...Եվ առավել է լույսն իմաստնանում

...ԵՎ ԱՌԱՎԵԼ Է ԼՈՒՅՍՆ ԻՄԱՍՏՆԱՆՈՒՄ

Գրիգոր Նարեկացու բանաստեղծական կերպարի մեջ խտացված են հայ ժողովրդի ոգու գույները, հանճարի թռիչքներն ու բոլոր այն հատկանիշները, որոնցով այն մեծ է ու անկրկնելի։ Եվ պատահական չէ, որ մեծ ողբերգակը «Ի խորոց սրտի» խոսք է բացում Աստծո հետ, դրանով իսկ նրա մեջ հաստատելով իրեն՝ մարդուն։ Նարեկացին իր ապաշխարհանքով մաքրագործում է ոչ միայն Երկրավորին, այլ իր հետ քավարան է տանում նաեւ երկնավորի կատարյալ կերպարը մարմնավորող «ամենակարողին»։

Նարեկա վանքի մեծ Տառապյալը վանականի խուցը դարձրել է այն դիտակետը՝ մարդկային հոգու աստղադիտարան-բյուրական, որտեղից կարող էր խորասույզ լինել ամենեցու ապրումների ու զգացումների մեջ, թափանցել Աստծո գաղտնարանները, իր եւ նրա մեջ ոչինչ չթողնելով չմեկնված։ Նա երկխոսության մեջ է մտնում Երկնավորի հետ՝ որպես ժողովրդի ու մարդկային հավատի առաքյալ։ Նա մարդկության պատգամախոսն էր երկնավորի առաջ։ Եվ բանաստեղծի անվերապահ ու անմնացորդ սրտաբացությունը, անմիջականությունն այն ազգային հատկանիշներից են, որոնք բնութագրում են ոչ միայն իրեն՝ Նարեկացուն, այլեւ նրան ծնող ժողովրդին։

Նարեկացին ապրեց ու ստեղծագործեց տասներորդ դարում։ Բայց նա իր անզուգական «Մատյանում» այնպես նկարագրեց ժողովրդի ցավերն ու տառապանքները, նրա ձգտումներն ու իղձերը, որ այսօրվա դիտանկյունից էլ երբ նայում ենք, մեզ թվում է, թե նա ապրել է եւ մեր ժամանակը։ Ավելին, նա մեզ ընդառաջ է գալիս գալիքից։ Ասել է թե՝ ժողովրդի անցած եւ գալիք ճանապարհների պատմության փորձը նա ընդհանրացրել է բանաստեղծական իր անգերազանցելի թռիչքների մեջ։ Եվ այսօր Նարեկացուն դիմելով, մենք մեր ժողովրդի ոգուն ենք դիմում, դիմում ենք մեր պատմությանը, մեր ցավին, մեր գալիքին ու ճակատագրին։ Սրանով պետք է բացատրել նաեւ այն հանգամանքը, որ մեր ժողովրդի բանաստեղծական պսակն ամբողջացնող աստղաբույլի մեջ իր ուրույն լույսն ունեցող Վահագն Դավթյանը, որը առաջին հերթին գեղագետ է, այնքան ավելի հաճախակի է դիմում միջնադարյան հանճարեղ տաղերգուին։

Մեր սեղանին է Վ. Դավթյանի «Գիշերային զրույց Նարեկացու հետ» քնարական պոեմը։ Վահագն Դավթյանի ստեղծագործական հասունությանը զուգընթաց աճել է նրա՝ պատմության խորքերը պեղելու անհրաժեշտությունը, առանց որի` գրողի խոսքը կլիներ եթերային ու ոչ կոնկրետ, չիմաստավորված։ Եվ ահա, պատմության խորքերին հառված Դավթյանի լույս որոնող հայացքը չէր կարող հաճախակի կանգ չառնել միջնադարյան այդ արեւագնդի վրա։ Ամեն անգամ, երբ բանաստեղծը դիմել է ժողովրդի ոգուն, նրա առաջ իր անթերի ու ամենակատարյալ դեմքով է կանգնել Նարեկացին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա դիմում է հայոց գրքերի ստեղծող ու մեծ գյուտարար Մաշտոցին, որը, ինչպես գիտենք, չորրորդ դարի մեր լուսաբացն է (նաեւ՝ բոլոր ժամանակների), դարձյալ Դավթյանը ոչ միայն չի մոռանոււմ, այլեւ ավելին, պատմությանը «մասնակից» է անում Նարեկացուն, իր «Ասք Մաշտոցի մասին» երկում վկայելով նրա վշտամորմոք ընդվզումը.

Խոսեց մեր լեզուն
Հոգուն թեւ դարձավ ու հանճարին սյուն,
Խոսեց, որ մի այր խավար խցի մեջ Նարեկա վանքի
Իր հոգին բանա մի աստվածային վսեմ ճախրանքի,
Կապույտ աղոթքով մրրկի ինչպես ծովակը Վանա,
Սրբվի, մաքրվի,
Մերձենա աստծուն,
Ո՛չ... աստվածանա։

Գրիգոր Նարեկացու դիմանկարի ամբողջականացման համար Վահագն Դավթյանը էսքիզների է դիմել, ինչպես ասում են, տարբեր ժամանակներում՝ իր ստեղծագործական անցած կյանքի ընթացքում, տարբեր առիթներով։ Այսպես, նա Նարեկացուն դիմում է «Հավատում եմ քեզ» («Քեզ պիտի նորից Նարեկով զտես»), «Անի» («Այստեղ տնքում է դարեր վիրավոր մի գեղեցկություն։ Եվ համրանում է «մի քարե Նարեկ»), «Հեռվից» («Որ թվում է թե մատյան է խղճի՝ Քարե մի Նարեկ»), «Մորս հիշատակին» («Երեկ կանչեցիր, որ նստեմ կողքիդ ու Նարեկ կարդամ»), «Ինքներգություն» («Մկրտեցիր ինձ Նարեկին տառապանքով անեզրական»), «Ցորեն» («Ցորենի խիղճ ունի Նարեկը քո»), «Արագածն է այստեղ» («Դու շողի շուրթին դարձել ես ցորեն, երկնքի շուրթին դարձել ես Նարեկ»), «Լույս առավոտի» («Եկ ու ինձ մաքրիր, ինչպես Նարեկա այն տառապյալին»), «Երգից հետո» («Ապաշխարեց ասես Նարեկա Սեւ վանքում Ու մաքրվեց լույսով իր արցունքի») եւ ուրիշ բանաստեղծություններում, հրապարակախոսական ելույթներում ու գրականագիտական հոդվածների մեջ։ Այնպես որ՝ Նարեկացին ու նարեկյանն ի սկզբանե վերուվարում էին Դավթյանի երակների մեջ։

«Հիրավի, մեծ խիզախություն պետք է ունենալ,- գրում է Էդուարդաս Մեժելայտիսը,- գրիչ վերցնելու այն պոեզիայի մեջ, ուր տիրություն է արել մի այնպիսի հսկա, ինչպիսին է Նարեկացին։ Հայ գրի մեջ նրա զբաղեցրած տեղը նույնն է, ինչ Արարատի տեղը Հայաստանի լեռների մեջ։ Մտքի հսկա, որ Դանթեի կողքին է կանգնած»։ Վահագն Դավթյանը խիզախեց ու ոչ միայն գրիչ վերցրեց Նարեկացու կողքին, այլ ավելին՝ զրույց բացեց նրա հետ։

Նարեկացու խոսքն Աստծուն է ուղղված, Դավթյանի խոսքն ուղղված է հենց իրեն՝ Նարեկացուն։ Դավթյանը իր «Գիշերային զրույցում» հարազատ է մնացել ոչ միայն երեւույթների վերընթերցման նարեկյան ոճին, այլեւ պոեմը կառուցել է նույն դիմառնության մեթոդով, որի ամենամեծ կիրառողը մեր գրականության մեջ մինչեւ այսօր էլ մնում է Նարեկացին։

Ու ես իմ դարից խենթ ու հողմավար
Այցի եմ գալիս
Քեզ, խղճի ճորտակ, բարու մարգարե,
Քեզ, բուժիչ բարբառ, լույս անպարագիծ,
Աստծո ախոյան ու զրուցակից,
Քանզի սրբորեն չոքելու համար,
Իմ տագնապները ոգելու համար,
Խոկալու համար,
Տոկալու համար,
Թեթեւանալու, հառնելու համար
Խղճիդ խորանն է ամենից հարմար...

Նարեկացին այս պոեմի մեջ ներկայացվում է ոչ միայն իբրեւ ազգային բանաստեղծ։ Նա համամարդկային հնչեղության հասած հանճարեղ գեղագետ է։ Հետեւապես, պոեմի հեղինակը պահանջում է անկողմնակալ ու արդարադատ վճիռ, նրան վերապահելով մեզ «աստծո լույսը հագցնողի» դերը։ Նարեկացին տառապանքի մեջ էլ համազգային հնչեղության ողբասաց է։ Վահագն Դավթյանը պոեմի մեջ, առաջ տանելով իր զրույցը, հաճախակի է դիմում «Մատյանի» հեղինակին, ավելի ճիշտ՝ մայր ժողովրդի հավաքական հանճարը մարմնավորողին՝ ամենատարբեր բնութագրումներով։ Ահա դրանք. խղճի ճորտակ, բարու մարգարե, բուժիչ բարբառ, լույս անպարագիծ, աստծո ախոյան ու զրուցակից, ճգնակյաց, բարեգութ, ոգու հաց, լույսի մանանա, ահեղ, անոխ, մարդասեր, ներող, նորոգիչ, մեծդ, անարատ, հանճարեղ արդարախանդ, հաշտարար վսեմ, փեթակ անխափան, լուսարար անքուն, դեղապետ հմուտ, դարբին կորովի, դատավոր արդար, առաքյալ անբիծ, պարտիզպան հմուտ ու հրաշալի, փոթորիկ անդուլ, տառապյալ դու մեծ։

Թեկուզ հենց մեջբերված այս բառերի տրամաբանական կապի միջով պարզ տեսանելի են այն դիմագծերը, որոնք պոեմի մեջ գեղարվեստական պատկերների միջոցով ամբողջականացնում են Նարեկացու կերպարը։ Ընդհանրապես, Դավթյանն այս պոեմում դիմել է սխրանքի՝ կերտելով այնպիսի մի բարդ ու հակասություններով հարուստ երեւույթի գեղարվեստական մեկնությանը, ինչպիսին է Նարեկացին։ Բայց ինչու է դիմել նրան։ Որովհետեւ նա դարձել է ժողովրդի «խղճի խորանը», հավատի խորանը, ուր գնում են ամենից առաջ «թեթեւանալու», հառնելու համար»։ Հենց այս հառնումն է, որ դարձել է պոեմի առանցքն ու նպատակակետը, որի շուրջն էլ ամբողջականանում են մյուս խնդիրներն ու գաղափարները։

Դավթյանը, ժամանակի առումով, ոչ միայն Նարեկացու ապրած շրջանն է տեղափոխվում, այլեւ նրան է բերում 20-րդ դար։ Մի տեսակ հայացքների համադրում է կատարում նա։ Դավթյանը ամբողջովին իր պոեմի մեջ դառնում է հայացք, որի մեջ լույս են կաթեցրել նաեւ արդարագանգատ Ֆրիկն ու Քուչակը, միջնադարի մյուս «հանճարեղ ճորտերը»։

Նորից դիմենք Մեժելայտիսին։ Խոսելով Նարեկացի-Դավթյան բանաստեղծական հարաբերության մասին, նա նշել է. «Նա (Վ. Դավթյանը - Վ.Հ.) հասկացել է, որ անցյալի մեծագույն վարպետների հետ մրցելն անմտություն է։ Այդ պատճառով իր բանաստեղծություններից մեկում, որ գրված է աղոթքի ձեւով եւ ուղղված է մեծ մտածողին, վաղուց հայերի ազգային հպարտությունը դարձած Նարեկացուն, 20-րդ դարի բանաստեղծը, մեր ժամանակակից Վահագն Դավթյանը միայն մի բան է խնդրում. «Ով ամենատես, օգնիր, որ տեսնեմ այն, ինչ չեմ տեսնում»։ Եվ բանաստեղծն այդ շնորհը ստանում է 10-րդ դարի հանճարեղ մտածողից։ Ու բնական է, որ Դավթյանի պոեզիայի «ալմաստների» հասցեն լիտվացի գրողին տանում է դեպի Նարեկացի։

Դավթյանի վիշտը դեպի խորություն է տանում, ողբերգականության շերտերն ավելի են ընդգծվում, որովհետեւ բանաստեղծն անկարող է այցելել իր զրուցակցի գերեզմանին, «ինձնից խլված է լեռնաշխարհն իմ լուրթ»։ Գնալով, աճում է ցավը, դառնում ելք փնտրող ճիչ, որովհետեւ Նարեկացու արյունակից եղբայրները, որոնք նույնպես «լույսի ճամփորդներ» էին, «անապատների ճանապարհներին ջարդված գանգերով» ընկել են «դիտապաստ»։ Ահա թե ինչու բանաստեղծի աչքին կաթնծիրն էլ երեւում է որպես մի տող միայն, «Հրեղեն մի տող մեր տառապանքի չգրված գրքից»։ Ու այսքանից հետո էլ Նարեկացին ներկայանում է անոխ. «Լսիր ինձ, անոխ»։ Դավթյանը բացվում է իր ամբողջ ցավով.

Ես ոխ ունեմ, քեն ունեմ քո դեմ,
Ես գանգատ ունեմ եւ ունեմ անեծք,
Ինչո՞ւ սուզվեցիր
Դու աստվածային ոլորտն այն վսեմ,
Ինչո՞ւ բերեցիր ու դրիր մեր մեջ
Այս խիղճը անեղծ...

Բանաստեղծը, իրեն հակադրելով Նարեկացուն, ավելի է ընդգծում նրա դավանած սկզբունքի սրբությունը, ավելի է համոզիչ դարձնում եւ իր նվիրվածությունը նույն այն հավատամքին։ Դա երեւում է մանավանդ հաջորդող տողերից, որտեղ նա ասում է՝ «Սիրեինք պիտի մեր ժանիքներն ու սրերը մեր կեռ, Ասպատակեինք վայրենի քոչով»։ Բանաստեղծը տող առ տող ընդգծում է մայր ժողովրդի վսեմությունը, խղճի մաքրությունը, ոգու անպարտելիությունը, բարության անսահմանությունը։ Մի քանի տողով ներկայացնում է բնավորություն։ Ահա.

Խղճի արմատը
Ապառաժների ոխի մեջ խրած
Ծիրանի ծառի խոնարհ տքնանքով
ծրին ենք հինել,
Լեռներից պեղված մեր ցոլուն
                                   ոսկուց չենք հատել դրամ,
Ոսկուց ձուլել ենք աստվածուհիներ։

Որքան էլ որ «գայլը գորշ» շարունակի իր նախճիրը, միեւնույն է, բանաստեղծն իր ձայնը հասցնում է խղճի ապավեն Աստծուն` հաղթանակը տալով «լույսի ճշմարտությանը»։ Դավթյանը մեծ տեղ է տվել իր այս գործի մեջ նարեկյան բառանյութին ու պոետական ոճին, ինչ-որ տեղ ճառագայթ երկարելով նաեւ մեծ եղերերգակ Սիամանթոյին, նաեւ Դուրյանին։ Նույն ցավը, նույն ըմբոստացումը.

Նարեկա վանքը՝ դարձած նետ ու շանթ,
Երկինք սլանար
ու այս աշխարհի խղճի մեջ խրվեր։

Նարեկացու միջոցով Դավթյանը ամենեցուն բաժանում է «մեր սիրո հացը», «Իբրեւ սուրբ նշխար» նրանով հաստատում «արդարության բարբառը», «աշխարհի սրտին մեր խղճի ոստը» պատվաստում, մեր հավերժության վճիռը գրում...»։ Պոեմում առկա է ցավի, տխրության, վշտի երակներով հոսող մի լավատեսություն, որն անմիջապես ներարկվում է ընթերցողի սիրտը, դառնում տառապանքով հաղթահարված ճանապարհի հպարտություն։

«Հոգեբանական բարդ ու հակասական անցումներում,- գրում է գրականագետ Սարգիս Փանոսյանը «Լույսի բանաստեղծական իմաստավորումը» հոդվածի մեջ,- ծանրակշիռ խոսքով մի կողմից ուրվագծվում է ժողովրդի պատմական ուղին, մյուս կողմից թանձրանում է «մեծ տառապյալի» ոգեղեն կերպարը։ Վերջինիս անհատական գծերն, իհարկե, չեն կորցնում իրենց նշանակությունը, սակայն բանաստեղծական տվյալ կոնտեքստում եւ հեղինակային մտահղացմամբ Նարեկա ճգնավորի կերպարը որոշ առումներով ընկալվում է նաեւ ժողովրդի հավաքական-ընդհանրական կերպարի ընդգրկմամբ»։

Դավթյանի նարեկյան բնութագրումներն այնքան տիպական են, որ նույնիսկ եթե միջնադարյան մեծ մտածողի անունն էլ չտրվեր, միենույն է, ընթերցողը այդ տողերի մեջ տեսնում է նրա աստվածամեծ կերպարը, ճիշտ այնպես, ինչպես նա ինքն է.

Մաքուր,
Փառահեղ,
Իբրեւ մի վկա,
Որ հավասար է հենց իրեն՝ աստծուն...