Մահվան քայլերգ (Կանտոնի կոմունարների հիշատակին)

Մահվան քայլերգ (Կանտոնի կոմունարների հիշատակին)

[ 486 ]

ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ
(Կանտոնի կոմունարների հիշատակին)


Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք —
Թշնամին նախճիր է տոնում...
Խորտակված է կարմիր ընդվզումը,
Խորտակված են մերոնք Կանտոնում։
5 Ելել է դահիճ Վան—Տին—Վեյը,
Փռել է դիակներ հազար,
Վայրկյանը վիթխարի է, վե՛հ է,
Պայքարը անհավասար...
Ընկնում են կարմիր մարտիկները,
10 Հնձում է թշնամու գերանդին.
Արյունից հորիզոնը շիկնել է,
Շիկնել է վերքերից անթիվ։
Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք,
Ընկերնե՛ր, ընկած Կանտոնում․—
15 Կենդանի է կարմիր ձեր ցասումը —
Թշնամին իզուր է տոնում։
Դեռ կգա՛ն, կգա՛ն ռիկշիները,
Դեռ կգա՛ն, կգա՛ն, Չան—Կայ—Շի՛․
Սարսափից կոռնան դեռ շներդ —
20 Դեռ մի օր կքերթենք կաշիդ։
Մեր կարոտը դեռ սրտաբուխ է.—
Հրդեհի մեջտեղում կեցած՝
Կտեսնենք մի օր դեռ գլուխդ՝
Ռիկշայի ցցին ցցած։

[ 487 ]

25 Քնեցեք հանգիստ, ընկերնե՛ր իմ
Կանտոնի փողոցում ընկած.
Դեռ կանգուն են կարմիր դրոշները՝
Ձեր մահով աշխարհում տնկած։
Ձեր դրոշը անդուլ բարձրանում է,
30 Հրդեհում մեր ուղին ապագա,—
Մարտիկները ընկնում են —
Հեղափոխությունը կա՛։

<1927. XII>