ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մա՛րդ, իմացիր դու աշխարհը,
Ունայն են քո հոգսերը.
Մի՛ տառապիլ զուր բեռի տակ,
Մի՛ չարչարիլ քո անձը։
5 Նայիր մի պարզ դու կազմության
Հողագնդի շրջանին,
Կտեսնես այնտեղ, անտարակույս,
Եվ քո պատկերն առանձին։

Անցավոր է ամենայն ինչ
10 Այս աշխարհքում մեզ հայտնի,
Մեզնից ոչ ոք և մի խեցի
Յուրյան հետը չի տանի։
Շատ թագակիրք, շատ մեծատունք,
Անբավ գանձի տեր իշխանք,
15 Ստորերկրյա օթևանում
Ունին կտավի լոկ պատանք։

Երանի՜ թե նոցա համար
Այս գեթ լիներ մշտական.
ՉԷ՛, կփթի նա շուտ, ինչպես
20 Բնությունը դրել է պայման ։
Այն, որ աշխարհի երեսին
Անտուն, անտեր ու մերկ էր,
Հավասար է մեծատան հետ,
Որ դիպա շոր հագնում էր։

25 Երկուսի էլ չոր կմախքը
Խավար ու գեջ հողի մեջ
Պիտի փթեն մի օրինակ,


Պիտի ուտե որդ ու ցեց։
Այս բանը միշտ տեսանում ենք,
30 Բայց չենք ուզում ճանաչել,
Որ մեծատան գոհարները
Մահու չեն լինիլ արգել։

Նա ամենուն կհանդիպի
Մի օրինակ, անխտիր
35 Ե՛վ հանգչողին պալատներում,
Ե՜վ գործողին միշտ երկիր։
Զարմանալի է այս բանը,
Մի մահ է, նույն՝ և ամենին
Չար ու բարի համարվում է
40 Նա յուր ընդունողներին։

Մահը նույն է, բայց տեսնողի
Զանազան է վիճակը.
Մինը չունի հագին շապիկ,
Մյուս ինը ակնով մուճակը.
45 Ինչո՞ւ համար պիտի ցանկա
Աղքատ մարդը այս կյանքին,
Չունի ապրուստ տուն ու հանգիստ
Չունի սակավդյուր անձին։

Նորա կյանքը միշտ լեղի է,
50 Դառն է նորա աշխարհը.
Նա անդադար սպասում է
Նվիրական վայրկենին։
Չուրախացուց ոչ ոք նորա
Տխրադիտակ երեսը,
55 Ցանկանում է կյանքից պրծնել
Ու հետևել օրհասին։

Նորան այն էլ դյուր է սրտին,
Որ անտրտում ու հանգիստ
Քնի խաղաղ հողի տակին
60 Մահու հավեժ խոր քնով։
Նորա ընտանին և յուր կյանքում
Չուներ ապրուստ, շոր կամ նիստ,

Կապրի նույնպես այնուհետև
Ողորմության հուսալով։

65 Այսպես, մահը հանդիպում է
Աղքատ կամ պանդուխտ մարդի,
Ինչպես վաղուց չտեսնված
Կարոտակեզ սիրելի։
Չի վրդովիլ նորա գալը
70 Երբեք աղքատի սիրտը,
Մահից ևս դու կտեսնես,
Որ պայծառ էր երեսը։

Այն, որ դիպա, թավիշ, կերպաս
Շոր կարում է յուր անձին,
75 Որ խորտիկներ համադամյալ
Կուտե հավուց փորոտին,
Որ սովոր է հրամայել
Ծառայից շատ բազմության,
Այն հարուստն է, որո համար
80 Մահ է գալուստը մահվան։

Նա աշխարհքումս չի տեսել
Ո՛չ նեղություն և ո՛չ ցավ,
նորա օրը, տարիները
Ինչպես տարի մի անցավ.
85 Նորա ականջը շրջապատող
Մարդերից և ծառայից
Միշտ գովության, միշտ հլության
Հպատակի ձայն լսեց։

Նա չի ուզում երբեք լսել,
90 Որ աշխարհս ունի դուռ
Երկու. մինն մտնելու,
Մուսը նրանից գալու դուրս։
Նա չի ուզում անունն լսել
Այն երջանիկ էակին,
95 Որին հանձնած է ընդունել
Առհասարակ մեր հոգին։

Ինչքան քնքույշ չնայես,
Դարձյալ բնությունը կըկատարե
Յուր գործը․ դու վեր կընկնես։
100 Այսպես հարուստը վերջին անգամ
Անօրինակ հուսահատ
Տառապում է մահճի մեջ,
Թափում մահու քիրտ առատ։

Նորա աչքը խոժոռվում է,
105 Երբ տեսնում է յուր տունը,
Փայտանում է զգայությունքը,
Երբ հիշում է յուր գանձը,
Երբ հիշում է, որ թողնում է
Ու ինքը զուրկ ամենից
110 Պիտի մտնի սև հողի ծոց,
Խավար, զրկըված լուսից։

Մահը եկավ, բացեց դուռը․
Մեծատունը սկսավ
Անզոր ձայներ բերնից թողնել,
115 Երբ մահու դեմքը տեսավ։
Զո՛ւր է, չի լսիլ քո ձայնը,
Հետևիր դու կոչողին։
Լաց սկսավ լինել սաստիկ
Սգավորած ընտանին։

120 Վերջին ույժը թափել ուզեց,
Ընդդիմանալ րոպեին,
Ծնոտները սեղմեց սաստիկ,
Ատամները ճռացին,
Թափված ուժից ցնորամիտ,
125 Մահն յուր գործը կատարած
Այլանդակեց յուր երեսը,
Երկու աչքն էլ թողեց բաց։

Անձն իմ, օրհնե՛ այն աստվածը,
Որ փրկել է քեզ մահի
130 Երկյուղիցը, որ հարուստին







Զարհուրելի կթվի.
Քեզ համար միշտ նույնն է եղել,
Նույն կլինի հավիտյան,—
Ապրել արևու երեսին
135 Կամ քնել խաղաղ քուն մահվան: