Նորից այցի կգնամ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 14։

Նորից կգամ հայրենի գյուղը իմ ծաղկուն,
Նորից այցի կգնամ Խաչունց աղբյուրին,
Խաչունց տափի արտերից հուշն է լոկ մնում,
Նորից այցի կգնամ ես Խաչունց տափին:

Ճրիգներեն աղբյուրից շա՜տ եմ ջուր խմել,
Շա՜տ եմ այցի գնացել ես Ցուրտ աղբյուրին,
Քամար-խութում, Մոշուտում ինչքա՜ն եմ եղել,
Ինչքա՜ն եմ ջուր խմել ես Խինա աղբյուրից:

Վաղուց է` չեմ այցելել Դնգդնգան ձորին,
Նրա անուշ... հառաչին կարոտել եմ ես,
Նորից այցի կգնամ ես Ղամշոտ ծովին,
Խաչերի սեռ, Վիտին սեռ` կարո՞տ մնամ ձեզ...

...Իմ հայրենի՜ անտառներ, զմրուխտե՜ դաշտեր,
Նորից այցի կգամ ձեզ` ինչ էլ որ լինի,
Երազներն եք իմ մաքուր, կարոտը լուսե,
Կգամ, հոգում իմ երբեք դուք չեք մոռացվի:

1977, Դիլիջան