Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Երրորդ դպրության. Սկիզբ
ԵՐՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅՈՒՆ
Սկիզբ
Գլուխ Ա
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԻՆՉ ՈՐ ԹԱԴԵՈՍ ԱՄԱՔՅԱԼԻ ՔԱՐՈԶՈՒԹՅՈԻՆԻՑ ՀԵՏՈ
ՏԵՂԻ ՈԻՆԵՅԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ։ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐ[1]:
Թադեոս առաքյալի քարոզությունից և նրա մարտիրոսական վախճանից մինչև Գրիգորի վարդապետության վերջն ու նրա վախճանը, և առաքելասպան Սանատրուկ թագավորից մինչև Տրդատ թագավորի ակամա հնազանդվելը (քրիստոնեական) կրոնին ու նրա վախճանը,— անցյալ հին անցքերի ու առաքինի անձերի վարքի մասին, ինչպես և նրանց հակառակորդների ու դիմադրողների մասին բոլորը ուրիշների կողմից արդեն գրված են։ Բայց մենք էլ մեր պատմության ընթացքում փոքրիշատե նշանակեցինք, առանց հիշատակության չթողեցինք՝ պատշաճ կարգը պահպանելու համար, որովհետև տեղ կա, որ մեր Պատմությունը առաջինն է, և տեղ կա, որ վերջինը. իսկ ինչ որ միջին է, այն ուրիշների ձեռքով արդեն գրվեց։ Բայց որպեսզի մեր պատմության մեջ ընդհատում չնկատվի, հիշատակեցինք՝ ինչպես մի աղյուս
դրված շենքի պատի մեջ՝ բովանդակությունը ամբողջացնելու համար։ Այսպես անելուց հետո ինչ որ այնուհետև պատահել է, այստեղ հաջորդաբար պատմվում է։ Գլուխ Բ
ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ԳՐԻԳՈՐԻ (ԵՎ ԱՐԻՍՏԱԿԵՍԻ) ՈԻ
ՆՐԱՆՑ ՇԻՐԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
Արդ՝ Խոսրովի որդի Տրդատի թագավորության ժամանակ (Հայոց աշխարհը) լուսավորվեր հաճոյական սիրով և աստվածապաշտության հավատով, որին ծանոթացավ մեծ քահանայի՝ ԳրիԳորի միջոցով, որ Անակի որդին էր։ Նրա կրտսեր որդին՝ Արիստակեսր, իր հորը գործակից և եպիսկոպոսակից էր նրա վարդապետության ամբողջ ընթացքում, իր կյանքի բոլոր օրերում մինչև իր քրիստոսակոչ վախճանի օրը: Սրանց համար հանդստարաններ և արժանավոր շիրիմներ պատրաստվեցին — Մեծ Գրիգորի համար Դարանաղյաց գավառում, Թորդան կոչված գյուղում, իսկ նրա որդի սուրբ Արիստակեսին, իր խոստովանական մահից հետո, Ծոփաց գավառից տարան Եկեղյաց գավառը ու թաղեցին Թիլ ավանում, իր հայր Գրիգորի կալվածքում։
Գլուխ Գ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԻՆՉ ՎԵՐԱՍԵՐՈՒՄ է ՏՐԴԱՏԻ ՈՐԴԻ
ԽՈՍՐՈՎԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՐԻԳՈՐԻ ՈՐԴԻ
ՄԵԾ ՎՐԹԱՆԵՍԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ:
Սրանից հետո թագավորեց Խոսրով Կոտակը(Մեծ) Խոսրովի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին։ Սրա օրոք հայրական աթոռը նստեց և իր հոր ու եղբոր փոխարեն քահանայապետեց Վրթանեսը՝ Գրիգորի ավադ որդին։ Սրանց տարիներում աճեցին ու բազմացան խաղաղությունը և շենությունը, մարդաշատությունը և առողջությունը, պտղաբերությունը, առատությունը և գործի հաջողությունը, աստվածածին մեծ պաշտամունքը և աստվածահաճո բարի վարքը։ Սուրբ Վրթանեսը իր հոր և եղբոր նման նրանց լուսավորում էր ու առաջնորդում։ Այն դարում ծաղկած էին իրավունքն ու արդարությունը։
Այն ժամանակները (մի անգամ) Վրթանես եպիսկոպոսապետը գնացել էր Հայոց մեծ և առաջին մայր եկեղեցին, որ գտնվում էր Տարոն գավառում, որտեղ դեռ վաղ ժամանակ, մեծ քահանայապետ Գրիգորի օրերում կատարված հրաշքներով կործանվել էին մեհյանների բագինները։ Այնտեղ գնալով՝ նա իր մշտական սովորությամբ կատարում էր փրկչի խաչելության փրկական գոհացողական պատարագը, (Քրիստոսի) չարչարանքների հաղորդության հիշատակը, (այսինքն) աստվածորդի տեր Հիսուս Քրիստոսի կենդանարար և ազատիչ մարմինն ու արյունը։ Որովհետև հենց այսպես սովոր էին Հայոց եպիսկոպոսապետները՝ թագավորի, մեծամեծների, նախարարների ու ժողովրդի խուռն բազմության հետ միասին պատվել այն տեղերը, որոնք առաջ կուռքերի պատկերների տեղեր էին և հետո աստծու անունով մաքրվեցին ու դարձան աղոթքի տներ և ուխտատեղիներ բոլորի համար։ Մանավանդ սովորություն ունեին հավաքվել այն գլխավոր եկեղեցում և կատարել այնտեղ եղած սրբերի հիշատակը տարեցտարի սահմի ամսի յոթին, Հովհաննես մեծ մարգարեի մատուռում։ Նույնպես և տիրոջ աշակերտների առաքելական (մատուռներում) և նահատակների վկայարաններում ամեն տարի հավաքվում էին, նրանց վարքի, կյանքի և քագործերի հիշատակի տոնի օրը խմբովին ցնծում էին։ Այնպես պատահեց, որ այդ ժամանակ Վրթանես մեծ քահանայապետի սակավաթիվ մարդկանցով շրջում էր առանձին՝ օրհնության պատարագը մատուցելու։ Արդ՝ այն մարդիկ, որոնք մինչև այդ ժամանակ գաղտնի պահում էին հեթանոսական կռապաշտական սովորությունները, մոտ երկու հազար հոգի, միասին հավաքվելով՝ խորհուրդ արին սպանել աստծու քահանայապետ Վրթանեսին։ Այս բանն անելու նրանք համարձակվեցին մասամբ նաև թագավորի կնոջից, որովհետև սուրբը նրան հանդիմանում էր գաղտնի շնության՝ պոռնկական վարքի պատճառով։ նրանք հասան և շրջապատեցին Աշտիշատի եկեղեցու մեծ պարիսպը։ Մինչ նա ներսում պատարագն էր մատուցում, բազմաթիվ զորք դրսից կամեցավ շրջափակել, պաշարեր (բայց) գնդի մեջ եղած յուրաքանչյուր մարդու բազուկները ետ շրջվեցին և թիկունքների վրա հրաշքով կապվեցին, առանց որևէ բանի։ Այսպես պաշարված, կաշկանդված, կապկպված, կծկված՝ բոլորն առհասարակ գետին ընկան անխոս ու անշարժ։ Սրանք աշխարհավեր, աշխարհավեր, չարագործ քուրմերի սերունդներն էին, նրանց տոհմից։ Այսպես այդ ամբոխը պաշարված, դիզված (մնում էր) եկեղեցու զավթում. ինքը՝ Վրթանեսը, դուրս գալով ու մոտենալով նրանց հարցրեց. «Ո՞վ եք դուք, որտեղի՞ց եք գալիս կամ ո՞ւմ եք ուզում, կամ ինչո՞ւ եք եկել»։ Նրանք սկսեցին ճշմարիտը խոսել ու խոստովանեցին, թե «Եկել էինք այս տեղերն ավերելու և քեզ սպանելու՝ Հայոց մեծ տիկնոջ հրամանից համ արձակություն գտնելով. բայց տեր աստված յուր զորությունը հայտնի դարձրեց և մեզ ցույց տվեց, թե միայն ինքն է աստված, և այժմ մենք ճանաչեցինք ու հավատացինք, թե միայն նա է աստված։ Ահա մենք այսպես կծկված մնացել ենք, այնպես որ նույնիսկ տեղներիցս շարժվել չենք կարող»։ Իսկ երանելի Վրթանեսը վարդապետության խոսքը մեջ բերելով՝ նրանց հաստատում էր տեր Հիսուս Քրիստոսի հավատի մեջ և շատ բան էր ասում նրանց։ Հետո նա աղ աղոթք անելով խնդրում էր աստծուց, նրանց բժշկում և արձակում էր աներևույթ կապանքներից ու կծկման անտանելի տանջանքից։ երբ նրանք սրանից փրկվեցին, բոլորն ընկան նրա առաջ և խնդրեցին ապաշխարության դեղը. նա էլ նրանց տվեց ապաշխարության համար որոշ ժամանակ։ Եվ երբ նրանք սովորեցին միասնական սուրբ երրորդության հավատը, ապա նրանց մկրտեց՝ մոտ երկու հազար մարդ, չհաշված նրանց կանանց ու երեխաներին։ Այսպես նրանց հավատի բերեց և արձակեց սրբված ու հավատացած։
Գլուխ Դ
ԵՐԿՈԻ ՏՈՀՄԵՐԻ՝ ՄԱՆԱՎԱԶՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԴՈԻՆԻՆԵՐԻ
ՄԱՍԻՆ. ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՍԵՐՈՒՆԴՆԵՐՈՎ
ԲՆԱՋԻՆՋ ԵՂԱՆ:
Այն ժամանակները մեծ խռովություն ծագեց Հայոց աշխարհում, որովհետև երկու մեծ նախարարներ ու իշխաններ, գավառների ու աշխարհների տերեր, իրար հետ թշնամացան, մեծ ոխակալությամբ կռիվ բորբոքեցին և միմյանց հետ պատերազմում էին առանց իրավունքի ու պղտորում էին Հայոց մեծ աշխարհը. մեկը Մանավազյան տոհմի իշխանն էր, իսկ մյուսը՝ Որդունյաց տոհմի նահապետը։ Սրանք մեծ պատերազմով կռվեցին, և շատ մարդիկ կոտորվեցին ու ոչնչացան։ Ապա Խոսրով թագավորը և Վրթանես մեծ եպիսկոպոսապետը Աղբիանոս պատվական մեծ եպիսկոպոսին ուղարկեցին նրանց մոտ, որպեսզի հորդորելով հաշտեցնի և խաղաղություն հաստատի։ Եվ երանելի Աղբիանոսը գնաց նրանց մոտ, որ համոզի, իրար հետ հաշտեցնի։ (Բայց) նրան անարգեցին, նրա բարեխոսությունը Ասեցին, ուղարկողներին արհամարհեցին, եպիսկոպոսին մեծ անարգանքով ետ դարձրին և արքունական տունն առան ու ավերեցին, և խիստ զայրացած, հապճեպ կերպով պատերազմում էին միմյանց դեմ։ Ապա թագավորը, սաստիկ զայրանալով, նրանց վրա ուղարկեց Արտավազդի որդի Վաչեին՝ Մամիկոնյան տոհմի նահապետին, Հայոց սպարապետության տոհմից, իր զորքերի մեծ զորավարին՝ այդ երկու տոհմը ոչնչացնելու, վերացնելու։ Ապա Վաչե զորավարը գնաց նրանց վրա. երկու տոհմն էլ ջարդեց, ոչնչացրեց, երկու տոհմերից էլ ոչ մի արու զավակ չթողեց, ինքը վերադարձավ Հայոց Խոսրով թագավորի և Վրթանես քահանայապետի մոտ։ Եվ (թագավորը) Աղբիանոս եպիսկոպոսին տվեց հօգուտ եկեղեցու Մանավազյանների ավանը ու նրանց նահապետի բուն աթոռանիստ գյուղը, (այսինքն) Մանավազակերտը յուր բոլոր սահմաններով և նրա շուրջն եղած գավառակով՝ Եփրատ գետի կողմերում։ Իսկ Որդունիների Որդորու անունով բուն գյուղը, յուր բոլոր սահմաններով, որ գտնվում է Բասանի երկրում, տվին Սասանի եպիսկոպոսին, որ Որդորու դյուղիցն էր։
