Գոյատեւության խորհուրդը

ԳՈՅԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ասում են՝ մեծ պոետը պատմության ներսում է լինում միշտ, պատմությունը՝ նրա ներսում։ Ընթերցելով Վահագն Դավթյանի «Ծիրանի ծառը», նորից ու նորից համոզվում ես, հիրավի, այդ մեծ ճշմարտության մեջ։ Սակայն Դավթյանի մասին քիչ է ասել, թե պատմությունը նրա ներսում է. պոետի էությանն է ձուլված նրա ժողովրդի պատմությունը։ Ինքը՝ բանաստեղծը, ամբողջապես ու բացարձակապես ծնվել է մայր ժողովրդի պատմությունից, նրա ցավից ու խինդից, առավել եւս՝ նրա երազներից։ Ու բնական է, որ Վահագն Դավթյանը հենց այդ բաղադրատարրերի ամբողջականությունն է կազմում։

Եթե իր նախորդ ծավալուն գործերում Դավթյանը անդրադառնում է (ես նկատի ունեմ նրա պատմական թեմատիկայով գրած պոեմները) մայր ժողովրդի պատմության այս կամ այն դրվագներին, գեղարվեստական մարմնավորում տալիս իրադարձություններին՝ անելով հետեւություններ, ապա «Ծիրանի ծառում» գրական «նյութ» են հանդիսացել նրա համար մայր ժողովրդի կյանքն ու ճակատագիրը ընդհանրապես, հայի բախտն ու ճանապարհը, բոլոր այն բնավորությունների, որոնք ընդգծված գույներով ու խարակտերներով ժողովուրդ են ներկայացնում։ Եվ այստեղ է, որ պոետը, ելնելով պատմության դասերից, ընթերցողի արյան մեջ «կաթեցնում է» նրա ճշմարիտ իմաստությունները, անսխալ հետեւություններն ու խորհուրդները։

«Ծիրանի ծառը» ժանրային առումով եզակի է Դավթյանի ստեղծագործություններում։ Սակայն այն մենք տվյալ դեպքում ընկալում ենք նաեւ որպես դրամատիկական պոեմ, այստեղ արդեն պոետի գրիչը փորձ ունի։ Այսպես թե այնպես, ժամանակակից հայ դրամատուրգիայում (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկից» հետո) իր մնայուն տեղն ունի «Ծիրանի ծառ» խորհրդանշական վերնագիրը կրող ստեղծագործությունը, որը գալիս է ոչ միայն պատմական թեմատիկայից, այլ պայմանավորվում է ժողովրդական բանահյուսությունից լայնորեն օգտվելու հնարավորություններով։ Այն հանդիսավորականությունը, որ հատուկ է Դավթյանի ամբողջ պոեզիային ընհանրապես, այս գործում ավելի ընդգծված է. նման հանդիսավորությունը մեզ ուղեկցում է եւ հանճարեղ «Արա Գեղեցիկում»։ Դա, անշուշտ, թելադրվում է մեր ժողովրդի պատմության հերոսականությունից, հայ մարդու հպարտ տխրությունից։ Դավթյանի գրիչը խիզախել է։ Դա սիմվոլիկ է։ Ծիրանին այստեղ հանդես է գալիս ոչ միայն որպես բանաստեղծական արվեստի միջոց կամ ծառ, այլ որպես ժողովրդի ճակատագրի մարմնացում։ Այն արմատները խրել է քարերի մեջ ու համառորեն աճում-զորանում է աշխարհի ճանապարհների խաչուղիներում։ Ճյուղերը ծվատում են, քարկոծում են՝ համեղ պտուղների համար, բայց նա հրաշքով ինքն իր մեջ միշտ էլ մեծ ուժ ու կենսունակություն է գտնում աճելու, որպես բոցավառ արշալույս պարզվելու աշխարհին... Դրա մեջ բանաստեղծը իր ժողովրդի ճակատագիրն է տեսնում, հայորդու բնավորությունը։ Այստեղից էլ՝ վերնագիրը։ Չէ՞ որ ծիրանին էլ այն ծառն է, որի մեջ կա ավելի շատ հայկականություն։

«Ծիրանի ծառը» բաղկացած է երկու մասից։ Գործողությունների կատարման ժամանակը, ինչպես ընդունված է ասել, միջնադարն է։ Գրողը ներկայացնում է մի իջեւանատուն՝ ժայռուտների ափին, ժայռին կպած մի ծիրանի ծառ... Իջեւանատան բակում կիսավեր խաչքար է... ժայռուտ, ծիրանի, խաչքար... Եվ միջավայրն այնպես տիպիկ հայկական էր։ Իջեւանատուն են մտնում գուսանը, ծաղրածուն, լարախաղացներ, աճպարարներ, նվագածուներ։ Եվ սկսում են ծավալվել գործողությունները՝ ստանալով բավականին համոզիչ ու հավաստի ընթացք։ Հասկանալի է, որ նման մի ստեղծագործության մեջ չէր կարող իր տեղը չունենալ Գուսանը, որի միջոցով էլ հեղինակը բավականին «ուղղագիծ» ճանապարհներով հասնում է պատմության խորքերը։ Ու բանաստեղծությունն ավելի է իմաստավորվում, քանի որ Դավթյանը ոչ միայն գեղարվեստական միջոցների ընձեռած մեծ հնարավորություններից օգտվելով հեռանում է պատմությունից, պատմական դեպքերից ու անցքերից, այլ խորանում է դրանցում` ամենեւին էլ չվնասելով գործի գեղարվեստականությանը։ Ավելին, պոետի կոնցեպցիան սա է. գաղափարագեղարվեստական արժեքի ամենամեծ չափանիշը պատմական ճշմարտացիությունն է։ Սակայն, իհարկե, դա չի նշանակում, թե նա անտեսում է նույն պայմանականությունները, առանց որի արվեստն ընդհանրապես գոյություն ունենալ չի կարող։

Դրամայի ամենից հետաքրքրական կերպարը Աղամոսն է։ Այն բացառապես նոր կերպար է ոչ միայն Դավթյանի ստեղծագործություններում, այլեւ հայ դրամատուրգիայում։ Աղամոսի առաջին իսկ խոսքերից էլ երեւում է նրա հոգու խորությունը, վեհությունը, որը գործողությունից գործողություն ավելի շեշտակիորեն է ընդգծվում։ Եվ երբ իջեւանատեր Գորգիկը նրան ընդունելիս հարցնում է՝ ո՞վ ես, ինչացո՞ւ, Աղամոսը հպարտորեն պատասխանում է.

-Մարդ եմ...

Սա, իհարկե, պատահական հարցուփորձ չէ, որ տեղ է գտել գործում։ «Մարդ եմ» արտահայտությունը ոչ միայն բանալի է Աղամոսի այնքան բարդ ու պարզ հոգին, այլեւ դրամայի ներքին շերտերը բացելու համար։ Աղամոսը ընդգծված կերպար է, շեշտված անհատականություն։ Եվ այդ չափով էլ նա հայաստանցի է, հայ ու... համաշխարհային քաղաքացի։

Նա վեհ հոգի է։

Անընկճելի հոգի։

Եթե Աղամոսին «շաղախելիս աստված քիչ էլ գինի է խառնել» նար կավին, ապա Դավթյանը այդ գինին հրաշքով վերափոխել է խենթ իմաստության եւ իմաստուն խենթության... Այստեղ է, որ մարդու «լեզվի կապը» ձեռքից ընկնում է, որովհետեւ ճշմարտությունը չի կարող չասվել, որքան էլ ջանքեր թափվի այն թաքցնելու համար։ Ահա եւ Աղամոսի խոսքը.

Թե լեզվիս կապը
Ձեռքերիս մեջ լիներ, հիմա երեւի
Եպիսկոպոսի կարգ ունենայի
Ու դու ծնկածալ կիջնեիր իմ դեմ...

Այստեղ ժամանակի եւ մարդու հակադրությամբ ներկայացվում է պատմական շրջանը։ Աղամոսը համարձակ է, անչափ բարի։ Նա հասու է ժամանակի գիտություններին։ Աղամոսն իր կյանքի իմաստը տեսնում է որոնելու, գտնելու, փնտրումների երջանիկ տառապանքների մեջ, իր կյանքը հայրենի երկրի հզորանալուն ծառայեցնելու, նրա բարօրության համար գործելու մեջ։ Նա վանականությունը թողնում է իր վեհ ու վսեմ գաղափարների, ազատամտության համար։ Այո, թողնում է, որովհետեւ նա ինչ անում էր, անում էր գիտակցված, իմանալով, թե իր ազատամիտ գաղափարներին, գործողություններին ինչպիսի վերջ է սպասվում... Նա գիտե, քաջ գիտե.

Ճշմարիտ խոսքեր շատերն են ասում,
Եվ սակայն, ավաղ, քչերն են միայն
Ճշմարիտ խոսքը վերածում նյութի,
Գործի, հրաշքի։

Հենց ինքը՝ Աղամոսը, խոսքը «գործի հրաշքի» վերածող է։ Նրան հուզում է ոգին, այն, որ մեր ժողովրդի մեջ է հավերժ եւ երբեք չի կողոպտվի։ Եվ հավատում ես Աղամոսին, երբ նա ասում է. «Ես հրաշք պիտի անեմ աշխարհում»։ Ու կատարում է այդ հրաշքը, բայց վերջին պահին ամեն ինչ նորից խափանվում է... դավաճանությամբ։ Բանաստեղծն այստեղ բարձր վարպետությամբ է հակադրել Աղամոսին Սիմավոնին։ Վերջինս վաճառական է, նրա համար հայրենիքը սահմանագծվում է առեւտրի ընձեռած հնարավորություններով։ Կյանքի իմաստը Սիմավոնը տեսնում է դրամի մեջ, եւ սեր, եւ արժանապատվություն, եւ ազատություն նա տեսնում է վաշխառուի աչքերով... Եվ նմանների ձեռքով է, որ հայոց ծիրանին ճյուղակոտոր է լինում... Ճյուղակոտոր, բայց ոչ... ոգեկոտոր։

Բնավորությունները որքան պարզ, նույնքան էլ բարդ են այս դրամայում, նրանք ունեն բազմաթիվ զուգահեռներ ու խաչաձեւումներ։ Եվ արվեստագետի անցումը պատմական անցքերին, կատարվում է համոզիչ ձեւով։ Գուսանը երգում է հայոց հերոսական մարդկանց խիզախ գործերը, միաժամանակ նշավակելով, խարազանելով դավաճաններին, նրանց, որոնց եղկելիությունը միշտ էլ մեծամեծ վնասներ է բերել ժողովրդին։ Պոետը հոգու ամենախորը կսկիծով է խոսեցնում Գուսանին, որը տաղ է հյուսում, պատմում անցքեր, բազմապիսի դեպքեր, ներկայացնում Անիի ավերակվելու պատմությունը, պատմում.

Որ ծախվեց Անին մեր սուրբ,
Արծաթով ծախվեց Անին՝
Միածին Հիսուսի պես։

Իսկ, ահա, թե ինչ են ասում պատմական այդ ժամանակների փաստերը. «Գագիկ Ա-ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակչությունների պատճառով։ Պայքարը գահի համար առանձնապես սրվեց Գագիկ Ա-ի որդիների՝ Հովհաննես-Սմբատ թագավորի եւ նրա եղբայր Աշոտ Դ-ի միջեւ։ Թուլակամ Հովհաննես-Սմբատը, երկյուղելով Տայքի 1022-23-ի ապստամբությունը ճնշած բյուզանդական բանակի ներխուժումից, 1023-ին Անին իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային։ Հովհաննես-Սմբատի եւ Աշոտ Դ-ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը եւ Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Ա-ի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի եւ քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, Վահրամ Պահլավունու առաջարկությամբ, 1042-ի վերջին (կամ 1043-ի սկզբին) թագավոր օծեցին Աշոտ Դ-ի որդի պատանի Գագիկ Բ-ին։ 1043-44-ին բյուզանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Զորահրամանատար Վահրամ Պահլավունու գլխավորությամբ սկսվեց Անիի պաշտպանությունը։ Անին մնաց անառիկ։ Գագիկ Բ-ն նենգաբար կանչվեց Կոստանդնուպոլիս եւ գահազրկվեց` փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ-ամրոցով) եւ այլ աննշան տիրություններ։ 1045-ին Բագրատունիների թագավորությունը եւ Անին ընկան բյուզանդական լծի տակ»31։

Պատմական դեպքերն ու անցքերը մեկնաբանելու իր դիտակետն ունի Վահագն Դավթյանը։ Ու պատահական չէ, որ նա դավաճան Վեստ Սարգսին նզովում է Քերովբեի շուրթերով.

