Ճանապարհը տանում է նրան, ով ճանապարհ է տանում

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ Է ՆՐԱՆ, ՈՎ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՏԱՆՈՒՄ

(Զրույց մտերմության)

Սիրելի Կոլյա Բաղդասարյան։ Ուզում եմ զրուցել քեզ հետ, բայց չգիտեմ ինչից եւ որտեղից սկսել, որ խոսքս կիսատ չլինի։ Տարիներ առաջ, երբ ինձ համար բանաստեղծություն էր արտասանում հայրս, ես հայտնվում էի յոթերորդ երկնքում, որտեղ, ավա՜ղ, վաղուց չեմ լինում։ Ես հիմա չեմ փորձի ասել, թե նա ինչպես էր բառերն արտաբերում, ինչպես էի նրա դեմքի վրա ալիքվող կրակի խաղերը ընկալում։ Դա իմ կողմից կլիներ անհեթեթություն՝ զուտ այն պատճառով, որ կան երեւույթներ, որոնք լռության մեջ ավելի իրական են, քան երբ ձգտում ես բառավորել։ Բայց վերջերս, շնորհակալություն պահին, ես նման զգացումներ վերապրեցի, լսելով քեզ՝ արդեն տարիք առած ու ծերունական ճերմակի մեջ այրիդ, տեսնելով քո խիստ ինքնատիպ վառվելը Նար-Դոսի «Ես եւ նա»-ի տողերում։ Այդ վայրկյանին, զուգադիպությո՞ւն էր դա, թե անակնկալ հոսող պատմության, ես նոր էի փակել Դոստոեւսկու գիրքը (ի դեպ, Նար-Դոսը նրան իր ուսուցիչն էր համարում), որտեղ, արդեն քանի օր է, նորից ու վերստին Ռասկոլնիկովի հետ եմ։ Այդպես է, մեղավորները միշտ խուսանավում են, դուրս են մնում, եւ աշխարհը, որ մարդ է փնտրում իր հանցանքները նրա շալակը տալու համար, կանգ է առնում անմեղ-մաքուր-անարատ հոգիների վրա։ Եվ ահա Դոստոեւսկին (փոխելով հայտնի միտքը, ասենք՝ բարության դաժան հսկան) արդեն տանում է իր հերոսին՝ մաքրագործության, ապաշխարանքի. կանգնիր մարդկանց մեջ, ժողովրդի մեջ, խոնարհվիր նրանց եւ հողին ու` աղոթիր... Իսկ նրանք, ովքեր ճարպիկ ու առավել մեղքաշատ լինելու պատճառով երբեք «չեն բռնվում» մեղքի մեջ, այդպես էլ երբեք չեն ապաշխարի, չեն աղոթի... Ուրեմն՝ հազար երանի Աստծո ներմանն արժանացողներին։