Գլուխ Ե
ՎՐԹԱՆԵՍԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
ԱՌԱՋԻՆԻՆԸ ԳՐԻԳՈՐԻՍ, ԵՐԿՐՈՐԴԻՆԸ ՀՈԻՍԻԿ:
Այս Վրթանեսը և Արիստակեսը Գրիգոր մեծ քահանայապետի որդիներն էին։ Արիստակեսը կույս էր, մանկությունից ի վեր մաքուր, թեպետև կրտսեր որդին էր, ավելի վաղ հոր եպիսկոպոսական աթոռը նստեց։ Իսկ Վրթանեսը ամուսնացած էր և անորդի։ Նա երկար ժամանակ խնդրում էր աստծուց, որ չզրկվի զավակ ունենալու շնորհից, այլ որ իր պտղից մեկը կանգնի իր առաջ տիրոջ ծառայության համար: Եվ նրա ծերության ժամանակ տերը լսեց նրա աղոթքին — նրա կինը հղիացավ և ծնեց երկվորյակ, երկու տղա. մեծի անունը նա դրեց իր հոր անունով՝ Գրիգորիս, իսկ կրտսերինը՝ Հուսիկ։ Նրանք մեծացան Հայոց թագավորի առաջ, և հոգ տարան նրանց ուսում տալու։ Հետո Գրիգորիսը՝ նրա ավագ որդին, որ վայելչակազմ, առաքինի անձ էր, հոգևոր արժանիքներով լի և աստվածային գիտության հմուտ, հասավ Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոսությանը։ Նա չամուսնացավ և արդեն տասնհինգ տարեկան հասակում հասավ եպիսկոպոսական աստիճանի Վրաց ու Աղվանից աշխարհների վրա, այսինքն՝ Մասքութների սահմանների։ Այնտեղ գնալով նա եկեղեցիները նորոգեց լուսավոր կարգերով, առաջին Գրիգորի՝ իր պապի գործերին նմանվելով։
Իսկ Հուսիկին սնուցանում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը. և արքայորդի Տիրանր իր դուստրը կնության տվեց Հուսիկին՝ Վրթանեսի որդուն։ Եվ մինչդեռ մանուկ էր հասակով, մի անգամ առաջին գիշերը կնոջը մերձավորվելիս կինը հղիացավ։ Նա իսկությամբ երազում տեսավ, որ երկու մանուկներ կային, որոնք արժանավոր չեն լինելու տիրոջ՝ աստծու ծառայությանը, և զղջաց, որ ամուսնացել է։ Լալիս էր, աղաչում էր աստծուն, մեծ տառապանքով ապաշխարում էր։ Նա մանկահասակ լինելով՝ թագավորից հարկադրվեց ամուսնանալու։ Բայց այս էլ կատարվում էր աստծու կամքով, որովհետև ապագայում նրանից պետք է առաջ գային գլխավոր հովիվներ, որոնք պետք է ավետարանական հրամաններին սպասավորեին հօգուտ աշխարհին և ի շահ եկեղեցիների։ Բայց նա, բացի այդ գիշերից, այլևս կնոջը չմերձեցավ։ Կինը ծնեց երկվորյակներ, ինչպես երազում նախապես տեսել էր (Հուսիկը)։ Առաջինի անունը դրին Պապ, երկրորդինը՝ Աթանագինես։
Եվ այն մի գիշերը կնոջը մերձենալուց հետո այլևս նրան չմերձեցավ՝ իր մանկական առաքինությամբ։ Նա ոչ թե ամուսնությունը աղտեղի բան էր համարում, այլ կասկածում էր իր տեսած երազից, թե ինչո՛ւ իրենից այնպիսի անպիտան զավակ պիտի ծնվի։ Որովհետև նա ցանկանում էր ոչ թե աշխարհական զավակ, այլ այնպիսին, որը տեր աստծուն սպասավորի, ծառայի։ Նա առհասարակ ամեն աշխարհիկ բան ոչինչ էր համարում. նա լավ էր համարում ոչ թե անցավորը, այլ վերինը, նա երկնային կյանք էր ակնկալում, նա գերադասում էր միայն Քրիստոսին ծառայել, որը իր համար փառք էր համարում։ Նա անտես էր անում թագավորի սերը, նրանից գտած պատիվն ու մեծարանքը կամ թագավորի հետ ունեցած փեսայական բարեկամությունը. այս բոլորը նա ուրանում, նրանցից հրաժարվում էր, համարելով իր համար օտար, գարշելի և խաբեություն։ Այն առաջին անգամից հետո այլևս ոչ մի անգամ չխաբվեց իբրև մանուկ, այլ հայրական միտք, ծերունական հանճարի խրատն ստանալով իմաստնացավ դեպի անմահություն ձգտելու։ Ավելի լավ համարեց Քրիստոսի համար նախատինքներ կրելը, քան թագավորների մեծարանքը, ընտրեց իր համար զուսպ կյանք, և տասներկու տարեկան հասակից ապրում էր առաքինի վարքով։ Նա նմանվեց իր հայրերին, հետևեց իր եղբոր՝ Գրիգորիսի օրինակին և Քրիստոսի լուծը մինչև իր կյանքի վերջը քաշում էր առանց որևէ հապաղման։
Բայց թագավորական տունը նրա հետ թշնամացել էր, և մինչ աներները այս բանի համար նրան անարգում էին, կինը մեռավ, և Հուսիկը վեճ ու աղմուկից ազատվեց: Եվ մինչ նա հոգս էր տանում իր ծնած, (մորից որբ) մնացած զավակների մասին և այսպիսի մտահոգությամբ աղոթում էր աստծուն, տիրոջ հրեշտակը երազում երևաց ու ասաց նրան. «Հուսի՛կ, Գրիգորի որդի, մի՛ վախենա, որովհետև տերը քո աղոթքները լսեց, և ահա քո այդ զավակներից կծնվեն ուրիշ զավակներ, որոնք Հայաստան աշխարհիս լուսավորիչներ և հոգևոր իմաստության աղբյուրներ կլինեն։ Նրանցից կբխեն աստծու պատվիրանների շնորհներ, լիուլի խաղաղություն և շենություն, շատ եկեղեցիների հաստատություն կտրվի նրանց տիրոջից, մեծ հաղթությամբ ու զորությամբ, շատ մոլորվածներ կդառնան դեպի ճշմարտության ճանապարհը, ուստի և նրանց շնորհիվ Քրիստոսը կփառաբանվի շատ լեզուներով։ Նրանք կլինեն եկեղեցիների սյուներ, կյանքի խոսքի մատակարարներ, հավատքի հիմք, Քրիստոսի սպասավորներ և ս. հոգու ծառաներ, որովհետև որտեղից որ շինվածքի հիմքն է, այնտեղից էլ կատարն է։ Նրանց մշակող ձեռքերով շատ պտղաբեր, շահավետ և օգտավետ տունկեր կտնկվեն հոգևոր պարտեզում և աստծուց կօրհնվեն։ Իսկ որոնք որ շեն կամենա նրանց միջոցով տնկել և գիտության նույն հոգևոր ցողից ոռոգվել, նրանք կանիծվեն ու կմերժվեն, և նրանց վերջը կլինի (դժոխքի) կրակը։ նրանք շատ անգամ տիրոջ համար անարժանների կողմից կենթարկվեն թշնամանքի ու նախանձի, բայց վեմի նման հաստատ կմնան իրենց հավատում և մեծ համբերությամբ նրանց կհաղթեն։ Նրանցից հետո կթագավորի ստությունը՝ անզուսպ, անձնասեր, արծաթասեր, խաբեբա, անվստահելի, անպիտան, ստախոս, բանսարկու մարդկանց ձեռքով, այնպես որ շատ քչերը կմնան, որ կարողանան հաստատ պահել հավատի ուխտը»։
Մանուկ Հուսիկը հրեշտակից այս ամենը լսելով՝ մեծ մխիթարությամբ գոհանում էր տեր աստծուց, որ իրեն արժանացրեց այսպիսի բան հայտնող պատասխանի, և իր կյանքի օրերում միշտ ու հանապազ գոհանում էր։
Գլուխ Զ
ԳՐԻԳՈՐԻՍԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ:
Ինչ վերաբերում է Վրթանեսի որդի Հուսիկի եղբայր Գրիգորիս եպիսկոպոսին, որ Վրաց և Աղվանից կողմերի կաթողիկոսն էր, իր ծառայությանը կանգնելով դեռևս մանուկ հասակում, շինեց և նորոգեց այն կողմերի բոլոր եկեղեցիները, մինչև Ատրպատականի կողմերի գավառները։ Նա քարոզիչ էր քրիստոնեական ճշմարիտ հավատին և ամենքին երևում էր սքանչելի ու զարմանալի իր խստակյաց՝ անտանելի ճգնողական վարքով, պահեցողությամբ, մաքուր կյանքով, անքուն հսկումներով և անձանձրույթ ջերմ աղոթքներով առ տեր աստված՝ բոլոր մարդկանց համար։ Նա աստծու շնորհով անթերի վարում էր ավետարանական ընթացքը և սուրբ եկեղեցու վերակացությունը, ջանք էր անում, հորդորում, քաջալերում էր ամենքին դեպի բարին, գիշեր ու ցերեկ պահքով և աղոթքներով, ուժգին խնդրվածքներով ու կատարյալ հավատով մերձավորներին և հեռավորներին հոգևոր եռանդ էր ներշնչում. իբրև մի քաջարի պատերազմող միշտ իր անձը վարժեցնում և պատրաստ էր պահում ամեն տեսակ փորձությունների ու վշտերի, որպեսզի ամենայն համարձակությամբ կարողանա դուրս գալ կռվի՝ Քրիստոսի ճշմարիտ հավատի համար։
Եվ երբ այն կողմերի բոլոր եկեղեցիները կարգի բերեց ու նորոգեց, հասավ մինչև Մասքութների Արշակունի Սանեսան անունով թագավորի բանակի ճամբարը, որովհետև նրանք և Հայոց թագավորները նույն ծագումն ունեին, միևնույն տոհմից էին։ Գնաց, ներկայացավ Մասքութների թագավորին, Հոնաց բազմաթիվ զորքերի իշխանին, կանգնեց նրանց առաջ և սկսեց նրանց քարոզել ու ավետարանել քրիստոնեությունը։ Նրանց ասաց. «Ճանաչեցե՛ք աստծուն»։ Սկզբում նրանք ընդունեցին ու հնազանդվեցին։ Հետո սկսեցին քննել քրիստոսի օրենքները և այդտեղից իմացան, թե աստծուն ատելի են ավարառությունը, հափշտակությունը, սպանությունը, ագահությունը, ուրիշին ղրկելը, ուրիշինը ուտելը, ուրիշների ունեցվածքներին աչք դնելը։ Երբ այս բաներն իմացան, նրա խոսքերի վրա զայրացան ու ասացին. «Եթե մենք չհափշտակենք, եթե չթալանենք, եթե ուրիշների ունեցածը չխլենք, ապա ինչո՞վ պիտի ապրենք այսքան բազմաթիվ զորքերս»։ Եվ թեպետ նա բյուրավոր բարի խոսքերով կամենում էր նրանց սիրտը շահել, բայց չէին ուզում լսել։ Նրանք ասում էին միմյանց. «Սա եկել է մեզ քաջությունից զրկելու, մեր ապրուստի աղբյուրը խափանելու. եթե մենք սրան լսենք ու քրիստոնեական հավատին դառնանք, ապա ինչո՞վ պիտի ապրենք, եթե մեր բնիկ սովորության համաձայն ձի չհեծնենք։ Ո՛չ, ասում էին, սա Հայոց թագավորի մտադրությունն է, որ սրան ուղարկի մեզ մոտ, այս կրոնով խափանի մեր ավարառության արշավանքներն իր աշխարհից։ Եկեք սրան մեջտեղից վերացնենք ու արշավենք Հայաստան, ավարով մեր աշխարհը լցնենք»։
