Մեր երակներն անցնում են մեր հողով

ՄԵՐ ԵՐԱԿՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀՈՂՈՎ

«Եղիցի լույսի» հատուկ թղթակիցը վերջերս «Միայն մեկ հարց» բաժնի առաջին զրույցն ունեցավ ԼՂՀ ԳՄ վարչության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հետ։

-Վարդան Սարգսի, Դուք որպես «Եղիցի լույսի» նախաձեռնող, ինչ կասեիք նրա առաջին համարի լույս ընծայման առթիվ։

-Միշտ երազել եմ, որ մենք ունենանք մեր արվեստի թերթը, ունենանք մեր գրական ճակատը, լինեն բանավեճեր, ակտիվ ու ժողովրդանվեր գրական կյանք... Այդ երազից է ծնունդ առել «Եղիցին...»։ «Արցախ», «Պըլը-Պուղի», «Պապունց տոն», այսօր արդեն «Եղիցի լույս»... Այս անունները մեր սրտից պոկված կտորներ են, որոնց մեջ խոսում է գոյամարտող Արցախի յուրաքանչյուր նահատակի արյունը։ Արյունը չի մեռնում։ Արյունը թափվելով հողին՝ չի կորչում, նորից վերադառնում է ապրողներին, հավերժական մաքառումի իր շրջանառությունն է շարունակում... Մեր երակներն, այո, պիրկ արմատների պես անցնում են մեր հողով։

Արդեն հիմնավոր քայլեր է կատարում Լեռնային Ղարաբաղի նորաստեղծ հանրապետությունը։ Վերջերս հանրապետության նախագահ ընտրեցինք։ Այս ամենի մեջ է մեր նվաճումը, համառորեն ձեռք բերվող մեր առաջընթացի մեջ։ Եվ այս պարագաներում յուրաքանչյուր հոգեւոր հաղթանակ եւս արյուն է ներարկում Արցախա հողին, մեր կյանքին։

Լույս, հաղթանակ, խաղաղություն... Թող մեր ժողովրդի համար այս Ամանորը լինի աստեղային, թող հայի երազը կատարվի... Եղիցի։ Ամեն։