռանալուն «իր նախնական իմաստից», ես դա նկատում եմ որպես առավել մոտեցում Աստծուն, որքան էլ սա թվա պարադոքսալ։ Ճշմարիտ տողերը հանվում են միայն հորձանուտից։ Երբ պատերազմի ժամանակ Մոնթեն ասաց՝ եթե կորցնենք Արցախը, ապա մենք դրանով կշրջենք հայոց պատմության վերջին էջը, ես շտապեցի մոմ վառել Աստծո առաջ, եւ այդ մի հատիկ նախադասությունը եղավ լավագույն բանաստեղծությունը ժամանակի մեջ, ասքն ու վիպերգությունը։ Ես գրականության մեջ ոչ մի օրենք կամ ուղղություն ցուցանող սլաք (սլաքը հակացուցված է բանաստեղծությանը) չեմ ընդունում, բայց պատերազմի եւ գրականության օրենքներն ինչ-որ տեղ նոււյն արմատների վրա են բարձրանում։ Այսինքն, Իմաստը չի կորսվել, այլապես կորսված կլինեինք բոլորս։ Ի դեպ, այս հողի վրա է բարձրացել գրող ու զինվոր Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք. ծանր բզեզ» գիրքը։ Այնպես որ՝ քո ասած կաթիլները կան, որ «ծով են ներկայացնում»։

Տասնիններորդ դարի վերջից մինչեւ հիմա եղեռնների մեջ ենք, մեկից «ոտք ենք դրել» մյուսի վրա, իսկ խորհրդային տարիների ջարդերն ուրիշ էին, չմոռանանք՝ նաեւ գրչի ջարդ ենք ապրել։ Աղետներն անհերթ գրոհում էին։ Ամեն ինչ ապրում էր միայն, մեզանից խլված էր վերապրումի պահը, որը պիտի դառնար գեղարվեստական պատկեր՝ իր ունիկալ բովանդակությամբ ու ձեւով, փիլիսոփայական ընդհանրացումներով։

Արցախյան համազգային ազատամարտը հեղաբեկեց մեր պատմության ընթացքը՝ վերականգնվեց հայ մարդու արժանապատվությունը, նրա, ով արդեն ասպետաբար սպանում է ցավը՝ նրա մեջ մշտապես ներկա գտնվելով, հպարտորեն տանելով իր խաչը։ Ի վերջո, Հայոց Արեւելից աշխարհ Արցախն անգամ այն ժամանակներում, երբ մայր Հայաստանը զրկված էր պետականությունից, ինքն իր պետականությունը պահում էր մելիքությունների ձեւով։ Իսկ Տիգրան Մեծի կառուցած չորս Տիգրանակերտներից երկուսը պատմական Արցախում են, դա պատահական չէ, ինչպես եւ պատահական չէ, որ այդ երկուսից մեկի հիմքերը մեր հնագետները արդեն բացել են վերջերս՝ անկախացումից հետո, մինչ այդ արգելված էին նաեւ մեր անցյալի պեղումները…Ի դեպ, չնայած տասնհինգ տարի է, ինչ մենք անկախության մեջ ենք, սակայն, ցավով պիտի խոստովանել, որ Արցախը շարունակում է Հայաստանի գիտական համապատասխան հիմնարկների կողմից մնալ համեմատաբար քիչ ուսումնասիրվող տարածքը, ես նկատի ունեմ պատմության, հնագիտության, ազգագրության, աշխարհագրության ոլորտները։ Առանձին անհատներ, իհարկե, որոշակի նախաձեռնություններ ցուցաբերում են, մինչդեռ ենթադրվում է, որ այս գործում պետական մոտեցում պետք է ցուցաբերվի անպայման։

Հիշենք, որ առաջին զոհն Աստծուն մատուցվել է հենց հայոց աշխարհում, Նոյ Նահապետի կողմից, եւ, բնականաբար, առաջին զոհասեղանը եւս Հայաստանում է գտնվում, այն եղել է Մասիսի լանջին ընկած սովորական մի քար։ Ինչո՞ւ համար եմ ես սա հիշում։ Որովհետեւ պատմության կենդանի խորհուրդը ոչ մի տեղ այնքան թեժ ու հստակ չի զարկերակում, որքան զինվորի սրտում։ Բոլորովին վերջերս Արցախում գտնվեց նաեւ Համամ Արեւելցու շիրմաքարը։ Ասում են՝ մեր զինվորներից մեկը, ընթեռնելու համար, շիրմաքարի գրերը ժամանակի կեղտ ու ժանգից մաքրել է կռվի ընթացքում իր հետ մշտապես կրած զենքի խշտիկով։ Այսօրն, ուրեմն, խոսում է երեկվա հետ՝ վաղվա լեզվով։ Ուրեմն՝ Աստված միշտ ներկա է։ Մեր պատերազմներն, ուրեմն, նույնպես Աստծո ներկայություն են ու սուրբ առաքելություն։


4. Ի դեպ, հայտնի է, որ Դուք գլխավորել եք արցախյան հարցով Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։ Այնուհետեւ ընտրվել եք Ստեփանակերտում ստեղծված արցախյան համազգային շարժման առաջին կազմակերպության՝ «Կռունկ» կոմիտեի նախագահի տեղակալ («Կռունկը» թեեւ հիմա չի գործում, բայց նաեւ չի ցրվել) եւ կարեւոր դերակատարություն եք ունեցել 1988թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանում։ Հետաքրքիր մի օրինաչափություն է նկատվում. արցախյան շարժման տարբեր փուլերում էլ Արցախի գրական կազմակերպությունը՝ թե նրա հիմնադիր Գրիգոր Ներսիսյանի, թե Բագրատ Ուլուբաբյանի օրոք, կարեւոր առաքելություն է իրականացրել՝ առաջնորդելով ժողովրդին նրա ազատասիրական պայքարում։