Իմ այս մտքերը բացարձակապես կապ չունեն քեզ հետ, սիրելի Կոլյա, կապ չունեն նաեւ Սարգիս հորս (դարձյալ՝ մանկավարժ) հետ, որի փոքրիկ նկարը իմ սեղանից նայում էր ինձ(դու իմ դիմաց նստած էիր եւ չէիր նկատում դա) ու, գոնե թվում է, ինձ հետ միասին լսում էր քո «Ես եւ նա»-ն ու վերապրում անսահմանելին։ Կապը, գիտե՞ս, որտեղ էր՝ պահի մեջ, որ այս ամենը ներառել էր իր կախարդական հայելում։ Եվ, խնդրում եմ, ինձ ներիր, որ, այնուամենայնիվ, ջանք պիտի գործադրեմ ասելու, թե ինչ էի մտածում, երբ դու արտասանում էիր... Բայց մի՞թե, սիրելիս, մտածում են, մի՞թե երգելիս մտածում են, մի՞թե ծաղկելիս կանխատեսում են, միթե՞ տողի ապրումը բացատրում են, մի՞թե... Տեսնում ես, որ պահը նկարել չի լինի՝ ինչ գույներ էլ օգտագործես, ինչ նկարիչ էլ լինես, չկա, չի հայտնագործվել նաեւ դրա համահունչ մեղեդին։ Եվ երբ մեր զրույցից հետո դու գնացիր, ես դարձյալ քեզ հետ էի մնացել՝ ինձ մոտ։ Առաջինը, որ աչքիս զարնվեց, «մենության» մեջ, «XX դարի Արցախի լավագույն մանկավարժները» (հեղինակ՝ Բ. Դավթյան) գիրքն էր, ինձ ծանոթ վաղուց, թերթեցի, կանգ առա քո անվան վրա, երկար նայեցի նկարիդ, ջանալով լռությունդ կարդալ՝ մեր զրույցից հետո։ Եվ հանկարծ այն զգացումն ինձ պարուրեց, որ «մակնավարժներ» բառի «ներ»-ի մեջ չես տեղավորվում։ Ես ուսուցչի նկատմամբ պաշտամունքի հասնող սեր ունեմ, բայց ուրիշ բան եմ ուզում ասել... Ի՞նչ։ Ո՞նց ասեմ, որ սխալ չլինեմ։ Հիշո՞ւմ ես, բանաստեղծական այսպիսի մի տող կա՝ մեզանից յուրաքանչյուրն անփոխարինելի է։ Դա չեմ ուզում շեշտել սակայն, այլ այն, որ դու, Կոլյա, որպես դու՝ անկրկնելի ես, եզակի, ունիկալ, որ աշխարհում միայն դու ես դու, Կոլյա Բաղդասարյան լինելու պատիվը միայն քեզ է տրված ի վերուստ, ինչպես ամեն մեկին տրված է, որ ինքը ինքը լինի։ Բայց մի՞շտ է դա ամեն մեկին հաջողվում։ Հիմա կասես՝ բան էր, արտասանեցի, էլի, Վարդանն ինչո՞ւ է այսքան շեշտում։ Չէ, սիրելիս, խոսքս արտասանությանդ մասին չէ, այլ ապրածդ ըմբոստ եւ ազնիվ կյանքի, դու պարզապես Աստվածաշնչի ոգին ես բուրվառել նորովի՝ ի սկզբանե է ԲԱՆԸ։

