Պատասխանը՝ առաջիկայում
Պուղին որ Պուղի է, բոլորս գիտենք։ Բայց որ վերջերս սկսել է իրեն չվերաբերող բաներին խառնվել, սա ուղղակի անտանելի է անիշխանության մեր շատ վատ ու շատ լավ պայմաններում... Փաստ եք ուզո՞ւմ։ Խնդրեմ։ Օրինակ, սազո՞ւմ է, որ Պուղին, նրա նման Արցախում հարգված-սիրված, իմաստուն եւ կատակասեր մարդը, օրուցերեկով կանգնի մարզառեւտրի բազայի տնօրենի մոտ ու, դեռ կարգին չբարեւած, ասի.
-Ո՞նց ես, ո՞նց չես, ո՞նց ես ապրում այս անասելի «դժվար» օրերին... Ապրուստ կա՞...
-Բա այդպես կարելի՞ է, արցախյան շարժման այս օրերին մեր ցավը դա՞ է, «մելոչնի» ենք մե՞նք... Էնքան մեծ-մեծ հարցեր ունենք, գործեր ունենք... Ի՞նչ «ապրուստի» մասին է խոսքը...
Բայց այն էլ ասենք՝ Պուղին մաքուր սրտով էր հարցրել, նույնիսկ չէր ընդգծել «ապրուստ» բառը, իսկ տնօրենը նրան սխալ էր հասկացել ու... մինչեւ հիմա դեռ չի ասել, թե ոնց է...
Պուղին, այնուամենայնիվ, պատասխանի է սպասում։ Մարդն ուզում է իմանալ, թե մարդը ո՞նց է... Սրանից էլ լավ բա՞ն... Մարզառեւտրական մարմնի պատասխանը կկարդաք մեր առաջիկա համարներից մեկում։
Հ.Գ. Թող ների ընթերցողը, մենք մոռացանք այս փոքրիկ գրության բնաբանն իր տեղում դնել ժամանակին։ Հետեւապես ուղղում ենք. վերոնշյալ «Պատասխանը՝ առաջիկա համարներից մեկում» վերնագրի տակ, նախքան տեքստի սկիզբը, կարդալ. «Պըլը-Պուղու պիրանան ընգած խոսքերքը պըլըկարմուր պոզեր ըն, շտղու ընգեն՝ էրըմըն։ Այայի խոսքերից» նախադասությունը։ Մնացածը՝ ինչպես կա։