ՀԻՇՈՒՄ ԵՄ


Քեզ իմ հիշելը
Աշնանն աշնան մեջ չնկատելս է։
Երազի ճամփով ես հավաքում եմ
                Թափվո՜ղ, գունաթա՛փ
Այս աշնանային հուր-տերեւները,
Կախում ճյուղերից՝
Իմ սրտի շնչով վերադարձնելով
Կանաչը նրանց։
Իսկ հետո սերս արեւի նման
Նկարում եմ մուգ երկնի կապույտում
Ու թողնում՝ երգս գարնան շողի պես
Ստվերների հետ մեղեդիանա։
Իմ ոտքերի տակ անվերջ փշրվող
                Բողոք-խշշոցը
Ես ընդունում եմ ծառերին փարված
Գարնան սվսվո՜ց...
Մի թեւս գցում
Քո պարանոցով,
Քայլում եմ հպարտ գարունքվա միջով՝
Դեպի հեռավոր արեւի դուռը։
Իսկ դու շշուկով, հուզված պատմում ես,
Որ ինձ էլ երբե՛ք, երբեք չես թողնի,
Որ առանց թեւս քայլել չես կարող...

Ես քեզ հիշում եմ միայն գարնան մեջ։