Պոետ, նյութապաշտ և քաղաքացի

Պոետ, նյութապաշտ և քաղաքացի

Պոետ, նյութապաշտ և քաղաքացի



I


Բայց դուք իմացե՞ք, որ այս օրինակ
Իմ սովորությունս՝ անդադար շրջել,
Անընդել ձորին, անմարդաբնակ,
5 Որպես սիրելուս այցելու լինել,
Աղբյուրի կողքին նստել խոխոջուն
Եվ լսել նորա տրտում շշնջյուն,
Արմանալ Հովվի սրտաշարժ սրնդին
Եվ գգվել սիրով մայող գառներին,
10 Հեռանալ մարդից, անտառ երազել,
Օրով տաղտկանալ, գիշերով սթափվել,
Իմացե՛ք, դեռ այդ չէ՛ նշանակում,
Որ ես անգործ եմ, մենակ աշխարհում.
Ո՛չ, այդ այն է, որ վառ է միշտ հոգիս,
15 Եվ շատ ցավո՜ւմ եմ քեզ, ծիծաղելիս։

II


Բայց դու, որ անարդ ճանապարհներով
Հուսահատվել ես աշխարհի կյանքից,
Որ Կայենի պես ահով ու դողով
Փախչում ես արդար ընկերութենից,
20 Որ օր ու գիշեր ցուրտ, որպես դամբան
Հաշիվների մեջ թագված ես հոգով,
Որ անզգա ես և, որպես անբան,
Չկամիս ղրկել ընկերդ ջերմ սիրով,
Կեղծավոր, խավար և արծաթասեր,
25 Դո՛ւ ես խորթ որդին, դո՛ւ ես անընկեր.
Տերս, ի՞նչ անտառ է, ի՛նչ արձակ հովիտ
Ի՞նչ անեմ, ո՞վ մարդ, անկյանք է հոգիդ
Ա՜խ, բնության հետ, և բախտավոր եմ.
Իմ տխուր տաղերս թո՛ղ ես կցորդեմ։

III


30 Եվ նյութապաշտը չունի պատասխան.
Մեռած է հոգին, միտքը գոսացած՝
Խավար ախտերից ընչասիրության,
Պատճառ՝ փողը է նորա մեծ Աստված։
Նստած է Պոետն և մտածում է.
35 Առվի ալիքը մեղմ թավալվելով՝
Նորա մտածմունքն հափշտակում է,
Եվ նա երգում է առվի հետ սիրով։
Բայց ահա կյանքի գործերից քրտնած
Եվ հասարակի օգտին պարապած՝
40 Հառաջ է գալի ժիր քաղաքացին,
Առողջ, անտրտունջ և հաղթամարմին.

IV


«Ո՛չ Դու և ո՛չ Նա որդի բնության,
Եվ փայլելու չէ ձեր գլխի վերա
Սուրբ արեգակը բարեբախտության,
45 Ձեր համար, ասեմ, պայծառ օր չկա։
Ես եմ հարազատ Մշակն աշխարհի,
Եվ իմ կյանքի մեջ ամեն մի վայրկյան
Չափած կշռած է և յուր տեղն ունի.
Ես անձնազոհ եմ հասարակության։
50 Ե՛կ, Պոետ, քաղաք, այնտեղ գործ գործիր,
Հասարակի բախտն ու օգուտն երգի՛ր.
Դու այն ժամանակ անդամ ես ազգի
Եվ արժանի ես մեր սուրբ հարգանքի»։ —
Այս քաղաքացին ասաց Պոետին,
55 Շտապ քայլերով գնաց յուր գործին։

1864 թվին
Բոգորոդոկ