Հ. Առաքելյանը և Էջմիածնի վերջին դեպքերը

Հ. Առաքելյանը և Էջմիածնի վերջին դեպքերը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 273
ծ. ― էջ 616

[ 274 ] ասել, զրպարտել, հայհոյել ու մնալ ապահով, որովհետև եթե ետևիցն ընկնես, ավելի վատ կհայհոյի, ավելի շատ կզրպարտի, ավելի մեծ սուտ կասի։

Ահա այս մարդը Էջմիածնից վերադարձել է ու «Մշակի» մեջ գրում է իր տեսածն ու լսածը։ Ես, մինը որ եղել եմ նույն ժողովներում ու մասնակցել, կարդում եմ ու Էջմիածնի ցավը մոռանում։ Մոռանում եմ և այն եմ մտածում, թե ինչպես կարելի է, որ մարդը, աստուծո պատկերն ունեցող մարդը, այնքան բազմության առջև կատարված դեպքերն ու խոսքերը վեր կենա խեղաթյուրի, ստի, խարդախի ու տա նույն մարդկանց ձեռը, թե առե՛ք կարդացեք։

Ճշմարիտ որ, գոնե ինձ համար, սա ավելի մեծ խնդիր է, քան նույնիսկ կաթողիկոսի ընտրությունը։ Սա մարդ արարածի աղավաղումը, այլանդակումը, անկումն է։

Գրում է։ Մեջտեղը դուրս է գալիս մի խելոք Հ. Ա., մնացածը կամ հիմար կամ եղած չեղած։ Դուրս է գալիս, ինչ-որ մի խմբակ ուզեցել է ժողով գումարել կրքերը բորբոքելու համար, պատգամավորներից շատերը դեմ են եղել, և, ո՜վ զարմանք, այդ խմբակի մարդիկը չկան ու հենց դեմ եղողներն են որ գնում են ժողովը կայացնում, բաց անում Հ. Ա. առաջնորդությամբ ու օրակարգն էլ որոշում, մինչև անգամ «Հորիզոնի» դրած հարցն էլ առնում քննության առարկա։ Եվ, քանի որ ժողովը կայացել է, ինքը Հ. Ա. է, որ մտածում է մի բանով հավերժացնել հանգ<ուցյալ> կաթողիկոսի հիշատակը։ Դուրս է գալիս, որ ես, հենց այնպես, վեր եմ կացել ժողովում հայտարարել, թե Կարապետ եպիսկոպոսը եկել է «Հորիզոնի» խմբագրատուն ու ցավ հայտնել, որ հայ ժողովուրդը ինձ՝ բանաստեղծիս, լավ չի գնահատում։ Դուրս է գալիս, որ «Հորիզոնը» կաթողիկոսի վերջին օրերի խնդիրը դրել է Կարապետ եպիսկոպոսի պատվի համար։ Դուրս է գալիս, որ ժողովականներից շատերը ցավ են հայտնել, թե «Հորիզոնը» իր մեղադրանքները հիմնել է ասեկոսների վրա և այլն, և այլն, և ոչ թե ուրիշը, այլ Հ. Ա. է եղել պահանջողը, որ Կարապետ եպիսկոպոսի հրաժարականը կարդացվի ու ամբաստանողները դժվարության մեջ են ընկել։ Դուրս է գալիս՝ ժողովը գտել է, որ վրդովեցուցիչ բան չկա Կարապետ [ 275 ] եպիսկոպոսի հրաժարականի մեջ։ Եվ, վերջապես, դուրս է գալիս, որ ժողովը ունեցել է աննպաստ արդյունք հենց թելադրիչների համար։

Այսպես է պատմում Հ. Ա., որը սուտ, որը խեղաթյուրած, որի էլ մի մասը, որ բոլորովին ուրիշ բան դուրս գա։

Սրան եթե ավելացնենք ալն տողերը, որոնցով Հ. Ա. պաշտպանում է իր սիրած հայհոյանքն ու զրպարտությունը, որին ինքն անվանում է մամուլի ազատություն, պատկերը ավելի պարզ կլինի։ Նա դեմ էր, որ ժողովը իր վերաբերմունքը հայտնի մամուլի որոշ մասին (ոչ միայն «Հովիտին»)։ Ինչո՞ւ։ Թող հասկացողը տա պատասխանը։ Չէ՞ որ մի մարդ, որ շարունակ հայհոյում է մամուլի այս կամ այն օրգանը ու դա չի համարում հանցանք մամուլի ազատության դեմ, անկարելի բան է, որ այդքան վրդովվեր, երբ մի ժողով ուզում է ցույց տա իր վերաբերմունքը դեպի մի չարախոս ու հանցավոր մամուլ։

Բայց դեռ ավելի վատը կա։ Մամուլի ազատության մասին խոսելիս Հ. Ա. աղաղակում է. «Պարոննե՛ր, դուք նողկանքի քվե չեք տալ «Ազատամարտին», «Հայրենիքին», «Ասպարեզին» ու «Առավոտին»։ Հասկանո՞ւմ եք, թե սրանով ի՞նչ է ուզում այս անհամակրելի հոգին։ Ուզում է վախեցնել ու վախեցնելով լռեցնել հակառակորդներին, մեղադրելով թե՝ դուք նրանց մարդիկն եք, թեկուզ դուք այն թերթերի դեմ լինեք, նրանք էլ ձեր դեմ, թեկուզ դուք նրանց լինեք պախարակելիս, նրանք էլ ձեզ, թեկուզ ինքն էլ հաստատ գիտենա, այդ չի նրա միտքը, այլ այն, որ ձեզ վախեցնի։ Հոգու մի ծայրահեղ այլանդակություն, որ վերջերս ցույց են տալիս անհատներ ու մամուլի օրգաններ, սուտ, միանգամայն սուտ պաշտպան հանդիսանալով՝ ով իրենց պաշտպանության կարիքը չունի, այդ ձևով աշխատելով վնասել իրենց անձնական հակառակորդներին։ Այսպես են անում հատկապես այն օրգանները, որոնք սպառել են իրենց հին ստերի պաշարը և այլևս հող չունեն իրենց ոտի տակ։ Բարեբախտաբար սա էլ երկար չի տևելու, որովհետև ամենքն էլ գլխի են ընկել ու դեռ ավելի են ճանաչելու, թե ինչն է սրանց փորացավը և, ինչքան կեղտոտ ու սուտ են այն ճանապարհները, [ 276 ] որ ընտրել են սրանք իրենց ավելորդ գոյությունը քարշ տալու համար։

Սակայն գանք գործին։

Դեկտեմբերի 20-ի առավոտյան պ. Հ. Խունունցի նախագահությամբ շարունակվում էր պատգ<ամավորական> ժողովը։ Ընտրված մասնաժողովը տալիս էր իր զեկուցումը, ժողովը զբաղվում էր Կարապետ եպիսկոպոսի հրաժարականի խնդրով։ Պատգամավորների մի մասը չկար, հեռացել էր Էջմիածնի կայարանը, ոմանք գնացին հենց ժողովից, ուր բարձրաձայն հայտարարվեց, թե ով գնալու է՝ շտապի։ Գնացել էր և Հ. Ա.։ Ուրեմն ժողովը շարունակվում էր, դեռ չէր եկել մի եզրակացության, որ Հ. Առաքելյանը Թիֆլիսի ճանապարհին էր։

«Մշակի» № 285-ում էլ մինչև անգամ հայտարարված է, որ նա Թիֆլիս է հասել 21-ի առավոտյան ժ. 6-ի գնացքով։

Եվ սակայն «Մշակի» հենց նույն համարումն էլ հեռագիր է տպված Էջմիածնից Հ. Ա. ստորագրությամբ, հեռագիր, որ ժողովի եզրակացությունն է հաղորդում «Մշակի» բախտավոր ընթերցողներին։ Այսինքն հեռագիր է տալիս Էջմիածնից այն ժամանակ, երբ Էջմիածին չի եղել և այն ժողովի քննությունն ու եզրակացությունն է հաղորդում, որ չի տեսել։ Եվ մինչդեռ սովորաբար հեռագիրների վրա գրած է լինում օրը, ժամն ու վայրկյանը, այդ կեղծ հեռագրի վրա չկա. միայն տպած է դեկտ. 20։ Վերջապես ի՞նչ երկարացնենք, բոլոր ժողովին մասնակցող պատգամավորները վկա, որ նա չկար։ Մազալուն ինչ է. այդ հեռագրում այնպես է դուրս բերում, իբրև թե որոշ մարդկանց (իմա՝ Կարապետի ու Բենիկի) դեմ գրգռումներ առաջ բերող խմբակը, ինչպես ինքն է անվանում, չէր կամենում Կարապետ եպիսկոպոսի հրաժարականը երևան գա։

Հասկանո՞ւմ եք. այսինքն պահանջողները չէին ուզում, և մասնաժողովը ընտրվել է իբրև թե սրանց հակառակ, որ Կարապետ եպիսկոպոսից հրաժարականն ստանա։ Ուզում է աշխարհքին հավատացնի, թե այն մարդիկ, որոնք գոռում էին, թե հրաժարականը բերեք հրապարակ, որոնք նույնիսկ տպագրությամբ են պահանջել այդ, նրանք դեմ էին հրաժարականի [ 277 ] դուրս գալուն։ Եվ իր սարքովի հեռագրի մեջ պատմում է, թե հրաժարականն ստացվեց Կարապետ եպիսկոպոսից, ժողովը կարդաց և գտավ, որ գրության ոճը ըստ տոնի և կարգապահության թույլատրելի չէ, բայց գրությունը վրդովեցուցիչ ոչ մի հանգամանք չի կրում։ Դարձյալ սուտ։ Եղած ժողովից որ ստեր է գրում, չեղած ժողովից ինչե՞ր կգրի։ Ժողովն այսպիսի բան չի գտել, թե Կարապետ եպիսկոպոսի գրությունը վրդովեցուցիչ ոչ մի հանգամանք չի կրում։ Ժողովը, այն ժողովը, ուր չի եղել Հ. Ա., բայց որի անունից խոսում է, հանել է հետևյալ եզրակացությունը. «Կարդալով տ. Կարապետ եպիսկոպոսի հրաժարականը Ատրպատ<ականի> թեմի առաջնորդությունից պատգամ<ավորական՝> ժողովս իր վիշտն է արտահայտում այնտեղ կիրառած՝ մի քանի անպատշաճ խոսքերի ու ոճերի նկատմամբ։ Բացի այս, լսելով միաբաններից ոմանց և Էջմիածնի իրականությանը մոտ տեղյակ մի քանի անձերի ծանուցումները միաբանության մեջ տիրող ներկա տխուր իրականության մասին, ժողովս հայտնում է իր խորին վիշտը այդ առթիվ։ 20 դեկտ. 1910. ս. էջմիածին»։

Ահա ժողովի հանած որոշումը, որ ժողովի կողմից նախագահ պ. Խունունցը տարավ Տ. Տեղակալին։ Ոչ մի խոսք չկա այն մասին, թե Կարապետ եպիսկոպոսի գրությունը վրդովեցուցիչ ոչ մի հանգամանք չի կրում։ Եվ, ինչքան էլ մեղմ վարվեր, ինչպես կարող էր պատգ<ամավորական> ժողովը չքմեղացնել այնպիսի մի գրություն, որի մասին գաղափար տալու համար մի կտոր դնում եմ ընթերցողի առաջ։ Ահա.

Առ Նորին Վեհափառություն

Տ. ՄԱՏԹԷՈՍ Բ. ՍՐԲԱԶԱՆԱԳՈՒՑՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Վեհափառ տեր

