ՊԱՆԴՈՒԽՏ ՀԱՅ Ի ՓԱՐԵԶ


Ի գերեզմանի Լևոնի վերջին թագավորի հայոց



Պանդխտությամբ Հայաստանեն դուրս եկա,
Թողի ծնողքս, տունս, տեղս բովանդակ,
Շատ երկիրներ օտար նժդեհ անցկացա,
Ո՛չ ոք չասաց թե ո՞ւր կերթաս միայնակ։

Արզրումի բարձրավանդակ սարերը,
Ոտքով անցա այն գեղեցիկ դաշտերեն,
Ուր ո՛ր կային հայոց շինած բերդերը,
Մարդ չգտա, որ բարով տար հայեր են,
Չնայեցա Ստամպոլի մեծության,

Ծով ու ցամաք աչքիս չէր ինչ երևում,
Իտալիա չեղավ ոտիցս արգելան,
Հողիս միտքըս դեպ ի Փարեղ էր թռչում։
Ի՞նչ գործ ունիս այն բազմամարդ քաղաքը,
Արարատյան ծնունդ՝ սառն լերանց հին,
Ահա՛ եկար. ահա քո մեծ Փարեզը,
Տե՛ս կըգտնես այստեղ հանգիստ քո անձին։
Ես եկել եմ Փարեզ քաղաք պանծալի,
Ո՛չ իմ անձին գտնել տեղ ինչ հանգստյան,
Ես չեմ կարոտ փառաց գանձուց աշխարհի,

Եվ ո՛չ անտես տեսնել նոր ինչ տեսարան։
Ես եկել եմ գտնել այս տեղ այն քարը,
Որո տակը ծածկած է գանձ հայրենյաց,
Ես գտա այն. ահա՛ այս է այն քարը,
Որո տակը թաղված կա թագ Հայկազանց։
Այս քարի տակ պառկած է մեր Լևոնը,

Յուր հետ ունի պահած մեր բաղդն ու պարծանք,
Թագն ու թուրը, ոսկիապատ ասպարը,
Թանգարանաց զարդ են դառել և այլ նշանք։
Տե՜ս թե կա մարդ, որ հարցնե ինձ մեկ օր,
Թե ո՞վ է այս թաղած սառըն քարի տակ,
Կամ ո՞ւմ ոսկերք են աստ որդանց կերակուր,
Կամ ո՞ւմ բռնած ունի մահն այլանդակ։
Քեզ մոռացել են բարեկամքդ Լո՛ւսինյան
Չեն ճանաչել և ոչ անունդ կհիշեն,
Չկան այն պարք` քաջամարտիկ զորության,
Որ քո գործդ, քաջությունքդ միտ բերեն։
Երբ որ երբեմն ընկերությամբ ասպետաց,
Դուրս կուգայիր գաղղիացվոց հանդիման,
Ոսկիազարդ փայլմամբ գինուց սուսերաց,
Կդողային լերինք ծագած Կիլիկյան:
Բայց այժըմ ժանգ է պատել քո նիզակին,
Քո պարակիցք լյալ են հավերժ ցանուցիր,
Նոցա անվանք յուրուք շրթունս ո՛չ հիշին,
Ո՛չ ոք գա այց, կամ տապանի քո խնդիր։
Դու ննջել ես քնով հսկա դյուցազնի,
Քո Կյուլիկե հառաչում է քեզ համար,
Բավական է, զարթիր Լևոն՝ մեծազգի,
Այլ մի՛ ննջիր ի գերեզման այս օտար։
Գերեզմանի անդնդախոր տակերեն,
Մեկ ձայն եկավ. իմ ոսկերքըս հալեցան,
Մահ լսվեցավ՝ դամբանական`այն ձայնեն,
Սիրտս հոգիս մարմնույս մեջը սառեցան։
Ես Լևոնն եմ՝ թշվառ արքա` Լուսինյան,
Կյուլիկեցվոց նստա անբաղդ աթոռը,
Վառյալ սիրով ազգի փառաց հայրենյան,
Ոչ կարարի խնայել իմ կյանք և օրը,
Իմ սիրելի ժողովրդյան թշնամին,
Որ միշտ կամեր գայլի նման պատառել,
Ես շատ անգամ իմ սուսերավ ահագին,
Ստիպեցի մեր աշխարհեն ելանել։
Խաղաղություն հաստատեցի այն տեղը,
Ուր որ շփոթ, խռովություն էր բազմած,
Արդարություն նստավ անդորր այն Գահը,

Ուստի առաջ իրավունք էր հեռացած։
Հայոց իշխանք և մեծամեծ նախարարք,
Հզոր ասպետք ինձմով էին զորացած.
Փառավորյալ վեհ մեծուհիք և տիկնայք,
Իմ հովանյավ երջանկության վիճակած։
Երկրագործի խոփն սուր էր թրի պես,
Եզներն էին գեր և ուժեղ գեղեցիկ,
Մաճն յուր ձեռին` գութան կերթար ջրի պես
Ո՞վ էր կարող` ընդդեմ ասել բան սաստիկ.
Վաճառականք` փարթամ էին, գանձիվք լի,
Յամեն աշխարհ կհասնեին ոտք նոցա,
Ծովեզերք իմ՝ օտար ազգաց ցանկալի,
Միշտ ունեին ոսկեբարձ նավ՝ Թարսսա։
Դաշտք ընդարձակ՝ դալար արոտքճ երփնագեղ,
Խաշանց հոտից բազմությամբ լի հղփացյալ,
Ցուպ ի ձեռին մրահոն աղջիկ աչագեղ,
Աներկյուղ կույր` իմով աջով պաշտպանյալ։
Կամարակապ, ողկուզալի տունկ որթո,
Շվաք կաներ հովիվ կուսից բազմության
Եվ թանձրախիտ ստվեր սիրուն թզենյաց,
Անմեղ պարուն էր միայնակ ապաստան։
Նռնեինք իմ նշենյաց հետ հավասար,
Ծաղկոք, պտղովք զարդարած միշտ մնային,
Ուրախ որդվոց քաջին Հայկա գարշապար,
Օտար մարգկան և ո`չ արոտ կախեին։
Ամենեքյան ընդ յուր որթով թզենյավ:
Կանամբք, որդովք և դստերոք միաբան,
Զվարթ կային ի ցուց ի պար և կաքավ,
Անցանեին ավուրք և ամք անխափան.
Իմ աթոռը ոսկով, ակամբք զարդարած,
Ծով ու ցամաք ուներ իրա ոտի տակ,
Հայկ և Արամ ինձմով էին նորոգված,
Ես այն քաջաց էի անմահ հիշատակ։
Ով ինձ տեսներ, կկարծեր թե տեսնում է՝
Տիգրան, Աբգար, Տրդատ, Աշոտ, Հեթումին,
Արդյոք կարեր ոք ասել թե Վարդան չէ,
Երբ հեծնեի արաբ նժույգ՝ ամեհին։
Հազար և բյուր զորքն իմ ամեն քաջ արի,