Ողջ լինես, Գուսան,
Որ քո շանթակերպ, ճշմարիտ խոսքով
Շանթես հավիտյան այդ Վեստ Սարգիսին
Ու մնացյալին... Մեղա, տեր, մեղա,
Լեզուս չի դառնում, խոսում են սակայն,
Որ այդ նենգ դավին, այդ նենգ վաճառքին
Մասնակից է եւ հայրապետն Հայոց...

Դավթյանը անցյալին նայում է մեր ժամանակի հզոր լույսի տակ եւ անսխալ է ցույց տալիս ապագան՝ դարձյալ Քերովբեի միջոցով.

Այն ազգն է տոկուն,
Որ իմաստության խենթությունն ունի,
Բայց նաեւ ունի իմաստությունը
Մեծ համբերության... Ես գիտեմ հիմա,
Հրաշքն ապրում է այդ Աղամոսի
Խենթ երազներում, բայց եւ ապրում է
Իմ այս մուրճի ու այս խաչքարի
Եվ այն մեջքածալ մշակի հոգում,
Ով սարալանջին կորեկի նվազ
Իր արտն է հնձում... Որ ապրում է նա
Այս ճյուղակոտոր ծիրանի ծառի
Ավիշների մեջ...

Ընթերցելով Վ. Դավթյանի պատմական թեմատիկայով գրված գործերը` մտածում ես, որ, հիրավի, պետք է անպայման մեր ժողովրդի հարուստ պատմության բոլոր էջերը գեղարվեստական մարմնացում ստանան՝ ավելի գործուն ազդեցության ու դասի համար։ Որովհետեւ ինչքան խորանում է մեր ատելությունը Վեստ Սարգիսների, Գորգիկների եւ Սիմավոնների նկատմամբ, այնքան ավելի ահագնանում է սերը Պահլավունիների նկատմամբ, հայրենասերների հանդեպ։ «Ծիրանի ծառի» ամենախորհրդանշական կերպարներից է Արամանյակը, մի պատանի, որը, չնայած Սիմավոնի գայթակղություններին, ի վերջո մաքրակոփվում է Աղամոսի եւ Քերովբեի գաղափարների մեջ, մարմնավորելով գիտության ու հասարակ քարտաշի գործի միաձուլումը։ Եվ պատահական չէ, որ Աղամոսի կորցրած ոսկու համար նա դիմում է դժվար ճանապարհների, որքան էլ դրանք անհաղթահարելի լինեն... Ուրեմն, դեռ չի մեռել Վահրամ Պահլավունին։ Ու չի մեռնելու։ Նա ծնվելու է Խուշուշի սիրուց, նա ծնվելու է Անիի ավերակների հառաչանքից...

Միանգամայն նոր կերպար է մեր գրականության մեջ Խուշուշը։ Խենթ ու իմաստուն, ազատ, մաքրամաքուր սիրո մարմնացում։ Հայրենանվեր այդ սերն է, որ պիտի դարերում պաղ ջրով զովություն տա ծիրանի ծառի «քարի մեջ խրված» արմատներին։

Իսկ ծիրանի ծառը խորհրդանշում է մի ամբողջ ժողովուրդ։ Եվ որքան բարձր արվեստով է հնչում Դավթյանի խոսքը.

Ծիրանի իմ ծառ,
Ծիրանի իմ ծառ,
Այս շեկ ժայռի մեջ
Ինչպե՞ս է մնում
Մուրճիկդ պայծառ,
Պտուղդ պայծառ...
Անցնող ու դարձող
Քարով է տալիս,
Փայտով է տալիս
Ու խարազանով...
Ինչպե՞ս է, սակայն,
Որ ապրում ես դեռ,
Ինչպե՞ս է, սակայն,
Որ մնում է դեռ
Մուրճիկդ պայծառ,
Պտուղդ պայծառ,
Ծիրանի իմ ծառ,
Ծիրանի իմ ծառ...

Հույսը Դավթյանի ստեղծագործության մեջ ամենագերակշռող տարրն է. «Ծիրանի ծառում»՝ առավել եւս։ Ինչպես մյուս գործերում, այս դրամայում էլ Դավթյանի լեզուն պարզ է, մտածողությունը՝ թարմ ու հարուստ։ «Ծիրանի ծառը», կարծում եմ, միշտ իր մնայուն տեղը կունենա հայ դրամատուրգիայի պատմության մեջ։