բնագիր
Սազ իս անում, դուր իս գալի

Սազ իս անում, դուր իս գալի,
Բաղչի մէջըն ջուր իս գալի,
Փունջ մանուշակ նուր իս գալի.
Նուր գովելի,
Անպատմելի.
Վարդի մէջըն շուռ իս գալի:

Շուռ իս գալի բըլբուլի պէս.
Հուտըդ գուքայ սընբուլի պէս,
Սուփրի մէջըն թայգուլի պէս.
Դաստա կապած,
Ռեհնին կըպած,
Բաց իս էլի դուն գուլի պէս:

Գուլ իս կոկոր, տերիվակալ,
Չիս թառամի՝ արիվակալ,
Թագաւուր իս բարիվակալ.
Բա՛րով տամ քիզ.
Մըտի՛կ տու միզ.
Չէ թէ ամսով՝ օրիվա՛կալ:

Օրն ի օրըն շատանում իս,
Էշխի մէջըն մօդանում իս,
Սըրտի դարդըս հիդ անում իս.
Հի՛դ արա, տի՛ս,
Թէ թաբիբ իս.
Խիլքըն գըլխէս հա~ տանում իս:

Տարար խիլքըս, հէյրան արիր.
Բարակ մէջքըդ սէյրան արիր,
Էդ կըրակով բիրեան արիր.
Հալբաթ մահիս հազ իս անում,
եա՛ր, ամա՜ն:

թարգմանություն
Երգ ես ասում, դուր ես գալիս

Երգ ես ասում, դուր ես գալիս,
Այգու մեջը ջուր ես գալիս,
Փունջ մանուշակ լույս ես գալիս:
Լույս գովելի,
Անպատմելի,
Վարդի մեջը ման ես գալիս:

Ման ես գալիս բլբուլի պես,
Հոտդ կգա սմբուլի պես,
Սուփրի մեջը փունջ ծաղկի պես
Փնջով կապած,
Ռեհնին կպած,
Բաց ես եղել դու վարդի պես:

Վարդ ես կոկոն, տերևաշատ[1],
Չես թոռոմի՝ արևաշատ,
Թագավոր ես բարևաշատ,
Բա՛րև տամ քեզ,
Նա՛յիր դու մեզ,
Ոչ թե ամսով, այլ օրե՛ցօր:

Օրեցօրե շատանում ես,
Սիրո մեջ հասունանում ես,
Սրտիս վերքը բաց անում ես,
Բա՛ց արա տե՛ս,
Թե բժիշկ ես,
Խելքս գլխիցս տանում ես:

Տարար խելքս, զարմանք արիր,
Բարակ մեջքդ ցուցանք արիր,
Էդ կրակով վառման արիր,
Գուցե մահս քեզ հաճո է,
Յա՜ր, ա՜ման:


  1. Բնագրի «տերիվակալ», «արիվակալ», «օրիվակալ», «բարիվակալ» բառերը Բանաստեղծի կողմից վրացերեն բառերի հնչողությանը նմանակած հնարովի բառեր են: Այդպիսիք են ի դեպ նաեւ «նազանի», «մերանի», «զայանի» բառերը, որոնցում մեր սայաթնովագետերը Աննա են փնտրում: