Ղեկավարը
Ստամոքսապահանջարկի բարձրացման մեր օրերում գրողը չի երեւում, որ բարեւն առնեն։ Պիտի նա մարդկանց (մանավանդ՝ ղեկավար) փեշից մեկ-երկու անգամ ձգի, որ իրեն նայեն ու ինքը բարեւի (նախանձելի են շաքարայուղապանրաշորաբրնձային կապերում իրար տեղ իմացող, իրար ջերմորեն բարեւող տղաները)։
Մի օր մարզսովետի գործկոմի նախագահին ասացի.
-Գրողները սոված են, ուրեմն՝ ժողովուրդն էլ է սոված։
Ասաց.
-Մենք ուտելու բան դեռ տալիս ենք աշխատող մարդկանց։
Այս մասին մոռացանք։ Հետո հանդիպեցինք մի քանի անգամ, չբարեւեց։ Իսկ երբ փեշից ձգեցի, ասաց.
-Ներիր, չեմ տեսել...
Ես «խաբեցի» եւ ինքը հավատաց։ Ասացի.
-Ոչինչ, ոչինչ, այսօր արդեն երկու անգամ իրար բարեւել ենք։
Մարզային վերադաս մարմիններում հոգսերը շատ են։ Պատերազմ է կրկնակի (ղեկավար օրգաններում էլի պիտի ընտրվեն), քիթ սրբելու ժամանակ չկա։ Դեհ, ասենք սկի թաշկինակ էլ չկա։ Թանկություն է եւ դեֆիցիտ։