Ձմեռային պալատի ներքնահարկում

Այս սենյակներում գիշեր մի մթին,
Երբ դուրսը բուքն է շաչել հիստերիկ—
Մի պորփյուրակիր[1] արքա-առլեկին[2]
Հարցաքննել է դեկաբրիստներին։
Սառը ժպիտով, բեղերը սրած,
Սեղմել է նրանց մատները դողդոջ—
Եվ նրա կապույտ աչքերից նրանց
Նայել է մի պահ բախտը անհողդողդ։
Ճի՛շտ նույն ժպիտով, որով նա հաճախ
Սիրել է նայել սիրուհու զիստին,
Բարակ ձեոքերը իր կրծքին խաչած՝
Հրավիրել է Պեստելին նստի։
Կապույտ աչքերը հառելով սրին,
Սրտում զսպելով խոր մի ահ թեպետ՝
Չափազանց ինտիմ, քաղաքավարի
Զրույց է արել Ռիլեևի հետ։
Կանչել է մեկ-մեկ, խոսել է այսպես,
«Բացել» է անգամ իր սիրտը ոմանց,
Փորձել է անգամ վեհությամբ ազդել՝
Մի հեքիաթային արքայի նման...
Աչքերում պահած ամեհի հուրեր՝
Օրհնել է նրանց ժպիտով խաղաղ,—
Եվ ճանապարհ է այստեղից դրել
Դեպի բանտ, Սիբի՛ր, դեպի կախաղա՛ն:

  1. պորփյուր — հնք. հրաբխային լեռնապար, որի մեջ առանձին խոշոր բյուրեղներ իրենց մեծությամբ կամ գույնով առանձնանում են հիմնական զանգվածից. արքայական ծիրաբնի:
  2. առլեկին — թատր. իտալական ժողովրդական կատակերգության գործող անձ. նաև՝ խեղկատակ, ծաղրածու: