Պարույր Սեւակին
«Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ»...
Եվ աստղերը աշխուժացան,
Եվ աստղերը
Ճամփաների հեռվում վառվող
Մի-մի պայծառ փարոս դարձան,
Իջան երկնի կապույտներից
Ծիծաղաձայն
Ու շարվեցին բառերիդ մեջ,
Տողերիդ մեջ կամարվեցին՝
Որպես կարոտ ու ծիածան։
«Լու՜յս, լու՜յս զվարթ»...
Եվ առավոտ եղավ լուսո,
Եվ վերերգվեց Արեգակը,
Ելավ հույսով,
Քո երգերի հունը մտավ,
Որ նահանջի օրվա աչքից,
Ստվերի պես հալվի, գնա
Քողը մթան,
Որ երազի դռների մեջ
Մեր դեմ ելնի մի սուրբ անուն։
«Լու՜յս, լու՜յս զվարթ»...
Եվ քո ձայնը շարականված
«Եռաղողանջ,
Եռաբանյա,
Եռամատնյա»։
Հավատամքի կանթեղ վառեց,
Ձուլվեց հողին հայրենահամ,
Որ բեկանվեն անթիվ շանթեր,
Կոչ անելու նման գոչի.
-Եղիցի՛ լույս։
Եվ լույս լինի,
Լինի, լինի՜...