Մեծ դուքսի նոր հագուստները

ՄԵԾ ԴՈՒՔՍԻ ՆՈՐ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԸ


Կար մի անգամ մի Մեծ-Դուքս, որը այնքան շատ էր սիրում նոր հագուստները, որ իր ամբողջ փողը մսխում էր արդուզարդի համար: Զօրքերը աչքէ անցկացնելիս, թատրոն գնալու կամ զբօսնելու ժամանակ, նրա միակ մտածումն էր իր նոր հագուստները ցոյց տալ։ Օրուայ իւրաքանչիւր ժամին հագուստները փոխում էր: Ինչպէս որ մի թագաւորի համար ասում են. «Արքան խորհրդարանում խորհրդի նստած է», այնպէս էլ նրա համար միշտ ասում էին. «Մեծ-Դուքսն իր զգեզտասենեակումն է, հագուստները փոխելու զբաղուած է»: Մայրաքաղաքը՝ մի շատ զուարթ քաղաք էր, որովհետև մեծ թուով օտարականներ էին այցելում։ Բայց, մի օր, երկու խաբեբայ մարդիկ եկան, և այնպէս հաւատացրին, որ նրանք ջուլհակ էին, և կարող էին գործել աշխարհի ամենահրաշալի կերպասը: Այդ կերպասի ո՛չ միայն գոյները և նկարները աննման էին, այլ և նրանից պատրաստուած հագուստները մի հրաշալի յատկութիւն ունէին––նրանք անտեսանելի էին դառնում այն անձերին, որոնք իրանց պաշտօնը լաւ չէին կատարում կա հեռատես չէին:

«Օ՜հ, դրանք անգին հագուստներ լինելու են, խորհեց Մեծ-Դուքսը, երբ լսեց հրաշագործ կերպասի մասին. նրանց շնորհիւ ես կարող կը լինեմ իմ անպէտք, անշնորհք պաշտօնեաներին ճանաչել. ես կը կարողանամ որոշել ճարպիկները՝ անփորձներից: Այո՛, այդ կերպասը անհրաժեշտ է»:

Յետոյ նա երկու խաբեբաներին յանձնեց մի մեծ գումար, որպէս զի անմիջապէս աշխատանքի սկսեն։

Երկու կեղծ ջուլհակները իսկապէս երկու ոստայն (դէզդեահ) սարքեցին և այնպէս ձևացրին, որպէս թէ գործում էին, թէպէտ մաքոքների մէջ թել չը կար. բացարձակապէս դատարկ էին: Նրանք Դքսից անդադար նուրբ մետաքս և փայլուն ոսկի էին պահանջում, և բոլորը դնում էին իրանց պարկի մէջ։ Բայց մինչև կէս գիշեր աշխատում էին դատարկ ոստայների առաջ։

—Տեսնե՛նք, որքան են գործել, ինքն իրան ասաց Մեծ-Դուքսը։

Բայց նրա սիրտը ճմլւում էր, երբ մը տածում էր, թէ իրանց պաշտօնը կատարելու անփորձ անձերը չը պիտի կարողանային կերպասը տեսնել և հիանալ: Ի հարկէ կասկած անգամ չունէր, որ ինքը փորձուած և կարող էր, բայց և այնպէս իրանից առաջ յարմար դատեց ուղարկել մէկին՝ գործի որչափ յառաջացած լինելը իմանալու համար: Քաղաքի բոլոր բնակիչները գիտէին արդէն գործւող կերպասի հիանալի յատկութիւնը, և ամենքը անհամբերութիւնից այրւում էին գիտնալու համար, թէ ո՞ր աստիճան անհեռատես ու անկարող էր իրանց հարևանը:

«Լաւ կը լինի, եթէ իմ ծեր, բարի նախարարիս ուղարկեմ ջուլհակների մօտ, մտածեց Մեծ-Դուքսը. ամենից աւելի նա՛ կարող է դատել կերպասը. նա նշանաւոր է թէ՛ իր խելացութեամքի և թէ՛ ճարպիկութեամբ»:

Ծերունի, պարկեշտ նախարարը մտաւ այն սրահը, որտեղ երկու խարդախները աշխատում էին դատարկ ոստայնների առաջ։ «Տէր Աստուած, մտածեց նա, աչքերը մեծ մեծ բանալով, ես ոչինչ չեք տեսնում»: Բայց մի բառ անգամ չասաց, որ բան չէր տեսել։

Երկու ջուլհակները խորհուրդ տուին, որ աւելի մօտենայ, և յետոյ հարցրին, թէ ի՞նչպէս է գտնում՝ նա նկարները և գոյները։ Ծերունի նախարարը հայեացքը ոստայնների վրայ սևեռեց, բայց դարձեալ ոչինչ չը տեսաւ, այն պարզ պատճառով, որ ոչինչ չը կար:

«Տէր Ասաուած, մտածեց նա, չը լինի թէ ես իսկապէս անկարող եմ ու անպէտք, քանի որ չեմ տեսնում կերպասը: Բայց աշխատենք, որ իմ մասին չը կասկածեն: Ես չեմ համարձակում խոստովանել, թէ կերպասը ինձ անտեսանելի է»:

—Հը՜, լաւ, ի՞նչպէս էք գտնում կերիպասը, հարցրեց ջուլհակներից մինը։

—Հիանալի՜ է, պարզապէս հիանալի՜, պատասխանեց նախարարը ակնոցները դնելով: Մէկ մտիկ տուէք այս գոյներին և այս բանուածքին... Այո՛, կասեմ Մեծ-Դքսին, որ շատ գոհ մնացի։

—Այդ մի բարեբաղդութիւն է մեզ համար, ասացին ջուլհակները, և սկսեցին նրան ցոյց տալ երևակայական գոյներ և նկարներ։

Ծեր նախարարը մեծ ուշադրութեամբ լսեց, որպէս զի նրանց բոլոր բացատրութիւնները կրկնի Մեծ-Դքսի առաջ: Խաբեբաները անդադար արծաթ, մետաքս և ոսկի էին պահանջում ու բոլորը գրպանում։ Բայց շարունակում էին նրանք գործել դատարկ ոստանների առաջ։

Քիչ ժամանակից յետոյ, Մեծ-Դուքսը մի ուրիշ պարկեշտ պաշտօնեայ ուղարկեց կերապասը քննելու և տեսնելու համար, որ չէ՞ր վերջացել արդեօք:

Այս նոր պատգամաւորին էլ պատահեց այն՝ ինչ որ պատահել էր նախարարին: Նա միշտ դիտում էր, հա՛ դիտում էր, բայց ոչինչ չէր տեսնում։

—Հիանալի՛ է բանուածքը, չէ՞, հարցրին երկու խաբեբաները՝ ցոյց տալով և բացատրելով այն հոյակապ նկարները և գեղեցիկ գոյները, որոնք գոյութիւն չունէին:

«Չը լինի՞ թէ ես անշնորհք եմ, մտածում էր մարդը և անկարող՝ իմ պաշտօնը կատարելու. ա՜յ տարօրինակ բան, բայց պէտք է աշխատել, որ պաշտօնը ձեռքից չը փախցնենք»:

Յետոյ նա գովեց կերպասը, և իր բուռն հիացումը յայտնեց գոյների և նկարների ընտրութեան համար:

—Անբաղդատելի կերպով գեղեցիկ է, ասաց նա, Մեծ-Դուքսի մօտ վերադառնալով: Ամբողջ քաղաքը այնուհետև այդ տարօրինակ կերպասի մասին էր խօսում:

Վերջապէս, Մեծ-Դուքսը կամեցաւ անաձամբ տեսնել կերպասը, երբ նա տակաւին ոստայնի վրայ էր: Ընտրուած մարդկանց մի շքախմբով, որոնց մէջ էին և՛ պարկեշտ նախարարը, և՛ պարկեշտ պաշտօնեան, նա գնաց ճարպիկ գողերի մօտ, որոնք գործում էին, միշտ գործում էին առանց մետաքսեայ, ոսկեայ կամ որ և է թելի:

—Հրաշալի՜ է, չէ՞, ասացին երկու պարկեշտ պաշտօնեաները: Նկարները և գոյները կատարելապէս արժանի են Ձերդ Բարձրութեան, և նրանք մատով ցոյց տուին դարտարկ ոստայնը։

«Այս ինչ բան է, մտածեց Մեծ-Դուքսը, ոչինչ չեմ տեսնում: Սարսափելի՜ է: Արդեօք ես մի անպէտք մարդ եմ. արդեօք անկարո՞ղ եմ կառավարելու: Սրանից աւելի մեծ դժբաղդութիւն չէր կարող պատահել ինձ»: Յետոյ յանկարծ նա գոչեց.

—Հիանալի՜ է։ Ես ձեզ յայտնում եմ ի ամբողջ գոհունակութիւնը։

Նա գլուխը շարժեց գոհ կերպարանքով, և ոստայնը դիտեց առանց ճշմարտութիւնը ասել համարձակելու: Հերթով իր հետևորդներն էլ դիտեցին, բայց ոչինչ չը տեսան։ Բայց նրանք կրկնում էին, ինչպէս Մեծ-Դուքսը։

—Հիանալի՜ է:

Նրանք նոյն իսկ խորհուրդ տուին, հագնել նոր զգեստները՝ յառաջիկայ մեծ տօնի առիթով:

—Հիանալի՜ է, սքանչելի՜ է, զմայլելի՜ է, բացագանչում էին բոլոր բերանները: Գոհունակութիւնը ընդհանուր էր:

Երկու խաբեբաները՝ իբրև վարձատրութիւն, պատուանշան և ազնուականի տիտղոս ստացան։

Նրանք տօնի նախորդ գիշերն ամբողջապէս սկեցին և աշխատեցան տասնուվեց մոմի լոյսով։ Նրանց չարաչար աշխատանքը ամենքին յայտնի էր: Վերջապէս ջուլհաները յայտարարեցին, թէ կերպասը պատարաստ էր։ Այնուհետև մեծ մկրատներով հագուստները օդի մէջ ձևեցին, առանց թելի մի ասեղով կարեցին, և յայտնեցին, թէ ամեն ինչ վերջացած էր:

Մեծ-Դուքսը՝ իր թիկնապահների հետնոր հագուստները քննեց: Խարեբանելրը՝ զգեստները իբրև թէ օդի մէջ բարձրացնելով՝ գոչեցին.

—Ահաւասի՛կ տաբատը (պանտալօն), ահաւասի՛կ բաճկոնը, ահաւասի՛կ վերարկուն: Օդի նման թեթև են, այնքան թեթև, որ դուք նրանց ծանրութիւնն անգամ չէք զգար: Ահա՛ ինչի մէջ է կայանում այս կերպասի թանկագին յատկութիւնը:

—Անկասկա՛ծ, պատասխանեցին թիկնապահները, բայց ոչինչ չէին տեսնում, որովհետև ոչինչ չը կար:

—Եթէ Ձերդ Բարձրութիւնը բարերհաճի հանուել, ասացին խաբեբաները, մենք մեծ հայելու առաջ կը փորձենք նրա նոր հագուստները:

Մեծ-Դուքսը հանուեց, և խաբեբաները այնպէս ձևացրին, իբրև թէ հագուստները իրար ետևից նրա վրայ փորձում էին։

Մեծ-Դուքսը հայելու առաջ շուռ եկաւ ու շուռ եկաւ:

—Աստուա՜ծ իմ, ինչ էլ լաւ յարմարեցաւ: Ի՜նչ նկարներ, ի՜նչ գոյներ, ի՜նչ թանկագին, բարեձև հագուստ, աղաղակեցին բոլոր պալատականները։

Արարողապետը ներս մտաւ. —Ամպհովանին՝ որի տակ Ձերդ Բարձրութիւնը պէտք է ներկայ լինի թափօրին՝ դրան առաջ պատրաստ է, ասաց նա։

—Լա՛ւ, անմիջապէ՛ս, պատասխանեց Մեծ-Դուքսը: Այս հագուստներով վատ չեմ, այնպէս չէ՞։

Արարողապետը խորը գլուխ տուաւ։

Մեծ-Դուքսը՝ յետ դառնալով՝ մի անգամ էլ հայելու մէջ դիտեց իր հագուստի շքեղութիւնը:

Այն սենեկապանները՝ որոնց պաշտօնն էր Դքսի հագուստի երկար տտունը բարձրացնել, ծռեցին և իբր թէ գետնից մի բան վերցրին. յետոյ իրանց աջ ձեռքը օդի մէջ կախ՝ բռնած՝ հետևեցին Մեծ-Դքսին, որովհետև չէին ուզում խոստովանել, որ ոչինչ չէին տեսնում։

Մինչդեռ Մեծ-Դուքսը՝ իր շքեղ ամպհովանու տակ, հպարտութեամբ առաջանում էր, փողոցում և պատուհաններում գտնւող բոլոր մարդիկը աղաղակում էին.

—Ի՜նչ բարեձև, ի՜նչ փառաւոր հագուստ. տեսէ՛ք, տտունը տեսէ՛ք, ո՜րքան երկար է, ո՜րքան շնորհալի:

Ոչ ոք ուզում էր ցոյց տալ, թէ բան չէր տեսնում, որովհետև այն ժամանակ, նա կը համարուէր մի անկարող մարդ, մի անշնորհ արարած՝ որ ոչ մի գործի պէտք չի գար: Դրա համար էլ Մեծ-Դքսի հագուստները երբէ՛ք այդչափ հիացում չէին պատճառել:

—Ինձ թւում է սակայն, որ Մեծ-Դուքսը ամենևին զգեստ չի կրում, նկատեց մի փոքրիկ երեխայ։

—Տէր Աստուա՜ծ, այս անմեղ երեխային լսեցէ՛ք, ասաց հայրը. ու իսկոյն և եթ ամբոխի մէջ շշնջացին:

—Մի երեխայ կայ, որ ասում է թէ Մեծ-Դուքսը ամենևին զգեստ չի կրում:

––Ամենևին զգեստ չի կրում, աղաղակեց վերջապէս ամբողջ ժողովուրդը:

Մեծ-Դուքսը չափազանց վիրաւորուեց, որովհետև զգում էր, որ Ժողովուրդն իրաւունք ունէր: Այնուհանդերձ նա խորհրդածեց և հետևեալ վճիռն արձակեց:

—Ինչ որ էլ լինի, պէ՛տք է որ ես թափօրի մինչև վերջը մնամ։

Յետոյ նա գոռոզաբար ուղղեց իր հասակը, և սենեկապանները շարունակեցին յարգանքով վեր բարձրացնել նրա հագուստի տտունը, որ գոյութիւն չունէր։