Երբ մանուկ էի, մտածում էի, թե անգիր խոսքեր ասում են միայն երեխաները, դրա համար հորս անգիրն ինձ համար ԲԱՆ-ի առեղծվածը սկսեց բացել, իսկ երբ արդեն աշակերտ էի, տեսա, թե իմ գրականության ուսուցչուհին ինչպես է «մտել» Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի» վեպի մեջ ու պատմում է՝ արցունքն աչքերին։ Մինչ այդ ինձ գիրքը թվում էր միայն դպրոցական դաս, որ պիտի կարդալ՝ իմանալու համար, սակայն պարզվեց, որ ամենեւին էլ այդպես չէ։ Ավա՜ղ, պիտի տխրեցնեմ քեզ, Կոլյա Բաղդասարյան, իմ այդ ուսուցչուհին՝ Արշալույս Ավետիսյանը, որի բարձր կերպարը ինձ միշտ առաջնորդում է, սպանվել է արցախյան գոյամարտում, անհավասար կռվի մեջ մտնելով ազերիների դեմ, ամուսնու, դարձյալ իմ ուսուցիչ Ռուբեն Շադյանի հետ միասին։ Ես այս ամենը չեմ պատմում, ո՛չ, ես այս ամենը ապրում եմ քո դեմքին նայելով, երբ դու քո մեջ, ով գիտե, որերոդ անգամ քանդակում ես Սեւակին, իմ ու քո սիրելի, դու կավելացնեիր՝ պաշտելի, Սեւակին։ «Թե չէ՝ հաշվում եք, հաշվում եք, հաշվում... Հաշվեցեք ապա մի վերջին անգամ...»։ Ինչու, ինձ համար էլ անհասկանալի է, ինչու մարդկությունը մոռանում է «հաշվել», թեպետ Սեւակի հորդորները շարունակում են ուժգնանալ ժամանակի հետ, ինչու հաճախ ինքը՝ ժամանակն է դուրս մնում ժամանակից, ինչու հաճախ մարդը դուրս է մնում մարդուց, ինչու ճանապարհը ճանապարհից դուրս է մնում։ Չկարծես, թե «գեղարվեստ եմ անում» իմ այս բառերով, չէ, պարզապես քո մեծ աշխարհամուտքի մի խոսքն է ինձ մղում նման «դժվար» հարցերի առաջ կանգնեցնել քեզ... Հիշում ե՞ս. «Մենք էլ ենք մասնակցել» գրական երախայրիքդ, գրված Հայրենական մեծ պատերազմի 20-ամյակի կապակցությամբ, կարդում եմ եւ... Բայց ավելի լավ է կարդալ. «Ուրիշ են հայրերը. թեկուզեւ մի հայացք, եւ դու «ծեծված» ես»։ Երեխայական չարաճճիությունից դեռ դուրս չեկածն ինչպես նկատեց դա ու հետո տող դարձրեց։ Ինչ դիտողականություն պիտի ունենալ՝ հոգեբանական նման դիտարկման հասնելու համար։ Եվ թերթի լուսանցքում աչքի է զարնում Բագրատ Ուլուբաբյանի գնահատանքը՝ ուղղված հեղինակիդ. «Ապագա կունենաս, եթե շարունակես, կյանք կա գրածիդ մեջ։ 26.05.68թ.»։ Ապա՝ ստորագրություն։ Խունացած գրերի կողքին՝ Բակունցի անունը շոշափող մի գրություն եւս։ Ու իմ մեջ ծնվում է տրամաբանական հարցը՝ ինչո՞ւ չշարունակեցիր։ Եվ անմիջապես էլ ինձ ուղղում եմ՝ չէ, շարունակել ես, ի՞նչ կարեւոր է, թե ինչ ձեւով... Վերջապես, ո՞վ է հաշվել, թե... «Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում...»։ Կարեւորը՝ դու արվեստի մեջ, ինչպես ասում են, ընդգծել ես ար-ը (Արարիչ, Աստված), ամենագեղեցիկ ու իմաստավոր «հաշվարկումներով» ընթացքավորելով վեստ-ը՝ վեհագույնի ու ազատի ընդգծումներով անպարառելի։

Ուսուցիչ։ Հայոց լեզվի եւ գրականության։ «Մասնագիտություն» բառից քո պարագայում ես խուսափեցի, որովհետեւ «գետ»-ի հետ համաձայն եմ, «մասն»-ի հետ չեմ հաշտվում (սա ամենեւին էլ չբացատրենք նրանով, որ իմ բնույթով ես ընդհանրապես անհամաձայն մարդ եմ)։ Ախր, դու էլ անհաշտ ես՝ քո հաշտության մեջ։ Տարիներ առաջ ես ու դու Սեւակին նվիրված մի հավաքի ժամանակ, որ մենք էինք կազմակերպել, ելույթներ ունեցանք։ Բնականաբար, անվտանգության խորհրդային խիստ մարմինները հետեւում էին։ Մի քանի օր անց այդ մասին խոսեցինք։ Շատ ծիծաղեցինք, մանավանդ, մեր հետեւության առիթով. «Էլ ի՞նչ արվեստագետ, եթե անվտանգության համար վտանգ չներկայացնի»։

Անտառին, ինչ ուզում ես՝ ասա, առանձին հմայք ու գեղեցկություն են հաղորդում կաղնիները։ Նրանք, կայծակի պահին, ձգողության ուժ ունեն՝ կրակն առաջինն իրենց վրա վերցնելու։ Դու կաղնի ես, մեծ ու փոքր նժարման չեմ գնում, ոչ, տեսակի մասին եմ շեշտում, որովհետեւ գլխավորն այս դեպքում դա է։ Դժբախտաբար, կար, չէ՞, մի շրջան մեր կյանքում, երբ ազերականը դիտվում էր ինտերնացիոնալիստական, իսկ ազգայինը՝ նացիոնալիստական, մեկ բառով, դա կեւորկովյան ռեժիմի օրոք էր։ Իսկ դու...

Արցախի շեներից ու ավաններից Ստեփանակերտ վերաորակավորման եկած ուսուցիչներին ազգային ոգի էիր ներշնչում՝ Թումանյանով, Շիրազով, Սեւակով։ Եվ շատ հաճախ, Արցախով մեկ մոլեգնած «լենինյան ուրբաթները» վերածում էիր ազգայինի վերահաստատման, ընդդիմանում էիր՝ առանց ընդդիմացման։ Միտքս ավելի հստակ բանաձեւեմ՝ դու քո կռիվը կռվում էիր մինչ այդ կռիվը կսկսվեր։ Սեւակի առիթով նման եզրահանգման եկա։ Մի կողմ եմ թողնում այն, մեղմ ասած, հալածանքները, որ սկսվել էին քո դեմ՝ հայաշունչ գործունեությանդ համար։ Դրանք քեզ համար ոչինչ էին, որովհետեւ դու քո գործն էիր անում։ Եթե Սեւակն ասում է, որ բանաստեղծն Աստծո քարտուղարն է երկրի վրա, ապա Ուսուցիչը, այն էլ՝ քո պարագայում, Աստծո առաքյալ է արդեն։ Ի վերջո, ինչո՞ւ մոռանանք, որ Սուրբ Քրիստոսը Սուրբ Քրիստոս է նաեւ նրա համար, որ Ուսուցիչ է։ Դրա մեջ նույնպես փրկչականության իմաստ կա։ Մինչդեռ դու շարադրում ես. «Ես ընդամենը ուսուցիչ եմ։ Բայց անկարող է որեւէ մեկն ինձ համոզել («ես»-ս զգացնել է տալիս, թող ներվի...), թե ժամանակը չէ դասական կոչվելու իրավունքը վերապահել Սեւակին, չէ՞ որ իբր, չափանիշներ կան եւ այլն։ Սեփական մտածումներս առաջ քաշող, հոգեւոր մրսումի դեմ պայքարող խելոք ուսուցիչներն այրվում են Պ. Սեւակի տողերի խորքով եւ արձակած ջերմությունով տաքացնում իրենց սաների մատաղ հոգիները՝ նրանց շուտափույթ վերընթացի ու գեղեցիկի ծլարձակման ակնկալումով։ Եթե այդպես է, ապա մեր շրջանի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների խնդրանքի-աղաչանքի-պաղատանքի խոսքն եմ հասցնում Ձեզ, հարգելի Վ. Պետրոսյան, եթե հնարավոր է, ապա այժմվանից պիտի մտածել, խորհել (բայց մտածելը քիչ է՝ գրել է պետք), որպեսզի ի կատար ածվեն ցանկություններն ու երազները մեր»։ 1976 թվական։ Պարույր Սեւակին հայ գրականության դասագրքի մեջ արժանավոր տեղ հատկացնելու նամակ-պահանջդ (Սեւակը կասեր՝ խնդրելու պես պահանջում եմ, պահանջելու պես՝ խնդրում) Վարդգես Պետրոսյանից հասավ Հայաստանի լուսավորության նախարարություն... Կարեւորը՝ դու հասար քո նպատակին։ Եվ, անկեղծորեն խոստովանեմ, այսօր, արդեն շատ տարիներ հետո, ընթերցելով նամակդ, գալիս եմ այն եզրակացության, որ այն ոչ թե խնդրագիր է, այլ սեւակագիտության հիմքը մեզանում դնող մի յուրօրինակ տրակտատ, անշուշտ, արժանի առանձին հրատարակության՝ որոշակի հղումներով ու ծանոթագրություններով։ Դա ձեռնարկում չէր քո կողմից, սիրելի Կոլյա Բաղդասարյան, դա սխրանք էր։ Եվ՝ է, որովհետեւ Սեւակի կողմից մեր պոեզիայի մեջ կատարված հեղափոխությունը՝ բառի, պատկերի, ոճի, գեղարվեստական մտածողության եւ այլ առումներով, շարունակում է մատաղ հոգիներում իր անուրանալի դերը խաղալ, հայ երեխային թվաբանական գումարում-հանումներից տանել դեպի «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին»-ը։ Այո՛, Սեւակի մասին քո նամակ-խոսքը գրելիս դու չես էլ մտածել, թե դա տարիներ հետո ինչ արժեք կունենա։ Դու միայն տողերիդ մեջ (այն էլ՝ երկու անգամ) շեշտել ես՝ ես ընդամենը ուսուցիչ եմ, «ընդամենը» բառը ե՞րբ է այսքան տարողունակ եղել, չէ՞ որ շուշեցի քո նախորդ Ավետիք Բահաթրյանը եւս ընդամենն ուսուցիչ էր, երբ շարադրում էր «Հին հայոց տաղաչափական արվեստը», որը հետագայում Չարենցի կողմից արժանացավ «գիրք հանճարեղ եւ զարմանալի» գնահատանքին։

