Ոգեկանչ
ՈԳԵԿԱՆՉ
Վահագն Դավթյանի պոեզիան գրականություն է բերում նաեւ թեմատիկ նորություններ։ Նա պատմությունից շատ անգամ քաղում է այնպիսի նյութեր, որոնք իրենց ընդգրկած հարցերով ու խնդիրներով կարծես նպատակահարմար կլինեին մեծ արձակով ներկայացվելու համար, բայց երբ միտքն ու գաղափարն արդեն մարմին են առնում բանաստեղծի գրչի տակ, միանգամայն ուրիշ ու նոր կողմերով են բացվում քո առաջ։ Եվ Դավթյանի էպիկական մտածողությունը շարունակում է հայրենի գրականությունը հարստացնել այնպիսի գործերով, որոնք իրենց մեջ համադրում են բոլոր այն լավագույն ավանդույթները, որ ստեղծվել են մինչդավթյանական մեր պոեզիայի մեջ։ Մի հանգամանք եւս, որ արժանի է ուշադրության ու մանրակրկիտ ուսումնասիրության. Դավթյանը մեր մեծերի գեղարվեստական-գաղափարական ավանդները ստեղծագործաբար յուրացնելուց բացի, վարպետությամբ է կողմնորոշվում ու կողմնորոշում հարցերի հրատապության ու նպատակամետության մեջ։ Նրա ստեղծագործության մեջ նկատելի են այն դասերը, որոնք բանաստեղծն առել ու այսօր էլ շարունակում է առնել մեր մշակույթի երախտավորներից ու, շեշտում եմ, առաջին հերթին Մովսես Խորենացի պատմիչից ու անզուգական բանաստեղծից։
Քերթողահոր ստեղծագործությանը դիմելը եւս դարձել է մեր գրական ավանդույթներից մեկը։ Դիմել նրան, նշանակում է դիմել ժողովրդին ու ժողովրդականին, վերցնել նրանից հարուստ ու առողջ սերմեր։ Մ. Կաղանկատվացի, Սեբեոս, Դրասխանակերտցի, Թ. Արծրունի, Խ. Աբովյան, Ղ. Ալիշան, Մ. Նալբանդյան, Րաֆֆի, Դ. Վարուժան, Դ. Դեմիրճյան, Ստ. Զորյան... Մշակույթի երեւելի գործիչների այս ցուցակը կարելի է շարունակել ու հարստացնել տարբեր ժամանակաշրջանում ստեղծագործած արվեստի նոր մշակներով, որոնք ոչ միայն նյութ են քաղել Խորենացու ստեղծագործությունից, այլեւ մեծապես ազդվել են նրանից ու սովորել։ «Բավական է հիշատակել,- իրավացիորեն նկատել է Ա. Մկրտչյանը,- որ անգամ 10-րդ դարի բանաստեղծ Գ. Նարեկացին իր բնության երգերը գրել է Խորենացու «Վարդավառին», «Հռիփսիմեանց» ներբողների եւ «Գիրք պիտոյից» աշխատության խոր ազդեցության տակ... Մեր իմաստուն քերթողահոր ազդեցությունն առավել եւս զգալի է Նարեկացու «Մատեան ողբերգութեան» վրա»32։
Վահագն Դավթյան բանաստեղծի համար Խորենացին ոչ միայն պատմահայր, այլեւ ամենից առաջ հոգեւոր հայր է եւ ուսուցիչ, որի կերպարին նա դիմել է իր ստեղծագործական ուղու տարբեր հատվածներում։ Այսպես, «Թոնդրակեցիներում», որտեղ բանաստեղծը նկարագրում է շուկայական տեսարանը, կամ այսպիսի տողեր.
-Մատյան վաճառեմ, «Պատմություն հայոց»
Կա եւ Մովսեսի, եւ Փավստոսի...
Սա, իհարկե, պատահական հիշատակություն չէ, որովհետեւ Դավթյանը հարցին մոտենում է ճշգրիտ սկզբունքայնությամբ։ Այսինքն՝ վաղուց հասու է այն մեծ ճշմարտությունը, որ ժողովրդի հավաքական կերպարի հավաստիության ու ճշմարտության համար պետք է դիմել նրա ամենաարժանավոր զավակներին ու նրանց հերոսական գործերին։ Իսկ Մովսես Խորենացին այն մտածողն ու խոշոր գեղագետն է մեր պատմության ու գրականության մեջ, որի ստեղծագործությունն այսօր ուղենիշ է ոչ միայն մեր, այլեւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդների համար, մանավանդ՝ նկարագրած ժամանակաշրջանի առանձին դեպքերի ու դեմքերի վերագնահատության ու վերաճշգրտության առումով։
Խորենացու ստեղծագործությունը, ինչպես ասում են, այսօր մեր ժողովրդի սեղանի գիրքն է, որին վերապահվում է նաեւ կողմնացույցի դեր։ Քերթողահոր բազմաթիվ տողեր ու մտքեր մարդկանց շուրթերից հնչում են որպես թեւավոր արտահայտություններ։ Ահա դրանցից մեկը. «...Թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց եւ այնպես մեր երկրումն էլ գրելու եւ հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»։ Իր բարձրարվեստ «Ասք Մաշտոցի մասին» ստեղծագործության մեջ Վահագն Դավթյանը անդրադառնում է գրերի գյուտը ստեղծողի արժանավոր աշակերտներին, ու հասկանալի է, յուրաքանչյուրին նրանցից ներկայացնում սեղմ ու շատ բան ասող տողերի մեջ։ Այդ նրանք են հնչեցնում «մեր լեզուն իր հանճարափայլ ոսկեղենիկով»։ Դավթյանը գրում է.
Ու թեեւ փոքր ենք մենք որպես ածու,
Բայց Հայկն ապստամբ իր զորքը վարեց
Ու կամքը փշրեց բիրտ բաբելացու...
Ու թեեւ փոքր ենք մենք որպես ածու,
Բայց կորովն ունենք Վահագն աստծու,
Գիտենք փորձության ու դավի ժամին
Դիմադարձ լինել նենգ Շամիրամին...
Ընդհանրապես, Խորենացու պատմության փիլիսոփայությունն իր նորովի արտահայտությունն է գտել ամբողջ ստեղծագործության մեջ` լուծվելով, ձուլվելով նրա բաղադրությանը։ Եվ որքան էլ ընթերցողի համար անակնկալային, բայց եւ այնպես սպասված գործ է (թեմատիկ առումով) Դավթյանի «Հիշատակարան անանուն գրչի» ստեղծագործությունը։ Պոեմի տողերից հառնում է անանուն գրիչի ու ծաղկողի կերպարը։ Ստեղծագործությունը գրված է հիշատակարանի ձեւով, ուր պատմողն ու խոսողը գլխավոր հերոսն է։
Ինչպես գիտենք, հիշատակարանները սկսել են երեւալ մեր ժողովրդի առաջին մատյանները լույս աշխարհ գալուց հետո։ Եվ, հասկանալի է, որ դրանք տարածում են գտել հետագա ժամանակներում։ Ավելորդ է խոսելն անգամ այն մասին, թե ինչքան մեծ ու ժողովրդանվեր գործ են կատարել 5-18-րդ դարերի մեր գրիչները, ծաղկողները, որոնց շնորհիվ հոգեւոր շատ հարուստ գանձեր փրկվել են մոռացությունից, ավարներից ու ավերներից հասել մեզ։ Վահագն Դավթյանի կերտած հերոսի մեջ մարմնավորված է ժողովրդի հոգեւոր արժեքների այն համեստ մշակի կերպարը, որը, վտանգելով իր կյանքը, գնալով ստույգ մահվան, մարտնչելով թշնամու դեմ, կորցել է ամեն ինչ, բայց չի կորցրել իր ոգու ամրությունը, իր հավերժական լինելության ամենազորեղ վկայականը։ Էպիկական շունչը առկա է «Հիշատակարանի» հենց առաջին իսկ տողերում.
Ես՝ նվաստ գրիչ,
Աբեղա անբան,
Ծաղկող անարվեստ, քերական անօգ,
Սույն մատյանը սուրբ «Հայոց պատմության»
Ավարտի բերի բյուր չարչարանոք,
Զի ժամանակս խիստ էր խռոված,
Հայոց աշխարհը սասանյալ այնքան,
Որ ես սրբաշեն իմ վանքը թողած,
Դարձա թափառիկ ու հալածական։
Դավթյանը խորն է տիրապետում ժամանակշրջանի պատկեր ստեղծելու դժվարին արվեստին։ Նախ՝ մի քանի տողերի մեջ արդեն մեզ ներկայացնում է անանուն գրչի նվիրվածությունը, ապա ինքնամարտի մեջ ծնվող այն համեստությունը, որ ապրում է միայն մեծերի մեջ, որ, ի դեպ, հատուկ է առանձնապես մեր հին շրջանի ու միջնադարի մշակույթի երախտավորներին, հատկապես Նարեկացուն։ Գրիչն իր գործի վեհությունը զգում է գերազանցապես, ահա թե ինչու «սասանյալ» եւ «խռոված» ժամանակներում էլ ձգտում է ավարտին հասցնել հերոսական ձեռնարկումը։
«...Հայոց մատյանները,- նշում է Կիմ Բաշկին,- որոնք պատմում էին հայրենի երկրի երբեմնի փառքի, նրա երկարատեւ պատմական ուղու, թշնամիների դեմ պայքարի մասին, պատկերում էին իր մեծ զավակների դիմանկարները եւ միաժամանակ պահում էին բազում ավանդույթներ, ասքեր ու ժողովրդական երգեր, այն գանձարանն էին եւ այն սրբարանը, որտեղ ժողովուրդը ի պահ էր դնում իր ամենանվիրական բաները՝ ազգությունը, լեզուն, մշակույթը, իր անցյալը, այսինքն՝ ըստ էության, ինքն իրեն՝ մարդկանց պատմականորեն կազմավորված ընկերակցությունը»։
Հին ձեռագրերի արտագրող-գրիչները նահատակվում էին, բայց սերնդե սերունդ շարունակվում էին կատարել իրենց հերոսական առաքելությունը։
Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» մատյանը պոեմում հանդես է գալիս որպես գործող, ընդհանրացող կերպար, որպես ոչ միայն անցած դեպքերի ու իրադարձությունների, այլեւ արտագրող-գրչի անցած ժամանակի ու դրան հաջորդած դարերի անցքերի կենդանի վկայություն։ Հենց դա էլ նպաստում է ստեղծագործության մեջ առաջ քաշված գաղափարական հարցերի վճռմանը։
Ընդօրինակել սոսկ տասնյակ մի էջ,
Նոր էի հասել Բելին ու Հայկին,
Երբ մի առավոտ արդար լույսի մեջ
Վանքի զանգերը զարհուրիկ զարկին։
Դեռ ներկա խոնավ, դեռ մելանս թաց,
Չէր դրել Հայկը դեռ նետն աղեղին,
Երբ քարափն ի վեր ահեղ դղրդաց
Հեծյալ նետողած հեղեղը դեղին։
Դեղին հեղեղը... Բանաստեղծի օգտագործած «դեղին» բառն այստեղ դառնում է կոնկրետ հասցե ու արտահայտում է վերաբերմունք, ընդգծելով «նետողաց» խավարահյուս կերպարանքը։ Վահագն Դավթյանը եւս մայր ժողովրդի փրկությունը տեսնելով հայոց այբուբենի, այդ հերոսական զորաբանակի մեջ, դարավոր թշնամու դեմ է հանում ոչ միայն զինված ամբոխներին, այլեւ մատյանը՝ իր տառազորքով։ Նա շնչավորում է այբուբենի ամեն մի տառը, յուրաքանչյուրին վերապահելով հայրենասերի ու մարդկայինի վեհանձն հատկանիշներ։ Տառերի անձնավորումով նա բացում է նաեւ անմեղ ու մաքուր հոգիների տառապանքը, որն ի վերջո բռունցքում է ուժերը չարի դեմ։
Քե-ն իր կենտ աչքից արցունք էր լալիս,
Ճե-ն մեջքից ճկվել ու դարձել էր ճիչ,
Ծա-ն ծամը քանդած, ծնկին էր տալիս...
Անանուն գրչի կերպարին ավելացնում է բանաստեղծը նոր երանգներ, նա մատյանի աղարտված էջերն անընդհատ նորոգում է։ Եվ այս «նորոգելը» իր հերթին խոսում է կրկնող ավերումների մասին։ Այն ասպատակումների պատմություն է ներկայացնում։ Դավթյանը նրբորեն զուգահեռներ է անցկացնում ոչ միայն «Հայոց պատմության» մեջ նկարագրվածի ու անանուն գրողի ապրած ժամանակաշրջանների միջեւ, այլեւ Խորենացուն ու նրա մատյանն ընդօրինակողին ներկայացնում է որպես բախտակիցների, չէ որ երկուսն էլ, չնայած այնքան նվիրված, այնքան անձնվեր, այնուամենայնիվ, ենթարկվում են հալածանքների, «բյուր չարչարանոք» գլուխ բերում գործը։ Կա պահպանված ժողովրդական մի ավանդություն, ինչպես վկայում է Ա. Մկրտչյանը («Հինգերորդ դարի հին դպրություն»). Մովսես Խորենացին «տգետներից ազատվելու նպատակով, փախչում, թաքնվում է Վաղարշապատի գյուղերից մեկում։ Շատերը նրան փնտրում են, բայց չեն գտնում։ Շուտով Խորենացու դասընկեր Գյուտը դառնում է կաթողիկոս, որը նույնպես սկսում է փնտրել հալածանքի ենթարկված իր վաղեմի դասընկերոջը։ Վանապետը տարբեր բնակավայրեր շրջագայելուց հետո, գալիս է այն գյուղը, որտեղ թաքնված էր ժողովրդի սիրելի քերթողահայրը։ Գյուղացիներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվին մեծ խնջույք են կազմակերպում։ Բոլորը տարբեր ասույթներով, արտասանություններով ու խոսքի այլ հնարանքներով աշխատում էին զբաղեցնել նրան։ Խոսքի հերթը հասնում է ցնցոտիներ հագած մի ծերունու, որն իր գրած բանաստեղծություններից մեկի արտասանությամբ հմայում, դյութում է բոլոր մասնակիցներին։ Հանդիսականներից մեկը հայտնում է այդ կախարդիչ բանաստեղծի ով լինելը։ Գյուտը, ճանաչելով նրան՝ անսահման ուրախանում է եւ, Խորենացուն հրավիրելով Էջմիածին, ձեռնադրում է Բագրեւանդի եպիսկոպոս, որը գրում է իր աշխարհահռչակ «Հայոց պատմությունը»։
Մատյանի ընդօրինակող անանուն գրիչն իր աշխատանքը կատարելու համար թափառում է վայրից վայր, օրերը անցկացնում անձավներում։ Նա, ջերմացած «Հայոց պատմության» շնչով, չէր զգում «հոգնություն ու քաղց», չէր զգում «հողմի շունչը սառ»։ Իսկ երբ նա հասնում է «Սարերում կորած հինավուրց մի վանք», վանահայրը նրան ապաստան է տալիս, պայմանով, որ նա «վանքի գործերն էլ անի»։
Անանուն գրիչը իր կյանքը նվիրել է մատյանի ընդօրինակմանը, իսպառ մոռացել է անձնական երջանկության մասին։ Բավականին հուզիչ է եւ այն պատկերը, ուր նա, տեսնելով կաքավին «ձագուկների հետ», հառաչում է. «Իր ձագուկն ունի ամեն արարած, Վայ ինձ՝ տնանկիս ու մենակյացիս»։ Եվ այստեղ տողերի ենթատեքստում ընդգծվում է հայ ժողովրդի ավանդույթի ուժ առած գեղեցիկ սովորություններից մեկը՝ գիրք որդեգրելը։ Փաստորեն անանուն գրողն որդեգրել է «Հայոց պատմություն» մատյանը։
Հիշատակարանները, սովորաբար, գրվում էին ընդօրինակվող մատյանների լուսանցքներում կամ վերջում, պատմում էին գրիչների, ծաղկողների գործունեության ընթացքը պայմանավորող կամ դրա հետ կապված իրադրությունների մասին։ Ասել է թե՝ նրանց գրառումները եւս հետագա դարերի համար ներկայանում են որպես պատմություն։ «Հիշատակարանում» զուգահեռաբար ներկայացվում են «Հայոց պատմության» մեջ նկարագրվող առանձին դրվագներ ու դեմքեր, եւ մատյանի ընդօրինակման ժամանակաշրջանը։ Պարզորեն ցույց են տրվում ժողովրդի տառապանքները, նրա դժվարին ուղին, տոկունությունն ու անընկճելիությունը։ Մանավանդ՝ անընկճելիությունը։ Նետողաց զորքը, որերորդ անգամ, հարձակվում է, ավերում է երկիրը, հարուստ ավարներ վերցրած մեկնում։ Ու մի անգամ էլ, «սեւ արհավիրքի» ժամանակ, «մողեսների պես վեր էին սողում», ուզում էին պոկել «զանգերի լեզուն», որ «մենք աշխարհում հավիտյան լռենք»։ Հարուստ ավարով հեռանում է «հեղեղն այդ շեղաչ».
Օ, նեռ միամիտ, չիմացավ սակայն,
Որ այստեղ թողեց զանգն ամենամեծ...
Մատյան իմ, զանգ իմ, ձայն իմ ոգեկան,
Զնգա դարերում, ղողանջիր անեղծ...
Ճշմարիտ է բանաստեղծի եզրահանգումը։ Գրիչը շրջում է հայոց աշխարհում, ամենուրեք ականատես է լինում ավերածությունների ու ողբի, հիվանդությունների։ Բայց բավականին խորհրդանշական է, երբ ծաղկողը թշնամուց սարսելով ու խուսափելով, խաղաղ անկյուն փնտրելով՝ գործն ավարտին հասցնելու համար, չի սարսրում ժանտախտից։ Դավթյանի հետեւությունը, որ դարձյալ ենթատեքստում է, մեկն է՝ թշնամին ժանտախտից սարսափելի է ու խորշելի։
Պոեմի վերջնամասում գլխավոր հերոսը դիմում է այսպիսի խոստովանության.
Եվ վերջին էջը՝ «Ողբը» պատմահոր,
Ողբալով էի ընդօրինակում։
Ողբում էի քեզ, իմ հայոց աշխարհ,
Դու վեհդ ի մեջ հյուսիսականաց,
Դարեր ես եկել, անցել սրարշավ,
Բայց ցավդ նույնն է ու վիշտդ անանց։
Ապա նա զարմանում է, որովհետեւ պատմահոր տողերն ասես «գրվել են այսօր, կարծես մեր ցավը հայտնի է նրան»։ «Հիշատակարան անանուն գրչի» պոեմի մեջ Վահագն Դավթյանը յուրօրինակ գույներով է կերտել նաեւ Սարսուի կերպարը։ Սարսուն անձնվիրության, մաքուր սիրո եւ գեղեցկության, հայոց աշխարհի մաքրության ու զուլալության մարմնացումն է, միշտ պատրաստ, միշտ բարեգութ ու անմեղ։ Եվ ձեռագիր մատյանի ծաղկողն իր վրձնի գույներն ասես նրա հոգուց է վերցնում, վերցնում է շռայլ ու ոսկեւորիկ աշունների մառաններից, գարուններից երբեք իրար չկրկնող... Դավթյանը հայ մարդու հոգու եւ հայկական բնության շքեղությունը հակադրում է վայրի ցեղերի բնույթին, որոնք սովոր են մշտապես ասպատակությունների։ Ընդօրինակման ընթացքում գրողի կատարած տառապանքն ու մատյանի հանդեպ ունեցած նրա պատկառանքը, խորը սերն ու հավատն են արտահայտում պոեմի վերջին տողերը, ուր մատյանն արտագրող գրիչը «ծնրադիր» աղաչում է.
Մոմը մատյանից քիչ հեռու բռնեք,
Որ հալ ճրագուն վրան չկաթի։
Իսկ եթե հանկարծ մատյանը անհավատներին գերի ընկնի, խորհուրդ է տալիս ընդօրինակողը՝ «փրկեցեք նրան, ասես փրկում եք ձեր իսկ զավակին»։ Հայ ժողովրդի գոյատեւությունն ու հաղթանակները, անշուշտ, կապված են նրա հոգեւոր արժեքների հետ։ Եվ հենց այս հենքի վրա էլ կառուցել է իր «Հիշատակարանը» բանաստեղծ Վահագն Դավթյանը, ցույց տալով, որ ինչքան էլ մեր պատմիչների, գրիչների «մելանին արցունք է կաթել», դրանից գիրը դառել է ավելի դիմացկուն ու անջնջելի։