Մեծ և անմահ
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 308
ծ. ― էջ 621

չտեսնված դեպք էր, որ մոտիկ բարեկամը անձնական շահից մոլորված թաքուն մատնություն արավ, կարծում են՝ պատմության մեջ այն մի անգամն էր, որ ժողովրդին առաջնորդող փարիսեցիները ամբոխին գրգռեցին արդարի դեմ պահպանելու համար իրենց դիրքը, որ խախտվում էր նրա քարոզներով, կարծում են միայն այս մի դեպքումն էր, որ վկաները սուտ խոսեցին դատաստանի առաջ, կարծում են միայն այն օրն էր, որ ամբոխը ապուշորեն ավազակին պաշտպանելով՝ «ի խաչ» էր գոռում իրեն անծանոթ անմեղին, կարծում են միայն Պիղատոսն էր, որ կեղծավոր դատաստան արավ… Եվ կարծում են Հիսուսի ու նրա չարչարանքի մեծությունն էլ այն է, որ եզակի է, միայն մի անգամ է պատահել, այն էլ Երուսաղեմ…

Միանգամայն սխալ։ Եթե այդպես լիներ, վաղուց կլիներ մոռացված որպես մարդկային հոգուն և կյանքին խորթ մի դեպք։ Ընդհակառակը, մեծությունը հենց այն է, որ այս ամենը ամեն տեղ, աշխարհքի ամեն անկյունում է կատարվում, և անմահությունն էլ հենց այն է, որ ամեն ժամանակ է պատահել և կրկնվում է ամեն օր։

Եվ ահա նույն փարիսեցիներն ու նույն՝ եկեղեցու և իշխանության անունով թնդացող աղաղակները, ամեն մարդու դեմ, ով կկանգնի իրենց հակառակ։ Ահա նույն հուդաները և գուցե ավելի զարհուրելի։ Հին Հուդան գոնե 30 արծաթ ստացավ՝ դրա համար մատնություն արավ, մեր ժամանակի հուդաները իրենք կտան, միայն թե կարողանան զրպարտել ու կորցնել իրենց մերձավորին։ Եվ ո՜րքան, ո՜րքան թյուրիմացությունների ու տանջանքների պատճառ են սրանք իրենց գիշերային մթության մեջ։ Իսկ մեր վկանե՞րը… Ես մանկուց ճանաչում եմ դրանց, վերահասու եմ, թե քանի՜-քանի անգամ մարդասպաններն ու ավազակները ազատ են արձակվել նրանց երդումով, ու արդարները տուժել։ Ես միշտ զարմանում եմ, թե ինչպես կարելի է նրանց խոսքով, նրանց վկայությամբ, նրանց երդումով ճշմարտությունը գտնել։

Չարություն, ստախոսություն, շահամոլություն, վրեժխնդրություն, կաշառք, վերջապես նեղ ցեղական ու կրոնական