Ուսուցչին է միայն տրված Ուսուցիչ լինել։ Այնպես որ՝ քո հոգին կրակարան է։ Իսկ դու, որպես ընդգծված հայ մարդ, կրակախառնիչը ձեռքիցդ ցած չես դնում երբեք։ Եվ մինչեւ այսօր։ Անհանգիստ ոգի ես։ Դու բազմափորձ մարդ ես, երեւի, շատ առիթներ ես ունեցել համոզվելու, որ հաճախ մարդու մասին խոսում է նույն այդ մարդը, սակայն... առանց խոսելու, խոսում է կերպարը՝ քանդակված ժամանակի ու դարի ընդհանուր համապատկերում, միայն թե՝ խիստ առանձնացված բառերով, անհատականորեն ինքնատիպ ու չկրկնվող։ Գիտեմ, որ գյուղից, հողից բուսած անհատականություն ես, անկասկած, տեսած կլինես վաղ առավոտյան ինչպես է հարեւանը երբեմն հարեւանից կրակ փոխառնում՝ իր տան կրակը բորբոքելու համար։ Կրակի պես բառն էլ կարելի է փոխառնել, այն պայմանով, որ կրակը բորբոքելու համար, փչես քո շնչով, քո շունչը դնես քո օջախի կրակում։ Մի նեղացիր, բարեկամս, քո հոգու մասին խոսելիս էլ ինչի՞ մասին պիտի հիշեմ, եթե ոչ` կրակարանի։ Մանավանդ՝ որ դու միշտ կրակ փոխ տվող ես, ոչ թե վերցնող։ Ի դեպ, ընդամենը մի թռուցիկ հանդիպումից հետո, այս տարվա ամռանը, Ստեփանակերտի զբոսայգիներից մեկում, անմոռանալի պահ էր, քո մասին գրեթե նման կարծիք ասաց եւ «հայ գրականության ամոլ» (դարձյալ Սեւակի գնահատանքի բառերն են) Սերգեյ Սարինյանը։ Ինձ մնում էր հպարտանալ, որ մենք ընկերներ ենք։

Դիտում եմ հին լուսանկարներդ։ Մեկում՝ թոռնիկդ է Սեւակի հուշաքարի մոտ. «Այստեղ մոմ է վառել իմ պապիկը»։ Իսկ մյուսում, ահա, դու որդիաբար գգվել ես Պարույր Սեւակի Ազի մորը։ Սեւակի հանդեպ տածած սերը չէր միայն պատճառը, այլեւ նրան ավելի խորն ըմբռնելու մղումը, որ մեծ բանաստեղծի ողբերգական մահից տարիներ հետո քեզ տարավ նրա հայրենի գյուղը՝ խոնարհումի ու երկրպագության, համբուրելու մեր ազգին Սեւակ նվիրած Մեծամոր աջը։ Կոլյա, բարեկամս, իմ այս տողերը շարադրելիս, տեսնում եմ, որ բառերս շիկանում են։ Եվ անցնում եմ երրորդ դեմքի (մի քանի տողով միայն)։ Այսպես, քեզ՝ քո մասին, բայց թող լսեն բոլորը։ Ահավասիկ. «Որպես հայոց լեզվի եւ հայ գրականության մասնագետ՝ Կոլյա Բաղդասարյանը չի պարփակվել միայն հիշյալ առարկաների դասավանդման բարելավման շրջանակներում։ Հետաքրքրություններին հագուրդ տալու ակնկալումով` նա կապեր է հաստատել գրողների, գրականագետների, նշանավոր բանաստեղծների (Պարույր Սեւակ, Վարդգես Պետրոսյան, Համո Սահյան, Սուրեն Այվազյան, Լեւոն Հախվերդյան, Հովհաննես Մելքոնյան, լիտվացի մեծ բանաստեղծ ու հայ ժողովրդի բարեկամ Էդուարդաս Մեժելայտիս) հետ՝ մի շարք մտահոգիչ հարցերի մեջ պարզություն մտցնելու եւ համատեղ խորհելու, իր նկատառումները՝ առնչված դպրոցական դասընթացին, հաշվի առնելու եւ, միաժամանակ, արժեքավորելու նրանց վաստակը։

Առաջինն էր, որ 1976թ. վերլուծական պահանջ-նամակով դիմեց Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Վարդգես Պետրոսյանին՝ Սեւակին արժանվույն ձեւով դասագիրք մտցնելու, բարձր դասարանների դասագրքերում ծավալուն մեկնաբանություններ ու ստեղծագործությունների վերլուծություններ տեղադրելու, նրա դիմանկարի մասին լուրջ ու ծանրակշիռ խոսք ասելու։ Եվ հենց Կոլյա Բաղդասարյանի ջանքերով է, որ հաջորդ ուսումնականում դպրոցական ծրագրերում իր հաստատուն տեղը զբաղեցրեց Պարույր Սեւակը։

Այն հարցին, թե ինչպես է գնահատում ուսուցչին, դասալսումներից ինչպիսի տպավորություններ ունի, մանկավարժը խորհում է. «Ամեն ինչից առաջ ես ձգտել եմ արժեքավորել ուսուցչի աշխատանքի լուսավոր դրվագները, երբեք չեմ մտադրվել նմանվել նրանց, ովքեր ուրիշի «շեն տունն են քանդում՝ իրենց պետք եկած գերանի համար», ովքեր առաջին ժամից, առաջին դասալսումից հետո ամբողջ կոլեկտիվի ներկայությամբ աղաղակում-աղմկում են ուսուցչի կողմից թույլ տրված մեկ-երկու սայթաքումի շուրջ՝ գերի դառնալով ուսուցչի աշխատանքի ստվերոտ կողմերին։ Լավը չտեսնելը եւ մերժելը փաստորեն հավասարվում է ունքը շինելու փոխարեն` աչքը հանելուն։ Անչափ հրճվանք եմ ապրել՝ գրագետ ուսուցչին ունկնդրելով, խոսքի տրամաբանական կառույցներով, ոչ միայն չափածո, այլեւ արձակ ստեղծագործություններից ասմունքելով, ոչ շինծու պահանջկոտությամբ, սակայն նաեւ արդարամտության ու բարության զգացումների շաղախով։ Ուսուցչի՝ ի հայտ եկած բացերն ու թերությունները վերացնելու նպատակով արգասաբեր ուղիներ պիտի առաջարկել՝ ընդմիշտ խուսափելով անձը վիրավորելու դատապարտելի քայլից»։

