Համո Սահյանին
Վազում եմ ամենքիդ ետեւից,
ձեր ցավով վառվում եմ ես անգամ,
սակայն դուք ապրում եք առանց ինձ,
չգիտեք նույնիսկ՝ կամ թե չկամ։
Տարվում եմ մի փոքրիկ ժպիտով,
պարզում եմ ձեզ ե՛ւ սիրտ, ե՛ւ հոգի...
Խնդում եք, խաբում եք ինձ հերթով,
նման եք ամենքդ ամենքիդ։
Գնում եմ իմ ճամփով անհատնում՝
չպարզած գաղտնիքն աշխարհի...
Եվ էլի գալիս եմ, ձեզ գտնում,
եւ էլի հավատում ամենքիդ։