Ծանրապես վիրավորեցիք ինձ երեկ՝ «Դուք սուտ եք խոսում» ասելով երեսիս և դուրս հանելով Ձեր սենյակից այնպիսի մի խոսքի համար, որի ճշմարտությունը հաստատել [ 278 ] բազմաթիվ վկաներով դժվար չի լինի։ Ձեր վեհափառության հանդեպ, թե ամեն քննադատություն և դժգոհություն Ձեր միամյա հայրապետության դեմ ծագումն է առնում այն խմբակից, որ Օրմանյան սրբազանի կաթողիկոսացումը կուզեր և չհաջողեց, ես առարկեցի, թե նոր եկած լինելով Թիֆլիսից և հասարակության զանազան շրջանների հետ շփումն ունեցած՝ կարող եմ հավատացնել, որ ընդհանուր տրտունջը Ձեր ոչ անկախորեն, այլ մի քանի շրջապատողների թելադրությամբ գործելուն դեմ է, ու ոչ մի կապ չունի սրբազան Օրմանյանի անվան հետ, և ահա ըստ պահանջման Ձերդ վեհափառության փաստ բերած լինելու համար և մի զգալի օրինակ, թե ինչպես պատահել է Ձեզ՝ կողմնակի ազդեցությանց շնորհիվ, Ձեր իսկ երբեմնի հայացքների հակառակ գործել, ասացի որ մի տարի առաջ շատ աննպաստ կարծիք ունեիք Եփրեմ վարդապետ Սուքիասյանի մասին, և, այնուամենայնիվ, եպիսկոպոս օծեցիք նրան՝ առանց ժողովրդական պահանջի, առանց որևէ ստիպողական հանգամանքի։ Այդ անվանեցիք ստախոսություն, բայց համարձակվում եմ պնդել, որ ինձ ևս ասել եք, ուրիշներից ևս լսել եմ, թե կարևոր դիրքերում անարժանաբար պաշտոն վարող հոգևորականների իբրև տիպար ներկայացնելով Եփրեմ վարդապետին՝ ասել եք շարունակ կարտ է խաղում և հաճախ գտնվում իր կոչմանը անվայել շրջապատի մեջ։ Արդ՝ եթե Ձեր ասածը չեք հիշում, հիմք կա՞ր դորա համար անարգելու իմ մարդկային արժանապատվությունը և Ձերդ սուրբ օծության ձեռքից ընդունած եպիսկոպոսական աստիճանս՝ վերագրելով ինձ ստախոսության վատ հանցանքը, որին ընդունակ չեմ եղել իմ տղայության օրերում անգամ։ Ձերդ Վեհափառությունից, իբրև տիրոջ օծյալից և հոգևոր հորից, տարա ես այդ ծանր վիրավորանքը, բայց պետք է ընդունիք, հարկավ, որ հեշտությամբ չեմ մարսի և չեմ վերցնի ինձ վրա այն դառն արհամարհանքը, որի առարկա կամեցաք ինձ դարձնել, այլ փակված համարելով իմ առաջ Վեհարանի դռները կհասկանամ միանգամայն, թե ինչ ընթացք է մնում բռնել ինձ Ձերգ Սրբության ակներև անբարեհաճության և բացարձակ անվստահության հանդեպ»։ [ 279 ] Բայց առաջ գնանք դեռ.

Հ․ Ա․ հավատացնում է, թե մի խմբակ էր, որ Կարապետ եպիսկոպոսի հարցը հարուցանելով ուզում էր գրգռումներ առաջ բերի որոշ մարդկանց դեմ։ Սուտ է ասում Հ. Ա.։ Բոլոր պատգամավորներն էին վկայում, թե հուզված է իրենց ժողովուրդը, թե Էջմիածնի վերջին դեպքերը ծանրացած են մարդկանց խղճմտանքի վրա և կուզենային մի բան պարզվեր, որ մի հաստատ տեղեկություն տանեին իրենց ղրկող ժողովուրդներին։ Հարցը հարուցանողը եղել է հենց «Մշակի» աշխատակից պ. բժ. Վ. Արծրունին, իսկ որոշումը կայացել է գրեթե միաձայն։

Նա հավատացնում է «Մշակի» ընթերցողներին, թե ժողովի արդյունքը աննպաստ եղավ թելադրիչների համար։

Դարձյալ սուտ է ասում։ Ինչպես հայտնի է աշխարհքին, ժողովը այդ դեպքերի առթիվ իր խորին վիշտն է հայտնել Տ. Տեղակալին։ Եվ ճշմարիտ էին աղաղակում միաբաններից պատվասերները, թե երբեք Էջմիածնի միաբանությունը այսպիսի ծանր հարված չի տեսել։

Բժ. Աբծրունու հարցը դնելուց հետո, երբ ես բացատրեցի թե ինչու և ինչպես է «Հորիզոնը» այդ խնդիրը դրել հրապարակ և առաջարկեցի Կարապետ եպիսկոպոսի հրաժարականը բերել կարդալ ժողովում ու գործը պարզել, Հ. Ա. վեր կացավ առարկեց, թե դա կուսակցական գործ է, թշնամական կիրքն է խոսողը, ինչո՞ւ միայն Կարապետին են դատում, ինչո՞ւ Մեսրոպին էլ չեն դատում։ Ես դիմեցի ժողովին ու ասի. երբ այս տեսակ խոսք է լինում, ես կարևոր եմ համարում ամենից առաջ պատգ<ամավորական> ժողովում պարզել թյուրիմացությունը և վերացնել ամեն կասկած կուսակցության կամ թշնամական կրքի մասին։ Եթե Կարապետ եպիսկոպոսն ինքը գա ասի, թե ես կուսակցական եմ եղած կամ իրեն թշնամի — ետ եմ առնում իմ բոլոր խոսքերը։ Ընդհակառակը, մինչև այսօր մենք եղել ենք բարեկամներ։ Մոտ օրերս էլ Թիֆլիս նա իմ տանն էր։ Նա եղել է իմ գրական ջերմ բարեկամներից․ մինչև անգամ վերջին օրերս, մարդկանց ներկայությամբ ասում էր՝ հայոց մամուլը (ձեռքը մեկնելով Հ. Ա.-ին) քեզ լավ չի գնահատել, [ 280 ] հատել, ես հրապարակական դասախոսություն եմ կարդալու այդ մասին։ Այսպիսով, ժողովը տեսնում է, որ մենք բարեկամ ենք եղած, և իմ վրդովմունքն ու բողոքը չեն բխում ոչ կուսակցությունից, ոչ թշնամությունից։ Ինչ վերաբերում է նրան, թե Մեսրոպին ինչու չեն դատում, եթե նա էլ է հանցավոր՝ բերեք դատենք նույն անաչառությամբ։ Եթե Կարապետի դեմ մի հոդված եմ գրել, նրա դեմ երկուսը գրեմ, թեև այս րոպեին էլ նրա հյուրն եմ։

Հիմի նայեցեք թե Հ. Ա. ինչպես է պատմում այս դեպքը «Մշակի» մեջ։ Առանց հայտնելու, որ ինքն է տվել պատճառը, դուրս է բերում, որ ես ինձ ու ինձ վեր եմ կացել և ժողովում հայտարարել, թե «Կարապետ եպիսկոպոսը իմ անձնական բարեկամն է, ես նրան հարգողներիցն եմ, նա ևս ինձ հարգում է և բարեկամս է, ապացույց հենց այն, որ երբ նորերս Թիֆլիս էր եկել, նա եկավ «Հորիզոնի» խմբագրությունը և ցավ հայտնեց, որ հայ ժողովուրդը ինձ, բանաստեղծիս, այնպես չէ գնահատում, ինչպես հարկն է (Ձայներ ժողովի միջից. ի՞նչ կապ ունի այդ խնդրի հետ»․ ծիծաղ). «Մշակ», № 188։ Եվ այս դեռ նրա այն պատմածներիցն է, որի մեջ գոնե մի երկու բառ կա իմ ասածներից: Դուրս է բերել մասխարություն, ծիծաղն էլ կպցրել պոչիցը։ Ճշմարիտ որ իմ ծիծաղն էլ է գալի, երբ տեսնում եմ այսքան անուղղելի մի մարդ, միշտ նույնը, միշտ նույնը։ Եվ սրա համար և՛ գրականություն, և՛ գիտություն, և՛ մամուլ մասխարություններ են։

Այնուհետև ես պատասխանել եմ Բենիկ և Արտակ վարդապետներին։ Եվ ինչ լավ է, այն թուղթը, որի վրա նշանակել եմ պատասխանելիք կետերը, մոտս է մնացել։ Բենիկ վ<արդապետի> այն խոսքերին, թե մենք եկել ենք դատապարտելու Կարապետ եպիսկոպոսին, պատասխանել եմ, թե մենք չենք, որ այժմ պիտի դատապարտենք Կարապետ եպիսկոպոսին․ նա արդեն դատապարտված է, այժմ պետք է արդարանա, եթե կարող է, և ամենից շատ ես ու Լեոն կլինենք ուրախ ու ամենից առաջ «Հորիզոնը» կհայտարարի այդ մասին։ Հրաժարականը բերեք կարդացվի ժողովի մեջ, թող բացատրություններ տան, խնդիրը պարզվի, թեկուզ ինտելիգենտ [ 281 ] մարդիկ մնան նույն կարծիքի, գոնե դատապարտությունը կարող է մեղմանալ մեծ հասարակության առաջ, որի մեջ տարածված են շատ ավելի ծանր մեղադրանքներ։