-Ձեր դիտարկումները միանգամայն ճիշտ են։ Մենք պարզապես հավատարիմ ենք մնացել գրական օջախի ավանդներին։ Ասեմ, որ փետրվարի 20-ի պատմական նստաշրջանում եմ ես տեսնում իմ կյանքի ամենաաստեղային պահը։ Մինչ այդ մեծ պատասխանատվություն էր ստանձնել ԼՂ գրողների միությունը. Հրաչյա Բեգլարյանը, Գուրգեն Գաբրիելյանը եւ ես, փաստորեն, գրել ենք Կրեմլին ուղարկված մեր պատմական նամակի առաջին տարբերակը, հետո արդեն, այն վերախմբագրվել է գրողների ու ստեղծագործական մյուս միությունների ընդհանուր հավաքում։ Այնուհետեւ մտավորականների մեր պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։ Երբ վերադարձանք Ստեփանակերտ, օրակարգ մտավ մարզխորհրդի նստաշրջանի հրավիրումը։ Նախաձեռնող խումբն ինձ հանձնարարեց նստաշրջանը կազմակերպված անցկացնելու ընդհանուր աշխատանքները։ Խոստովանեմ, դյուրին գործ չէր, մանավանդ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, քաղաքական եւ ուժային մարմինների ամբողջ էլիտան հավաքվել էր Ստեփանակերտում (լարումը մեծ էր, ես ստիպված էի, պատգամավորների անունից, նստաշրջանի դահլիճից դուրս հրավիրել կուսակցության Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովին), ամեն ինչ անում էր նստաշրջանը տապալելու համար։ Աննախադեպ սառնամանիք էր ու ձյուն Արցախում, փակ էին շրջաններից ու գյուղերից Ստեփանակերտ մտնող բոլոր ճանապարհները, պատգամավորների ներկայությունը, հարկավոր տոկոսաչափով, ապահովել էր պետք։ Այդ օրը յուրաքանչյուր արցախցի, առանց բացառության, հրաշք էր գործում։ Իսկ երբ նստաշրջանին ներկայացած մի ջահել պատգամավորուհի ցույց տվեց իր սուրը՝ պահված վերարկուի տակ, ամեն ինչ դարձավ պարզից էլ պարզ։ Մենք մեր գործը գերազանց կատարեցինք։ Համապատասխան որոշում ընդունեց մարզխորհրդի նստաշրջանը։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ մեր հետագա բոլոր հաղթանակների հիմքը դրվեց այդ օրը։


5. Հինավուրց Արցախ աշխարհը տասնամյակներ շարունակ գաղութացված էր այլադավան թշնամու ձեռքով, բռնակալի, չարի իշխանության տակ էր: Հետո նվաճեց իր ազատությունը, անկախությունը, պատերազմը: Շուրջ երկու տասնամյակ է, Արցախն ապրում եւ ստեղծագործում է ազատարձակի կարգավիճակով: Աշխարհում մի շարք երկրներ նույնպես Արցախի ճակատագիրն ունեն, այդ ժողովուրդները ապրում եւ գրական ճանապարհ են անցնում նույնակերպ հույզերով ու փոթորկումներով: Ինչպիսի՞ գրական զարգացումներ ունեցավ արցախաբնակ գրողը, ի՞նչ տեղաշարժեր տեղի ունեցան գրականության մեջ, գրողի ներաշխարհում: Դուք, որպես այդ երկու ժամանակների կրող, ինչպե՞ս եք արժեվորում Ձեր գրական բարդ, կապանքված ու շղթայված ընթացքը:


- Ազատություն՝ պատերազմական իրավիճակներում դեռեւս։ Հարաբերական։ Այնուամենայնիվ՝ ազատություն։ Չգիտեմ, թուրքը հասկացա՞վ, թե` չէ, որ ինձանից խլված ազատությունը ուրիշ ոչ մեկին պատկանել չէր կարող։ Այստեղ մի ուրիշ գործոն եւս կա։ Խորհրդային երկրի սահմանները, որ արյունոտ շղթաներ էին հիշեցնում քարտեզի վրա (եւ ոչ միայն) փշրվեցին, ինչպես ասում են, բաց արձակվեցին, սակայն տարբերությունն անասելի մեծ է՝ խորհրդային կարգերի՞ց ես ազատվում, թե` ադրբեջանախորհրդային։ Այս վերջին պարագայում արդեն ազատությունը նոր որակներ է ձեռք բերում, աննախադեպ իմաստներ ստանում։

Իտալացի մեծ մտածողը՝ Ուգո Ֆոսկոլոն, ունի այսպիսի մի միտք՝ գրականությունն ամենաազատ եւ անկախ արվեստն է։ Արցախում գրողի յուրաքանչյուր բառը, տողը ենթարկվում էր բազմաքննության, անցկացվում հազար մաղով, մարդու մեջ սպանում էին մարդուն՝ ձգտելով նրանից պատարստել միայն խրտվիլակներ, ռոբոտներ։ Գրողն անկեղծ չպիտի լիներ, որովհետեւ նրա ցանկացած բառ, հակառակ պարագայում, կոնտրաստի մեջ էր մտնում ժամանակի հետ։ Իսկ եթե այդ կոնտրաստը չկա՝ էլ ի՞նչ գրող։ Քանի՜-քանի անգամ բանաստեղծություններս (մեկ ենթատեքստերի, մեկ Հայաստանի կամ Րաֆֆու անունը տալու, մեկ արցախյան խաղողենուն հորդորելու համար, որ «գրկի ամուր ու պինդ պահի լեռները մեր» եւ այլն, եւ այլն) «ճանապարհ են կտրել» կուսակցության Ադրբեջանի Կենտկոմից մինչեւ կուսակցության ԼՂ մարզկոմ, մինչեւ «Ազերնեշր» հրատարակչություն, պլաններից հանվում էին տասը տարին մեկ այնտեղ հայտնվող մեր լղարիկ բրոշյուրները։ Բոլորին հայտնի է, թե ինչ առաքելություն էր իրականացնում խորհրդային ԿԳԲ-ն, բայց, երեւի, միայն Արցախում ապրող գրողը (այո, գրողը, որովհետեւ նա էր ստանձնել ազգայինի պահպանման առաքելությունը) կարող է ասել, թե իրենից, ըստ էության, ինչ էր ներկայացնում ադրբեջանախորհրդային ԿԳԲ-ն, մանավանդ՝ Արցախի առումով։ (Ի դեպ, այս հարցերով բազմատանջ ու բազմափորձ «մասնագետ» է տոհմիկ արցախցի բանաստեղծ Բոգդան Ջանյանը, որը երկար տարիներ անցկացրել է Սիբիրում)։ Կոխկրտում էին արցախցու մարդկային ամենատարրական իրավունքները՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն ինչում, անխնա, լկտիաբար, թուրքաբար։ Ադրբեջանի պետական ամբողջ ապարատն Արցախում անընդհատ փորձում էր «ուղեղների լվացումներ» կատարել։ Անտանելի էր։ Եվ այսքանից հետո, պարզ է, թե ինչ պիտի բերեին ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Պիտի չհամաձայնեմ, թե Արցախի ճակատագիրն ունեցող երկրներ կան աշխարհում, ամենեւին էլ՝ ոչ։ Արցախը բոլորովին նման չէ աշխարհում ոչ մի երկրի, այստեղ ապրողը՝ հայը, առանձնահատուկ է, խիստ ֆենոմենալ, ինչպես նրա ճակատագիրը, ինչպես նրա գրիչները, անհամեստություն չհամարեք, խնդրում եմ, իմ ցավի մեջ առանձնահատուկ եմ եւ ես, պիտի վիրավորական լիներ՝ եթե չլինեի այնպիսին, ինչպիսին եմ։ Լավ ու վատի մասին չէ խոսքը, այլ` տեսակի։ Ինչպես հայոց Արցախն է անկրկնելի ու եզակի, այնպես էլ՝ նրա ճանապարհը, այնպես էլ մեր «հույզերն ու փոթորիկները», ուրիշ խնդիր է, թե Հայկ Նահապետից եկող այդ անկրկնելիությունն ու եզակիությունը, անընկճելիությունը դրսեւորվո՞ւմ է, արդյոք, գեղարվեստական գրականության մեջ։ Եթե՝ այո, ապա՝ ինչպե՞ս։ Արցախում ապրող գրողները, իհարկե, ցավոք, եղել են եւ բացառություններ, միշտ էլ ի ծնե, հակասության մեջ են եղել իրականության հետ։ Այստեղ հակահայկականը դիտվում էր որպես բարեկամության գովք, ադրբեջանամետը՝ ինտերնացիոնալիզմի փայլուն օրինակ։ Այս համապատկերում դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղաշարժեր եղան գրական կյանքում երկրի անկախանալուց հետո։ Այս ամենն իր հետքն է թողել իմ ճանապարհի վրա, եւ ով ծանոթ է իմ բանաստեղծություններին, կարող է վկայել, որ պատերազմն արցախցու համար միայն պատերազմ չէր, խաղաղությունն առավել գեշ պատերազմ էր։ Բանաստեղծը մաքառումն է ոգու, որ այլաբանական պատկերի մեջ շարունակում էր գոյատեւել ու արարել։ Եվ հիմա, երբ փորձում եմ գրել իմ անցած ճանապարհի մասին (այն, սկզբից մինչեւ հիմա, աննախադեպ մի գոյամարտ է), ինքնանկար է ստացվում, որը հնարավոր չէ ամբողջականացնել, քանի որ մարմնիս մասերը (որքան էլ՝ հոգիս ամբողջական) դեռ ցրված են հայոց տարբեր ու տարբեր ռազմադաշտերում։ Եվ շուրթերիս վրա կենդանանում են Դալիի բառերը՝ խելագարներից տարբերվում եմ նրանով, որ ես խելագար չեմ։ Բայց՝ չե՞մ։ Այդուհանդերձ, ստեղծվում է գրականություն, որովհետեւ եթե մեր բոլոր դաշտերը դարձել են ռազմադաշտեր, դա դեռեւս չի նշանակում, թե այնտեղ ծաղիկներ չեն բուսնում։


6. Մի չգրված օրենքով` ինչպես ճակատագրի, այնպես էլ գրականության համար, բռնությունից ազատագրված ժողովուրդներն ստեղծում են զտարյուն, «սպիտակ» գրականություն: Ավելի են մոտենում Նախախնամությանը, պոեզիայի նախնական իմաստին, կարծես աշխարհը նորից են արարում` Աստծո գույներով, խղճով ու հայացքով: Ավելի մոտ են երկնքին ու Աստծուն: Ինչո՞ւ է այդպես. Ձեր կարծիքը, մտորումներն այդ անգիր իրականության շուրջ, որի մեջ ներկա եք Դուք որպես մարմանավորող: Ի վերջո, այդ «խլվածը» գտնվե՞ց Արցախի նորօրյա գրականության մեջ, թե՞ գալիք սերունդն է լինելու դրա տերը: Ի՞նչ ընթացք ունի եւ ինչպիսի՞ վաղվա օր է սպասվում հարուստ մշակութային ավանդներ ունեցող Արցախի գրականությանը, մասնավորապես` պոեզիային:


- Ես միշտ էլ նախանձով եմ նայում, առավել եւս՝ հիմա, այն գրիչներին, ովքեր քաղաքականությունից ազատ են, ովքեր մի հոգս ունեն՝ զտարյուն, «սպիտակ» գրականություն ստեղծել։ Բայց, ցավոք, դա այսօր անհասանելի է հայ արվեստագետի համար, ընդամենը՝ երազ։ Հայ գրողը եթե պատմիչ չէ, էլ ինչ Եղիշե կամ Ավարայր, հայ գրողը եթե վանական չէ, էլ ինչ Նարեկացի ու հավատ, հայ գրողը եթե զինվոր չէ, էլ ինչ Չարենց կամ «Դանթեական», հայ գրողը եթե դատապաշտպանը չէ իր ազգի, էլ ինչ Զոհրապ կամ արդարության ընդվզում, հայ գրողը եթե սերմնացան չէ, էլ ինչ Բակունց կամ հայրենական ոսկի հերկեր, հայ գրողը եթե ածխագործ, հացագործ ու մոմավաճառ չէ, էլ ինչ Էրգիր կամ Մնձուրի, հայ գրողը եթե զանգահարը չէ ժողովրդի, էլ ինչ Սեւակ ու զանգակատուն… Մեր գրողական նկարագիրն այնքան է մերը, որ այլեւս ուրիշին պատկանել չի կարող։ Ով գիտե, գուցե «նախախնամությանը, պոեզիայի նախնական իմաստին» մոտենալու ճշմարիտ ուղին հենց սա է, չէ՞ որ տառապանքն ու ինքնազոհությունն է, որ տանում են մեզ դեպի դուռն Աստծո։ Հայ մարդը պարտավոր է իր մեջ կրել Ամբողջի միասնական Ոգին, որովհետեւ մեզանից ամեն մեկը պիտի լինի ավելի հզոր, անհաղթելի, անմեռնելի, ուրիշ ելք չունենք։ Թույլ լինելը մեծ մեղք է արդեն Աստծո առաջ, այն հավասարազոր է դասալքության, ասել եմ, էլի կրկնում եմ՝ մորթվելը մորթելուց պակաս մեղք չէ. ամեն հայ մարդ պիտի իր մեջ ամփոփի պաշտպանական մի ուրույն բանակ եւ երբեք չմոռանա Սարոյանի խոստովանական պատգամը՝ ես կսիրեմ հայոց պատերազմները։ Հանուն խաղաղության։ Հանուն լինելության։ Իմ մեջ, ամենիքիս մեջ կա մի չգրված երկ, որը սպասում է իր աշխարհ գալուն։ Աշխարհ գալով, այդ երկը նոր աշխարհ կբերի։ Արցախում ապրող գրողն այժմ ազգային գոյամարտի ակտիվ մասնակից է, վկա ու ականատես է, որ ամեն ինչ, այդ թվում՝ Աստծո գույները, ըմբոշխնած իր աչքերն անխնա ցանում է «վաղվա հերկերում», հունձքը թողնելով գալիքին։ Արցախում վերածնվեցին հայության հույսն ու պատիվը, ազգային արժանապատվությունը։ Արցախյան համազգային ցավով վերածնվում է նաեւ մեր գրականությունը, գեղարվեստական միտքը։ Հետեւապես, միանգամայն անճիշտ եմ համարում «արցախյան գրականություն» ձեւակերպումը, որը ինչ-որ տեղ իներցիայի ուժ է ձեռք բերել եւ չի ներկայացնում երեւույթի իրական պատկերը։ Եթե սկսենք վարչական բաժանման ենթարկել նաեւ գրականությունն՝ ըստ մարզերի (ասենք՝ Զանգեզուրի գրականություն, Արարատյան շրջանի գրականություն եւ այլն), պարզ է, թե ինչ պատկեր կստացվի։ Ավելին, այսօր պիտի այնպես ասել Հայաստան, որ Հայաստանի մեջ անպայման Արցախ լինի։ Եվ՝ ոչ միայն։ Այլապես ճիշտ չենք լինի արտահայտված, մանավանդ՝ ոչ հայերեն։ Ուզում եմ միասին հիշենք Լեոյի խոսքը՝ հայոց Արեւելից կողմանց մասին. «Արցախն այն քուրան էր, որի մեջ, առաջին անգամ մեր նոր ժամանակներում, կռվեց ու կոփվեց ազգային կռվի գաղափարը… Այս լեռնային աշխարհում էր, որ դարերով ստրուկ ապրած հայությունը բարձրացնում էր քաղաքական ինքնորոշման դրոշակը» (1917թ., Շուշի)։


