Մշակույթը՝ պատմական եւ հոգեւոր հենարան

ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՆԱՐԱՆ

(Մայր գետի լեռնային վտակը)

Հարցազրույցը վարեց՝ «ԱՎԱՆԳԱՐԴ» թերթի թղթակից ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ

-Սովորաբար, Արցախի մշակույթի, առանձնապես` գրականության մասին խոսելիս, հիշատակում են նորօրյա արժեքների, անունների մասին։ Չէ՞ որ Արցախի պատմությունը նույնքան հին է, որքան նրա մշակույթը։

-Արցախը մշակույթի, արվեստի երկիր է։ Եվ որ բնագավառն էլ վերցնենք, նրանում կհանդիպենք նվիրական անունների, որոնց արմատներն արցախական աշխարհի հողից են։ Ինչպես Չարենցն էր շեշտում, երգը երկրից է աճում։ Սակայն, այլ հարց է, թե այդ ծնված երգն ինչ ճակատագիր է ունենում։ Սկսած ամենավաղնջական ժամանակներից, արցախական աշխարհը մշտապես հանդես է գալիս որպես հայ գրի ու դպրության առաջնային օջախներից մեկը։ Եվ պատահական չէր, որ Մաշտոցն իր գերագույն խնդիրներից մեկը համարեց Ամարասում, Ցորում ու Հակոբավանքում առաջին հայկական դպրոցների հիմնադրումը։ Արցախը միշտ էլ եղել է ազգապահպանության պայքարի առաջին գծում։ Եվ նրա արվեստագետ զավակները հաճախ են պատմաբանի ու քաղաքագետի գործունեությունը զուգորդել իրենց հիմնական կոչման հետ։ Անընդհատ կարիք է եղել պայքարել այս կամ այն պատմական ու քաղաքական խեղաթյուրումների դեմ, անընդհատ հաստատել, ժխտել, դիմագրավել եւ այլն։ Այսպես է եղել Կաղանկատվացուց, Դավթակ Քերթողից մինչեւ Գրիգոր Ներսիսյան ու Լեո, մինչեւ Բագրատ Ուլուբաբյան եւ Բոգդան Ջանյան, Հրաչյա Բեգլարյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Գուրգեն Գաբրիելյան, Զորի Բալայան... Արցախն իր Գանձասարում ասես ամբողջականացրել է իր աշխարհի վեհությունն ու բանաստեղծական ամբողջ հարստությունը, իր դարերի տառապանքն ու արդար ըմբոստացումը, իր աննկուն ու անհնազանդ ոգին։ Եվ այդ կոթողը, որը Յոկոբսոնի ճշգրիտ բնութագրությամբ հանդիսանում է միջնադարի հայ ճարտարապետության հանրագիտարանը, միայն ճարտարապետական կառույց չէ, այն նաեւ պոեմ է, երաժշտական համանվագ ու առասպել։ Իսկ վերջերս, երբ բանաստեղծ Միխայիլ Դուդինը եղավ Լեռնային Ղարաբաղում եւ առաջին անգամ տեսավ Գանձասարը, զարմանքից ապշել էր եւ անընդհատ կրկնում էր. «Հայ ժողովրդի հոգու խորքը տեսնելու համար պետք է անպայման լինել Գանձասարում»։

Այո՛, արցախցին միշտ կերտել ու արարել է՝ լինի բանաստեղծություն, քանդակ, եկեղեցի ու վանք, երգ թե երաժշտություն... Վար ու ցանք է արել մշտապես։ Որքան թշնամին բարբարոս, մեր կերտածը այնքան վեհ է, գեղեցիկ ու ամուր։ Մեր պատմության քառուղիներում երբեք էլ չի իմացվել, թե արցախցու մեջ որտեղ է սկսվում բանաստեղծը, որտեղ ճարտարապետը, որտեղ զինվորն ու զինվորականը... Այդ ամենը նա համատեղել է իր մեջ՝ միշտ մնալով հարազատ իր արյան կանչին։ Եվ դա մեր ազգային ամենաբնորոշ հատկանիշն է... Ամարասը, Գտիչը, Հակոբավանքը, Տիգրանակերտն ու Շուշին մշտապես եղել են հայ մշակույթի ամենագործուն կենտրոններից։ Եթե դպրության մեր կոթողները ավերվել, հրի ճարակ են դարձվել, մի մասն է մեզ հասել, ապա մեր հողի վրա մեր ինքնության կնիքը հանդիսացող ճարտարապետական կոթողները հիմնականում մնացել են անառիկ։ Եվ մշտապես վերընթերցելով Գոշի «Դատաստանագիրքը» կամ Կաղանկատվացու պատմությունը՝ մեր վանքերի կամարների տակ, դրանով իսկ մեր քարերն էլ ենք գիրք դարձրել։ Ահա ինչու ռուս նշանավոր գրողն ու մտածողը ասում է՝ Հայաստանում անգրագետ քարեր չկան... Ու պատմության, ժամանակի ու ճակատագրի նման ընթացքն է, որ հուշում է՝ արցախցի գրողը միայն գրող չէ։ Սա շատ է ճշմարիտ, սա շատ է ճշգրիտ։ Մանավանդ՝ մեր այսօրը դրա վառ առհավատչյան է։

Հիրավի, մշտապես դժվարին է եղել արցախցի արվեստագետի, առավելապես՝ գրողի ճակատագիրը։ Սակայն դժվարությունից արցախցին երբեք էլ չի ընկրկել, իր խաչն ինքն է տարել։ Ու տարել է արժանապատվորեն։ Հալածվել է, գերվել է, գանակոծվել է արցախցին, հազար ու մի հալածանքի է ենթարկվել, բայց պայքարի դաշտը երբեք չի թողել... Գուցե հենց դրանից է, որ զորականներն ու զորավարները այնքան շատ են այս հրաշալի երկրամասում։ Ու մենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի գրական համեստ ընտանիքն ենք ներկայացնում, այս ամենի փորձը, բնականաբար, ունենք մեր արյան մեջ, եւ պատմության ընթացքը մեր արյան ընթացքին հաղորդել է իրենը։ Պատմությունը անսխալ հուշարար է։ Անշուշտ, դրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ դարակազմիկ մեր օրերում դարձյալ կարեւոր ու վճռորոշ դերում էին Արցախը եւ նրա գրողները, մշակույթի ջոկատն ընդհանրապես։ Իսկապես որ՝ գրողը Արցախում՝ գրող չէ միայն... Այդուհանդերձ, դժվար չէ, բնավ, գուշակել, թե ժողովրդի գոյապահպանության համար ո՞րն է կարեւորը։ Կարեւորից կարեւորը մեր ինքնության ոգին է, որին էլ հենց, առաջին հերթին, իր նետի սլաքն է ուղղում բարբարոսը։ Բայց այդ երբ է, որ մեր ոգին կարողացել են բանտել, բայց այդ երբ է, որ մեր հոգեւոր արժեքները մեզ հույս ու սատար չեն եղել։ Ահա այս հոգեւորի պահպանության դիրքերում էլ միշտ որոշվել է այս կամ այն արվեստագետի գործունեության գնահատականը։ Սա լավ է գիտակցում այսօր մեզանից յուրաքանչյուրը։ Մեր գոյապահպանության հիմնական միջոցը հոգեւորն է։ Անկասկած, սա է դրդում մեզ՝ արցախցի գրողներիս, նայելով մեր անցած ճանապարհին, մտածել կորցրածը հետ բերելու մասին։ Եթե Շուշիում մշակույթի հայ օջախներն ավերվել են, վերակերտենք, վերաստեղծենք Ստեփանակերտում, Ամարասում ու Գանձասարում, որ հնարավոր դարձվի նաեւ Շուշիի հայ մշակույթի վերհառնումը։ Ահա այս հարցերն են, որոնք այժմ դրված են մեր գրական, արդեն ստվարացող ջոկատի առջեւ, սա է մեր կարծիքով, ղարաբաղյան գլխավոր պրոբլեմի արդարացի լուծմանը տանող բանալիներից մեկը։ Խոստովանենք, որ մեր գրական կազմակերպությունը նաեւ առաջնեկի դեր ունի մարզի ստեղծագործական կազմակերպությունների մեջ։

-Ի դեպ, Ղարաբաղյան շարժումից հետո եւ ԼՂԻՄ-ում կառավարման հատուկ ձեւի պայմաններում ի՞նչ առաքելություն ունեն նորաստեղծ գրական ինքնուրույն կազմակերպությունը եւ հոգեւոր կյանքի մյուս բնագավառները։

-Հուրախություն բոլորիս, Արցախում այժմ գործում են ե՛ւ նկարիչների, ե՛ւ կոմպոզիտորների, ե՛ւ լրագրողների իրավական հիմքերի վրա դրված ինքնուրույն կազմակերպություններ, թատերական, գրքասերների ընկերություններ, մշակույթի մարզային ֆոնդ եւ այլն։ Եվ սրանց մեծ մասը մեր օրերի ծնունդ են։ Հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, Գյումրիում, թե այլուր, միշտ էլ իր մեջ պոտենցիալ հսկայական ուժեր է գտնում, բնական եւ ոչ բնական աղետների հակադրվում իր կենսունակությամբ ու անընկճելիությամբ։ Ոտքի տակ պայթող հողն ու գլխավերեւում ճայթող երկինքը նրան ներարկել են դիմացկունություն, որը եւ բնավորություն է դարձել ու գլխավոր հատկանիշ։

Արարման ուժն է, որ մեզ պահում է։ Կերտելու ուժն է, որ մեզ զորավիգ է։ Եվ ահա, մեր առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը եղավ մարզի գրական կազմակերպության, ըստ ամենայնի, գործերի կարգավորումը, մի բան, որ նախկինում ամենեւին էլ հնարավոր չէր։ Հնարավոր չէր նաեւ այն պատճառով, որ գրականությունը վարչական, տարածքային բաժանման չպիտի ենթարկել։ Եվ մենք փաստորեն կտրված էինք մայր օջախից։ Ավելին, մարզի գրողների մասնակցությունը Հայաստանի գրական որեւէ միջոցառման՝ պլենում լիներ թե գրքի քննարկում, դիտվում էր որպես նացիոնալիզմի դրսեւորում։ Եվ դա մեկ կամ երկու ղեկավարի մոտեցման հարց չէր, ինչպես ճգնում են բացատրել շատերը, սա հետեւանք էր 20-ական թվականներին ղարաբաղյան հարցի լուծման ընթացքում ստալինիզմի թույլ տված կոպիտ խախտումների ու կամայականությունների։

Վերակառուցումը, հիրավի, հեղափոխություն է։ Եվ, բնականաբար, այն պետք է անվերջ բուռն ընթացք ստանա այնտեղ, ուր ազգային քաղաքականությունից շեղումներն ավելի շատ են։ Ու պատճառը դա է հենց, որ Լեռնային Ղարաբաղում նորօրյա հեղափոխական պայքարը նման ընթացք ունեցավ։ Եվ այդ պայքարում ժողովրդի շահերն ու ձգտումները, նրանց ազնիվ մղումներն արտահայտելու ասպարեզում գրողի դերը նշանակալից է։ Հետեւապես, մեր գրական կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ էին նոր պայմաններ՝ ընդհուպ մինչեւ կառուցվածքային փոփոխություններ ու ենթակայության հարցի ճշտում։ Անշուշտ, սա ներկա էտապի համար հնարավոր միակ միջոցն է։

Լեռնային Ղարաբաղի գրողների մարզային կազմակերպությունն անցավ ԽՍՀՄ գրողների միության վարչության ենթակայության տակ։ Ամեն մի ձեռնարկում, ամեն մի քայլ պետք է մեզ ավելի մոտեցնի գլխավոր խնդրի կատարմանը։ Եվ եթե այսօր արցախյան գրական ընտանիքի ներկայացուցիչը ձայնի իրավունքով մասնակցում է ԽՍՀՄ գրողների միության վարչության պլենումին, ակտիվորեն դրսեւորում իրեն իր ժողովրդի ճակատագրին վերաբերող այս կամ այն հարցում, ընտրվում է «Խորհրդային գրող» («Սովետսկի պիսատել») հրատարակչության վարչության անդամ, օգտվում գրողին տրված մյուս իրավունքներից, հնարավորություններից, դա արդեն խոսում է այս ասպարեզում կատարվող որոշակի առաջընթացի մասին։ Սա, ինչ խոսք, կյանքի ամենաբնական, ամենասովորական պրոցեսն է, որ ընդամենը վերականգնվում է։ Այդպես էլ պետք է լիներ հենց է՛ն գլխից։ Ու դա, առայժմ այս ձեւով, հնարավորություն է տալիս, որպեսզի մայր գրականության ծովում երեւա նաեւ, ինչպես կասեր բանաստեղծը, արցախյան առվի գույնը։ Մի ժողովուրդ՝ մի մշակույթ. սա է մեր ելակետը, մեր գործունեության սկզբունքը։

Մյուս կողմից՝ մարզի գրական կազմակերպությունը տարիներ շարունակ զրկված էր ֆինանսական ու ստեղծագործական ամենատարրական հնարավորություններից, միջոցներից։ Ցավալի է, բայց փաստ, մարզում ապրող ոչ մի գրողի ու արվեստագետի ընդհանրաապես չի տրվել ոչ մի ուղեգիր՝ հանգստյան կամ բուժման համար, իսկ ստեղծագործական գործուղումների մասին միայն երազել կարելի էր։ Ամենագլխավորը՝ մարզը չուներ իր գրական տպագիր օրգանը, այդ այն դեպքում, երբ Արցախը միշտ էլ աչքի էր ընկնում իր մշակույթով, երբ շուշեցի Ավետիք Բահաթրյանը՝ հայ իրականության մեջ ամենաիքնատիպներից մեկը, Նարեկացի էր կարդում ու վերլուծում, Չարենցի գնահատմամբ՝ «իր հանճարեղ ու զարմանալի գրքում»։

-Այդ բոլորը հարկավ այդպես է։ Եվ կարծում ենք, որ թեեւ երկար տարիների ընդմիջումից հետո, այնուհանդերձ, հրատարակչական միավորման եւ «Արցախ» երկամսյա հանդեսի ստեղծումը տրամաբանական եւ ուրախացնող ձեռքբերում է։

-Սակայն այսօր ով չգիտե, ում չէ հայտնի, որ մշակույթի նորմալ ընթացքի եւ անցյալի ավանդույթների վերականգման համար անհրաժեշտ է պարբերականների հրատարակություն։ Պրոբլեմ, որը մեկ անգամ չէ, որ առաջ է քաշվել մեր գրական կազմակերպության կողմից։ Կոնկրետ. մարզում ստեղծվել է խմբագրական-հրատարակչական մի հսկայական միավորում, որը կապահովի մեր գրողների ստեղծագործությունների պարբերաբար հրատարակությունը՝ թե գրքերով, թե հանդեսի միջոցով։ Սա մեր մշակութային կյանքում, իսկապես, հեղափոխություն է։ Միավորման գլխավոր դիրեկտոր է գործի հմուտ կազմակերպիչ ու փորձառու մասնագետ Յուրի Ներսիսյանը։

Կարծում ենք, մարզի գրական կյանքի զարգացման գործում մեծ դեր կխաղա նաեւ գրական-գեղարվեստական նորաստեղծ հանդեսը՝ «Արցախ», որի էջերում հանդես կգան ոչ միայն արվեստագետները, այլեւ մեր հասարակության, ընթերցողների ամենալայն շրջանակների ներկայացուցիչները, կնպաստեն առաջադրված դժվարին խնդիրների իրականացմանը։ Եվ մենք կասկած չունենք, որ, իրոք, «Արցախը» պիտի դառնա ժողովրդի ձայնը մեր փոքրիկ երկրամասում։ Այնտեղ կբարձրացվեն ամենաբազմազան թեմաներ ու խնդիրներ, համազգային ու համամարդկային գաղափարներ շոշափող հարցեր։ Մի խոսքով, կդառնա ազատության, արդարության, ճշմարտության մի նոր ամբիոն։

Այս ամենին զուգահեռ, հասկանալի է, լուծվում են հարակից շատ հարցեր։ Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել ԽՍՀՄ գրողների միության վարչության հետ, որպեսզի մարզի շնորհալի երիտասարդներից ամեն տարի մեկ-երկու հոգու հնարավորություն տրվի սովորելու Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում, մասնակցելու երկամյա գրական դասընթացներին։ Իսկ առաջիկա 9-րդ համամիութենական երիտասարդ գրողների խորհրդակցությանը կմասնակցեն արձակագիր Կիմ Գաբրիելյանը եւ բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը։ Օրերս Պիցունդայում անցկացվող պոեզիայի համամիութենական խորհրդին, որի աշխատանքները ղեկավարում է բանաստեղծ Եգոր Իսաեւը, մեր մարզից հրավիրվեց նաեւ երիտասարդ բանաստեղծ Ռոբերտ Եսայանը։ Սրանք, իհարկե, այն փաստերը չեն, թերեւս, որ պետք է ընդգծվեն, բայց անպամայն իրենց նշանակությունն ունեն այն տեսակետից, որ գրական Արցախն արդեն ակտիվորեն է մասնակցում երկրի գրական կյանքին, կողքից չի նայում՝ ինչպես եղել է տարիներ շարունակ, այսինքն՝ ձեռք է բերում իր կոնկրետ իրավունքները։ Հաջողություն պետք է համարել եւ այն հանգամանքը, որ մարզում կստեղծվի արդեն, հարցը լուծված է հիմնականում, գրական ֆոնդի ու գրականության պրոպագանդման բյուրոյի լիազորություն, որի համար էլ միութենական իրավասու կազմակերպությունները հատկացրել են արդեն համապատասխան հաստիք։

-Մայր հայրենիքի ստեղծագործական կազմակերպությունների, առավելապես Հայաստանի գրողների միության հետ սերտ կապեր հաստատելու ուղղությամբ ի՞նչ ձեռնարկումներ է անում Լեռնային Ղարաբաղի՝ հանրապետական գրական կազմակերպության իրավունքով ստեղծված միությունը։

-Փոփոխություններ են կատարվել եւ մարզի կազմակերպության ապարատի կառուցվածքում. բաժանմունքը վերանվանվել է այսպես՝ Լեռնային Ղարաբաղի գրողների մարզային կազմակերպություն՝ հանրապետական գրական կազմակերպությունների համապատասխան իրավունքներով։ Բացի դա, մեր գրողների վերջերս կայացած ընդհանուր ժողովում ընտրվեցին կազմակերպության առաջին քարտուղար եւ քարտուղար։ Գրական կազմակերպության մյուս անհրաժեշտ հաստիքների, ֆոնդերի ստեղծման գործը ընթացքի մեջ է եւ շուտով իր լուծումը կստանա։ Սրանք, անշուշտ, խոսուն փաստեր են, ուրախացնող։ Սակայն բացարձակ ճշմարտություն է, որ մեր գրական ընտանիքի լիարժեք գործունեությունը հնարավոր է միայն մայր գրականության հետ։ Հենց այս նպատակով էլ վերջերս մեր մարզի մշակույթի, ստեղծագործական կոլեկտիվների մի խումբ աշխատողներ եղանք Հայաստանում, հանդիպումներ ունեցանք համապատասխան կազմակերպությունների հետ, եղանք Հայաստանի ղեկավարների մոտ, առաջ քաշեցինք մեր ժողովրդին հուզող խնդիրներ։ Կնքվեցին պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան գործունեությունը կոորդինացնել ու դարձնել ավելի արդյունավետ։ Պիտի ասեմ, որ Հայաստանի հրատարակչություններն արդեն ձեռնամուխ են եղել Արցախի գրոների հաջողված գրքերի տպագրությանը։ Մեծագույն առաջընթաց պետք է համարել եւ այն, որ վերջերս մարզի երիտասարդներից 13 հոգի ընդունվել են ԽՍՀՄ գրողների միության շարքերը։ Իսկ գրական կազմակերպությունն այս տարվանից արժանիներին միության շարքերն ընդունելու իրավունք ստացավ։ Այս ամենը, իհարկե, խոսում է մեր հասարակական ու գրական կյանքում կատարվող բարեփոխությունների մասին։ Բայց թող այն պատրանքը չստեղծվի, թե գրողը հետամուտ է միայն գրական հարցերի վճռմանը։ Քավ լիցի։ Մեր մարզի յուրաքանչյուր արվեստագետ, գրեթե առանց բացառության, նախ հասարակական գործիչ է, ապա՝ մշակույթի ներկայացուցիչ։ Եվ նեկրասովյան պահանջը, կարելի է ասել, նոր իմաստով ու խորությամբ է կիրառվում արցախական աշխարհում, ուր գրողների ոտքերին խորթ են հարթ ուղիները, ուր գրողի (եւ ոչ միայն՝ գրողի) ոտքը (ցավոք՝ նաեւ սիրտը) ավելի շատ քար ու խութի են սովոր։

