Հիշողության արդիականությունը

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Էպիկական խոսքի վարպետ Վահագն Դավթյանը «Թոնդրակեցիները», «Ծուխ ծխանի», «Ճերմակ ձիավորը», «Զվարթնոց», «Ասք սիրո եւ սրի», «Բայց ծնվեցի» եւ այլ գործերով մեր պոեզիան բարձրացրեց նոր մակարդակի։ Եվ այս առումով էլ անգնահատելի են նրա ծառայությունները։ Հայոց հին ու հնագույն մանրանկարչության նրբակերտությունն է խոսում նրա արվեստում։

Մայր ժողովրդի պատմությունը տարրալուծված է պոետի արյան մեջ։ Հետեւապես, էպիկական խոսքին դիմելը բանաստեղծական ճանապարհի աճման ու զարգացման ներքին օրինաչափություններից է բխում նաեւ։ Գրականագետ Հենրի Գալստյանը գրում է. «Հետո, երբ Դավթյանն ավելի շատ դիմեց հայոց պատմությանը, ակներեւ դարձավ, որ հեղինակի ստեղծագործական ներքին մղումները՝ ժողովրդի անցյալին դիմելու մտայնությամբ եւ ազգային հոգեւոր գանձարանները թափանցելու կարողությամբ, ճշմարիտ էին եւ ամբողջական» («Վահագն Դավթյանի պոեզիան»)։ Հեռատես ու խորաթափանց է Վահագն Դավթյանի հայացքը։ Եվ որքան էլ նա հեռավոր անցյալի խորքերն է նայում, տեսնում է պարզ ու ճշմարիտ գույներով։ Դա այն եզակի ու մեծ շնորհն է, որ ի վերուստ տրվում է միայն ու միայն ճշմարիտ արվեստագետներին։ Այդ նրանք են, որ անցյալին նայելով, գալիքն ավելի պարզ են տեսնում։

Եվ եթե Դավթյանը այնքան շատ է դիմում անցյալին, ապա դա միայն նրա համար, որ ավելի անսխալ ցույց տա գալիքը։ Այս առումով հատկանշական է առանձնապես «Ծիրանի ծառ» դրամատիկական գործը, որի պատմագիտական ու գրական-գեղարվեստական արժանիքների մասին կխոսենք ավելի հանգամանորեն։

Այժմ կանգ առնենք Դավթյանի «Ռեքվիեմ» պոեմի վրա, որի համար նյութ է հանդիսացել մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջանը։ Ընթերցողը սպասում էր պատմության այդ հատվածի դավթյանական վերարտադրմանը, մանավանդ, որ դրա համար գրողը «հայտեր է ներկայացրել» իր շատ գործերում, ինչպես, օրինակ, «Բայց ծնվեցի» պոեմում. «բարձրացել էր կեռ յաթաղան, որ հայ մանուկներ աշխարհ չգան», «որ չծնվեմ, բայց ծնվեցի»։ Այս պոեմի թեման նոր չէ Դավթյանի համար։ «Ռեքվիեմն» ուղղակի անդրադարձումն է եղեռնական այն օրերի, որոնք հավերժական թախիծ խառնեցին մեր արյանը։ Իսկ թախիծը ավելի խտացրեց իմաստությունը։ Բանաստեղծը Դեր-Զոր է հասել.

Դեր-Զոր քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եվ արշալույսի խաղաղության մեջ
Սուլում էր մահվան անմահ նվագներ։
Սրինգ էր սուլում
Ու տեսիլներ էր կախում լազուրում։

Անդրադառնալով պոեմին, ասենք, որ այն միաժամանակ պատասխան է բոլոր այն նենգափոխումներին, որ այսօր էլ հեղինակում են ոճրագործությունը կատարողների ժառանգորդները՝ ենիչերական գաղափարախոսության մունետիկներն ու «ռացիոնալիզատորները»... Գրական-գեղարվեստականից բացի, նաեւ պատմագիտական արժեք է ներկայացնում իրենից «Ռեքվիեմը»։ Բանաստեղծի վիշտը դառնում է համամարդկային, անցնում է ազգայինի սահմանները.

Ու տեսնում էի,
Թե ինչպես ահեղ այս անապատից
Բոց էին պոկում
Եվ օսվենցիմի քուրան բորբոքում,
Տանում այստեղից սեւ շանթը մահի,
Վառում գեհենը Հիրոսիմայի...

Ամայի, չոր անապատում աչքերիդ առջեւ կանգնում է խարտյաշ մի մանուկ՝ բոբիկ, ծարավ... Նա աշխարհի անմեղության ու բարության մարմնացումն է, որի վրա բարձրացել է կեռ յաթաղանը։

Մոլեգին կարոտի երգիչ է Դավթյանը։

Նա իր ժողովրդի իսկական զավակն է, որը կորցրել է ոչ միայն մի ամբողջ աշխարհ, այլ նաեւ... «ավերակներ, աղբյուր-ակներ, պապի աճյուն...»։ Չի կորցրել, խլել են. «Իմ աստվածներս են ինձանից խլել...»։ Խլել են ու էլի իրենք՝ խլողներն էլ մնացել անաստված... Իր ժողովրդի հազարավոր զոհերի գերեզմանոց-անապատում կանգնած բանաստեղծի ճակատին կուտակվում է թախիծը եւ Հիրոսիմայի... Բանաստեղծը իր նորոգ երկրի սարերից, Արագածից այնպես է ջուր տանում ծարավից ու ենիչերների վայրենություններից տոչորված մարդկանց, որ ասես հագեցնում է աշխարհի բոլոր ծարավ մանուկների սրտերը։ Եվ այս ապրումների, զգացումների ֆոնի վրա մռունչի պես է հնչում պոետի ձայնը.

Աշխարհում՝ անթիվ գերեզմանոցներ,
Անթիվ շիրիմներ՝ հողագունդ ի վար...
Եվ սակայն շիրիմն իմ ժողովրդի,
Իմ մի բուռ, փոքրիկ իմ ժողովրդի
Ամենամեծն է
Աշխարհում արար...

Շարժվող ավազների միջից բանաստեղծի աչքերի առաջ ելնում են անմեղ զոհերը եղեռնի, ելնում են «թաղված աստղեր ու մարգարեներ»։ Եվ այդ մարգարեներից է հայ բանաստեղծության ասպետներից մեկը, «հեթանոսերեն գեղեցիկ, մի այր», Դանիել Վարուժանը, որին 1915թ. բարբարոսերեն սպանում են թուրք ենիչերները, նա, որ «կարող էր դարի ճակատը բանաստեղծության աստղերով զուգել, բայց նրա «ճակատը փշրեցին քարով...»։

Բանաստեղծը պատկերներ չի փնտրում իր հոգու անտակ ցավը երգելու համար, նա պարզապես կանգնել է անապատում ու դարձել նրա ավազներից ելնող ձայների, մռունչների վերարտադրողը... Նա անապատներում թափված անմեղ արյան շարունակությունն է, որ նորից ելել է հողից ու կանգնել որպես հավերժության մարմնացումն իր մեծ նախորդների, ելել է ասելու, որ արյունը երբեք չի մեռնում, ինչքան էլ գետերին խառնես, այն ջուր չի դառնում։ Անմեղ ու անխառն այդ արյան մի կաթիլն անգամ կարող է գետերի գույնը փոխել, բայց ոչ երբեք ձուլվել ջրերին, գույնը կորցնել։ Դրա մեջ բանաստեղծը տեսնում է հարատեւումի խորհուրդը։ Եվ դրանից է, որ նրա ամենատխուր ու ամենադառնաթախիծ տողերում անգամ կա մի հուժկու լավատեսություն, այն լավատեսությունը, որ յուրաքանչյուր բարձր ժողովրդի ոգու մեջ է։ Ու դարեր շարունակ «Առավոտ լուսո, արեգակն արդար» երգող ժողովուրդն այդ արեւի մեջ տեսավ միայն իր լուսո առավոտն ու արդար արեգակը... Ահա այս մեծ զգացումն է, որ ունենում ես այս հոգեցունց պոեմի ամեն մի տողն ընթերցելիս...

