Հրեշտակը (Հանս Քրիստիան Անդերսեն)

ՀՐԵՇՏԱԿԸ




«Ամեն անգամ, երբ մի բարի երեխայ մեռնում է մի հրեշտակ իջնում է երկիր, առնում է երեխային իր բազուկների մէջ, բաց է անում իր լայն թևերը և սաւառնում է դէպի այն տեղերը, որոնց սիրել է երեխան և քաղում է մի բուռ ծաղիկ: Յետոյ երկուսը միասին այդ ծաղիկները տանում են բարի Աստուծուն, որպէս զի նրանց ծաղկեցնէ երկնքում, աւելի գեղեցիկ, քան երկրի վրայ։ Բարի Աստուած իր սրտին է սեղմում բոլոր ծաղիկները և մի համբոյր դրոշմում է այն ծաղկի վրայ, որը ամենից աւելի հաւանում է: Այդ համբոյրը նրան կեանք ու ձայն է պարգևում, և նա մտնում է զուարթնոց խմբի մէջ»:

Ահա՛ ի՞նչ էր պատմում Աստուծոյ կողմից երկիր ուղարկուած մի հրեշտակ, որը եկել էր վախճանած մի երեխայի երկինք փոխադրելու։ Եւ երեխան լսում էր, որպէս երազի մէջ: Ու նրանք սաւառնում էին այն տեղերի վրայ, ուր փոքրիկը խաղացել էր— հիանալի ծաղիկներով զարդարուած մի պարտէզի վրայ:

—Ո՞ր ծաղիկները տանենք մեզ հետ երկինք, հարցրեց հրեշտակը երեխային:

Նրանց մօտ կար մի հրաշալի վարդենի: Բայց մի չար ձեռք կոտրել էր նրան բունից: Նորափթիթ կոկոններով ծանրաբեռնուած ճիւղերը վայր էին կախուել ու կամաց կամաց չորանում էին:

—Խե՜ղճ վարդենի, վերցրէ՛ք ահա ա՛յս, որպէս զի վերը, Աստուծոյ մօտ, նորից ծաղկի, ասաց երեխան:

Հրեշտակը վեր առաւ վարդենին ու մի և նոյն ժամանակ համբուրեց երեխային: Փոքրիկը կիսով չափ բացաւ իր աչքերը: Նրանք այլ այլ տեղերից ուրիշ գեղեցիկ ծաղիկներ էլ քաղեցին։

—Այժմ մենք բաւական ծաղիկ ունենք, ասաց երեխան:

Հրեշտակը՝ հաւանութեան մի նշան արեց, բայց նրանք դեռ ևս չը սլացան դէպի երկինք: Գիշեր էր արդէն. ամեն տեղ տիրում էր խո՜ր լռութիւն։ Նրանք անցնում էին մի փոքր, մռայլ և նեղ փողոցով, ուր կեղտոտ դարմանի, մոխիրի և աւերածութիւնից առաջ եկած աղբի մի դէզ կար:

Մի ընտանիք՝ տնից մի ուրիշ տուն փոխադրուած լինելով՝ փողոցը լիքն էր ջարդուած պնակներով, գաճեայ արձանիկների բեկորներով և պատառոտուն ցնցոտիներով, որոնք անհաճոյ տեսարան էին պարզում: Հրեշտակը, այդ անպէտք իրեղէնների մէջ երեխային ցոյց տուաւ մի ծաղկամանի բեկորները։ Թաղարը կոտրուած լինելով՝ նրա միջից դուրս ընկել էր հողի կոյտը, որին կպած էր իր արմատով՝ դաշտային մի մեծ, թօշնա՜ծ ծաղիկ։

—Ա՛յս էլ վերցնենք, ասաց հրեշտակը. ճանապարհին ես կը պատմեմ թէ ինչո՞ւ:

Նրանք բարձրացան օդի մէջ և հրեշտակը սկսեց իր պատմութիւնը:

«Այնտեղ, հեռո՜ւն, այդ մռայլ փողոցում, մի աղքատիկ խրճիթի մէջ բնակում էր մի խեղճ, փոքրիկ, հիւանդ երեխայ: Նա իր մանկութեան օրից հիւանդ պառկել էր. Երբեմն, երբ երեխան իրան լաւ էր զգում, կռնատակին դրած ցուպերով սենեակին մէջ ման էր գալիս։ Այդ էր իր ամբողջ զբօսանքը։ Ամառը, երբ արեգակի ճառագայթները երբեմն, երբեմն լուսաւորում էին այդ մռայլ բնակարանը, այն ժամանակ այդ փոքրիկ երեխան արևի տակ տաքանում էր և իր փափուկ, նիհար մատներ մէջ պտոյտ եկող կարմիր արիւնը դիտելով՝ ասում էր. «Այսօր, փառք Աստուծոյ, ես կարողացայ վեր կենալ»: Նա՝ անտառի հիանալի բուսականութիւնը երբէք չէր տեսել: Մի օր հարևանի որդին նրան, կաղամախիի մի ճիւղ բերաւ: Նա այդ ճիւղը բռնում էր իր գլխի վրայ և այնպէս էր կարծում, թէ հանգչել է բարձր ծառերի տակ, որի միջից աղօտ փայլում է արեգակը, և որի վրայ բիւրաւոր թռչնիկներ երգում են զմայլելի կերպով:

Հարևանի որդին, գարնան մէջ, դաշտի մի քանի ծաղիկներ էլ բերաւ, որոնց մինը պատահմամբ արմատ ուներ: Նա այդ ծաղիկը տնկեց մի թաղարի մէջ, դրաւ պատուհանի առաջ, անկողնու մօտ: Բարեբաղդաբար ծաղիկն աճեց, ճիւղեր արձակեց և ամեն տարի նոր ծաղիկներ արտադրեց: Դա՝ հիւանդ երեխայի պարտէզն էր, նրա միակ գանձը՝ այս աշխարհի վրայ։ Երեխան իր ծաղիկը ջրում էր, խնամում էր և թաղարը դնում էր միշտ այնպիսի ձևով՝ որ արեգակի ճառագայթները՝ լուսամուտից խփէին ուղղակի նրան: Այսպէս ծաղիկը, ամեն օր զարգանում էր և գեղեցկանում: Նա ծաղկում էր միմիայն հիւանդի համար. նրա համար և տարածում էր իր բուրմունքը: Երբ բարի Աստուածն երեխային իր մօտ կանչեց, նա մեռնելուց առաջ կռացաւ դէպի ծաղիկը և վերջին անգամ համբուրեց։ Մի տարի է արդէն, որ երեխան Աստուծոյ մօտ է, ու մի տարի է, որ ծաղիկը պատուհանի եզերքին անխնամ մնալով չորացաւ: Տնից փոխադրուելու օրը ծաղկամանը նետեցին փողոցի աղտեղութիւնների մէջ, ու ահա՛ այդ խե՜ղճ, թառամած ծաղիկն էր, որ մենք հաւաքեցինք, որովհետև նա շատ աւելի մեծ հաճոյք պատճառեց իր տիրոջ, քան թագաւորական պարտէզի մի շքեղ ծաղիկ:

Բայց դու ի՞նչպէս գիտես այդ բոլորը, հարցրեց երեխան:

—Գիտե՛մ, պատասխանեց հրեշտակը, որովհետև ես էի այն հիւանդ փոքրիկ երեխան, որ կռնատակին փայտեր դրած քայլում էր։ Ես լաւ եմ ճանաչում իր ծաղիկը։

Ու երեխան՝ բաց անելով ամբողջապէս իր աչքերը, հրեշտակի շողշողուն վսեմ դէմքը դիտեց։ Հասել էին արդէն. նրանք տան Դրախտ, ուր ուրախութիւնն և երջանկութիւնը յաւիտենական են: Երբ, բարի Աստուած՝ մեռած երեխային սեղմեց իր կրծքին, նրան՝ միւս հրեշտակի նման թեւեր բուսան, և, նրանք իրար ձեռքից բռնելով՝ միասին սաւառնեցին եթերի մէջ: Բարի Աստուած՝ իր կրծքին սեղմեց նոյնպէս բոլոր ծաղիկներին. նա՝ մասնաւորաբար մի համբոյր դրոշմեց դաշտի խեղճ, թառամած ծաղկի՜ն, ու անմիջապէս ծաղիկը խօսելու կարողութիւն ստացաւ և Ամենակալի շուրջը պար կազմող, երջանիկ ու անմահ հրեշտակների հետ երգեց: Այո՛, նրանք ամենքը փառաբանում էին երգում. երգում էին մեծ ու փոքր, և՛ օրհնուած, բարի երեխան, և՛ դաշտի խեղճ, թառամած ծաղիկը, որին՝ նետել էին նեղ ու մռայլ փողոցում, աղտեղութիւնների մէջ: