ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՐՑ

-Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի անկախության գաղափարին։

-Մեծ սիրով ու... փայփայանքով։ Որպես գաղափար՝ հրաշալի է։ Վերջապես, հայ ժողովրդի ամբողջական լինելիության մեր դարերի երազանքը ես միայն տեսնում եմ անկախության մեջ՝ թե՛ հոգեւոր, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու սոցիալական, թե՛ մյուս բոլոր առումներով։ Առավել եւս՝ խորհրդային ֆեդերացիան ցույց տվեց, որ երբեք էլ մտադիր չէ մեր ժողովրդի (հաց ու ջրից էլ առավել կարեւոր) հարցերը լուծել։ 70 տարիների դասերից դասեր չառնողը պարզապես պիտի կույր լինի աչոք ու մտոք։

Խոր եզրահանգումների տեղիք է տալիս այն, ինչ այսօր կատարվում է խորհրդային երկրում։ Թող ամենեւին էլ չթվա, իբր, եթե Բաքվում հայերին ու ռուսներին չկոտորեին, նրանք կարող էին մնալ ու ապրել այդ հանրապետությունում։ Ո՛չ։ Դա առաջին հերթին տարիներով կուտակված քաղաքականության արտահայտությունն էր, որն, ի վերջո, «պարկում ծածկել հնարավոր չեղավ»։

Խորհրդային զինվորը, ըստ կարգախոսության, նաեւ մերն է, հայ ժողովրդինը, բայց ինչո՞ւ հենց այդ զինվորը մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար մշտապես ուշանում է։ Զինվորը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ուշանում է, իսկ Արցախում ժամանակին տեղ է հասնում ու զենքն ուղղում է... արդարության դեմ։ Ես ուզում եմ, ոչ թե հետո, այլ հենց հիմա, այս վայրկյանին մենք դաս առնենք վերոհիշյալ ուշացումներից, որ միայն անցյալ չէ, այլ նաեւ... գալիք է՝ որքան էլ դա ցավալի լինի։ Մենք մեզ համար չենք ուշանա, մենք միշտ ժամանակին մեզ կհասնենք։ Եվ հենց այս ամենը մի բան է հուշում՝ խելքներս գլուխներս հավաքած տիրություն անենք մեր ու միայն մեր ամենափրկիչ ուժին։ Ուրեմն, նախ՝ ուժ, ապա՝ անկախություն։ Ասել է թե՝ Հայաստանի անկախությանը պիտի գնալ հիմնավոր եւ կայուն նախադրյալներ ստեղծելուց հետո։ Հազար անգամ չափված ու ձեւված նախադրյալներ։ Թե չէ, ընդհանուր լեզու գտնելու պատրվակով չենք կարող մեր հողն անընդհատ, պատառ-պատառ նետելով վայնասուն բարձրացնողի երախը, ճանապարհ գնալ միշտ։ Դժբախտաբար, բարբարոսների հետ (բոլշեւիզմի օրոք) լեզու գտնելով ենք հասել այս օրին։ Եվ այդ «լեզուն» մշտապես մեր ժողովրդի շահերի դեմ է, մյուսների շահերին՝ կողմ։ Էլ դրա ընդհանուրը ո՞րն է։ Անկախություն, հիմնավոր անկախություն։ Եվ թող անկախությունը երբեք էլ չհասկացվի կղզիացում։

Մի խոսքով, անկախության ծրագիրն ընդունում եմ ամբողջությամբ, միայն թե դրան, իմ խորին համոզմամբ, այսօր լրիվությամբ անպատրաստ ենք, պիտի նախ հող ստեղծել, կայուն պայմաններ ստեղծել, ամենակարեւորը՝ ունենալ հզոր ինքնապաշտպանություն, նոր միայն ձեռնամուխ լինել դրան։ Այլապես, ամեն ինչում տանուլ կտանք անդառնալիորեն։ Հիշենք, բոլորը (մանավանդ պետությունների հարաբերություններում) բարեկամանում են ու կանգնում միայն ուժեղների մոտ։ Ո՛չ բարեկամին բարեկամ ասելով` բարեկամ չես դարձնի։ Ապավինենք մեզ եւ միայն մեզ։ Ու առաջ քայլենք՝ որքան էլ դժվար լինի։

1990թ.