Այո, գրական կյանքը Արցախում կամաց-կամաց հունի մեջ է մտնում։ Եվ այդպես գրական սերնդի գրողների կողքին հայտնվել են շնորհալի երիտասարդներ, որոնց ստեղծագործական աճի ապահովմանը հատուկ ուշադրություն է նվիրում մեր գրական կազմակերպությունը։ Բավական է նշել միայն, որ Հայաստանի գրական ու հրատարակչական այլ մարմինների նախանձնախնդիր վերաբերմունքի շնորհիվ 8 անուն գիրք «Խորհրդային գրող»-ում ու «Արեւիկ»-ում նախատեսված է տպագրել պլանից դուրս, այս տարի։ Մեր գրական կազմակերպությունն ամեն մի հարցում մշտապես զգում է Հայաստանի գրողների միության վարչության աջակցելու, նպաստելու, օգնելու պատրաստակամ վերաբերմունքը։ Մեզ մոտ պարբերաբար անցկացվող եւ արդեն ավանդույթի ուժ առած գրական միջոցառումներն իրենց բարերար դերն են խաղում։ Լայն հնարավորություններ են բացվում ոչ միայն Հայաստանում, այլեւ Մոսկվայում՝ ռուսերեն լեզվով, մեր գրողների հաջողված գործերը հրատարակելու ուղղությամբ։ Մի խոսքով, դժվարությամբ, բայց արվում է հնարավոր ամեն բան` Արցախը հայ մշակույթի կենտրոն դարձնելու, լավագույն ավանդները վերականգնելու համար։

-Մեր զրույցը հիմնականում գնաց կազմակերպական հարցերի շուրջ։ Ի՞նչ կասեք բուն ստեղծագործական ծրագրերի, մտահղացումների մասին։

-Ես կանգ չառա արվեստագետների անունների, այս կամ այն գեղարվեստական գործերի վրա։ եվ դա բնական է։ Բնական է, որովհետեւ ներկա ժամանակաշրջանը մեզ համար նշանակում է նոր սկիզբ։ Մնում է այդ սկիզբը մնայուն արժեքներով նշանավորել, այնպես անել, որ այն ճշմարիտ հունով ընթանա, որ ղարաբաղյան շարժմանն ընթացք տվող հիմնական պրոբլեմը հանկարծ չծածկվի այս կամ այն փոքրիկ ու մեծ հաջողության հետեւում, վերջնական ու արդարացի լուծում ստանա։ Իսկ դրա համար լիակատար ու վերջնական հաղթանակ է հարկավոր։

Ուրեմն, ստեղծենք, արարենք, աշխատենք, կերտենք։ Սա է եղել բոլոր դարերում մեր հաղթանակի ուղին, այսօր էլ մնում է նույնը։ Ավարայրից մինչեւ Սարդարապատ, մինչեւ Արցախ ու Գյումրի մեր ուղին ոգու հաղթանակով է նշանավորվում։ Եվ կգնանք այդպես՝ հավերժորեն, մեր ունկերում մշտապես պահելով Սեւակի պատգամը. «Կանք, կլինենք ու դեռ կշատանանք»։

Լինենք, որովհետեւ չենք կարող չլինել...

1989թ.