Պանդուխտ հոգի


(Նվեր Ս. Նազարյանցի հիշատակին)



Հողի կապանքից Հոգին ազատված՝
Երկնքի անվերջ տարածության մեջ
Թռչում էր ուրախ, նորան գրկաբաց
Ողջունում էին աստղերը անշեջ։

5 Եվ քերովբեներ այնտեղ վեցթևյան
Հանդիպում էին խընկով, բուրվառով.
Հանկարծ ցոլացավ փայլակի նման
Աթոռն ոսկեղեն, լի գոհարներով:

Հանգիստ էր տիրում մշտնջենավոր
10 Մարտիրոսների օթևաններում.
Եվ սըրանց գլխին պսակ փառավոր,
Ինչպես արևելք, հրավառ շողշողում:

Սահում էր այնտեղ և կենդանի ջուր.
Որպես երեխի արտաունք մաքուր,
15 Եվ դրախտահավն թըփերի միջին
Սաղմոս էր ասում Ամենակալին։

Այսքան կախարդիչ, հրաշալի պատկեր
Ոչ մի հողեղեն, մի մահկանացու
Յուր կյանքի օրին երբեք տեսած չէր,
20 Եվ ոչ մեծություն զգացել Աստուծու։

Եվ մըտավ Հոգին խոստացած աշխարհ,
Ուր մեր աշխարհի ո՛չ հոգս կա, ո՛չ վիշտ.
Ուր և՛ մեծ, և՛ փոքր միմյանց հավասար,
Եվ Ադոնայի[1] ներկա նոցա միշտ:

25 Եվ տըխրեց Հոգին հողեղեն մարդու,
Եվ չընտելացավ Դրախտի վարդերին.
Ուզում էր թողնել վիճակ կենսատու,
Ուզում էր ասել–յուր հրեշտակին,

«Թո՛ղ ինձ, թո՛ղ գնամ դարձյալ այն կայան,
30 Ուր ցավ, արտասունք և տառապանք կան.
Ուր քաղցրության հետ կա և դառն բաժակ.
Ուր օձ է սողում և վարդենու տակ։

Սեր ունիմ սըրտումս, լայն այս երկնքից,
Ամփոփել յուր մեջ չէ կարող Դրախտ.
35 Խավար գիշեր է երկինք աստղալից,—
Այնքան լուսավո՛ր երկրային իմ բախտ։

Թո՛ղ ինձ, թո՛ղ. գընամ դարձյալ այն կայան,
Ուր ցավ, արտասունք և տառապանք կան.
Ուր քաղցրության հետ կա և դառն բաժակ,
40 Ուր օձ է սողում և վարդենու տակ»։

<1891, 1 մարտի, Մոսկվա>

  1. Ադոնա կամ Ադոնայե, բառ երբ<այերին>, նշանակում է Աստված (ծանոթ. հեղինակի):