Ներիր ինձ, Կոլյա Բաղդասարյան, բառերը, թերեւս, չեն կարողանում ասել այն, ինչ մենք ենք ուզում ասել։ Ի դեպ, ես եկել եմ այն եզրակացության, որ ճշմարիտ գրականությունը գնում է դեպի իր ազատագրումն բառերից, իհարկե՝ բառերի միջոցով։ Սա արդեն այլ խնդիր է։ Գուցե՝ պարադոքսալ։ Այնուամենայնիվ, մեծ արվեստագետներն են նման մտքի տանում մեզ ու մեր որոնումը։ Որոնում՝ բառի ամենախորն իմաստով։ Չէ՞ որ ինչպես գրողի, այնպես էլ Ուսուցչի համար ամենագլխավոր հատկանիշը, դա որոնման մեջ գտնվելն է մշտապես։ Եվ այդ որոնումը չէ՞, արդյոք, քեզ կապել մեծն լիտվացու, իմ ու քո սիրելի (տենսո՞ւմ ես՝ ինչքան սիրելիներ ունենք ընդհանուր) բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսին։ Նրա ձեռագիրը, որին հանդիպեցի մի օր քո «արխիվում», շոշափեցի այնպես, ասես կրկին ու վերստին հաղորդակցվում էի հայ ժողովրդի մեծ բարեկամի առեղծվածային աշխարհին. ։ Եվ քանի որ «ի սկզբանե էր Բանն», ուրեմն սա ոչ թե նամակագրական հաղորդակցություն է գրականության Ուսուցչի եւ Գրողի, այլեւ աշխարհակառուցման տիեզերական «գործընթացին» Ուսուցչի մասնակցություն, լույսի արարչություն...

Եվ միանգամից Մեժելայտիսի «Մարդը» պոեմի թարգմանիչ Սեւակն է կանգնում իմ ու քո, նաեւ իմ ու իմ միջեւ՝ թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում...

Իսկ տաղանդավոր արձակագիր Հովհաննես Մելքոնյանին, իմ լավ ընկերոջը, դու, Կոլյա Բաղդասարյան, «ընդամենն ուսուցիչ» տեղովդ, չես զլացել տպավորություններդ հղել գրավոր՝ նրա «Հիշողության դաշտը» կարդալուց հետո։ Ահավասիկ. «Ցանկանում եմ Ձեզ այն ամենը, ինչով մարդ կարող է իրեն կոչել երջանիկ։ Բայց այս «Դաշտով» դժվար թե երջանիկ լինենք...»։

Այսքանից հետո, Արցախ աշխարհի անմոռաց ուսուցչուհիներից մեկը՝ Աշխեն Պետրոսյանը, ինչպե՜ս չգրեր քեզ, թե ինքը ոչ միայն հպարտանում եւ միշտ ուրախանում է իր սերնդի ուսուցիչների բարձր իմացությամբ ու պահվածքով, գիտելիքներով, այլեւ ամեն օր աղոթում է բարի Աստծուն, որ պայծառ պահի նրանց միտքը, «թող երկար ապրեն բարի ու լավ մարդիկ»։

Վերջերս, անկեղծորեն խոստովանեմ, մանկավարժների նկատմամբ ունեցած իմ սերն ու վերաբերմունքը դարձել են ինչ-որ տագնապոտ, թվում է Ուսուցչի քո տեսակը, այսօրվա շուկայական հարաբերություններում, հայի ու արցախցու շատ ու շատ բնորոշ հատկանիշների հետ միասին, կորսվում է։ Բայց ոչ։ Պարզապես ուսուցչության ասպարեզն ընտրողներն են շատացել, թեպետ ինքն ասպարեզը քչերին է ընտրում։ Ցավն ընդհանուր է։ Եվ եթե այն մի տեղից մի ուրիշ տեղ է ընկնում, դա չի նշանակում, թե չքանում է, ոչ, դժբախտաբար, հայի ցավը թափառող ցավ է։ Մեր ինքնագոհ աչքի առաջ մեր շատ գյուղեր օր-օրի ծերանում-ցամաքում են, աշակերտությունը նվազում-սակավանում է շեշտակի։ Իսկ գյուղի սիրտը գյուղի դպրոցն է, եթե այն դադարում է «զարկելուց», ուրեմն՝ մեռնում է գյուղը։ Մեր հապաղումն այստեղ, ուղղակիորեն, թշնամու ջրաղացին ջուր լցնել է։ Պիտի ավելի հեռատես լինենք։ Չէ՞ որ դեռ, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ցավի ու հույսի վերուվարող նժարներին ենք։

