Մեծ թատրոնի մեջ



I


Նայեցերք աջ կողմ՝ առաջին հարկում,
Դիտակ ուղղեցե՛ք. մաքուր աղավնին
Անզույգ շնորհով է գեղեցկանում.
Ծաղկում է գարուն նորա շրթունքին։
5 Չկարծե՛ք, որ սա լիներ նոցանից,
Որոնց բարքն ու վարքն է կասկածելի,
Որ խորհրդավոր այն քողի տակից
Աչքեր առնելով շատ ամոթալի,

II


Որ վաճառելով և՛ խիղճը, և՛ սեր,
10 Աշխարհիս վերա այլ արվեստ չունին,
Միայն զզվելի անպարկեշտ հույսեր
Յուրյանց գլխի մեջ պարտում էին,
Որոնք պատրաստ են որոգայթ լարել
Եվ փորձանքի մեջ ձեր անձը ձգել,
15 Որ ընդդեմ կոչման գեղեցիկ սեռի
Մեղքեր են գործել ձեզ անբուժելի։

III


Ո՞վ, թե մեկի մեջ այս կարծիքս ծագի,
Նա ինքը պիղծ է և չունի հոգի.
Ազնի՛վ պատանիք, ատեցե՞ք դորան՝
20 Այդ գունատ ժառանգ հեշտասիրության։
Նա, աչքերը քած, այնքան երկչոտ էր,
Որ թե անցնելով հայացք ձգեիր,
Որպես մի սալոր, շառագունում էր.
Անբարբառ էին շրթունք գեղալիր։

IV


25 Համեստ է բարքը և քաղցր շարժված,
Նորա պարանոցն է շուշանագեղ.
Աչքեր կենդանի, սիրով ներշնչած,
Եվ նորա վերա ամեն բան շքեղ։
Շատ ախտաբորբոք երիտասարդներ՝
30 Ծաղկած մանկության վառուն շնորհով,
Ե՛վ շատ մեծատունը, և՛ շատ հարուստներ՝
Ոսկու բռնության դավաճանելով,

V


Բախտավոր էին, թե այդ կախարդիչ,
Այդ մաքուր կույսը մի ժպիտ բաշխեր,
35 Եվ նորա պատկերն, այնքան գրավիչ,
Ամեն ո՛ք յուր մեջ դրոշմած ուներ։
Ահա՛ վարագույրն ընկավ թատրոնի,
Ողբերգությունը վերջացավ ահեղ,
Բայց ոչ ոքի սիրտն ուրիշ վիշտ չունի,
40 Թե և՛ս տեսներ աղջիկըդ անմեղ։

1864