Մուկիկի մահը
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 155
տ. ― էջ 396, ծ. ― էջ 563
ՄՈՒԿԻԿԻ ՄԱՀԸ

Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։ Գետի
ափին բուն շինեցին, մտան մեջը։
Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, ետ
եկավ, տեսավ Մուկիկը մեռել է։ Ծնկանը
զարկեց.
5 — Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ...
      Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը
փորեց, տվավ գլխին.
— Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ...
Ձենի վրա Լորիկն եկավ.
10 — Ծիտիկ-միտիկ, չալփետուրիկ,
Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ։
— Թաո՜ւ, թաո՜ւ,— ասավ Ծիտը, —
Ես որ չտամ, ո՞վ տա հապա.
Մուկիկի պես ախպեր մեռավ,
15 Աշխարքն էսպես մնաց անտեր,
Ես որ հողը տամ իմ գլխին,
      Մե՞ծ բան է...
— Ափսո՛ս, ափսո՛ս,— ասավ Լորը,—
Մուկիկի պես մարդը մեռավ,—
20 Ասավ, իրեն էնքան զարկեց,
Թևը կոտրեց, կախ արավ։

      Ծառը ասավ.
— Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ,
Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։
25 — Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը գլխին հող է տալի,
Ես որ իմ մի թևը կոտրեմ՝
30 Մե՞ծ բան է...
— Ա՛խ-վա՛խ, ա՛խ-վա՛խ,— կանչեց ծառը,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞...
Գընաց եկավ, գընաց եկավ,
Իր ճյուղերը զարկեց իրար,
35 Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։

      Քարերն ասին.
— Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ,
Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։
— Վա՜հ, ձեր տունը աստված շինի,
40 Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Իմ ճյուղերը ես որ թափեմ՝
45 Մե՞ծ բան է...

— Հազար ափսո՛ս— քարերն ասին.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Ու գոռալեն, գըռգըռալեն
Գըլորվեցին սարերն ի վար,
50 Թափվեցին ցած— ջըրերի մեջ։

      Ջըրերն ասին.
— Ի՞նչ պատահեց, ա՛յ գիժ քարեր,
Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ էիք,
Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում։
55 — Էլ ի՞նչ անժաժ. բա չե՞ք ասիլ,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորիկն իրեն թևը կոտրած,
60 Ծառը մընաց ճըղնակոտոր,
Մենք մեր տեղից որ գըլորվենք՝
      Մե՞ծ բան է...

— Վա՜շ-վի՛շ, վա՜շ-վի՛շ, ի՜նչ իմացանք,
Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞...
65 Ջըրերն ասին. խառնըվեցին,
Ու գընացին պըղտոր-մըղտոր։
Էն կողմերից տըմտըմբալով
Պառավն եկավ։ Էս որ տեսավ.
— Ա՜յ գըլգըլան ջըրեր,— ասավ,—
70 Դուք պարզ էիք միշտ ու մարմանդ,
Ինչո՞ւ էսօր պըղտորվեցիք։

— Վա՜յ քու տանը քանդվի, պառա՛վ,
Բա չե՞ս լըսել՝ ինչ է եղել.
Մուկիկի պես մարդը մեռավ,
75 Աշխարքն էսպես մընաց անտեր,
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղավ ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
80 Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան է...

— Հողն իմ գլխին,— պառավն ասավ,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞...
Զարկեց իրեն ու ծըվատեց,
Երեսն արավ արյունլըվիկ,
85 Մազաքըձուձ՝ գյուղը վազեց։
      Գյուղում ասին.
— Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց.
Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ։
— Վա՜յ, քոռանամ, մի՛ խոսեցնեք։
90 Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղած ճըղնակոտոր,
95 Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Ես իմ երեսն արյունոտեմ՝
      Մե՞ծ բան է...

— Ափսո՛ս, ափսո՛ս, հազար ափսոս,
Որ էն տեսակ մարդը մեռավ...
100 Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նստեցին.
— Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ...
— Հողագըլուխ Ծիտիկն ասավ,
Թևը կոտրած Լորիկն ասավ,
105 Ճըղնակոտոր Ծառիկն ասավ,
Գըլտոր-մըլտոր Քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր Ջըրիկն ասավ,
Մազաքըձուձ Պառվիկն ասավ,
Մեր Մուկիկը մեռե՜լ է...
110 Էլ ո՞վ մընաց էս աշխարքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում...
Էսպես ասին
Ու միասին
Լացով, կոծով,
115 Ճիչ-գոռոցով
Հավաքվեցին ու գընացին,
Քարիցն ընկան, կոտորվեցին։