Ես գիտեմ, Կոլյա Բաղդասարյան, որ մեր երկրի ու ժողովրդի հետ կապված ամեն ինչն է հուզում քեզ, այսինքն, եթե «գրողը միայն գրող չէ» հայոց երկրում, առավել եւս՝ Ուսուցիչը ուսուցիչ չէ միայն։ Միտքս էլի դեպի Սեւակը գնաց, ասում է՝ գրողը գործ ունի ամեն ինչի հետ. սա մեծապես վերաբերում է նաեւ Ուսուցչին։ Եվ դու այս կարգախոսով էլ ապրում-աշխատում-գործում ես ամբողջ կյանքում՝ հյուսելով տոհմիկ հայի ու արթուն մտավորականի քո նկարագիրը։

Ծննդավայր Սարդարաշենի դպրոցի (1949թ.), Շուշիի մանկավարժական ուսումնարանի (1953թ.), ապա Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժնի (1958թ.) շրջանավարտի քո աշխատանքային ուղուն անդրադառնալով, «XX դարի Արցախի լավագույն մանկավարժները» գրքի հեղինակն ընդգծում է քո բարձր վաստակը՝ Նորագյուղի եւ Սարդարաշենի դպրոցներում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ուսմասվար, Ասկերանի կրթության շրջանային բաժնի դպրոցական տեսուչ, ուսուցիչների կատարելագործման մարզային ինստիտուտի կաբինետի վարիչ, ԼՂՀ կրթության, գիտության եւ սպրոտի նախարարության առաջատար մասնագետ, այնուհետեւ (մինչեւ թոշակի անցնելը) կադրերի վերապատրաստման եւ ատեստավորման հանրապետական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության կաբինետի վարիչ, ապա խոսքն ավարտում այսպես. «Մանկավարժական գործունեության տասնամյակներում պարտաճանաչության, անխոնջ աշխատասիրության, գործին անձնուրաց նվիրվածության համար նա արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի եւ գովասանագրերի։ Պարգեւատրվել է «Հանրապետության լուսավորության գերազանցիկ» կրծքանշանով եւ «Աշխատանքի արիության համար» մեդալով։ Համահեղինակ է Արցախի ազգային-ազատագրական պայքարում նահատակված ուսուցիչ-ազատամարտիկների հիշատակին գրված «Դաս հայրենյաց» գրքի եւ պարբերական մամուլում հրապարակված բազմաթիվ մանկավարժական, մեթոդական հոդվածների, ակնարկների ու մտորումների»։

Վերջացնելով անվերջանալի խոսքս (դարձյալ միտքը մինչեւ վերջ չասածի զգացումն ունեմ), ուզում եմ քեզ հետ ունեցած իմ տարիների մտերմությամբ շեշտել, որ աշխարհի բոլոր շքանշնանները սուտ են, կարեւորը քո արածից ստացածդ բավականությունն է այս կյանքում։ Ողբալի չէ՞, արդյոք, անունն այն, որին շքանշանը կամ տիտղոսը պիտի զարդարեն, այլ ոչ թե ընդհակառակը։ Իսկ եթե կա քեզ համար մի շքանշան, որ ճիշտ է, ապա դա այն է, որ, ես եմ տեսնում, դու, ավաղ, չես տեսնում, քանի որ այն քո կրծքին չէ ամրացված, այլ քանդակված է ճակատիդ վրա եւ հավերժական աստղի պես լույս է տալիս, մանավանդ, երբ ծերունական քո ճերմակի մեջ չհոգնող արյան ու գարնանային բառերի ես դիմում՝ որպես նորօրյա մի դեմիուրգ, այսինքն՝ Սեւակով, այսինքն՝ ԲԱՆ-ով մասնակցում ես աշխարհաշինությանը։ Գիտե՞ս, դա ինչ շքանշան է։ Ականջդ բեր՝ ասեմ. դա Պարույր Սեւակի համբույրն է, որը Աստծով դրոշմված է քո ճակատին։ Եվ որին դու արժանի ես։

Հ.Գ. Շուտով Նոր տարի է։ Շնորհավորում եմ քո եւ ընտանիքիդ Ամանորը։ Ամենայն լավն ու բարին՝ մեր ժողովրդին, ամենեցուն։ Ուսուցչին։ Բոլորիս։ Խաղաղություն աշխարհին։