Մողեսիկը
Օձ է, օձ չէ։ Լորտու է, լորտու չէ։ Խլուրդ է, խլուրդ չէ։ Աղվես է, աղվես չէ։ Շուն է, շուն չէ։ Մարդ էլ չէր։ Բա, լավ, ի՞նչ էր։ Ի՞նչ անուն տալ։ Եվ այստեղ վիճողներից մեկը մատը տնկեց վեր.
-Հարկավոր է խելոք գործ բռնել։
-Հրամանքդ։
-Նախ՝ որոշեք, թե որ կենդանու հատկանիշներն են ավելի շատ նրա մեջ, նոր միայն մտածենք անվանակոչության մասին։
-Ճիշտ է, ճիշտ է,- ոգեւորվեցին այս ու այն կողմից։
Սկսեցին հիշել նրա հատկանիշները։
-Մեր մեջ նրանից խորամանկ աղվես չկար,- պոչի ծաղիկը քթի տակ պահած՝ խոսեց մի աղվեսիկ։
-Մի կտոր ոսկորի համար ամբողջ գիշեր իր հաչոցներով չէր թողնի, որ աչք փակենք,- հիշեց դունչը վեր ձգած մի շուն։
-Չէ, ես համաձայն չեմ,- խլուրդը մեջտեղ ընկավ քաշվելով,- նրա նման ոչ մեկը չէր կարող ոտնատակի հողը փորել, տակով գնացող որ ասում են՝ էդ հենց նա էր, մենք նրա մոտ «մըշտըլըղ» չենք...
-Ես խնդրում եմ երեւույթները չշփոթել, լորտուն նրա հետքով գնում էր ու ընկնում, շունչը փչում։ Ճի՞շտ է, ճիշտ է, շունը նրա շնչած-հաչած օդը շնչում էր, ընկնում, շունչը փչում, ճի՞շտ է, ճիշտ է, աղվեսը նրա կողքով քայլ էր անում, ընկնում, շունչը փչում էր։ Ճի՞շտ է, ճիշտ է։ Ինչի՞ց էր։ Մտածե՞լ եք,- խոսեց ամենատարեցը։
-Իսկապես,- ամեն կողմից արձագանքեցին։
-Ուրեմն,- շարունակեց ամենատարեցը,- իմացեք՝ նա արտադրում էր լեղի...
Այստեղ օձերից մեկը գլուխը հանեց քարի տակից.
-Ամենեւին էլ սողուններին մի վիրավորեք։ Որ այսպես տեսնում եմ՝ նրան, ի վերջո, օձ եք անվանելու։ Օձը իմաստուն կենդանի է՝ բոլորը գիտեն։ Ասացեք, ապա, նրա էշությանը ով կհասներ... Զռռոցները մոռացե՞լ եք... Այդ հավաքին էշերից մասնակցող չկար։ Եվ այն է՝ ուզում էին կնքել էշ նորահայտ կենդանուն, երբ ծմակի մի ծայրին զռռաց երկարականջը.
-Էշերին մի վիրավորեք... Էդ ո՞ր էշ է կյանքում թույն արտադրել։ Էշը համեստ, նվիրված, աշխատասեր արարած է... ամոթ չէ՞...
Այս խոսքի վրա իրարով անցան, վիճեցին, տվին-առան։ Վերջում ամենատարեցը մատը նորից վեր բարձրացրեց.
-Լեղի արտադրելը նրա ամենաէական գիծն է...Ուրեմն, պիտի եզրակացնել, որ սողունների ցեղին է պականում...
-Միանգամայն ճիշտ է,- արձագանքեցին բոլորը։ Միայն սողունները լռեցին, դեհ, որքան էլ վիրավորական իրենց համար, այնուամենայնիվ, ստիպված էին ընդունել ճշմարտությունը։ Ձայների միահամուռ մեծամասնությամբ կատարվեց նորատեսակ կենդանու անվանակոչությունը։ Ու որոշեցին անվանել Լեղունի։ Եվ ահա, շատ ժամանակ չանցած, Լեղունին ծնեց «զավակ»։ Սկզբում ինքը՝ Լեղունին էլ չկարողացավ պարզել՝ արու է, էգ է, ինչ կենդանի է։ Չհասկացավ։ Տեսավ, որ կարող է խորտակվել, ըստ պապերի ավանդության, կնքեց նրան՝ Մողեսիկ։ Բայց Մողեսիկը չի աճում։ Ավելին, հետո պարզվեց, որ ժառանգաբար լեղի արտադրելու հատկանիշը չի հաղորդակցվել նրան։ Սա արդեն ողբերգություն էր։ Բայց կարողանում էր քարից քար թռչել։
-Եթե քարերի վրա թռչկոտելու վարժություններ շատ կատարես,- խորհուրդ տվեց Լեղունին,- գուցե թռչուն դառնաս, բարձրանաս բարձր ժայռեր։
-Մեղքը քոնն է,- բողոքեց Մողեսիկը,- լեղի արտադրելու կարողությունդ էլ չես փոխանցել...
Չնայած այս ամենին, Մողեսիկը շարունակում էր խայթել։ Ու մի օր մի խլեզ, տեսնելով Մողեսիկի ողորմելի վիճակը, նրան ձեռ առավ.
Մողեսիկ, Մողեսիկ,
Մեղք ես, մեղք ես, Մողեսիկ,
Կեղտոտ-մեղտոտ Մողեսիկ,
Անձեռ, անոտք Մողեսիկ...
Մողեսիկը լսեց այս խոսքերը ու զայրացավ։ Վազեց ուղիղ Լեղունու մոտ, թե.
-Մի քիչ լեղի տուր, գնամ խայթեմ... Ինձ ձեռ են առնում...
Լեղունին մի քիչ մտածեց ու լեղապարկից հանեց մի ատամ թույն ու տվեց ձագին.
-Տար, ով պատահի՝ խայթիր... որ մյուսներն էլ վախենան։
Մողեսիկը ճանապարհ է ընկնում։ Առաջինը նրան հանդիպում է մի թռչնաձագ։
-Ո՞վ ես դու...,- հարցնում է Մողեսիկը։
-Ե՞ս... թռչուն եմ։
-Ո՞ւմ ձագն ես։
-Արծվի...
-Արծվի՞... Ինչ է դա։
-Մեծ թռչուն է։ Ժայռերում է ապրում։
-Ժայռերում։ Բա մենք էլ ենք ժայռերում ապրում... նույն ցեղից ենք։ Արծվի ձագը նայեց, նայեց ու վիրավորեց. «Այս սողունը որտեղից եկավ, թե մենք էլ ենք ժայռերում ապրում»։
-Բայց մենք քարի վրա ենք լինում, դուք քարի տակ, մենք թռչում ենք, դուք... սողում։ Ո՞նց կարող ենք մի ցեղից լինել։ Կարող է՝ հարեւաններ ենք...,- դիմացինի քեֆին չդիպչելու համար վրա բերեց արծվաճուտը։
-Այդպե՞ս... Հա... Դե, լավ...,- ասաց Մողեսիկը ու մայր Լեղունուց առած թույնի ամբողջ պարունակությունը նետեց արծվաճուտի աչքերի մեջ։
-Այս ի՞նչ է,- արծվաճուտը միանգամից կուրացավ,- աչքերս չեն տեսնում։
-Դա դեռ քիչ է,- ոգեւորվեց Մողեսիկը եւ ուրախ-ուրախ վազեց տուն, որ մորը պատմի իր «քաջագործոււթյան» մասին։ Բայց վերադարձին ինչ տեսավ։ Մայր Լեղունին գամվել է անկողնուն։ Ինչ էր պատահել։ Դա շատ անհանգստացրեց Մողեսիկին։ Բանն այսպես էր։ Լեղունին՝ աջ ու ձախ, ընկերներին, հարեւաններին, վերեւներին, ներքեւներին թույն էր սրսկում պարբերաբար, բայց ունեցած թույնը այնքան էր շատ (ձագին չանցնելու պատճառով), որ էլի չէր վերջանում խայթելուց, չէր պակասում։ Մտածեց մի օր, որ կարելի է խայթել նաեւ բույսերին, ծառերին...
Լեղունին այդպես էլ վարվեց։ Առաջին փորձը շլացուցիչ էր։ Լեղին սրսկեց մի վարդի թփի, վարդը աչքի առաջ իսկույն խորշոմեց, դեղնեց, չորացավ, տերեւ-տերեւ թափվեց հողին ու... կարծես այլեւս չկար։ Բայց դա էլ նրան չօգնեց։
-Ինչ անել, Մողեսիկ,- իր միակ հարազատին հարցրեց Լեղունին, ուրիշ ձագեր չուներ։
-Տանենք հեքիմի մոտ,- առաջարկեց տեսության եկած քթաթանթռոշը։
Հեքիմը երկար զննումներ չկատարեց։ Ուղղակի նայելով՝ ճշգրիտ եզրակացության եկավ։ Ախտորոշումը արված էր.
-Պիտի անընդմեջ խայթի... Ուրիշ ելք չկա։ Ներսում վայրկյանում արտադրվում է անհամեմատ մեծ քանակությամբ թույն, որը չի սպառվում։ Կուտակումներից էլ վիճակը վատթարանում է։
Այդ օրվանից Լեղունին սկսեց ավելի արագ ու ավելի մեծ պարունակությամբ լեղի կաթեցնել բուսական ու կենդանական աշխարհում՝ որտեղ պատահեր։ Ավելին, ստանալով Սողունստանի հեքիմ Օձունու խորհուրդը, սկսեց թույն թափել նաեւ այն աղբյուրների ակունքներում, որտեղից ջուր էր խմում։
Մի պահ վիճակը լավացավ։ Մողեսիկը ուրախացավ։
-էս ա՝ լավանում ա։
Բայց չէ։ Դա խաբկանք էր։ Որքան էլ Մողեսիկը դույլը առնում ու ինքն էլ իր հերթին էր նրա արտադրած լեղին «իրացնում», միեւնույն է, բան չէր դուրս գալիս։ Մի հավք տեսնելով Մողեսիկին այդ գործը կատարելիս, նույնիսկ ձեռ առավ հայտնի երգով.
Մողեսիկ, Մողեսիկ,
Դու մող պահող Մողեսիկ...
Մողեսիկի համբերությունը հատել էր։ Ամբողջ թույնը վեր շպրտեց, որ ծառին կանգնած հավքին սպանի... ծառը իսկույն չորացավ։ Հավքը, լավ է, արագ ոստնեց ու թույնը չհասավ նրան... Բայց Մողեսիկը մոռացել էր, որ վեր նետված թույնից մի քանի կաթիլ կարող է ետ գալ ու... Ու իր իսկ նետած թույնից մի քիչ քսվեց Մողեսիկի պոչին... Պոչն իսկույն ընկավ, մնաց պոչատ։ Հավքը, որ երկնքից այս ամենը տեսնում էր, նորից իջավ մոտիկ ծառին ու շարունակեց.
Մողեսիկ, Մողեսիկ,
Կեղտոտ-մեղտոտ Մողեսիկ,
Մողեսիկ, Մողեսիկ
Թունոտ-մունոտ Մողեսիկ։
Մողեսիկը ուժ չուներ այլեւս արձագանքելու, գլուխը կախ եկավ տուն, պատմեց, թե էսպես, էսպես... Լեղունին լսելուց հետո, զառացանքի մեջ, մոտ կանչեց Մողեսիկին ու կտակեց.
-Մեր գերբը էս թույնն է, դու էլ դրանից չունես... Սա մեծ ցավ է ինձ համար։ Մեռնում եմ ես՝ իմ լեղապարկն եմ կտակում քեզ... Քույր-եղբայր ունենայիր, բեռդ մի քիչ թեթեւ կլիներ, ինչ արած, մենակ ես քաշելու լուծը... Բայց քանի որ դու չես արտադրելու լեղի, մեր օխտը պորտին սերնդե-սերունդ իմ արտադրածը հերիք է... Խնամքով պահիր եւ հարկավոր եղած դեպքում օգտագործիր։ Չմոռանաս. «Աշխարհը մեզանով է միշտ ջահել»։ Վերջին բառերն ասելիս աչքերը փակեց։
Մողեսիկը սուգը երկար չպահեց։ Տարիներ անցան։ Բոլորը մոռացել են Մողեսիկին։ Իսկ նա բարձրացել է ժայռը, քանի որ քարից քար ցատկել գիտեր, կարծում էր արծիվ է։ Մայր Լեղունին էլ չկար։ Մտածեց.
-Ազգությունս թաքցնեմ... Ո՞վ կարող է ասել, թե...
Բայց չէ։ Պատահեց այնպես, որ նեղն ընկավ Մողեսիկը ու պաշտպանվելիս խայթեց մի արծվաձագի։ Արծվաձագը իսկույն կտուցով հանեց լեղին իր մարմնից ու այն է, ուզում էր կտուցի մի հարվածով վերջ տալ նենգ Մողեսիկին, վերջինս մտավ քարի տակ։ Մինչեւ այսօր էլ, այդ պահից սկսած, երբ Մողեսիկը երկնքով թռչող արծիվ է տեսնում, վախից ծակեր է փնտրում... Ո՞նց էր պատահել, սակայն, ինչո՞ւմն էր բանը, որ Մողեսիկը խայթեց։
Սողունստանից մեկը նույնիսկ ուրախացավ.
-Լավ է, Մողեսիկի ատամը բուսել է, թույնի ատամը...
Սակայն դա այդպես չէր։ Մողեսիկը ե՞րբ է ատամ ունեցել որ։ Գաղտնիքը ոչ ոքի չէր ասում Մողեսիկը։ Բանն, ուրեմն, այդպես է եղել։ Երբ մայր Լեղունին վախճանվել է, Մողեսիկը բոլորից թաքուն կտրել-վերցրել է նրա լեղապարկը ու իր կողքից կախել։ Միայն թե այնպես, որ ոչ ոք չնկատի։ Երբ դուք էլ Մողեսիկին հանդիպեք քարերում, ուշադիր նայեցեք նրա աջ թեւատակին։ Դեղնավուն մի պարկ կա այնտեղ... ժառանգություն է։ Պինդ է պահում Մողեսիկը...
Այսպիսի բաներ։
Հիմա նայողը չի ասի, թե Լեղունուց է ծնվել։ Օձ է, օձ չէ։ Լորտու է, լորտու չէ։ Խլուրդ է, խլուրդ չէ։ Շուն է, շուն չէ։ Աղվես է, աղվես չէ... Մարդ էլ չէ... Բա լավ, ի՞նչ է...
1983թ.