Սիրելի Ալեքսանդր Ֆեոդորովիչին Ձիու մռութ

Եղիշե Չարենց

Գարուն

[ 480 ]

ՁԻՈՒ ՄՌՈՒԹ


Դուք որ այնքան անհամբեր
Թռչում ես հեռուն —
Ի՞նչպես, ի՞նչպես քեզ խաբեց
Մի ձիու մռութ։

Ինչո՞վ նա քեզ գրավեց
Ու դարձրեց չար,
Ու թռիչքը քո այն վեհ
Այդպես քաշեց վար։

Թե՞ թախիծն էր քեզ խեղդում

Այնքա՛ն հուսաբեկ,
Որ կուզեիր անգամ դու
Ձիու հետ կապվել։

Կամ թե ստվե՞րն էր նա սև
Անցյալի այն չար,

Որ մեր ուղին այս լուսե
Ստվերում է հար։

Այն ոխերիմ, այն նեխած
Անցյալի հեռուն,
Որ օրերում մեր այս պարզ

Հագել էր դեմք շպարված
Ու դարձել մռութ։

[ 481 ]

Հիմա անցել է արդեն
Այն մշուշը սև,
Սրտումդ լու՜յս ու վարդեր,

Շուշաններ լուսե։

Ու քո հոգում անհանգիստ
Հիմա վառված հար`
Հուրհուրում է այն կյանքից
Հիշատակ մի վառ։

Այնպես հաշտ ես դու քեզ հետ,
Այնպե՜ս մտերիմ։
Լուսավորում է ուղիդ
Մի լուսե շիրիմ։

Ու քո հոգին անհանգիստ

Այդ լուսով վառված՝
Ահա կրկի՛ն այս կյանքից
Լուսավոր կապված։

Եվ քո դիմաց, ահա տե՛ս,
Երկի՛ն դրոշներ,

Ու պայքարներ ահա մեծ
Եվ ուղիներ վեհ...

Ու զառանցանք է թվում
Այն մթին հեռուն,
Երբ երերաց օրերում

Մի ձիու մռութ։

Ու քո հոգում հիմա հաշտ
Այդ մռութը սև
Դառնում է սև մի երազ,
Զուռանցանք նսեմ։

[ 482 ]

Եվ ցավում եմ հիմա ես,
Որ ապագա գրքերում
Քեզ հետ հիշվի պիտի սև
Մի ձիու մռութ։

Բայց մոռացի՛ր, եղիր հա՛շտ,

Քեզ հետ մտերիմ՝
Լուսավորում է ուղիդ
Մի լուսե շիրիմ․․․

Ու քո հոգին անհանգիստ
Այդ լուսով վառված՝

Ահա կրկի՛ն այս կյանքին
Լուսավոր կապված։

Եվ քո դիմաց ահա տե՛ս՝
Երկի՛ն դրոշներ,
Եվ պայքարներ ահա մեծ,

Եվ ուղիներ վե՛հ․․․

<1927>