Սեւ թեւերի պես սքեմը բացած,
Սավառնում է նա իբրեւ սեւ մի տենդ,
Սավառնում է իբրեւ ոգու ցավը խենթ,
Սավառնում, հածում, հետո թեւաբեկ
Ծունկի է իջնում նա անապատին,
Ծունկի է իջնում
Իբրեւ խելագար,
Սեւասուն սամում...

Դավթյանի առնական ու քնքուշ ձայնը մեր ժողովրդի հոգու խորքերից է գալիս... Եվ պատահական չէ, որ նա անապատում հիշում է ու հիշեցնում. «Իմ Արարատյան սրբազան հողից Երկնքի միջով ես այստեղ հասա»։ Եվ բանաստեղծի բառերն այնքան են խորիմաստ հնչում, նրա «իմը»-ը այնքան բարձր, հպարտ ու մխիթարական է, այնքան ոգեկոչ... Պոետը «Արարատի ճակատից պոկած» կայծակներ, հրեղեն շանթեր է բերում, նրանց արմատը խրում անապատի ավազների մեջ.

Որ ծառերն աճեն շանթ ու կայծակի
Ու նման ոսկե արեւածագի
Նահատակներիս վրա շողշողան...

Ահա նա կանգնում է «հայերեն խշշացող Եփրատի» վրա ձգված կամուրջին... Տեսիլքները նրա հետ են նորից... Պոետը հեռուն է նայում, այդ անապատների հեռվից տեսնում է Արարատի ցոլցլացող կատարը, «հավերժության կապույտ սահմանում» տեսնում է հարության հրեղեն ծաղիկը, որի առաջ ծնկաչոք է նա...

Այնտեղ՝ Հավերժի կապույտ սահմանում Վառվում, ցոլում է ծաղիկը հրկեզ... Քո ցայգածաղկի Կերոնի առաջ Ծնկաչոք եմ ես...

Երեւի ամենամեծ վշտի ու տառապանքի մեջ է ծնվում ամենամեծ ու ամենապայծառ լավատեսությունը... Դավթյանի պայծառատեսությունը նրա ժողովրդի ճանապարհից, այսօրվա կյանքից է բխում, արմատներ ունի խոր... Եվ «Ռեքվիեմը» աճել, վերընձյուղվել է այդ արմատների վրա... Չնայած ամբողջ պոեմում պոետի ձայնը մեզ հասնում է սեւ անապատի սեւ ավազների միջից («Ես եկել էի, որ այստեղ լռեմ, Ես եկել էի, որ չոքեմ ծունկի, քարանամ այստեղ առանց արցունքի» եւ այլն), Նա իր ոտքերի տակ, ամենախորը կսկիծի պահին էլ, Արարատյան հողի ուժն է զգում... Անգամ երկնքում էլ («Երկնքի միջով ես այստեղ հասա») պոետը դարձյալ հայրենի հողի տաք սարսուռներն է զգում ոտքերի տակ։ Եվ դրանով է նա վեհ ու անպարտելի, բարձր ու լուսավոր... Եվ դրանով է նա իր ժողովրդի իսկական զավակը...

Միանգամայն իրավացիորեն է նկատել բանաստեղծին Եվգենի Վինոկուրովը. «Բանաստեղծը սգում է ոչ միայն իր ժողովրդին վիճակված ողբերգությունը, նա տեսնում է, թե ինչպես փոխադարձաբար կապված են համաշխարհային վանդալիզմի բոլոր դրսեւորումները...

«Ռեքվիեմը» թեմատիկորեն բազմակողմանի ստեղծագործություն է, լի քաղաքացիական բարձր հնչեղությամբ, պոլիֆոնիկ է եւ առավել մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում»30։