Նա նայում էր մեզ ժպիտով բաց,
Լսում բարբառը մեր անծանոթ,
Եվ երբ կանգ առանք մենք կղզու մոտ՝
— Այստեղ ապրել է Լենինն, ասաց,—
Լենինը — լա՛վն էր,— ասաց հետո
Ու ժպտաց հստակ աչքերով իր —
Եվ ես հիշեցի մի ա՛յլ երկիր,
Եվ մի ա՛յլ պայծառ, արևոտ օր,
Երբ նո՛ւյն հավատով ու խանդով խոր,
Ասաց ինձ նույնը, նո՛ւյն սիրով լի,
Մի այլ նավաստի՝ անունն Ալի...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Նրա հայացքը տեսնում էր պարզ
Գալիք օրերը ու դարերը,
Նրա խոյանքը հանճարե՛ղ էր,
Նրա թռիչքը — չտեսնըվա՛ծ։—
Նրան ծանոթ էր խինդը մանկան
Ու թվերի սառ ու գորշ լեզուն,
Կարող էր լինել բարի՜ այնքան,
Կարող էր լինել հեգնող ու սուր,—
Կարող էր մատի մի շարժումով
Մի ամբո՛ղջ, ամբո՛ղջ մի դասակարգ
Նա դատապարտել մահվան,— սակայն
Կարող էր նաև անհոն սիրով
Սիրել ծաղիկներ, վարդեր, երգեր,
Ժիր մանուկներին քնքուշ գրկել,
Եվ, տեսնելով մի բոբիկ մուժիկ,
Պատվիրել, որ տան... մի զույգ կոշիկ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․