7. Ձեր բանաստեղծությանը բնորոշ է կատարյալի ձգտումը, Աստծո որոնումը. մարդ, բնություն, երկինք` իբրեւ շարունակական, միմյանց լրացնող, ամբողջացնող փոխակերպումներ: Միստիկական զգացողություններն Աստծուն փնտրում, տեսնում, գտնում ու կորցնում են անորոշ երկնքի տակ, փախչող հողի վրա, հուսալքման ու անկման մեջ, պատերազմի դաշտում, որտեղ մշտարթուն է Աստծո կարիքն իբրեւ սպեղանի մարդկային կարեկցանքին: Ձեր բնորոշմամբ` որտեղի՞ց է սկիզբ առնում եւ ո՞ւր է տանում Ձեր բանաստեղծությունն ընթերցողին, որո՞նք են այն հիմնական երակները, որոնցով սնվում - կենսականություն է հաղորդում Ձեր բանաստեղծությունը: Գրքից-գիրք անցումներն ի՞նչ բանաստեղծական փուլեր են իրենց մեջ ընդգրկում: Ի վերջո, Ձեզ համար ի՞նչ է բանաստեղծությունը. ինքնարտահայտման միջո՞ց, աշխարհը փոխելու հերթական փո՞րձ, թե՞ մարդու մեջ խիղճը վերածնելու միտում, չարի եւ բարու կշռաքար:

- Այո, գոյություն ունի կատարյալի միտումն ամենուրեք, ամեն ինչի մեջ, ես տեսնում եմ, ես ապրում եմ կատարյալը, բանաստեղծությունը «միջնորդ» է, որ հասնեմ նրան։ Եվ, գիտե՞ք, ինձ մշտապես մեղավոր եմ զգում՝ ինչո՞ւ չեմ կարողանում, ի վերջո, բացել երեւույթների, առարկաների, մեզ շրջապատող բնության, ամբողջ տիեզերքի մեջ ամփոփված այն առեղծվածայինը, որը ներսում «փակված», սպասում է իմ բանալու ախորժալուր պտույտին։ Ավելին, շարունակում ենք մնալ ինքներս մեր գլխավոր անհայտը, իսկ երբ փորձում ենք խոսել, բառերում վանդակվում են մտքերը։

Կենսականություն ինձ տալիս է հեռուն։ Ինչ վերաբերում է իմ գրական-ստեղծագործական փուլերին ու անցումներին, ապա կարող եմ ասել, որ ինձ մոտ դրանք ձեւավորվել են ոչ միայն գրքից-գիրք, այլ հաճախ նաեւ՝ շարքից-շարք։ Վաղ շրջանի, գրեթե՝ մանկական տարիքի, բանաստեղծություններս (Շիրազի հետ ունեցած նամակագրություններովս) միանգամից հուշերի կարգավիճակ ստացան, երբ մեկնեցի Բաքու։ Բաքվում (կարծեմ 1967-ին էր) հանդիպեցի Պարույր Սեւակին ու Սերգեյ Սարինյանին, Սեւակին, ներկայացրի բանաստեղծություններս, կարդաց, խրախուսեց, հետաքրքիր դիտողություններ արեց, Բաքվում ծնվեց ու տպագրվեց (դեռեւս չորրորդ կուրսում էի) առաջին գիրքս՝ «Մեղեդիներ», «Գրական թերթի» արձագանքը ոգեւորիչ էր, վճռորոշ բեկում եղավ «Համանվագ» պոեմս, հաջորդ անցումը եղան «Գարուն»-ում ու «Գրական թերթում» տպագրված նոր շարքերս՝ «Ինչո՞ւ առվակը», «Խոստովանություն», ապա փուլերը շատ արագ հաջորդեցին իրար՝ «Սոսե»-ից՝ «Ամարասի զանգերը». այնուհետեւ արցախյան համազգային շարժումն իմ կավը նորից խառնեց-հունցեց եւ ես գրեցի «Տաճարն Աստծո» ասքը, դա 1989-1990 թվականներին էր։ Նոր ոլորտ հանեց ինձ «Քրիստոսի ծաղիկները» պոեմը, որով եւ սկզբնավորվեց վերջին տարիների եռագրությունը՝ «Թեւերի հեռուն», «Քարի շնչառությունը», «Բանաստեղծությունը սահմանից դուրս»։ Իհարկե, ընթացքում դիմել եմ նաեւ դրամատուրգիական ժանրին (գրել եմ պիեսներ, որոնք բեմադրվել են Արցախի եւ մայր Հայաստանի թատրոններում), որը եւ ինձ թելադրել է գործողության դինամիկա, պատկերների անակնկալ ընթացք, կոնտրաստներ, տրամաբանական տրամադրություններ։

Ընթերցողն իմ առաջին ես-ն է, որին ինքս եմ փորձում ստեղծել, այնպես, ինչպես ժամանակ են ստեղծում, չէ՞ որ լինում են նաեւ անժամանակ ժամանակներ (ժամանակ ստեղծողն Անսահմանն է), ինչպես կերպար են ստեղծում, ինչպես ստեղծում են աշխարհ ու Հայրենիք, անբռնագրավելի տարածքներ։ Ով ասաց, թե ֆիզիկան չի կարող գալ նաեւ մետաֆիզիկայից հետո։

Մեր օրերում հաճախ ենք լսում՝ ընթերցողն օտարվել է գրքից։ Բայց չէ՞ որ այդպես չէ, պիտի ասել՝ նոր ընթերցողներ չեն ստեղծվում։ Եվ դա արդեն կլինի իրականություն ու իրադրության իսկական վիճակը ներկայացնող դիտարկում։ Իմ բանաստեղծությունն ընթերցողին ոչ միայն տանում է, այլ ձգտում է նրան երբեք ու երբեք չլքել անտեսանելիի մեջ խորացող ճառագայթի ընթացքի մեջ։ Մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք, իսկ այն, ինչը չենք տեսնում, համոզված եմ, միշտ էլ ավելի տեսարժան է։ Ուր հասնում ենք՝ Աստված այնտեղ չէ երբեք, Աստված այնտեղ է, ուր դեռ չենք հասել։ Եվ ընթացք է բանաստեղծությունը, տիեզերական շարժման կարեւոր խթան։ Ես բարձր եմ գնահատում «Ապոլոն» հրատարակչության գործունեությունը եւ, ընդհանրապես, այն աշխատանքը, որը կատարվում է մեր շնորհալի թարգմանիչների կողմից։ Ասել է թե՝ հրապարակ են մտնում արդեն աշխարհի լավագույն գրողների ու մտածողների շատ գործեր։ Իսկ սա ի՞նչ է նշանակում. այն, որ Ջոյսի, Ֆոլկների, Ուիթմենի, Էլիոթի, Հրանտ Մաթեւոսյանի, Պարույր Սեւակի, Հովհաննես Գրիգորյանի ընթերցողն այսօր իր ըմբռնումներով ու ընկալումներով, ինտելեկտուալ կարողություններով ու աշխարհայեցողությամբ հաճախ շատ ավելի բարձր է կանգնած, քան, ցավոք, որոշ գրողներ։ Այնքան, որ այդ ընթերցողը կարողանում է կարդալ իրեն «քաջածանոթ» գրողների (ցավոք, դրանց թիվը փոքր չէ) նաեւ չգրված-չտպված գործերը, այն աշխատանքները, որոնց մեջ մտածողի գրիչը, ինչպես ասում են, «պատեֆոնի» ասեղի նման կանգ է առել հնացած ձայնասկավառակի վրա եւ անընդհատ նույնն է կրկնում՝ մեխանիկական պտուտյների մեջ։ Եվ ստացվում է այնպես, որ «երգողները կորցնում են երգելու հաճույքը» (Կաֆկա), իսկ ընթերցողները՝ ընթերցելու։ Նոր խոսքի, նոր մտածողության ու ոճի, գեղարվեստական նոր պատկերի կարիքն այժմ չափազանց խիստ է զգացվում։ Իսկ հայ ժողովուրդն, այո, ունի մեծ ներուժ։ Չմոռանանք՝ մեր թշնամուն անակնկալի բերեց նաեւ մեր ազգի մեջ ապրող բանաստեղծությունը։ Մեր թշնամին զոհվել չգիտե, նա միայն սպանելու եւ ավերելու ավանդույթներով է մշտապես սնվել։

Ես չեմ կարող բանաձեւել, թե ինչ է պոեզիան, բայց կարող եմ ընդամենն ասել, որ ոչ թե բանաստեղծությունն է իմ ինքնաարտահայտման միջոցը, այլ՝ ես նրա, որովհետեւ սկզբում ինքն էր, հետո՝ ես։ Իսկ ինչ վերաբերում է աշխարհին, ապա այստեղ ես միանշանակ այլ ձեւով եմ մտածում. փոխելն ու վերափոխելն աշխարհին ոչինչ չեն տա, պարզապես պիտի հիմնավորապես, քանի որ վաղուց քանդված է, նորից ստեղծել այն՝ Աստծո աշխարհարարման ժամանակը տեղավորելով ոչ վեց օրվա մեջ։ Եվ դա բանաստեղծության աստվածային առաքելությունն է։ Բանաստեղծությունը ես եմ։ Ինձնից դուրսն էլ ես եմ՝ եթե ես ես եմ (Պ. Վալերին ասում է՝ չկա ավելի դժվար բան, քան չլինել այն, ինչ ես…), ահա ինչու ժամանակն ինձ չի կարող սպանել, ավելին, այն ինձնով դառնում է անսահման, վերակերտվում ու ձեռք բերում նոր տարածքներ՝ տիեզերքը տիեզերքից դուրս գտնվող սահմանների հաշվին ընդլայնելով։ Ամփոփեմ միտքս՝ եթե կարողանում ենք իմանալ, թե ինչ է բանաստեղծությունը, նշանակում է՝ մեր իմացածը բանաստեղծության մասին չէ։


8. Ձեր «Թեւերի հեռուն», «Քարի շնչառությունը», հատկապես «Բանաստեղծությունը սահմանից դուրս» վերջին ժողովածուները բանաստեղծական խոսքի, պատկերի ու զգացողության բոլորովին նոր ու թարմ ներկայություն են: Չեմ վարանում ասել` թռիչք է եւ ճախրանք նոր երկնքում: Բանաստեղծական (ինչ-որ տեղ անակնկալ) տարածական ու ժամանակային ընդգրկումով զարգացումը հաղթանակած ու ազատագրված երկրի պոռթկո՞ւմն էր, որ ֆիթիլի պես այրվելով եկավ ու պայթեց իր ժամանակի մեջ: Ինչպե՞ս եք բնորոշում Ձեր բանաստեղծության այդ ժամանակը, որ կարծես ամպհովանի է նախորդ ժամանակների համար:


