Ոչ գրական ոչնչությունները քննադատ

Ոչ գրական ոչնչությունները քննադատ
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 160
ծ. ― էջ 597


«Մեղմ ու բարի լինելով՝ դու ասում

ես. մեղավոր չեն նրանք իրանց չնչին

գոյությունով։ Իսկ նրանց նեղ հոգին

մտածում է. մեղք է ծանրացած ամեն

մի մեծ գոյության վրա»։

Նիցշե


Աշխարհքում մի մարդ կա, անունը Ռ. Դրամբյան։ «Մի դիպվածով» էդ Ռ. Դրամբյանի ձեռքն են ընկնում իմ կազմած և իշխանուհի Մ․ Թումանյանի հրատարակած մանկական պատկերազարդ գրքույկները։ Կարդում է «Ծիտը»։ Բարեբախտաբար միայն էս մեկը։ Պարոնը սուր հիշողություն է ունենում։ Հիշում է, որ դա վերցված է Ս. Հայկունու առակներից։ Համեմատում է՝ տեսնում է նույնն է «բառացի»։ Կարդում է «Լուսաբերի» հեքիաթներից—նույն բանը… Մտածում է. ահա թե ինչով են «մեծանում» մեր «հեղինակություն ու դիրք ձեռք բերելու տենչով տարված գրագետները…», ինչով են փառք վաստակում ու գումարներ դիզում…

Մաղձը շարժվում է մարդուկի ներսը, տեսնում է «շանտաժ», «ժանտախտ» ու բարձրանում է անխնա «հարվածելու կծու խայթիչ լեզվով»։ Առանց ձեռքը դողալու, առանց զգալու, առանց տատանվելու գրում է «Գրական մեծությունները բանագող», նոր սերունդին բոյկոտի է հրավիրում նրանց դեմ («Մշակ, № 162) ու քիթը սրբում, աչքերը ճպճպացնելով վեր է կենում գնա իր սովորական ճանապարհը, որտեղից եկել էր «դիպվածով»։

Ո՛չ, կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն։ Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք

մեր առջև։ Էսպես։ Ես ճանաչում եմ ձեզ։ Դուք մի որևէ Ռ. Դրամբյան չեք։ Դուք մինը չեք։ Դուք շատ եք։ Դուք տիպ եք։ Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր կերևա, միայն «դիպվածով» լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու։ Դուք էն անհոգի, տափակ ընթերցողն եք, որ կարդում է պարապությունից ու «դիպվածով»՝ ձեռքն ընկած մի քանի տողով, առանց խոր ու լուրջ նայելու, առանց հասկանալու, տգետ ու թեթև սկսում է քննադատել ու «հարվածել», և առանց հասկանալու էլ շպրտում է բառերը՝ շանտաժ, ժանտախտ, բանագող… թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն։

Կանգնեցեք՝ ձեզ հասկացնեն, որ եթե մի մարդու ասում եք գրական մեծություն, զգույշ պիտի լինեք նրա դեմ գրական կռվի դուրս գալիս, ճանաչեք ձեր չափը ու չհամարձակվեք մյուս անգամ էլ էդպես ստահակորեն հոխորտալով ու բերաններդ շաղ տալով ծառս լինել մի այլ գրական մեծության դեմ։

Ո՜վ Դրամբյան։

Դուք էնքան տգետ եք, չեք էլ իմանում, որ հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը ու պատմում։ Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջն է, որ իմանան ինչը փոխեն, ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և՛ գեղեցիկ դուրս գա, և՛ ժողովրդականի համն ու հոտը չկորցնի։

Էսպես է, ո՛վ հայոց գրողներին «կրթող» Դրամբյան։ Եթե ես առած լինեի նույնիսկ Ս․ Հայկունու գրքից, դարձյալ կմնար իմ արածն օրինավոր ու անպարսավելի։ Սա է էն ուղիղ ճանապարհը, որով հոսանք պետք է տալ, ներս բերել առողջ ժողովրդական ստեղծագործությունները և ուժեղ, հարուստ, կենդանի լեզուն։

Դուք էդ չեք հասկանում հերիք չէ, դեռ դրա հետ էլ սուտ եք ասում, խաբում եք մարդկանց, իբր թե ես իմ պատմած «Ծիտը» վերցրել եմ Հայկունու գրքից։ Էն էլ «բառացի»։ Եվ մինչև անգամ երեսն եք ցույց տալիս։ Դե այժմ աչքներդ բաց արեք, նայեցեք ձեր ցույց տված երեսին։ Ես գրել եմ «Ծիտը», Հայկունին «Աշըղ Այհլորը»։ Իմ ծտի ոտը փուշ է մտնում, Հայկունու այհլորը փուշ է գտնում։ Իմ ծիտը տեսնում է պառավը փետի է ման գալի, ուզում է թոնիրը վառի, փետ չունի․ Հայկունու այհլորը տեսնում է պառավը թոնիրը վառում է, չի կպչում։ Իմ ծիտը գնում է տեսնում հովիվն անհաց է կաթ ուտում, Հայկունու այհլորը տեսնում է հովիվը «պտըտուրը» փրթել է կաթի մեջ, էնպես է ուտում։ Իմ ծիտը տեսնում է հարսանիքում մսացու չունեն, որ մորթեն, Հայկունու այհլորը տեսնում է շուն են մորթել։ Իմ ծիտը հարսը տալիս է աշուղին, ինքը դատարկ ետ գնում. Հայկունու այհլորը հարսը փոխում է «ճունգուլի» հետ։ Նրա այհլորը տալիս է աշուղի աչքը հանում, իմ ծիտն էդպես բան չի անում։ Հայկունու հեքիաթի ուղիղ կեսը կրկնություն է, իմ հեքիաթում չկա։ Իմ պատմածի ծտի երգը Հայկունու վարիանտում չկա։ Վերջապես Հայկունու հեքիաթը նրանով է վերջանում, որ այհլորը հարսին տանում է տիրանում։ Իսկ իմ ծիտը բոլորովին մնում է դատարկ, մինչև անգամ ձեռի սազն էլ երգելիս վայր է ընկնում կոտրվում ու դատարկ էլ թռչում է, գնում։

Մի քանի տող հեքիաթ և էսքան տարբերություն։ Եվ հեքիաթն էլ հենց ամբողջովին կազմված է սրանցից։ Դեռ լեզուն էլ թողնենք, մնա։

Ասեք, խնդրեմ, դիպվածական պարոն, սրա՞ն եք ասում՝ «նույն պատմությունն է բառացի»։ Սրանո՞վ եք եկել բանագող հռչակելու հայոց (ահա թե որտեղ է դժբախտությունը) գրական մեծություննե՞րը։ Սրա համա՞ր եք հայոց թերթերում նոր սերունդը բոյկոտի հրավիրում իմ դեմ։

Եվ էս դեռ էն է, որ ասում եք՝ «բառացի» եմ վերցրել, իսկ եթե մյուսներին գամ, որ նույնիսկ ձեր ասելով «փոփոխված են» կամ «ոտանավորի վերածած», ի՞նչ կտեսնեք։ Բայց սրանից հետո, որքան էլ դուք Դրամբյան լինեք, գլուխներդ պետք է մտնի, որ ոչ թե չեմ օգտված Հայկունու վարիանտից, այլ իմն ու նրանը միանգամայն տարբեր վարիանտներ են։ Նրա հերոսը իր գտածն է տալի, իմը իր ցավը, նրա հերոսը հարսի տեր է դառնում, իմը մնում է դատարկ։ Եվ նրա վարիանտը ես չեմ էլ հավանում, սխալ եմ համարում։ Էդ պրծանք։ Հիմի էս ասեք. ես ե՞րբ եմ էդ հեքիաթը հրատարակել որպես «ինքնուրույն աշխատություն», ո՛վ լուրջ քննադատ Դրամբյան։

Բաց արեք «Լուսաբեր» 1907 թ. Ա տարի, էջ 96. տպված է սև տառերով սպիտակ թղթի վրա՝ «Ծիտը—ժողովրդականից»։ Էլ ի՞նչ եք ուզում։ Այնուհետև իշխ․ Թումանյանի հրատարակությամբ պատկերազարդ տպված է 2400 օրինակ, իսկ 50,000 անգամ, ամենաքիչն եմ ասում, լրագիրներում ու առանձին թերթիկներով հայտարարված է, թե հա՜յ, հարա՜յ, իմացեք ողջ աշխարհն ու բոլոր Դրամբյաններդ, որ էս գրքույկները կազմած են Հովհ. Թումանյանի ինքնուրույն գրվածքներից ու ժողովրդականից առած նյութերից։ Էլ ի՞նչ անեինք, ո՜վ Դրամբյան, էլ ի՞նչպես վարվեինք, որ ազատվեինք ձեր «լուրջ կրիտիկայից»։

Եվ տեղն է եկել, թող ասեմ։ Գրեթե բացառապես, ես, եթե ժողովրդական մի նյութ եմ մշակում, միշտ էլ հիշատակում եմ ու շեշտում, թե տեսեք, որ «ժողովրդականից է»։ Բայց չէ՞ որ էս մինչև անգամ ավելորդ է, և սովորաբար էսպես չեն անում, նախ, որովհետև արդեն փոփոխված է, երկրորդ, ամեն խելքը գլխին մարդ, էն նույնիսկ ռամիկը, գիտի, որ հեքիաթը, առակը կամ լեգենդը էս մարդիկ չեն հնարում, չեն ստեղծում, այլ պատմում են, և հերիք է եթե սկսում են՝ «լինում է, չի լինում», կամ գրում են՝ հեքիաթ, առակ, լեգենդ։ Արդեն պարզ է։ Դրա համար էլ ուղղակի գրում են՝ «Հեքիաթներ Ղ. Աղայանի», «Հեքիաթներ Ս. Քամալյանի», «Волшебные сказки Перро», «Норвежские сказки Андерсена», և այլն, և այլն։ Եվ մինչև ձեր ծնվելն ու «դիպվածով» հոդված գրելը դեռ էս աշխարհում չէր հայտնվել մի խելոք, որ կարծեր թե էդ մարդիկը բանագողներ են, թեև միշտ առել ու մշակել են ժողովրդական նյութերից, որ տպված են էս կամ էն ազգագրական ժողովածուների մեջ։

Հենց ինքներդ ընչի դեմ որ խոսում եք, նրանից ավելի հեռուն եք գնում։ Դուք, ո՛վ «ամենախիստ» Դրամբյան, ձեր հոդվածում հայ ժողովրդական առակները անվանում եք «Ս. Հայկունու աշխատություններ...»։ Աշըղ Այհլորը անվանում եք «Ս. Հայկունու առակը...», չնայելով որ նա, գոնե ինձ նման, չի կազմել զանազան տեղերից ու վարիանտներից ու չի մշակել, այլ անփոփոխ վերցրել է ժողովրդինը, և մինչև անգամ էն էլ իսկի ինքը չի գրի առել, այլ բառացի, ինչպես կա արտագրել է ուրիշի ժողովածուից։ Ջափա քաշեցեք, կարդացեք հենց ձեր բաց արած երեսը (17), Աշըղ Այհլորի տակը, տպած է. «Խոյեցոց մանկական առակներից. Հայթաղ գյուղի բարբառով. գրի է առնված Հարություն Ավչյանի ժողովածուեն»։

Արդյոք հասկանո՞ւմ եք ինչ եք անում և կամ կարո՞ղ եք հասկանալ, ո՛վ Դրամբյան։ Նրան իր արտագրածի համար ասում եք Ս. Հայկունու աշխատությունը, իսկ ինձ իմ կազմածի ու պատմածի համար՝ բանագող…

Բայց դեռ կացեք ցույց տանք, որ դուք էդ անհույս կուրության ու անհատակ տգիտության հետ միաժամանակ և իսկի տեղեկություն չունեք Էն առարկայից, ընչից որ խոսում եք։

Թողնում եմ, որ իմ չարաբաստիկ «Ծիտը» ու «Լուսաբերի» մյուս հեքիաթները գրված են շատ առաջ, «Լուսաբերի» ձեռագրի հետ միասին գտնվում էին ցենզորի մոտ ու գիրքը տպելու թույլտվություն էր ստացված, որ Հայկունու առակները դուրս եկան։ Թողնում եմ մի կողմ, որ ես լոռեցի եմ ու էն գլխից, ոչ «դիպվածով» սիրել ու հետաքրքրվել եմ հեքիաթներով, լեգենդներով, առակներով, և շատերն անգիր գիտեմ դեռ մանկուց։ Էդ բոլորը թողնում եմ մի կողմ։ Ներքև նայեցեք, բեխաբար պարոն, որ զարմանքով տեսնեք, թե էդ հեքիաթներից քանի-քանի վարիանտներ տպված են եղել Հայկունու գրքի դուրս գալուց ու ձեր տխուր ծագումից տասնյակ տարիներ առաշ։

Համեցեք Ծրտի կամ Աշըղ Այհլորի վարիանտները.

1) «Վարժարան», մանկավարժական ամսագիր, 1883 թ․ № 6. Էջ 77, Ճուտիկը. Ա. Մեհրաբյան։

2) Գ. Տեր-Աղեքսանդրյան—«Թիֆլիսեցոց մտավոր կյանքը». 1885 թ. էջ 412, Ծըտի վուտի փուշը, թիֆլիսեցոց բարբառով։

3) «Հայ ժողովրդական հեքիաթներ», Տիգրան Նավասարդյանի, 1894 թ. 8 գիրք, էջ 63, Կորսված աղջիկը. Խրիմու բարբառով։ 4) «Сборник материалов для описания местн. и плем. Кавказа», № 32, «Воробей», ингилойск. сказка.

5) Նույնը, էջ 106, «Лиса и пшеничное зерно», греческ. сказка.

6) Сб. 33, Проказы лисы. Имеретинск. ск.

7) Дудченко. Лисичка сестричка. Малорусск. сказка.

Եվ այլն։ Եվ այլն։ Հասկանո՞ւմ եք, ո՛վ միայն Հայկունին «դիպվածով» տեսած Դրամբյան։

Հիմի դուք Չախչախ թագավորը տեսեք, որ ասում եք Հայկունու Թոզոտ բեկն է. մի վարիանտ, որ անպայման անհաջողներիցն է։

1) «Հայ ժողովրդական հեքիաթներ», Տիգրան Նավասարդյանի, 1890. 6 գիրք, Չախչախ թագավոր, Վանի բարբառ։


2) Тюлки вэ Чак-чак-бек, татарск. сказка, в стихах, Султан Меджид Ганиев. 1894.

3) Сб. Мат. Царь Грушь, кюринск. ск.

4) 13, Лисица, армянск. ск.

5) Сб. 19, Лиса и мельник, имерет. ск.

6) Сб. 27, Лесной человек и кот, ск. терск. казак.

7) Сб. 28, Лисица и пастух, арм. ск.

8) Сб. 29, Старая хлеб-соль не забывается, чеченск. ск.

9) Сб. 35, Лиса и Армуданбек, татарск. ск.

10) Афанасьев, Козьма скоробогатый, русск. ск.

II) Он-же, Бухтан Бухтанович.

12) Сб. св. о кавк. горц. Букучи хан, аварск. ск.

13) Волшебные ск. Перро. Кот в сапогах, французск. ск.


Հերիք է՞ր արդյոք։ Մյուսներն է՞լ կուզեք…

Եվ կրկնեմ, որ Հայկունու վարիանտները պատկանում են անհաջողների շարքին։ Բայց էս բոլորից արդյո՞ք մի բան եք հասկանում, ո՛վ գրական մեծությունների դաստիարակ Դրամբյան։ «Լուսաբերից» եք խոսում։ «Լուսաբերը» կազմելու համար մենք ամենալայն կերպով օգտվել ենք ժողովրդական նյութերից և պիտի օգտվենք միշտ, որքան էլ կծու լինի Դրամբյանը ու խայթիչ։ Էն էլ ոչ միայն մեր ժողովրդականից ենք օգտվում, այլև օտար աղբյուրներից՝ ռուսական, ֆրանսիական, գերմանական, լեհական, բայց մանավանդ անգլիական ու ամերիկական, հարկավ, մեր ինքնությանն ու մեր մտածողության եղանակին հարմարեցնելով։

Հեղինակի անունը հիշում ենք, եթե մի ուրիշ հեղինակից ենք վերցրել նույնությամբ, ինչպես, օրինակ, կտեսնեք տպած Ամիչիս, Մամին Սիբիրյակ, Շիլլեր, Գյոթե, Անդերսեն։ Եթե փոփոխած կամ վերապատմած է՝ ըստ Ամիչիսի, ըստ Մամին Սիբիրյակի, որ կտեսնեք ձեր բարի աչքով։

Գալով ժողովրդականին, նույնպես բոլորի դիմաց նշանակում էինք «ժողովրդական» կամ «ժողովրդականից»։ Բաց արեք «Լուսաբերի» 1907 թ. Ա. տարվա ցանկը և կտեսնեք։ Բայց հետագայում խմբագրությունը, ինչ-որ փոփոխված է, իր իրավունքը չհամարեց անվանել ժողովրդական ու վարվեց էնպես, ինչպես ամբողջ աշխարհքն է վարվում՝ միայն զուտ ժողովրդականի դեմը թողնել «ժողովրդական» բառը։

Եվ ահա էսպես, ո՛վ հայոց գրականության խուզարկու Դրամբյան։

Ինչպես տեսնում եք, ժողովրդական նյութերը՝ հեքիաթները, լեգենդները, առակները, երգերը, անեկդոտները թափառում են գավառից գավառ, երկրից երկիր, լեզվից լեզու, ազատ, անպասպորտ։ Եվ իսկի մի զարմանաք, որ Ս. Հայկունու գրքից դուրս էլ նրանց հանդիպում եք էսքան շատ վարիանտներով կամ հենց նույնությամբ, մանավանդ նույն երկրում, նույն ժողովրդի մեջ։ Մի՛ զարմանաք ու մի՛ զայրանաք, ո՛վ Դրամբյան։

Տեսնո՞ւմ եք, ես «դիպվածով» չեմ զբաղվել էս գործով։ Տեսնո՞ւմ եք Հայկունու գրքից առաջ էլ ինչքան նյութ ու քանի վարիանտ եմ ունեցել ձեռիս տակ, և ես ավելի զգույշ ու լուրջ եմ վերաբերվել մի «ծըտի», քան թե դուք մի «գրական մեծության»։ Դարձյալ մի՛ զարմանաք, ո՛վ Դրամբյան, այլ հասկացեք, հենց էստեղ է տարբերությունը, «մեծության» ու «ոչնչության»։

Ես էլ շատ եմ ցավում, ո՛վ քնքուշ Դրամբյան, որ Հայկունին մեռավ հետին չքավորության մեջ, ինչպես մեռան Րաֆֆիները, Գամառ-Քաթիպաները, ու դեռ շատերը պիտի մեռնեն էս փուչ աշխարհքում։ Էդ ճշմարիտ է․ բայց, հավատացնում եմ, հանգուցյալը դրանից չմեռավ, որ ես «Ծիտը» գրեցի… Ահա տեսեք, ինձանից ու Հայկունուց ուղիղ 26 տարի առաջ Ա. Մեհրաբյանը նույն հեքիաթը գրել է «Վարժարանի» մեջ…։

Ի՞նչ անենք, ո՛վ Դրամբյան, ծաղիկը դրած է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն։

Էդ ժողովրդական նյութերը անհիշելի ժամանակներից անհուն ու անսպառ փռված են մեջտեղը. ինչո՞ւ չէիք օգտվում, ո՛վ Դրամբյան։ Եվ եթե օգտվողի դեմ խոսելու էդքան ախորժակ ունեք, ինչո՞ւ ավելի մեծ բանից չեք խոսում, քան թե «Ծիտն» է։ Մի Սասունցի Դավիթ… քանի ժամանակ էր բանահավաքները Մոկաց մութը լեռներից բերել էին ձեր առջևը ձգել։ Բացատրում էին ու հիանում։ Սակայն ձեզ համար ու ձեր երեխաների համար նա գոյություն չուներ ու չկար։ Չէ՞ որ նույն ժողովրդական նյութն եմ վերցրել ու միայն պատմել, կամ ինչպես դուք ասում եք, «վերածել ոտանավորի» և էն էլ աշխատել եմ որքան կարելի է «բառացի», ժողովրդականին հավատարիմ․ ուրիշ ոչինչ։

Ո՞րտեղ էիք, ո՜վ Դրամբյան։ Հիմի համեցեք, երբ որ «բառացին» էդքան հեշտ է, հմայիչ, հեղինակի կոչում է տալի և գումարներ է դիզում։ Ահա, փռված են…

Բայց ո՛չ, ձեզ չի տված՝ ոչ եղածը վերցնելու շնորհքը, ոչ ստացածը գնահատելու առաքինությունը, այլ համբակի թեթևամտությունը և տափակ, փոքրիկ հոգու մաղձն ու թույնը։

Եվ զուր եք կարծում դուք, դուք և բոլոր ձեզ նման Դրամբյանները, թե ես իմ էդ գործերով շատ եմ ինքնագոհ ու մեծ բաներ եմ համարում։ Մեծ բաներ են, այո՛, բայց ո՛չ ձեզ համար․ և ձեր խելքը հազիվ թե «Ծտին» էլ հասնի, իսկ ինձ համար—երբեք։