ՄԻԱՅՆԱԿ ԾԱՌԸ


Ալեհեր ժայռի լերկության վրա
Անմեղություն է,
Կանաչ ապրելու տենչ է մոլեգին
                Միայնակ ծառն այս,
Ու վերծանումն է ժայռեղեն ոգու։
Հարցրու նրան,
Եվ նա կշրշա,
                 Թե ինչպես, ոնց է
Գարունը ժայռի ներսում արարվում,
Երբ ժայռի վրա
Դեռ մի քիչ ձյուն կա ու կա համառում։