Հորիզոնները
Ծալեծալ արել իր հայացքի մեջ,
Կանգնել է իմ դեմ.
Եվ սարսուռները տաք են իմ ներսում,
Եվ իմ հոգու մեջ,
Իմ երակներում
Մի անու՜շ, անու՜շ խայտանք են զգում,
Որ անսովոր է անրջանքներիս։
Ասես աղջիկ չէ,
Լուսավոր երգ է՝ աղավնափետուր
Ձյուների վրա,
Դեմքը՝ կրակված զարթոնքով գարնան։
Ասես ձմեռ չէ շուրջը, գարուն է,
Եվ նրա մեղրոտ նայվածքների տակ
Ես կամարված եմ՝
Հիեքիաթի անսուտ ծիածաններով։
Քայլում է կամաց,
Որոնումները տանում են նրան
Առաջին ձյունի երազի միջով.
Ո՞ւմ է որոնում,
Ի՞նչ է որոնում։-
Երջանկություն ու գարուն է փնտրում,
Քնքուշ աղջիկն այդ.
Չգիտե սակայն,
Որ ինքն էլ, ինքն էլ
Գտած-չգտած երջանկություն է։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ձյունի մաքրությամբ քայլում է մեղմիկ,
Իսկ երազները լուռ փաթիլվում են.
Ամեն փաթիլում սիրտ կա երեւի,
Որ նրա շնչից այնպես... հալվում է։