- Պատերազմն իր ամեն ինչով հանդերձ (այդ թվում՝ միստիկական զգացողությունները) ինձ անասելի հիասթափությունների առաջ կանգնեցրեց, եկավ մի պահ, ստեղծագործական առումով, որ, թող ներվի, ուղղակի վանում էին ինձ բառերը։ Բանաստեղծությունը, հիրավի, դարձել էր «այլասերումը լռության»։ Այս ամենը զուգորդվեց աննախադեպ ցնցումներով։ Մի չքնաղ սերունդ նահատակվեց պատերազմում։ Այն, ինչ կարող էր սահմռկեցուցիչ լինել անգամ գրականության մեջ՝ որպես «նյութ», թող ներվի, առօրյայում դարձել էր սովորական. թաղավարդցի մի զինվոր (ես գրել եմ իմ «Քրիստոսի ծաղիկներ»-ում) իր մի ձեռքով սղոցել-կտրել է տանկի թրթուրների տակ մնացած իր մյուս ձեռքը, որ գերի չընկնի, ապա առել է գնդացիրը եւ «հնձել» թշնամական մոտեցող շարասյունը։ Պատերազմն արդեն կինո չէր, գրականություն չէր, օբյեկտիվ ու ամենօրյա ծանր ներկայություն էր։ Ինձ օգնության հասավ Դոստոեւսկին։ Նրա բառերը հաշտարար եղան։ Բնականաբար, բուռն, ծայրաստիճան լարված ապրումներն ու հեղաբեկումները, դա կապ չունի անհատի մեծ ու փոքր լինելու հետ, որակական փոփոխություններ են առաջացնում մարդու մեջ։ Դոստոեւսկին՝ մեծ Տառապյալը, եթե սիբիրյան ձյունի մեջ, երես առ երես, չհանդիպեր իր (ոչ միայն) մահվանը, հավիտենականության տեսիլքն անհայտ կմնար նրան, ծայրագույն վիճակը ստիպեց, որ նա խավարում, կայծակի լուսախաղի մեջ, վայրկենապես տեսնի այն, ինչ ցույց է տալիս իր գեղարվեստում՝ որպես ՏԵՍԱՆՈՂ։ Այդպես Եղեռնն ու Արեւմտյան Հայաստանի կորուստն են ցնցել Չարենցին ու Կոմիտասին։ Տարիներն իրենց ծայրահեղություններով ու անակնկալներով, վերադարձրին լույսի բերկրումը։ Գրականությունն, ընդհանրապես, դաժան ճակատագիր է՝ եթե իրար հաջորդող վայրկյանները չեն ունենում կոնկրետ հասցե, ապա հավերժությունը, ցանկացած պարագայում, դառնում է անորոշ ու սուտ մի հասկացություն։ Եվ ռազմաբեմի վերածված Արցախն ինձ հուշեց, փաստորեն, պոետական մի այլ ժամանակ ու տարածություն, որոնք կարող էին ինձ հասցնել հայտնիի անհայտին։ Այնպես որ՝ ճիշտ եք նկատել, ինձ դուր եկավ ֆիթիլի համեմատությունը, միայն թե պայթյունը եղավ նախ իմ երակների, ապա՝ ժամանակի մեջ։ Շնորհկալ եմ նման գնահատականի համար։


9. Դուք այսպիսի մի բանաստեղծություն ունեք, որը տպագրվել է Ձեր երկրորդ գրքում.

Ծառերից թափվող այս տերեւները
Նրանց երբեմնի կանաչ օրերն են,
Որ հավաքել ու ի մի է բերել
Փողոցը ավլող մի լավ ծերունի:
                      Ի մի է բերել`
Մտքով գնալով օրերը ջահել,
Եվ… ափսոսում է, չի ուզում վառել:

Հենց այդ բանաստեղծության տրամադրությամբ էլ փորձենք հետադարձ հայացքով արժեվորել Ձեր անցած կյանքի ճանապարհը որպես «չճանաչված երկրի քաղաքացի եւ բանաստեղծ»: Արժեվորենք Ձեր արածն ու չարածը, այն երազը, որ ի սկզբանե Ձեր կոպերի տակ էր, դարձա՞վ իրականություն, թե՞ «Իմ ապրած ժամանակի մեջ կան վայրկյաններ, որ փաստորեն ինձ շրջանցել են»: Ձեր բանաստեղծական ճանապարհին բնորո՞շ եք համարում «բանաստեղծությունը, որի համար ծնվել է մարդը, դեռ ուշանում է» Ձեր իսկ արտահայտությունը: Գրե՞լ եք Ձեր պատկերացրած բանաստեղծությունը, թե՞ գալիք այն մեկ վայրկյանի մեջ է, որից թեթեւ է կշռում անցյալի 100 տարին` կրկին Ձեր բնորոշմամբ:

- Տողերում, որ չեն գրվել, այնուամենայնիվ, ծերունին վառում է տերեւները, որովհետեւ ծառերը ձմեռնամուտի տաքացում էին ուզում. պահի հոգեբանական վերարտադրության մեջ փորձել եմ տեսնել գալիք գարնան գույները՝ ապրումի մեջ խտացնելով հավերժության փիլիսոփայությունը եւ, ի վերջո, եղանակը պայմանավորվում է ոչ թե աշնան կամ գարնան ժամանակով, այլ հոգեկան ներաշխարհով մարդու, նրա ներսից եկող մեկ հատիկ բառով։ Տրամադրություն, որը տանում է բազմապիսի մուտացիաների։ Բանաստեղծության մեջ մշտական գրանցում ունի, չէ՞, «մեռնելու եւ կրկին վերածնվելու» (Ռյոթքե) գաղափարը։ Հետադարձի մեջ հայացքը բացակայում է, քանի որ այն արդեն առաջ է անցել բավականին, անգամ՝ դեռեւս չեկած օրերից։ Անցած ճանապարհը «ջահել օրերի» ամփոփում է՝ նոր սկզբի հեռանկարով, որովհետեւ մարդու բնույթից, ինչպես ասում են, անօտարելի է ամեն ինչ նորից ու նորից սկսելու պատրաստակամությունը։ Եվ, բարեբախտաբար, ամեն մի «նորից» մշտապես այլ է լինում։ Այս ամենը, հասկանալի է, գուցե իմ վերագրումներն են, բայց չէ՞ որ հոգին անընթեռնելի է ամբողջությամբ։ Հետեւապես, ինձ թույլ եմ տվել բանաստեղծության մետաֆորային պատկերի մեջ ներկայանալ անձամբ, իսկ բնորոշումն ավելի ուշ եղավ՝ «չճանաչված երկրի քաղաքացի եւ բանաստեղծ»։ Ծնվել եմ գերված ու գաղութացված արքայական երկիր Արցախում, պոետական առաջին քայլերս արել այդտեղ (գաղութ եւ բանաստեղծություն), այդպես՝ քառասուն տարի, ապա՝ արցախյան համազգային շարժում, ընդվզումներ ու հալածանքներ, այնուհետեւ` պատերազմ, շրջափակում, սով… Հաղթանակն անասելի ծանր գնով նվաճվեց, դրան հաջորդեց «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգախոսը։ Այժմ չճանաչված պետության կարգավիճակում ենք։ Այսքանից հետո ոնց չզարմանալ, թե ինչպես է ցավը այդքան ժամանակ մեզ դիմանում։ Այս երանությունը անհասանելի է, իսկապես, Ուիթմենին եւ Մայակովսկուն։ Եվ ինչպե՜ս շնորհակալ չլինել Աստծուն, որ ազգի եւ իմ ճակատագիրը նույն բառերով է շարադրված աներեւույթ բանտապատերի վրա պնդացած իմ ճակատին։ Լինում է, չէ՞, բանտի մեջ ես, բայց խցիդ պատերը չեն երեւում։ («Պատեր չունեցող բանտերն ամենադաժանն են», Ադոնիս)։ Ես մասնակցել եմ իմ երկրի ազատագրմանը. ես որոնել ու գտել եմ նրա հետ ցավի խորքից խոսելու ճշմարիտ բառի ուղին, երբ ես գրում եմ «Արցախ», Արցախը ներկա է լինում իմ գրած անվան մեջ, ասածս «հացի» մեջ հաց է լինում, «ջրի» մեջ ջուր, «ծաղկի» մեջ՝ ծաղիկ… «Արցախ» անունը նաեւ դաժան ցավ է պարունակում՝ դաժան սիրո հետ միասին, ես աններելի եմ համարում, երբ շահարկվում է այդ ցավը։ Վրիպումը նման պարագայում հավասարազոր է ինքնաոչնչացման։ Բայց եւ այնպես, իմ ու երազի միջեւ ընկած տարածությունը հնարավոր չէ նժարել, ասել է թե՝ չափազանց մեղմ է ձեւակերպումս, ոչ թե վայրկյաններ, այլ իմ կյանքում գուցե եւ տարիներ են ինձ շրջանցել։ Ցավալի է, որ բանաստեղծության անունից հանդես եկողներն անասելի շատ ու շատ են, բայց, ահա, բանաստեղծությունը հազվադեպ, խիստ հազվադեպ ընտրյալների անունից է միայն խոսում։ Պոեզիան, փառք Աստծո, արդեն հոգնել-հեռացել է արտաքին էֆեկտներից ու հանգավանկային զարդարանքներից, դյուրավառ ու էժանագին գրգիռներից, մտել է ազնվալույս մի հունի մեջ, որը նրան տանում է դեպի երեւույթի ներսը, դեպի ինտելեկտուալ զգացումն ու անիմանալի խորքերը՝ մարդուն ուղեկցելով տիեզերական ծիրերում։ Բառը՝ որպես չեկած օրվա ազդակ, դառնում է մարդու եւ անհայտի հիմնական հեռակապը, հիմա ծիծաղելի կլինի, նույնիսկ, հենասյուներով ու աշտարակաբուրգերով անցնող զուգալարերի մասին խոսելը (մենք ազատվել ենք լարերից, ոչ թե լարումից), իսկ բառը ուսումնասիրություն է հեռվի՝ քանի դեռ չենք հասել այնտեղ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հաղորդության ասպարեզն իր «ձեռքն է վերցրել», մեր ժամանակի լեզվով ասած՝ գերբջջային պոեզիան (թող ներվի, պոեզիային տրվող ցանկացած որակում այն որակազրկում է), որը սնվում է մեր իսկ անտեսանելի, անիմանալի բջիջներով, մեր էությունը կազմող աստվածային լիցքերով ու պաշարներով, ապագայի հիշողությամբ։ Եվ, բնականաբար, անսպառելի են «դոմինանտները»։ Այս հորիզոնականի վրա եմ տեսնում գալիքի մեկ վայրկյանը, որի մեջ, վերջապես, պիտի բացվի առեղծվածը, չէ՞ որ յուրաքանչյուր ճշմարիտ բանաստեղծ գիտե մի բան, որ, իրենից բացի, բացարձակապես ուրիշ ոչ ոք չի իմանում։ Գաղափարականից հեռու։ Բարոյականությունից հեռու։ Հեռու՝ ամեն «իզմից»։ Բանաստեղծությունը, այո, ուշանում է՝ եթե անգամ տիեզերական հրթիռով ընդառաջ գնանք նրան։ Ուշանում է այսօր, վաղը եւ միշտ։ Սակայն եւ իր հեռավոր տեսիլով նա շարունակում է համակարգել տիեզերական շարժումը։