Երկակի աշուն։ Արհեստավարժ գույներ։ Ժամացույցի
զանգերը
ոչ միայն ժամանակի հաշվարկներ են՝ ըստ թվացույցերի,
այլեւ
արհամարհումը
հավիտենական
կյանքի։
Այս ո՞վ է ժամացույցի տակ խզբզել՝ բարեւ,
օրիորդ պոռնկուհի։
Ասում եմ՝ ամբոխը վերածվում է նախիրի եւ աստղերը
հանված աչքեր են հիշեցնում։ Հարեւանի կնոջ սիրուց
խմել դարձյալ,
նախրապան գեւոն, քնով է անցել Էշի վրա։ Մշուշներն ի վեր
բարձրանում է գետը՝ նահանջող լեռան հայացքներից ներս։
Ասում եմ՝ ժամանակը չէ՞, արդյոք, ՀԿԿ-ին դատի տալ՝
Չարենցի ու Բակունցի համար (ո՞ւմ պահանջն է սա),
իսկ լույսը ծորում է՝ անընդհատ մարելու պատրաստ։
Երկրային
գիշերը՝ Մարսից երբ նայում եմ, ընդամենը սեւ կակաչ է։
Ասում եմ՝ թագավորները պետք է մեծ-մեծ գլխարկներ դնեն՝
այնպես որ՝
ականջները չերեւան, որովհետեւ, ո՞վ գիտե, Ապոլլոնը
չի՞ զայրանա,
արդյոք, մանավանդ Միդասի սափրիչը վերջերս
շուտ-շուտ է անցնում ավեր երկրի եղեգնաշատ
հորերի կողքով։
Ասում եմ՝ «խնայեցեք գոնե միրուքս», որ չունեմ։
Քայլերս հեռվի
կոդավորումն են։ Երբ դաշտից ձյունը հեռանում է,
ես մագլցում եմ գագաթները,
որ ձյուների մեջ փոքրիկ խարույկներ վառեմ. այդպես ավելի
քաղցր է ջերմությունը։ Իսկ կինս ասում է՝ չեմ հասկանում,
ինչու
քեզ մշտապես ձգում են կապը կտրածներն ու փչացածները։
Ասում եմ՝ այնտեղ, ուր ոչ մի ձայն բացարձակապես չկա,
աղմուկը
ծաղիկ է սղոցում։ Անտառը երգում է
հավքերի կտուցին։ Քաղցր չէ, որովհետեւ դառը չէ։ Կարող է
արյունը շատ
արագ է շարժվում քո սրտում, բայց երբ չես սիրում,
ոնց իմանաս, որ
այն, փաստորեն, կանգ է առել։ Եվ մենք հավաքական ենք՝
երբ մենակ ենք։
Երկակի աշուն։ Արհեստավարժ գույներ։ Եվ քանի որ թաց է
գետինը, սպիտակ շունը պառկել է իր սեւ
ստվերի վրա։ Ժամանակի հաշվարկները չեն տեղավորվում
թվացույցերի մեջ։ Քամին
անընդհատ հանգցնում է, բայց ես համառորեն
վառում եմ։ Իսկ եթե
ինձ չեք դիմավորում,
դա չի նշանակում, թե ես դեռ չեմ եկել։