Այս էլ այսպես է տվել իր ընթերցողներին Հ. Ա., Հ. Թումանյանը ժողովում հայտնեց. «եթե «Հորիզոնը» այդ հարցը դրել է հրապարակի վրա, Կարապետ եպիսկոպոսի պատվի պաշտպանության համար է դրել…»։

Սա կարող է վաղն էլ հավատացնել, որ այս հոդվածներն էլ եթե գրում եմ, Հ. Ա.-ի պատվի համար եմ գրում։ Եվ ութսուն հոգի էլ կկանչի վկա։ Չէ՞ գիտի, ինչ աշխարհքում է գտնվում։

Բենիկ և Արտակ վարդապետները ժողովում խոսեցին այս բովանդակությամբ։ Բենիկը, որ խոսելուց հետո գնաց, սկսեց Կաթ<ողիկոսի> հիվանդությունից։ Բացատրեց, որ վերջին վրդովմունքից չի նա հիվանդացել, այլ սրտի արատ ուներ վաղուց, և դեռ մի տարի առաջ Պոլսից բժշկական վկայությամբ այդ մասին գրել են Էջմիածին ու ազդարարել, որ գզույշ վարվեն հետը։ Պատմեց, որ դրսի թերթերն են ազդել առավելապես, որ, ճշմարիտ է, ընդհարումներ են եղել, բայց դրանք անխուսափելի են, որ ինքն էլ իր թղթերի մեջ խիստ խոսքեր է գործածում, բայց ճշմարտություններ են, որ ասում են իրենց հորը — հայրապետին, որ հայրապետը իրենց հայրն է, միաբանները որդիները, հոր ու որդիների մեջ շատ բան կպատահի, դրսից մենք չպետք է այդպես միջամտենք։ Ավելացրեց, թե Կաթ<ողիկոսը> անսխալական չի. մեր պատմության մեջ դեպքեր են եղել, երբ կաթողիկոսներին նույնիսկ գահընկեց են արել, ու օրինակ բերեց Եզրին ու նմաններին, և չգիտեմ ինչու, հիշատակեց, որ հայ ժողովրդի մեջ քրիստոնեություն չկա։ Իսկ Արտակ վարդապետը խոսեց այն մտքով, թե ինչո՞ւ միայն Կարապետից են խոսում, մենա՛կ Կարապետը չի այդպես, և այս դեպքը եզակի չի Էջմիածնի միաբանության կյանքում։

Եվ ահա այն պատասխանը համառոտ, որ ես տվել եմ սրանց.

«Տարօրինակ պաշտպանություն են հանձն առել հայր սուրբերը։ Մենք կարծում էինք, թե Իզմիրլյանի հետ կռվելիս [ 282 ] սրանք մտածել են, թե գործ ունեն առողջ մարդու հետ, բանից դուրս է գալիս՝ դեռ մի տարի առաջ սրանք հաստատ իմացած են եղել և նախազգուշացրած Կ. Պոլսից, թե սրտի հիվանդություն ունի Վեհը, զգույշ եղեք։ Եվ այս բանը, այսքան պատմություններից հետո, գալիս են բարձրաձայն հայտարարելու հայ ժողովրդի ներկայացուցիչների ժողովում, և հետն էլ դեռ պարծենում են, թե՝ այո, մենք խիստ խոսքեր ենք գործ ածում։ Սրանք գալիս են հայտնելու՝ այն ժամանակ, երբ մենք ճնշում էինք նրան, նա արդեն ճնշված էր արտաքին հանգամանքներից։ Եվ մեզ համար բացվում է, որ նա ճնշված լինելով ամեն կողմից, օգնություն ու նեցուկ, և գոնե կարեկցություն չի տեսել նույնիսկ նրանց մեջ, որոնց վրա պետք է դներ իր հույսը, և որոնք աղաղակում են, թե կաթողիկոսը մեր հայրն է, մի մտեք հոր ու որդիների տարաձայնությունների մեջ։ Ո՛չ, նա ձեր հայրը չի, այլ հայ ժողովրդի ընտրած ամենայն հայոց կաթողիկոսն է, և դուք, որ կոչված եք նրան օգնելու, երբ վեր եք կենում նրա դեմ թեկուզ որդու անունով, և ուզում եք խեղդել ձեր մանր մունր հաշիվների ու փառասիրության համար, հայ ժողովուրդը պարտավոր է միջամտելու, պաշտպանելու իր ընտրյալին, և որքան խիստ կլինեն ձեր դավերն ու հարձակումները, այնքան էլ խիստ պետք է լինի մեր միջամտությունը։

Հ<այր> Բենիկն ասում է. Կաթողիկոսն էլ սխալական է, քննադատելի և ներկա դեպքն արդարացնելու համար օրինակ է բերում Եզրին ու նմաններին, մեր պատմության միջի վատերին։ Մենք, գոնե այսօր, այն կարծիքին չենք, թե Իզմիրլյանը մի Եզր է. ընդհակառակը, ամենքս համարում ենք մի ազնիվ ու մաքուր անձնավորություն, նույնիսկ հակառակորդները, որ պսակներով եկել են շրջապատել նրա շիրիմը։ Եվ քանի դեռ այս կարծիքին ենք, կմիջամտենք ու հաշիվ կուզենք ձեր արարքների համար ամենայն խստությամբ։ Դուք օգտվելով նրա բնավորության ազնվությունից ու սրտի քնքշությունից, մոտեցել եք նրան ամենայն կոպտությամբ ու չեք խնայել ո՛չ մի կերպ, և մեզանից էլ զիջում չպիտի սպասեք երբեք։ [ 283 ] Դուք ասում եք, որ քրիստոնեություն չկա հայ ժողովրդի մեջ։ Ես համաձայն եմ դրա հետ, և դրա ամենամեծ ապացույցը Էջմիածնի միաբանությունը — դուք եք։ Եթե քրիստոնեության, ավետարանական ոգու գոնե նշույլ լիներ ձեր մեջ, մի՞թե դուք մի առաջնորդության, մի աստիճանի, մի պաշտոնի համար այսպիսի կռիվներ կանեիք և չէիք խնայիլ մինչև անգամ ձեր հայրապետին նույնիսկ ճնշված օրերում, նույնիսկ նրա սրտի հիվանդ ժամանակ։ Ո՞րտեղ է ձեր մեջ քրիստոնեական հեզության, անձնազոհության ու ներողամտության զգացմունքը։ Դուք ասում եք. միայն Կարապետը չի այդպես վարվել, ուրիշներն էլ կան։ Ասում եք. միայն այս դեպքը չի, որ բացվել է ձեր առջև, կան ուրիշ շատ դեպքեր էլ։ Այո՛, ես համաձայն եմ ձեզ հետ, որ միայն Կարապետը չի, գուցե նա ձեր միջի այն դժբախտն է, որ հենց նրա գլխին է փուլ գալիս այս բոլորն այսօր, համաձայն եմ, որ ձեզանից շատերն են նրա նման և նրանից էլ վատ։ Ավելի վատ։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ ձեր վատությունը միայն այնքանը չի, ինչ որ մենք գիտենք, այլ հազար անգամ ավելի վատ, և մենք էլ հազար անգամ ավելի խիստ պիտի միջամտենք, եթե այս ամենը մեզ համար մի որևէ արժեք ունեն»։

Ահա 20-ի երեկոյան պատգ<ամավորական> ժողովում իմ տված պատասխանը Հ. Ա.-ին, և Բենիկ ու Արտակ վարդապետներին, որ թե ինչպես է դրել հրապարակ Հ. Ա., թող դատեն այն 80 վկան, որոնց անունը նա համարձակվում է տալ։ Իմը աղճատել, խեղաթյուրել ու ստել է, որովհետև ես մի տեսակ իրեն հակառակորդն էի դուրս եկել, կամ ինչպես իր թևի տակի մարդն էր անվանում, պրոկուրոր, իսկ մյուս պատգամավորների խոսածները, որոնցից շատերը շատ լուրջ խնդիրների վրա էին ու գեղեցիկ, իսկի չի էլ հիշատակել այն մարդը, որ ամեն բան վերագրել է իրեն և իր ամենադատարկ խոսքն էլ զարդարել ու ղրկել «Մշակի» բաժանորդներին, որ դրա համար փող ուղարկեն իրեն։ Դեռ չի վերջացել։