Ներկարար թագավորը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Ձյունիկ ձին)

Վարդան Հակոբյան

Մողեսիկը

Մեր Մեծ քարի մասին աշխարհը չգիտե։ Բայց այն նշանավոր է։ Ինչո՞վ՝ կասեք դուք։ Պատմեմ՝ լսեք։ Ուրեմն, մեծ պապիս ձին մի օր կորչում է։ Փնտրում է պապս, չի գտնում։ Մութն ընկնում է։ Ստիպված մոմաճրագը վառում է, դնում Մեծ քարի վրա, որ շրջակայքը լրիվությամբ երեւա։ Եվ հանկարծ ձիու խրխինջ է լսվում։ Կանչում է պապս, ձին գալիս է, բայց՝ որպես երազ։ Պապս շրջվում է, որ ճրագը վերցնի, տեսնում է այն աստղ է դարձել ու քարին պսպղում է։ Էլ ձեռք չի տալիս։

Մեծ քարի շուրջը ուշ մայիսին, ամեն տարի մի քանի օր, գիշեր չի լինում, լինում է միայն ցերեկ։ Ամենուրեք պսպղացող ծաղիկները լույս են արձակում, շատ նման են աստղերի, դրա համար մարդիկ նրանց կոչել են աստղածաղիկներ։

Պապիս ձին միայն աստղածաղիկների մեջ է պահվում եւ սիրում է մարդկանց այցելել երազների մեջ. եթե որեւէ մեկը ուզում է թռչել կամ մի տեղից ուշացած է լինում, թեւավոր այդ ձին գնում, նրա խնդրանքը կատարում է։ Դրա համար պապս միշտ ասում է՝ ձին մուրազ է, որ երազում տեսնես, ուրեմն՝ հասնելու ես նպատակիդ։ Գուցե թե երազում դուք էլ ուզենաք կանչել, անպայման կգա, իմացած եղեք՝ ձիու անունը Ձյունիկ է։