Թագավորը լսեց իր զորքի խոսքերին ու միտքը փոխեց։ Ապա բռնեցին մի կատաղի ձի, մանուկ Գրիգորիսին կապեցին ու կախեցին ձիու պոչից և ձին բաց թողեցին հյուսիսային մեծ ծովի առափնյա Վատնյա դաշտում, իրենց բանակից դուրս։ Եվ այսպես սպանեցին Քրիստոսի քուջ քարոզչին մանուկ Գրիգորիսին։ Ապա այն մարդիկ, որոնք Հաբանդ գավառից գնացել էին նրա հետ, վերցրին նրա մարմինը և բերին իրենց գավառը Հաբանդ, Աղվանից կողմերում, Հայաստանի սահմանում, Ամարազ կոչված գյուղը։ Նրան թաղեցին այն եկեղեցու մոտ, որ շինել էր Գրիգորիսի պապը՝ առաջին Գրիգորը, Հայաստան աշխարհի մեծ քահանայապետը։ Եվ ամեն տարի այդ կողմերի ու գավառների ժողովուրդն այդտեղ հավաքվելով նրա քաջության հիշատակի տոնը կատարում է ցնծությամբ։
Գլուխ Է
ՄԱՍՔՈԻԹՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԻ՝ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԻՇԽԱՆՈԻԹՅԱՆ
ԵՐԿՐԻ ՎՐԱ ԱՎԱԶԱԿԱԲԱՐ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԵՎ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՄԱՍԻՆ, ՈՒ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ԶՈՐՔՈՎ ՄԻԱՍԻՆ ԿՈՏՈՐՎԵՑ:
Այն ժամանակ Մասքութների Սանեսան թագավորը սաստիկ բարկանալով թշնամացավ իր ազգակից Հայոց Խոսրով թագավորի հետ և հավաքեց, գումարեց բոլոր զորքերը — Հոներ, փոխեր, թավասպարներ, հեճմատակներ, իժմախներ, գաթեր, գղվարներ, գուգարներ, շչբեր, ճղբեր, բաղասիճներ, եգերսվաններ և այլ խառնիճաղանջ, թափառական վաչկատուն ցեղերի անթիվ բազմություն, որոնց առհասարակ ինքն էր իշխում։ Եկավ, անցավ իր սահմանը, մեծ Կուր գետը, սփռվեց ու լցրեց Հայոց աշխարհը։ Թիվ չկար նրա հեծյալ գնդերի բազմությանը և ոչ հաշիվ՝ տապարավոր հետևակ զորքին, որովհետև իրենք էլ չէին կարողանում իրենց զորքը հաշվել։ Բայց երբ մի նշանավոր երևելի տեղ էին հասնում և հանդես էին կազմում ըստ գնդերի, դրոշակների և վաշտերի, հրամայում էին, որ ամեն մի մարդ մի ձեռքի քար բերի, մի տեղ ածեն, կույտ կազմեն, որպեսզի ինչքան որ լինի՝ նրանով էլ հասկացվի բազմության չափը, և ապագայի համար մնա անցած օրերի այս ահավոր նշանը։ Եվ որտեղից որ անցնում էին, այսպիսի նշաններ էին թողնում ճանապարհների խաչվող տեղերում, պողոտաների վրա։ Նրանք եկան, լցվեցին, Հայոց ամբողջ երկիրը ծածկեցին. քանդեցին, գերեցին, ամբողջովին ավերեցին, երկրի բոլոր սահմաններում ծավալվեցին մինչև Սատաղ փոքրիկ քաղաքը, մինչև Գանձակ՝ Ատրպատականի սահմաններում։ Շարժվեցին, մի սահմանված տեղ հավաքվեցին Այրարատյան գավառում, որտեղ մեծ բանակ գոյացավ։
Եվ Հայոց Խոսրով թագավորը խույս տվեց իր եղբորից, այսինքն՝ Մասքութների Սանեսան թագավորից, և գնաց Եովգի երկիրը, ընկավ ամուր Դարեոնք բերդը։ Նրա հետ էր նաև Հայոց ծերունի եպիսկոպոսապետ Վրթանեսը։ Այնտեղ նրանք սկսեցին պահք պահել և աստծուց խնդրել, որ նրանց փրկի այն դաժան դահճից, այս էին խնդրում տեր աստծուց։ Իսկ նա գրեթե մի տարի բռնացել, գրավել էր ամբողջ երկիրը։
Ապա եկավ հասավ Մեծ Հայքի զորավար Վաչեն՝ Արտավազդի որդին, Մամիկոնյան տոհմից, որ այդ ժամանակ երկար ճանապարհորդություն էր կատարել Հունաց կողմերում։ Նա հավաքեց նախարարներից քաջերին, խիստ բազմամարդ գունդ կազմեց և հարձակվեց (Սանեսանի) բանակի վրա լուսադեմին պաշտամունքային արարողության ժամանակ։ Նրանք բանակ էին դրել Ցլու գլուխ կոչված լեռան վրա։ (Վաչեն) նրանց բոլորին սրի քաշեց, ոչ մեկին կենդանի չթողեց և գերիների ողջ բազմությունը ետ դարձրեց։ Հետո հավաքեց ավարը և գնաց իջավ Այրարատյան գավառի դաշտը։ Այնտեղ նա Վաղարշապատ քաղաքում գտավ Մասքութների Սանեսան թագավորին բուն գնդի հետ, որ անհամար բազմություն էր կազմում։ Վաչեն զորքը վերցնելով հանկարծակի հարձակվեց քաղաքի վրա, և տերը նրանց նրա ձեռքը մատնեց։
Երբ թշնամիները տեսան նրա հարձակումն իրենց վրա, քաղաքից դուրս եկան, փախան դեպի առապարը, Օշական բերդի կողմը՝ ապավինելով այն անապատին ու քարքարուտ տեղերին։ Սաստիկ մեծ պատերազմ եղավ։ Եվ Հայոց զորավարի նիզակակիցները, որ էին Բագրատ Բագրատունին, Մեհունդակ և Գարեգին Ռշտունիները, Ամատունյաց տոհմի նախարար Վահանը, Վարազ Կամինականը, հասան, խփեցին, կոտորեցին ալանների, մասքութների, հոների ու մյուս ազգերի զորքերը և ամբողջ առապարի դաշտը առհասարակ լցրին մեռածների դիակներով, այնպես որ արյունը դետի նման առատ հոսեց, և թիվ չկար սպանված զորքերին։ Սակավաթիվ մնացորդներին էլ առաջները գցած հալածում էին մինչև բազասիճների աշխարհը։ Սանեսան մեծ թագավորի գլուխն էլ բերեցին Հայոց թագավորի մոտ։ Իսկ նա երբ տեսավ, սկսեց լալ ու ասաց. «Իմ եղբայրն էր, Արշակունի ցեղից»։ Այնուհետև թագավորը Հայոց մեծ եպիսկոպոսապետի հետ եկավ ճակատամարտի տեղը։ Տեսան սպանված զորքերի կոտորածը, մեռածների հոտից երկիրը լցվել էր գարշահոտությամբ։ Հրաման տվին՝ երկրից գուգազ հանել, դիակները թաղել, քարակույտերով ծածկելով, որ երկիրը մեռելների դիակների գարշահոտությունից ու թարախից չապականվի։ Երկիրը խաղաղվեց բավական տարիներ։ Այսպես սուրբ Գրիգորիսի վրեժը լուծվեց Սանեսան թագավորից և նրա բանակից, որովհետև նրանցից ոչ մեկը չմնաց։
Գլուխ Ը
ԱՆՏԱՌՆԵՐ ՏՆԿԵԼՈՒ, ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՄՂԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԵՎ
ԲԶՆՈԻՆՅԱՑ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏՈՀՄԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՄԱՍԻՆ:
Երբ Հայոց երկիրն առժամանակ խաղաղվեց, ապա Հայոց Խոսրով թագավորը հրամայեց պարգևներ տալ այն քաջ մարդկանց, որոնք իր համար չարչարվեցին և պատերազմների ճակատամարտերում իրենց անձը գրին Մեծ Հայքի աշխարհի համար։ Նա Վաչե զորավարին տվեց Ջանջանակի ակունքները, Ջրաբաշխիքը և Ցլու գլուխը բոլոր գավառակներով, նույնպես և մեծամեծ պարգևներ՝ մյուս նախարարներին։
Եվ հրաման տվեց թագավորն իր զորավարին՝ երկրից բազմաթիվ մշակներ հանել, անտառներից վայրի կաղնի բերել ու տնկել Այրարատյան գավառում՝ սկսելով արքունի ամուր բերդից, որին ասում են Գառնի, մինչ Մեծամորի դաշտը, այն բլուրը, որ կոչվում է Դվին և գտնվում է Արտաշատ մեծ քաղաքի հյուսիսային կողմում։ Եվ այսպես անտառ տնկեցին գետի ընթացքով դեպի ներքև, մինչև Տիկնունի ապարանքը։ նա այս անտառը կոչեց Տաճար մայրի։ Մի ուրիշ անտառ էլ տնկեցին նրանից դեպի հարավ, եղեգնուտի եզերքով, և ամբողջ դաշտը լցրին կաղնի տնկով. սրա անունն էլ դրին Խոսրովակերտ։ Նույն տեղում շինեցին նաև արքունական ապարանքներ։ Երկու անտառներն էլ պարիսպներով փակեցին, առանց իրար հետ կցելու, անցուդարձի ճանապարհի համար։ Անտառն աճեց ու բարձրացավ։ Հետո թագավորը հրամայեց ամեն տեսակ որսի կենդանիներ ու գազաններ հավաքել ու լցնել պարսպապատված տեղերը, որպեսզի նրա թագավորության որսի և ուրախության տեղեր դառնան։ Վաչե զորավարը անմիջապես կատարեց թագավորի ասածները։
Եվ մինչ Խոսրովն զբաղված էր անտառները տնկելով, հանկարծ լրաբեր եկավ նրա մոտ Հեր և Զար ավանդ գավառներից, թե Պարսից զորքերը պատրաստվում են պատերազմով քեզ վրա գալու։ Խոսրով թագավորը հրաման տվեց Բզնունյաց Դատաբա նահապետին՝ երկրից գուգազ հանել անչափ ու անհամար, և մատենիկ գնդի հետ միասին դուրս գալ թշնամու առաջ, դիմադրել, նրա առաջն առնել։ Եվ Դատաբեն գնաց Պարսից զորքին ընդառաջ Հայոց զորքի բազմությամբ։ Երբ Դատաբևն հասավ, Պարսից զորքերի մեծերի հետ միաբանվեց և կամեցավ նրանց ձեռքը տալ Հայոց թագավորին՝ իր տիրոջը։ Նա թշնամիներին հրամայեց դարան սարքել իր զորքի դեմ և անմիջապես թշնամու սրերին մատնեց իր զորքը։ Հանկարծ, անսպասելի կերպով կոտորվեց Հայոց քառասուն հազար զորքը և մնացած զորքը դիմեց փախուստի։ Իսկ չարագործ Դատաբեն առավ Պարսից զորքը և կամեցավ Հայոց թագավորի վրա հարձակվել։ Փախստական զորքերն ավելի վաղ հասան Հայոց թագավորի բանակը, գուժեցին պատահած սարսափելի կործանումը, անօրեն Դատաբեն ի մատնության չարագործությունը։ Այն ժամանակ Հայոց Խոսրով թագավորը Վրթանես քահանայապետի հետ ընկնում, թավալվում է գետնին, մեծ պաղատանքով, ջերմ արտասուքներով աստծուց (օգնություն) է խնդրում։ Սրանից հետո փութով հավաքեց իր մոտ զորքերը, մոտ երեսուն հազար մարդ, Վաշե զորավարի հետ, և գնաց նրանց դեմ բոլոր իր ավագ նախարարների հետ միասին։ Նրանք իրար հանդիպեցին Առեստ ավանում, փոքր գետակի վրա արքունական ձկնորսարանում։ Տեսան Պարսից զորքի անհամար բազմությունը՝ ինչպես երկնքի աստղերը և ինչպես ավազ ծովի ափին, որ եկել էին անթիվ փղերով ու անչափ զորքով։ Իսկ սրանք հասան, հարձակվեցին նրանց բանակի վրա, աստծուն հուսալով. խփեցին, կոտորեցին, ոչնչացրին. մեկին էլ կենդանի չթողին։ Եվ շատ ավար խլեցին նրանցից՝ և՛ փղերը, և՛ նրանց զորության ամբողջ ուժը։ Դատաբենին Վաչե սպարապետը և քաջ Վահան Ամատունին ձերբակալեցին ու բերին Խոսրով մեծ թագավորի առջև. նրան քարերով քարկոծեցին իբրև մի մարդու, որ դավաճան է եղել իր աշխարհին և իր տիրոջ գնդին ու զորքերին։ Նրա տոհմը, կինը և որդիները գտնվում էին Ռշտունյաց իշխանի ամրոցում, Աղթամար կոչված կղզում։ Վաչե սպարապետը նավ նստեց ու կղզին մտնելով առհասարակ ո՛չ էգ թողեց և ոչ արու։ Այս կերպով այդ նախարարական տոհմը ոչնչացավ, և նրա տունը գրավվեց որպես արքունի սեփականություն։
Բայց սրանից հետո էլ պարսիկները չէին դադարում Խոսրով թագավորի հետ պատերազմելուց։ Եվ նա օրենք սահմանեց, որ մեծամեծ ավագանին, աշխարհակալ, աշխարհատեր նախարարները, որոնք բյուրավոր և հազարավոր (զինվորների տեր էին թագավորի մոտ մնան ու նրա հետ շրջեն, և նրանցից ոչ ոք չգնա արքունի զորքի հետ։ Որովհետև նա վախենում էր նրանց երկմտությունից, միգուցե Դատաբենի նման վարվեն և իր դեմ ապստամբվեն։ Բայց նա վստահ էր ծերունի Վաչեի՝ Մեծ Հայքի բուն սպարապետի, զորավարի և քաջ Վահան Ամատունու վրա։ Բոլոր ավագ նախարարական տների զորքերը գումարում էր արքունի զորքերի հետ և ամբողջ գումարտակը տալիս էր սրանց ձեռքը, և սրանք շարունակ քաջաբար պատերազմում էին Պարսից սահմաններում ու թույլ չէին տալիս համարձակությամբ մտնել. և ավերել Հայոց երկիրը։ Եվ թագավորը հանգստություն էր վայելում, աշխարհը շեն ու խաղաղ էր նրանց կյանքի բոլոր օրերում։
Գլուխ Թ
ԲԱԿՈԻՐ ԲԴԵՇԽԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՊՍՏԱՄԲՎԵՑ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ,
ՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԴԵՇԽ ԴԱՐՁԱՎ ՎԱՂԵՆԱԿԸ:
Այն ժամանակները Հայոց թագավորի դեմ ապստամբվեց նրա պաշտոնյաներից մեկը՝ Աղձնյաց մեծ իշխանը, որ բդեշխ էր կոչվում, արքունական դահլիճի չորս բարձր գահերը գրավողներից մեկն էր։ Նա հարեց Պարսից թագավորին և նրան մատնեց թագավորությունը, որին ինքը հենարան էր։ Նա Պարսից թագավորից զորք բերել տվեց իրեն օգնության, անջատվեց Հայաստանից և Հայոց թագավորի դեմ պատերազմ էր մզում Պարսից թագավորության ուժերով, և պատերազմը սաստկանում էր։ Եվ Հայոց թագավորը (նրանց դեմ) ուղարկեց մեծ զորքով իր հավատարիմ պաշտոնյաներին — Նորդվաց Ջոն իշխանին, Մեծ Ծոփքի Մար իշխանին, Շահեի Ծոփքի իշխան Ներսեհին, Սյունյաց Վաղինակ իշխանին, Հաշտենից Դատ իշխանին և Բասենի Մանակ իշխանին։ Սրանք գնացին, հաղթեցին Պարսից զորքերին և բոլորին առհասարակ սրի քաշեցին, նույնպես սպանեցին բդեշխին՝ եղբայրների ու որդիների հետ։ Բայց Բակուրի գլուխը և մի նորածին աղջիկ բերին թագավորին։ Եվ որովհետև նրա տոհմից ուրիշ ոչ ոք չէր մնացել, թագավորն այդ աղջիկը կնության տվեց իր սիրելի Վաղինակ Սյունիին, նրան տվեց նաև Աղձնյաց տունը և նրան դարձրեց բդեշխ ու ժառանգ այդ տան։ Ժառանգը բազմացավ, և Վաղինակն ամբողջ այդ երկրով ու բոլոր ուժով միշտ ծառայում էր թագավորին. բայց Բակուր բդեշխի որդիներից մի պատանի փախավ ու ապաստանեց Հայոց Վաչե զորավարի մոտ և նրա տանը թաքնվելով (մահից) ազատվեց, որ և հետո, ուրիշ ժամանակ, դարձավ, իր տունը դրավեց ու ժառանգ դարձավ։ Նրա անունն էր
Խեշա։ Գլուխ Ժ
ՄԾՐԻՆԻ ՀԱԿՈԲ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:
Այն ժամանակները Մծբինի մեծ եպիսկոպոսը՝ մի սքանչելի ծերունի, ճշմարիտ գործերի մեջ վաստակավոր, որի անունն էր Հակոբ, Զգոն կոչված, աստվածընտիր մի մարդ (պարսիկ լինելով հանդերձ), վեր կացավ իր քաղաքից, որպեսզի դա հասնի Հայոց լեռները, Սարարադ լեռը, որ գտնվում էր Այրարատյան տերության սահմաններում, Կորդվաց գավառում։ Նա լի էր Քրիստոսի շնորհներով, այնպես որ նրա ձեռքով հրաշքներ էին կատարվում։ Նա եկավ մեծ փափագով ու ցանկությամբ և աղաչում էր աստծուն, որ կարողանա տեսնել Նոյի փրկական տապանը, որ ջրհեղեղից հետո այս լեռան վրա հանգրվանեց, որովհետև ինչ որ նա աստծուց խնդրում էր, ստանում էր։ Արդ՝ երբ նա բարձրանում էր Սարարադյան լեռան անջրդի անապատ, քարքարոտ տեղերով, ինքը և իր հետ եղողները հոգնեցին ու ծարավեցին։ Այդ ժամանակ Մեծ Հակոբը ծունկ չոքեց գետնի վրա և տիրոջը աղոթեց։ Եվ այն տեղից, որտեղ դրել էր իր գլուխը, մի աղբյուր բխեց. և ինքն ու իր հետ եղողները խմեցին։ Մինչև այսօր էլ այդ աղբյուրին ասում են Հակոբի աղբյուր։ Եվ ինքը նույն չարչարալից գործը շարունակում էր, տիրոջն աղոթում էր, որպեսզի ցանկացածը անհապաղ տեսնի։
Արդ՝ երբ նա հոգնած էր վերը, կատարի մոտ, դժվար տեղում, խիստ տանջված էր, քունը տարավ։ Եվ աստծու հրեշտակը եկավ ու նրան ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Եվ նա ասաց. «Այստեղ եմ, տե՛ր»։ Եվ հրեշտակն ասաց. «Տերը քո աղաչանքներն ընդունեց և խնդրանքդ կատարեց. այդ, ինչ որ գլխիդ տակ դրված է, տապանակի փայտերից է. ահա բերի քեզ համար. այնտեղից է այդ։ Էլ կրկին չձգտես տեսնել, որովհետև տերը այսպես կամեցավ»։ Նա մեծ խնդությամբ ոտքի կանգնելով երկրպագեց տիրոջը մեծ գոհությամբ և տեսավ տախտակը, որ կարծես կացնով կտրած՝ ճեղքած հանած էր ինչ-որ մեծ փայտից։ Առնելով շնորհատուր պարգևը՝ ինքը և հետը եղողները այնտեղից ետ դարձան ու գնացին իրենց ճանապարհը։ Եվ Մեծ Մովսեսը այնպես զվարթ չէր ցնծում Սինեական լեռնից իջնելիս, թեպետ չեմ ուզում ասել, որ նրա բերածը պակաս բան էր, իսկ սրանը՝ ավելի։ Որովհետև այն աստված ատես մարդը աստծուց էր ստացել աստվածադիր հրամանները և ձեռքերին բռնած իջնում էր լեռնից։ Որովհետև այն չարագործ ժողովուրդը տիրոջից երես դարձնելով, կործանվելով՝ տիրադրուժ գտնվեց և իր ձուլածին երկրպագում էր, որով (աստծու) հրամանը բերողի սիրտը կոտրում, վհատեցնում էր, և հենց տախտակների խորտակելուց հայտնի երևում էր բերողի թախիծը։ Իսկ այս երանելուն, որի մասին այստեղ շարադրում ենք, այնպես չպատահեց, ինչպես այնտեղ եղավ. այլ ինքը և յուրայինները լցված էին հոգևոր մխիթարությամբ՝ կարծելով, որ ընդունողները հոժարությամբ և հույսով սպասում են (նրա վերադարձին) հեռավոր ավետաբեր ճանապարհից։ Որովհետև հայտնի ու անհայտ կերպով միայն մեկ ամենակարողից էին մատակարարվում շնորհներ բոլոր երկրածին ազգերին։
Եվ երբ աստծու մարդը եկավ, բերեց նոյան փրկարար տապանի փայտը,— բոլոր բանավորների ու շնչավորների ցեղերին հասած պատուհասի հավիտենական նշանը, հայրենի գործերի նշանակը,— ապա ամբողջ քաղաքը և նրա շուրջն եղած գավառները անչափ, աննման ցնծությամբ և խնդությամբ նրան ընդառաջ ելան։ Նրան համարում էին իբրև քրիստոսի առաքյալ, իբրև երկնային հրեշտակ, նրան շրջապատում էին, իրենց քաջ հովվին իբրև աստվածախոս էին համարում, փաթաթվում էին նրան, համբուրում էին նրա վաստակավոր ու օգտաբեր ոտքերի հետքերը։ Եվ նրա բերած պարգևները իբրև իրենց համար շնորհներ ընդունում էին հոժարությամբ, որ մինչև այսօր էլ նրանց մոտ պահվում է այդ սքանչելի նշանը՝ հայրապետական նոյան տապանի նշանավոր փայտը։
Սրանից հետո սքանչելի Հակոբ եպիսկոպոսը լուր ստացավ Հայաստան աշխարհից, ելավ եկավ Հայոց թագավորի մեծ ծառայի, աշխարհատեր մեծ իշխանի՝ Մանաճիրհ Ռշտունու մոտ. եկավ, մտավ նրա աշխարհը, որովհետև լսել էր նրա մասին, թե չար ու անզգամ մարդ է և սրտի անտեղի դառն ցասումից չարանում ու անթիվ մարդիկ է կոտորում։ Եկավ նրան ուսուցանելու և խրատելու, որ աստծու ահից վախենալով՝ բնավորությամբ բարեհամբույր դառնա, մի կողմ դնի անասնաբարո, գազանային կատաղությունը։ Իսկ երբ անօրեն Մանաճիրհը տեսավ աստծու մարդուն՝ Հակոբ եպիսկոպոսին, նրան արհամարհեց, ծաղրի ու նախատինքի ենթարկեց։ Եվ իր մեջ ունեցած վայրենի բնավորությամբ, ի հեճուկս նրա՝ ութ հարյուր մարդ, որոնք կապանքի մեջ էին առանց հանցանքի, բերել տվեց նրա առաջ և հրամայեց՝ մի գահավեժ տեղից ծովը թափել ու այնքան հոգի կորցնել առանց որևէ հանցանքի։ Եվ կատակով ու ծաղրով հրամայեց հալածել նրան իր աշխարհից։ Նրան ասաց. «Տեսա՞ր ինչպես քեզ մեծարեցի, քո բարեխոսության պատճառով նրանց ազատեցի կապանքներից, հիմա նրանք ծովում դեռ լող են տալիս»։ Իսկ նա մեծ տրտմությամբ այնտեղից գնաց և տիրոջ պատվիրանի համաձայն՝ իր ոտքի փոշին թափ տվեց նրանց վրա: Նա իր հետի մարդկանցով գնաց Ռշտունիքով, հասավ երկաթահատների և կապարահատների լեռը։ Սա մի սահմանաբաժան բարձր լեռ է, որ կոչվում է Ընձաքիարս, որի վերևից բոլոր գավառները երևում էին։ Երբ այս լեռանը մոտեցավ, ստորոտը հասավ, շատ օրեր բոլորովին բան չէր կերել. այդտեղ խիստ ծարավ զգաց։ Ծունկ չոքեց, աղոթք արեց տիրոջը և գլուխը գետին դրեց, աղբյուր բխեց, որից ինքն էլ, հետը եղողներն էլ խմեցին։ Այստեղ էլ Ռշտունյաց (գավառում), ծովեզերքի մոտ, Ընձաքիարսի ստորոտում, նույն ձևով արեց, ինչպես արել էր Սարաբադ լեռան վրա։ Այս աղբյուրն էլ, առաջինի նման, մինչև այսօր կոչվում է Հակոբի աղբյուր։
Հետո աստծու քահանայապետ Հակոբը բարձրացավ լեռան գլուխը և անիծեց այն աշխարհը, որպեսզի այնտեղից իսպառ խռովությունը չպակասի, նրա համար, որ նրանք չլսեցին տերունական խաղաղության խոսքին։ Հետո սուրբ ավետարանիչ եպիսկոպոսը գնաց իր տեղը։ Իսկ նրա գնալուց երկու օր հետո այդ գավառում մեռավ Մանաճիրհի կինը իր յոթ որդիներով. հետո ինքն էլ ծակոտվելով չարաչար մահով գնաց այս աշխարհից։ Եվ նրա ասածի պես՝ այն օրից ի վեր խաղաղություն չեղավ այն աշխարհում։
Բայց այս Հակոբր մեծամեծ հրաշքներ էր գործում. Նա եղավ Նիկիո մեծ ժողովում, որ տեղի ունեցավ Հոռոմոց Կոստանդիանոս կայսեր տարիներին, երբ հավաքվեցին երեք հարյուր տասնութ եպիսկոպոսներ Արիանոս Աղեքսանդրացու անիծված աղանդի պատճառով, որ Եգիպտոսի նահանգից էր։ Արդ՝ բոլոր եպիսկոպոսները նստած էին Կոստանդիանոսի առաջ։ Հայերի կողմից էլ այնտեղ էր Արիստակեսը՝ Մեծ Հայքի առաջին կաթողիկոսի՝ սքանչելի Գրիգորի որդին։ Եվ սուրբ հոգու սքանչելի հրաշքով այս Հակոբին սկսեցին երևալ թագավորի զարմանալի թաքուն գործերը։ Նա տեսավ, որ Կոստանդիանոս թագավորը քուրձ էր հագել իր ծիրանի պատմուճանի տակ, և հրեշտակը կանգնել էր նրան սպասավորելու։ Հակոբ եպիսկոպոսը զարմանալով՝ ժողովի մյուս բազմաթիվ եպիսկոպոսներին հաղորդեց հրեշտակի իրողությունը, բայց նրանք չհավատացին։ Իսկ նա վիճում, պնդում էր և ասում. «Որովհետև դուք թաքուն բաները գիտեք, ուստի նախ այն հայտնեցեք, թե ի՛նչ է հագել թագավորը պատմուճանի տակ»։ Եվ ինքը մեջտեղը կանգնելով՝ սուրբ հոգու շնորհիվ երևան է հանում Կոստանդիանոս թագավորի կրոնասիրական խոնարհությունը, նրա աստվածասիրության հատկությունը, և զննելով՝ բոլորին ցույց էր տալիս, որ ծիրանու տակ քուրձ էր հագել՝ դեպի Քրիստոս ունեցած սիրո և ջերմ եռանդ հավատի համար։ Սրանից հետո Կոստանդիանոսը ինքն էլ տեսավ սպասավոր հրեշտակին, Հակոբի շնորհիվ. նրա ոտքերի առաջ ընկավ և մեծ պատվով ու պարգևով նրան մեծարեց և նրա աթոռը ժողովում եղողներից շատ-շատերի (աթոռներից) բարձր դրեց։
Բայց նրա ոսկորները շնորհվեցին Ամիդ քաղաքին, այլ
մծբինցիների հետ Հունաց և Պարսից թագավորների պատերազմների ժամանակ (ոսկորները) Մծբինից այնտեղ Փոխադրվեցին։ Գլուխ ԺԱ
ՊԱՐՍԻՑ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ,
ԱՅԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԱՉԵ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆԿՆԵԼՈՒ, ԽՈՍՐՈՎ
ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ՎՐԹԱՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ:
Սրանից հետո դարձյալ խիստ պատերազմ տեղի ունեցավ պարսիկների և հայերի միջև, որովհետև (պարսիկները) մեծ բազմությամբ հավաքվեցին, եկան Հայոց աշխարհն առնելու։ Ապա Մեծ Հայքի սպարապետ և զորավարի Վաչեն հավաքեց նախարարական զորքերի ազատների բանակը և դուրս եկավ Պարսից զորքերի հետ պատերազմելու։ Երկու կողմից էլ անասելի կոտորած էր լինում, և շատ մեծամեծ ավագանիներ կոտորվում, ոչնչանում էին։ Այս պատերազմում ընկավ նաև Վաչեն՝ Հայոց մեծ սպարապետը. և ամբողջ աշխարհը մեծ սգի մեջ ընկավ, որովհետև տերը շատ անգամ նրա ձեռքով փրկություն էր շնորհել հայերին։ Ապա Վրթանես եպիսկոպոսապետը հավաքում, մխիթարում էր բոլորին, իրեն՝ Խոսրով թագավորին, և բոլոր զորքերին, որոնք սրտակեզ ողբով ու արտասուքով, թախծալից հոգսերով, մեծ լաց ու կոծով բռնված սգում էին՝ գնացածների տառապանքները մնացածներին համարելով։ Մեծ Վրթանեսը մոտենալով նրանց սփոփում էր և ասում.
«Մխիթարվեցե՛ք Քրիստոսով, որովհետև նրանք, որ մեռան, մեր աշխարհի, եկեղեցիների և աստվածատուր հավատի համար (մեռան), որպեսզի մեր աշխարհը չգերվի, քարուքանդ չլինի, սուրբ եկեղեցիները չպղծվեն, նահատակները չանարգվեն, (եկեղեցական) սպասները պիղծ և անհավատ մարդկանց ձեռքը չանցնեն, սուրբ ուխտը չաղավաղվի, մկրտված ժողովուրդը գերի չգնա ու չմատնվի անհավատների պաշտամունքի զանազան պղծություններին։ Եթե թշնամիները մեր աշխարհը գրավեն, այստեղ կհաստատեն իրենց անօրեն, անհավատ, անաստված կարգերը, որ հուսանք, թե երբեք լինելու չէ։ Իսկ մեր բարեպաշտ նահատակները այս բանի համար պատերազմ մղեցին և չարիքը մեր աշխարհից հալածելով ու հեռացնելով՝ մեռան, որպեսզի անհավատությունը այս աստվածապաշտ ու աստվածասեր աշխարհը մուտք չգործի և չարի կամքին ծառա չդարձնի ու շատ հոգիներ, որ ջերմ եռանդ, անկեղծ սիրով իրար հետ կապված են, միմյանցից չբաժանի, չքայքայի։ Իսկ սրանք մինչ կենդանի էին, արդար ջանքով չարչարվեցին այս բանի համար և մեռնելիս հաստատ պահեցին իրենց հավաաարմությունը ու իրենց անձերը զոհեցին աստվածային ճշմարտության համար, եկեղեցիների, նահատակների, կրոնի սուրբ ուխտի, հավատի կարգերի համար, քահանայական ուխտի և Քրիստոսի անունով անթիվ նոր մկրտվածների ու աշխարհի բնիկ տիրոջ համար, և նրանք, որ իրենց կյանքը չխնայեցին այս բոլորի համար, պետք է մեծարվեն քրիստոսի համար զոհվածների հետ։ Ուրեմն նրանց չողբանք, այլ արժանապես պատվենք նահատակների հետ. մշտական կարգ սահմանենք ամբողջ մեր աշխարհում, որ ամեն ոք անխափան կատարի սրանց բարի հիշատակը՝ ինչպես Քրիստոսի նահատակների։ Իսկ մենք տոն կատարենք և ուրախ լինենք, որ աստված սրանցով մեզ հետ հաշտ լինի ու այսուհետև խաղաղություն շնորհի»։
Եվ Վրթանես մեծ քահանայապետը օրենք սահմանեց՝ երկրում տարեցտարի նրանց հիշատակը կատարել, ինչպես և նրանց, որոնք նույն կերպով երկրի փրկության համար կմեռնեն։ Կանոն դրեց՝ սրանց անունները հիշել աստծու սեղանի առաջ պատարագի ժամանակ՝ երբ սրբերի անունները հիշատակվեն, որոնցից հետո՝ սրանցը, իսկ ընկածների հարազատներին հոգ և խնամք տանեն։ Որովհետև, ասում էր, սրանք պատերազմի ճակատամարտում ընկան Հուդա և Մատաթիա Մակաբեների ու նրանց եղբայրների նմանությամբ։
Սակայն Վաչե զորավարի որդուն, որ փոքր մանուկ էր, հայրենական գահն ու բարձր տվեցին, որ նրա (Վաչեի) հոր անունով կոչվում էր Արտավազդ։ Թագավորի առաջ նրան շնորհեցին հոր աստիճանը՝ սպարապետությունը, որովհետև մեծ վաստակավորի որդի էր, վաստակավոր տոհմից, իսկ նրանց տոհմում ուրիշ չափահաս մարդ չգտնվեց, որովհետև մեծ պատերազմում մեռել էին։ Իսկ զորավարության գործը հանձնարարեցին Արշավիր Կամսարականին՝ Շիրակի ու Արշարունյաց գավառի իշխանին և Սյունյաց իշխան Անդոկին, որովհետև սրանք Մամիկոնյան տոհմի փեսաներ էին։ Եվ Վրթանես մեծ եպիսկոպոսապետն ու թագավորը հրաման տվին Արշավիրին ու Անդոկին՝ պատանի Արտավազդին խնամել, որպեսզի իր նախնիների ու իր հոր տեղը գրավի, քաջագործություն անի, ամեն ատեր Քրիստոսի ու իր մարմնավոր բնիկ տերերի՝ Արշակունիների քաջ մարդկանց կյանքի ու տան համար, որբերին ու այրիներին խնամակալ լինի և սպարապետության ու անվանի զորավարաթյան քաջագործությունները ժառանգի իր ամբողջ կյանքի ընթացքում։
Սրանից հետո մեռավ քաջարանց՝ աշխարհաշեն Խոսրովը՝ Մեծ Հայքի թագավորը։ Ամբողջ Մեծ Հայքի աշխարհներից ու գավառներից հավաքվեցին, սուգ արին, լացին ու տարան իր նախնիների մոտ, Անի, Դարանաղիի Եկեղյաց գավառը։ նրանից հետո մեռավ նաև Վրթանեսը՝ մեծ քահանայապետը։ Ամբողջ Հայոց աշխարհը հավաքվեց և մեծ արարողությամբ, սաղմոսներով ու հոգևոր երգերով, կանթեղներով, մոմերով, անուշահոտ խնկով՝ արքունական կառքերով փոխադրեցին սուրբ Վրթանեսին, մեծ վշտովս որ որբ մնացին իրենց բնիկ տիրոջից և հոգևոր վարդապետից. և մեծ լացով ու կոծով և տրտմությամբ հուղարկավորեցին Դարանաղյաց գավառի Թորդան գյուղը ու Գրիգոր մեծ հայրապետի մոտ նրա մարմինը ամփոփեցին և նրա կենդանի մշտակատար հիշատակը կատարելով՝ ետ դարձան։
Գլուխ ԺԲ
ՏԻՐԱՆԻ՝ ԻՐ ՀՈՐԻՑ ՀԵՏՈ ԹԱԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս
ՀՈՒՍԻԿԸ ԻՐ ՎՐԹԱՆԵՍ ՀՈՐ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌԸ
ՆՍՏԵՑ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՏԻՐԱՆԻՑ ՍՊԱՆՎԵՑ՝ ՆՐԱՆ ՀԱՆԴԻՄԱՆԵԼՈԻ
ՊԱՏՃԱՌՈՎ:
Երբ Խոսրով թագավորը մեռավ, Մեծ Հայք աշխարհի թագավորական իշխանությունն ստանձնեց Խոսրովի որդին՝ Տիրանը։ Նույնպես և մանուկ սուրբ Հուսիկը հաջորդեց ու գրավեց Հայոց հայրապետների տեղը։ Տիրան թագավորը, սովորության համաձայն, նրա հետ գումարեց մեծ նախարարներին՝ Վաղարշ մեծ հազարապետին, որ Մեծ Հայքի հա— դարապետության տոհմից էր ու Անձիտի իշխանն էր, և նրա հետ Մեծ Ծոփքի Զարեհ իշխանին և (մյուս) Ծոփաց աշխարհի Վարազ Շահունի իշխանին ու Հաշտենից գավառի Գնիթ իշխանին Կամինական տոհմից և Վանանդի գավառի իշխան Որոթին և Անձևացյաց տոհմի իշխան Շահենին և Գողթնի իշխան Ատամին և Կողբացոց իշխան Մանավագին և Ձորի աշխարհի իշխան Գորութին և Խոոխոռունյաց տոհմից Մախազության տան իշխան Մանասպին և Սահառունյաց տոհմի իշխան Տիրոցին[2] և Գնունյաց իշխան Արային։ Այս բոլորին հրամայեց՝ Վաղարշ մեծ հազարապետի հետ գնաք, երանելի Հուսիկին արքունական կառքր նստեցնել, առնել տանել սահմանակից Գամիրքէր Կեսարիա մայրաքաղաքը՝ մանուկ Հուսիկին հայրապետների առաքելական աթոռը բարձրացնելու համար։ Նրանք ելան գնացին ու հասան Կեսարիա քաղաքը և կաթողիկոս ձեռնադրել տվին Հուսիկին՝ Վրթանեսի որդուն, նրան նստեցրին Թադեոս առաքյալի և իր պապի՝ Մեծ Գրիգորի աթոռը ու մեծ խնդությամբ ետ դարձան ողջ առողջ և հաջողությամբ եկան հասան Այրարատյան աշխարհը։ Եվ իրենցից առաջ լրաբերներ ուղարկեցին երկու Ծոփքերի երկու իշխաններին։
Այս լսելով՝ ինքը՝ թագավորը, անձամբ ամբողջ բանակի բազմության հետ նրան ընդառաջ գնաց դաշտով մինչև Տափեր կամուրջի այն կողմը։ Ապա միմյանց ցանկալի ողջույնը տալով անցան Տափերի կամուրջը, մտան մեծ Արտաշատ քաղաքը, դիմեցին եկեղեցին, ցանկալի մանուկ Հուսիկին նստեցրին հայրապետական աթոռը։ Սա իր Վրթանես հորից ժառանգել էր առաքելական (ընթացքը)՝ հատկություններով հորը նման որդի դառնալով ամեն բանում իրեն ամբողջովին հրեշտակային վարքով էր հանդես բերում, ամեն ինչ կատարում էր աստծուց պարգևված շնորհով։ նա հովվում էր Քրիստոսի բանավոր հոտը և խրատում էր ավետարանի պատգամներով։ Նա տարիքով դեռ մանուկ էր, բայց առույգ, բարձր հասակով, դեմքի սքանչելի գեղեցկությամբ և շքնաղ, որի նմանը երկրում ուրիշ տեղ չէր գտնվում։ Հոգով մաքուր էր և պայծառ, աշխարհիկ բաներով բնավ չէր զբաղվում, այլ իբրև քրիստոսի քաջ սպառազեն, իբրև առաջամարտիկ, մանուկ հասակից ի վեր արհամարհում էր՝ աներևույթ թշնամուն հաղթել սպառնալով։ Նա մարդկանց նկատմամբ բոլորովին անաչառ էր և սուրբ հոգու պատգամը կրում էր ինչպես մեջքին կապած սուր. իսկ շնորհատուր հոգին նրան լցրեց գիտությամբ, որ աղբյուրի նման ոռոգում էր մարդկանց ականջները և սրտերը։
Իսկ Տիրան թագավորը և մյուս ավագ նախարարներն ու ամբողջ երկիրը ամենևին չէին վարվում աստծու կամքով, խելացի կյանք վարելով։ Մանավանդ թագավորն ու իշխանները առավելապես անխտիր սպանություններ էին գործում, զուր տեղը անմեղ արյուն թափում և ուրիշ շատ մեղքեր էին գործում. նրանք ուշք չէին դարձնում տիրոջ հրամաններին, չնայած որ (Հուսիկը) անդադար խրատում էր նրանց և հիշեցնում աստծու պատվիրանները։ Այս պատճառով երանելի Հուսիկ հայրապետը շարունակ նրանց դիմադրում էր, վարժ խոսքերով, համեստությամբ, ըստ Քրիստոսի խրատի, միշտ նրանց երեսովն էր տալիս, հանդիմանում էր, խրատում, մեղադրում. պատմում էր (աստծու) բարկության հավիտենական տանջանքների՝ (վերջին) դատաստանի անշեջ հուրը և բողոքում էր։ Որովհետև թեպետ տարիքով մանուկ էր, բայց իր մեջ ցուցաբերում էր ավագ տարիքին ծերության իմաստություն, խրատական և առաքելության հայրենական գործը մեծ քաջությամբ կատարում էր։ Մանկությունից ի վեր իմաստությամբ հայցերին նմանվելով՝ ծերության պատվաբեր պատիվը, զվարթ հանճարը արտահայտում էր ինչպես մի անուշահոտ ծաղիկ. ճշմարտության համար կռվում էր մինչև մահ. նախ իր անձը փրկելու, հետո նաև ուրիշների հոգիների համար նույն բանն ուզում էր անել։ Այնքան երկյուղած էր տիրոջից, որ ոչինչ չէր համարում թագավորի սերը կամ նրա ահը։ Իսկ աստծու գիտությամբ, սուրբ Գրքի ընթերցման արվեստով լի էր, որ և գործ էր դնում պատմելու ու հանդիմանելու համար և արգելում՝ թույլ չէր տալիս թագավորին ու մեծամեծներին եկեղեցի մտներ Այսպես նա քահանայական իշխանության խոսքով նրանց կաշկանդում, հանդիմանում էր ու խիստ պատուհասում նրանց անօրինության, պոռնկության, արվագիտության, արյունահեղության, զրկողության, հափշտակության, աղքատատեցության ու սրանց նման ուրիշ շատ մեղքերի համար և տիրոջ օրենքի սաստի պատճառով միշտ թշնամի էր համարվում նրանց, որոնք այդ օրենքից դուրս էին գալիս, որովհետև նրանք շարունակ նրանից խոցոտվում էին աստծու սուրբ խոսքով։ Եվ սա հանդիմանական մի պատերազմ էր մղում բոլորի հետ իր ամբողջ կյանքի ընթացքում։
Եվ ահա մի անգամ, տարեկան (տոնի) մի օր, Տիրան թագավորը մյուս ավագանիների հետ եկավ, որ եկեղեցին մտնի, իսկ նա դեմ դուրս գալով ասաց. «Արժանի չես, ինչո՞ւ ես եկել, ներս մի՛ գա»։ Ուստի նրան ծեծեցին հենց այնտեղ եկեղեցու մեջ. աստծու քահանայապետ սուրբ և երանելի մանուկ Հուսիկը բրածեծ լինելով, ջախջախված, խոշտանգված, կիսամահ գցվեց մնաց։ Նրան վերցրին արքունական եկեղեցու պաշտոնյաները Մեծ Ծոփք գավառի արքունի Բնաբեղ բերդից բերին հասցրին Դարանաղյաց գավառի Թորդան գյուղը, որտեղ քիչ ժամանակ անց վախճանվեց ու թաղվեց Գրիգորի և իր հայրերի մոտ։
Գլուխ ԺԳ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՈԻՍԻԿԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԱՆԱՌԱՋՆՈՐԴ ՄՆԱՑ
ՀԱՏՈՑ ԱՇԽԱՐՀԸ, ԵՎ ՀՈԻՍԻԿԻ ՈՐԴԻՆԵՐԸ ԱՐԺԱՆԻ
ՉԵՂԱՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԹՈՌԻՆ:
Որոշ ժամանակ անցնելուց հետո, երբ երանելի Հուսիկը բրածեծ լինելով մեռավ, հայ լեզվով խոսող Թորգոմական աշխարհը անառաջնորդ մնալով՝ կույրերի նման մոլորվեց: Նրանց տրվեց մոլորության հոգի,— աչքեր՝ որ չտեսնեն, ականջներ՝ որ չլսեն և սիրտ՝ որ չհասկանան և չդառնան ապաշխարության։ Նրանք խավարած՝ կորուստի խորխորատը հասան, իրենք իրենց ճանապարհը կտրելով կործանվեցին ու ընկան, և չկար մեկը, որ նրանց ամաչեցներ մոլեգնության գործերից ու մեղքերից, որովհետև առանց առաջնորդի էին մնացել։ Նրանք համարձակ գնում էին կորուստի ճանապարհով, իրենց կամքով չարիքների մեջ էին ընկնում, իրենց կամքով դառնում էին բարկության որդիներ և աշխարհում շրջում էին առանց աստծու Հայոց աշխարհի այդ կամակոր ազդը։ Նրանք նմանվում էին ոչխարների այն հոտին, որոնք իրենց պահապան և պաշտպանող շները իրենցից հեռացրին ու իրենց կամքով մատնվեցին թշնամի գայլերին, նրանց կերակուր դարձան Աթենք մեծ քաղաքի նմանությամբ։
Այդ ժամանակ (մարդիկ) իրենց համար չար օրինակ վերցրին թագավորին, նրա պես սկսեցին վարվել, նրա պես գործել։ Որովհետև վաղուց ի վեր, երբ նրանք քրիստոնյա անունն ստացան՝ այդ (կրոնը) հանձն առան հարկադրաբար՝ իբրև մի մարդկային մոլորություն, առանց ջերմ եռանդ հավատի։ (Կրոնն ընդունեցին) ոչ գիտակցաբար, հույսով ու հավատով, ինչպես որ հարկն էր։ Միայն քչերը, որոնք փոքրիշատե ծանոթ էին հունական կամ ասորի գրագիտության, մասամբ հասկանում էին այդ (կրոնը)։ Իսկ որոնք գրագիտության արվեստից զուրկ էին, այսինքն ժողովրդի՝ նախարարների ու շինականների խառնիճաղանջ բազմությունը — եթե ուսուցի շները նստելով գիշեր-ցերեկ ամպերի նման ուսումը ինչպես հորդ անձրև նրանց վրա հոսեցնեին, նրանցից ոչ մեկը ոչ մի խոսք, ոչ կես խոսք, ոչ մի բան, ոչ մի նշույլ իրենց լսածներից չէին կարող մտքում պահել կամ հասկանալ։ Որովհետև նրանց մտքերն զբաղված էին անպիտան, անօգուտ բաներով, ինչպես փոքր երեխաները, որոնք մանկական հասակում տարվում են իրենց տղայական խաղալիքներով, պիտանի ու կարևոր բաների վերաբերյալ հոգ չեն տանում, նրանք էլ սրանց նման տհաս մտքերով խարխափում էին պարսավելի գործերի, հին հեթանոսական սովորությունների մեջ՝ խուժադուժ բարբարոսական միտք ունենալով։ Նրանք սիրում էին իրենց երգերը, առասպելները, վիպասանությունները, նրանց հանդեպ փութեռանդ էին, նրանց հավատում էին, նրանց մեջ հարատևում։ Իրար նկատմամբ տածում էին ատելություն ու նախանձ, թշնամություն, ոխակալություն, իրար բզկտում էին, մարդը նենգում էր ընկերոջը և եղբորը։ Սիրելիները սիրելիներին, մերձավորները մերձավորներին, ընտանիքներն ընտանիքներին, ազգականները ազգականներին, խնամիները խնամիներին դավեր էին սարքում։ Այնտեղ պետք էր տեսնել, թե ինչպես մարդը ընկերոջ արյանը ծարավելով՝ խմում էր, թե ինչպես մրցում էին իրար վնասելու անուղիղ վարք և անհանճար միտք ունենալով։ Աստվածների հին պաշտամունքները կատարում էին գիշերները՝ նման պոռնկության. ոմանք հենց իրենց վրա կատարում էին նույն պոռնկական ցանկությունը։ Ուստի ո՛չ խելացի խրատի էին լսում և ո՛չ հնազանդվում էին առաջնորդների քարոզած աստծու պատգամներին, այլ նրանց հանդիմանական խոսքերի համար նրանց ատում էին, հալածում և սպանում: Եվ ինչպես մարգարեական խոսքը ասել էր նրանց վերաբերմամբ, թե «Հանդիմանողներին ատում էին դռներում». այսպես էլ նրանք արհամարհեցին սուրբ խոսքերը։ Որովհետև աստվածային խոսքի քարոզությունը նրանց չտվեց ճշմարիտ հավատի գիտությունը ինչպես ուրիշ ազգերին, հավատացյալներին ու իմաստուններին որոնք գոհությամբ ընդունեցին, հավատացին և աստծու մարդասիրության շնորհը վայելեցին, այլ հրեաների կուրացած ու խավարած մտքերի նման նրանք կաղում էին ճշմարտության մեջ։ Գուցե այս ազգին էլ էր վերաբերում մարգարեի նախագուշակ խոսքը, թե «Անմիտ որդիներ և ոչ թե իմաստուն որդիներ, իմաստուն են չարիք գործելու մեջ, իսկ բարիք գործել նրանք երբեք չկարողացան»։ Եվ դարձյալ ասում է. «Պնդերես, խստասիրտ, խստաշունչ որդիները և իրենց հայրերը ինձ վշտացրին»։ Սրանք էլ նույնպես լքված էին, որովհետև չհասկացան և աստծու աներևույթներին չհավատացին երևացող բաների միջոցով. արարածներից չկարողացան ճանաչել արարչին, կարգչին ու խնամողին։ նա շատացրեց իր երևացող հրաշքները, այնպես որ մարդկային բնությունը վերածեց անասունի կերպարանքի, որ և պատճառ դարձավ նրանց փրկության։
Եվ հենց այս անպիտան ու անմիտ թագավորության ժամանակ, այն Տիրան թագավորի օրերում, հենց նրան նայելով՝ չարություններով բոլոր դարերից գերազանցեցին։ Ամենամեծ (չարությունն) այն էր, որ իրենց գլխավորին և առաջհորդին բրածեծ անելով սպանեցին, և այնուհետև ամեն ոք վարվում էր իր ուզածի պես։ Որովհետև այլևս չկար մեկը, որի հանդիմանությունից քաշվեին, որ նրանց արգելք դներ անօրեն ճանապարհով գնալու։ Աստծու կողմից էլ նրանք անուշադրության մատնվեցին, իրենց կամքին, իրենց սրտի ցանկություններին հետևեցին, որովհետև չկար ոչ առաջնորդ և ոչ էլ քահանայության գլուխ։
Բայց նրանք անփույթ չգտնվեցին (մի մարդ ընտրել), ոչ նրա համար, որ իսկապես իրենց հովիվ ու առաջնորդ լինի, ժողովրդի հոտապետ դառնա, այլ փնտրում էին այնպիսի մեկին, որ իրենց զրուցընկեր լինի և իրենց ուզածի պես կառավարի։
Այն ժամանակ թագավորը, իշխանները և ամբողջ (Հայոց) աշխարհը խորհուրդ արին, թե ո՞վ է արժանի այդ պաշտոնին, որովհետև (Հուսիկից) մնացած երկվորյակ մանուկները, որ կոչվում էին Պապ և Աթանագինես, անխրատ և ստահակներ էին, որոնք ոչ աստվածային Գրքի ուսումն ունեին, ո՛չ դաստիարակված էին առաքինության մեջ, ո՛չ իրենց հարցերին նմանվեցին, ո՛չ իրենց ծնողին՝ Հուսիկին, նայեցին, ո՛չ Մեծ Գրիգորի առաքինություններին ուշադիր եղան և ոչ իրենց հոգևոր պատվականությունը՝ հավիտենական կյանքի պատիվը, մտաբերեցին, այլ իրենց դարին նմանվելով, իրենց սնոտի մարմնավոր ազնվականությամբ և ազգականությամբ պանծալով՝ զինվորական կյանքն ընտրեցին։ Այս պատճառով ընտրելի չդարձան նրանք, այլ իրենց հպարտության պատճառով մերժվեցին՝ ըստ առաջուց իրենց հոր տեսած երազի, նրանք աստվածապաշտության լծի տակ չմտան։ Եվ Գրիգորի տան սերնդից ուրիշ մեկը չկար. որովհետև նրա մարմնավոր զավակները միայն սրանք էին, իսկ սրանք իրենց վարքով չնմանվեցին իրենց հայրերին։ Եվ ուրիշ մեկը չկար, որ առաջնորդության, գլխավոր քահանայապետության, եկեղեցիների վերակացության ու հրամանատարության պաշտոնը
կատարեր: Գլուխ ԺԴ
ՄԵԾ ԴԱՆԻԵԼԻ՝ ԱՍՏԾՈՒ ՄԱՐԴՈՒ ՎԱՐՔԻ ԵՎ ԳՈՐԾԵՐԻ
ՄԱՍԻՆ ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ՀԱՆԴԻՄԱՆԵՑ ՏԻՐԱՆ
ԹԱԳԱՎՈՐԻՆ ՈԻ ՆՐԱՆԻՑ ՊԱՏԺՎԵԼՈՎ ՍՊԱՆՎԵՑ:
Այս ժամանակ դեռ կենդանի էր սուրբ և մեծ ծերունի Դանիել քորեպիսկոպոսը մի սքանչելի մարդ։ Սա եղել էր Մեծ Գրիգորի աշակերտը և (նշանակված էր) վերակացու ու գլխավոր Տարոն նահանգի եկեղեցիներին, որ Գրիգորի սեփական իշխանությունն էր կազմում, և այդ կողմի մեծ դատավորական իշխանության գործակալ։ Այս իշխանությունը նա առանձին ուներ, բայց (ընդհանրապես) վերակացու, կարգադրիչ, տեսուչ և հոգաբարձու էր Մեծ Հայքի բոլոր եկեղեցիներին՝ ամեն տեղ. նա նույնիսկ Պարսկաստանի կողմերում օտար վայրերում (քրիստոնեություն) քարոզեց և անթիվ մարդիկ մոլորությունից դարձրեց։
Սա ազգով ասորի էր և ամբողջ Հայաստանի մայր եկեղեցիներից ամենամեծի ու առաջինի՝ Տարոնի եկեղեցու գլխավոր աթոռի, այսինքն՝ առաջին և պատվական գլխավոր տեղի աստիճանն ուներ, որովհետև առաջին անգամ այնտեղ էր շինված սուրբ եկեղեցին և տիրոջ անվան սեղան կանգնեցված. նույնպես նրանից ներքև Հովհաննեսի մարգարեանոցը, նույնպես և առաքյալների Հանգստարանը՝ տիրոջ տան մոտ։ Արդ՝ այս տեղերը, առաջնակարգ լինելու համար հայրապետներից ու թագավորներից սահմանված կանոնով պատվվում էին, ինչպես և Դարանաղյաց գավառում պատվվում են Թորգանի եկեղեցուն կից տեղերը՝ Գրիգոր հայրապետի գերեզմանի պատճառով, նույնպես և Տրդատ թագավորի հիշատակի համար, որ կամա թե ակամա արժանավոր դարձավ քրիստոնեական հավատն առաջին անգամ ընդունելու։ Ուստի աշխարհը կամեցավ պատվել այս տեղերը, որտեղ թաղված էին նախնի հայրերն ու եպիսկոպոսները։ երկիրը սիրում էր մեծարել իր Տրդատ թագավորին՝ Քրիստոսի առաջին հավատացյալին, նույնպես և առաջին եպիսկոպոսապետ նախավաստակ Գրիգորիսին, այսպես և Այրարատյան գավառում Քրիստոսի նախավկաներին՝ Գայանեին ու Հռիփսիմեին, որ այնտեղ թաղված էին իրենց գործակիցների հետ միասին, և մանավանղ առաջին եկեղեցին։
Այս տեղերը հանձնված էին նրան գավառներով հանդերձ, որտեղ նրանք գտնվում էին. և նա հավատարիմ էր այն գլխավոր սեղանին, հայրապետական աթոռի իշխանությանը, կաթողիկե եկեղեցու հաստատուն ուխտին։ Սա քորեպիսկոպոսական աստիճանի ձեռնադրությունն ստացել էր Մեծ Գրիգորի ձեռքից այն ժամանակ, երբ նա կործանեց Հերակլի, այսինքն Վահագնի. մեհյանի բագինները, Աշտիշատ կոչված տեղում, որտեղ և հիմք գրեց առաջին սուրբ եկեղեցուն։
Սա զարմանալի մարդ էր, մեծամեծ հրաշքներ էր գործում մեր տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Առանց կոշիկները հանելու ոտքով քայլելով անցնում էր գետերի ջրերի վրայով, և կոշիկները չէին թրջվում։ Զմեռվա օրերին, երբ խոր ձյունը կուտակված, դիզված էր լինում լեռների վրա, և նա կամենում էր այսպիսի ժամանակ այսպիսի լեռներով ճանապարհորդել, ձյունը հանկարծակի ցամաքում էր նրա առաջ, սև հողը բացվում։ Եվ երբ կամենում էր մի հեռու տեղ գնալ, առանց նեղության սլանում անցնում էր փայլակի նման. կարծես թե թռչելով իսկույն այնտեղ էր լինում, ուր կամենում էր գնալ։ Մեռելներին հարություն էր տալիս, հիվանդներ բժշկում, և դեռ սրանցից ավելի մեծ հրաշքներ էր գործում, որ նույնիսկ գրով հնարավոր չէ նկարագրել։ նրա բնակատեղին անմարդաբնակ լեռներում էր, բայց մարդկանց կարիքները անտես չէր անում։ Նա մի զգեստ էր կրում՝ շուրջառ և սանդալներ. նա կերակրվում էր բանջարներով ու արմատներով, մինչև անգամ գավազան չէր գործածում. աստվածային խոսքի կողմից այնչափ հզոր էր, որ ինչ աստծուց խնդրում էր, ստանում էր, ինչ որ ասում էր, այնպես էլ լինում էր։ Եվ իր տեսչության տեղերը, երբ անապատներիցս շեներն էր իջնում աստծու գործի համար, գլխավոր եկեղեցիներն էին լինում։ Հաճախ նա (գալիս էր) այն աղբյուրի մոտ, Հերակլի բարձրադիր մեհենատեղի ներքև, որ գտնվում է Ցուլ կոչված մեծ լեռան դեմուդեմ, բագինի տեղից մոտ մի քարընկեց հեռավորությամբ դեպի ներքև, փոքրիկ ձորակում, հացի ծառերի աննշան պուրակում, որին ասում են Հացյաց դրախտ։ Այս այն աղբյուրն է, որտեղ հնում Մեծ Գրիգորը բազմաթիվ զորքերի մկրտություննը կատարեց։ Այստեղ էր սուրբ Դանիելի բնակության խցիկը, գետնի մեջ փորված. այստեղ էր նա կատարում իր տեսչական այցելությունը։
Արդ՝ մեծամեծ նախարարները մի տեղ հավաքվելով՝ ժողով կազմեցին, խորհուրդ արին և թագավորին համոզեցին, որ ծերունի Դանիելին բերեն իրենց կողմը, որպեսզի նրան իրենց գլուխ և առաջնորդ նշանակեն, և նա նստի հայրապետական աթոռը։ Նրա մոտ ուղարկեցին Սահառունյաց տոհմի Զոմն իշխանին, Վանանդի Արտավան իշխանին, Ամատունյաց տոհմի Կարեն իշխանին և Դիմաքսյան տոհմի Վարազ իշխանին։ Այս նախարարներն եկան նրան գտան Եկեղյաց գավառում, Թիլ գյուղի եկեղեցում, որտեղ նա զբաղված էր աստծու սպասավորության գործով։ Նրան առան բերին Աղձնյաց գավառի Բառաեջ ավանը, Տիբան թագավորի մոտ։ Եվ երբ մեծ Դանիել քորեպիսկոպոսը Տիրանին ներկայացավ, իսկույն սկսեց մեղադրել ու հանդիմանել։
Նա առաջ եկավ, սկսեց խոսել, ասելով. «Ինչո՞ւ դուք մոռացաք ձեր արարիչ աստծուն, նրա՝ ձեզ ցույց տված գութը, հրաշքները և խրատները, որ կատարեց ձեր հայրերի ու ձեր հանդեպ, իսկ դուք էլ դարձաք ձեր նախնիների մոլար կռապաշտության՝ ատելության, ագահության, զրկողության, աղքատներին հարստահարելու, պոռնկության, նենգության, միմյանց ղրկելու, սպանությունների։ Դուք լցվեցիք ու ընկաք, ետ կանգնեցիք արդարության ճանապարհից, դուք թողիք ձեր բարերար աստծուն, որ ձեզ ոչնչից ստեղծեց ու հաստատեց, և մոլորվելով նրանից օտարացաք։ Մինչ դուք ձեր անձերը կորուստի էիք մատնել, նա ինքը եկավ ձեզ փնտրելու և գտնելու, թեպետ նա ինքը աստծու միածին որդին էր, բայց եկավ, իջավ՝ իր արարածներին իր հորը ճանաչեցնելու։ Նրան թեպետ չլսեցին, այլ դեռ մինչև մահ չարչարեցին, բայց նա համբերեց, իր զորությունը ոչ ոքից շթաքցրեց, որպեսզի ամենքի կյանքի պատճառ դառնա։ Ում որ նա արժանավոր գտավ և իր հարությանը պատրաստված, նրանց ընտրեց, սովորեցրեց և արձակեց իբրև քարոզիչներ, կոչնակներ և հրավիրակներ՝ ձեզ դեպի փրկության լույսը հրավիրելու։
Սակայն դուք այն բանում էլ նրա երախտիքների փոխարեն ապերախտություն ցույց տվիք. դուք նախ և առաջ սպանեցիք այն նպատակով ձեզ մոտ եկած քարոզչին, առաքյալին, հրավիրակին, որ եկել էր ձեզ հրավիրելու մեր տեր Հիսուս Քրիստոսի արքայությունը, դեպի փրկության շնորհը։ Դուք ձեր անմտությամբ տիրասպան հրեական ազգի խորհրդին հաղորդակից եղաք. որովհետև նրանք իրենց կարծիքով տիրոջն սպանեցին, իսկ ձեր հայրերը նրա առաքյալներին (սպանեցին), և հետո նրանց նմաններին չարչարեցին նույնպիսի բանի համար։ Այս անցքերից հետո եկան աստծու բազմաթիվ սուրբ վկաներ, նույն առաքյալների ճգնակիցներ. նրանք չարչարանքների վտանգին ենթարկվեցին, մինչև մահ տոկացին մնացին, որպեսզի ցույց տան ձեզ ճշմարտությունը, գուցե նրանց միջոցով խելոքանաք և աստծու որդուն ճանաչեք։ Բայց դուք նրանց վերաբերությամբ էլ կատարեցիք ձեր չար կամքը, ձեր սովորական սպանությունը, բայց և այնպես նա նրանցի արյունով, որ ասացի, և զանազան հրաշքներով ձեզ խրատեց և ձեզ մահվան չենթարկեց իր մեծ ողորմությամբ, ձեզ իրեն մերձավորներ դարձրեց, ձեզ հաղորդակից արեց իր բուն, կենդանի վարդապետությանը, ուղիղ օրենքներին, իր սիրելի որդու մեծությանը։
Սրանից հետո ձեզ ներեց ձեր բոլոր հանցանքները և իր սիրելիներին ձեզ համար ուսուցիչներ դարձրեց։ Բայց դուք ոչ մեկը չհիշեցիք, մտքում ու սրտում չպահեցիք, այլ հրեական ազդին նմանվելով, ետ կանգնեցիք, նրանց գործերի նման սկսեցիք և դուք գործել։ Մինչդեռ դուք պետք է հիշեիք ձեր տիրոջ՝ քրիստոսի երախտիքը, որ չհիշեց ձեր հայրերի մեղքերը և ձեր անօրեն գործերը։ Դուք պարտավոր էիք չմոռանալ ձեր սուրբ հայրերի՝ ձեր խրատիչների և ուսուցիչների ճիգ ու ջանքը, որոնք շարունակ տքնում էին ձեր հոգիների փրկության համար, դուք պետք է սեր ունենայիք նրանց նկատմամբ, որոնք (աստծու) խոսքը ուսուցանելով ձեզ հոգեպես երկնեցին և նորից ձեզ ծնեցին ու նորից ձեր անհավատ դառնալու համաձայն, դարձյալ իրենց ընկերների, չարագործությունները ապաշխարելու համար իրենք իրենց խնդրանքներով վերստին երկնեցին ձեզ մինչև որ Քրիստոսին տպավորեն ձեր մեջ, որպեսզի արժանանաք երկնքի արքայությունը մտնելու։ Պատշաճ էր, որ դուք էլ խնամեիք նրանց որդիներին ու աշակերտներին, որոնք ըստ հոգևոր խոսքի նրանց որդիներն էին աստվածային ծնունդով, ձեր առաջնորդներն ու վերակացուները, տիրոջ կողմից, մանավանդ որ մարմնով էլ նրանց ծնունդներն էին և հոգևոր գործերով իրենց հայրերից պակաս չէին։
Քայց դուք թողիք աստծուն և կրկնեցիք ձեր նախկին չարիքներն ու ձեր հայրերի մեղքերը գերազանցեցիք։ Ինչպես որ (ձեր հայրերը) չարչարելով սպանեցին սուրբ հայրերին՝ չկամենալով օգտակար խրատը լսել նրանցից, այսպես էլ դուք նրանց որդիներին ու ժառանգներին, նրանց գործակիցներին և նմանվողներին սպանեցիք, որոնք ձեր հանցավոր գործերին համաձայն չէին. սուրբ մանուկ Հուսիկին՝ ձեր հայրապետին, Թադեոս առաքյալի և նրան նմանվող Գրիգորի վիճակի վիճակակալին ու աթոռակալին։ Դուք հրեական վարմունքին ու օրինակին հետևեցիք, նրանց սպանություններին, զրկողություններին, ինչպես որ նրանք, անխրատ լինելով, իրենց առաքյալներին ու մարգարեներին կոտորեցին, նրանց պես արեցիք և դուք։
Արդ՝ ձեր այսքան ստությունների ու պղծությունների պատճառով տերը ձեր թագավորությունը, քահանայապետությունը ձեզանից կվերացնի։ Դուք կցրվեք ու կբաժանվեք, ձեր սահմաններն էլ Իսրայելի նման ցրիվ կգան, դուք կմնաք անտեր, անխնամ, ոչ ոք ձեզ չի խնայի, դուք խաշներ կդառնաք, որոնք հովիվ չունեն։ Ինչպես հոտ՝ կմատնվեք գազանների ձեռքը, ձեր փառքերից կզրկվեք, օտար թշնամիների ձեռքը կմատնվեք իբրև գերի, նրանց ծառայության լծի տակ կընկնեք, և այս ծառայության լուծը երբեք ձեզանից չի վերանա, չի պակասի, ձեր պարանոցից երբեք չի պակասի ծառայության՝ չարաչար ստրկության լուծը, ձեր ցանկությունների մեջ հալումաշ կլինեք։ Ինչպես որ Իսրայելը պատառվեց և այլևս չկարկատվեց, այնպես էլ դուք կգրվեք ու կկործանվեք. ձեր վաստակները ուրիշները կվայելեն, ձեր բարիքները ուրիշները կուտեն, և չի լինի մեկը, որ ձեզ փրկի, տերը չի քաղցրանա, ձեզ չի նայի, ձեզ այլևս չի փրկի։
Բայց դուք ինչո՞ւ ինձ կանչեցիք, որ ելնեմ գամ ձեզ մոտ. ա՞յս էիք դուք կամենում ինձանից լսել։ Բայց ես թեկուզ այս ամենը ձեզ չպատմեի, այնուամենայնիվ այս բոլորը պետք է ձեզ պատահեր, որովհետև դուք սպանեցիք այն արդար մանուկ Մեծ Հուսիկին՝ ձեր առաքինի առաջնորդին, որ Գրիգորի զավակի տնից էր։ Այո՛, այս բոլորը ձեզ պիտի պատահի որովհետև տերը այսպես ինձ ցույց տվեց։ Այլ որ դուք (մարդ) ուղարկեցիք ինձ մոտ, ինձ կանչեցիք, թե ե՛կ, մեզ ղեկավար և առաջնորդ եղիր, ես ինչպե՞ս առաջնորդ լինեմ նրանց, որոնք տիրոջը չեն հետևում, կամ ինչպե՞ս ղեկավար լինեմ մի ազդի, որին տերը լքեց։ Ինչպե՞ս կարող եմ ես ձեռքերս բարձրացնել առ աստված աղոթելու այն մարդկանց համար, որոնց ձեռքերը շաղախված են տիրոջ սրբերի արյունով. կամ ինչպե՞ս աղոթք ու պաղատանք մատուցեմ նրանց համար, որոնք թիկունքները դարձրին դեպի տերը և ոչ երեսները, կամ ինչպե՞ս բարեխոս լինեմ նրանց համար, որոնք ըմբոստացան, կամ ինչպե՞ս (աստծուն) հաշտեցնելու խոսք ասեմ նրանց համար, որոնք (նրանից) փախել են և շեն ուզում ետ դառնալ, որոնց համար տերն ինքը պատրաստել է այս բոլոր չարիքները այն պատճառով, որ ասացիք, թե տերը չի տեսնում»։
Այս բոլորը և սրանց նման ուրիշ բաներ ասաց ծերունի Դանիել քորեպիսկոպոսը՝ Տիրան թագավորի, իշխանների, պետերի և բոլոր զորքերի առաջ։ Եվ մինչ նա ասում էր այս ամենը, թագավորը ապշած, զարմացած լուռ լսում էր։ Եվ երբ այս բոլորը լսեց, զայրացավ. բռնակալական շար ու դառն ցասումով բորբոքվեց, հրամայեց անմիջապես նրան խեղդամահ անել։ Սպասավորները հրամանը լսելով՝ իսկույն կատարեցին։ Թեպետ մեծամեծ ավադ նախարարները շատ հորդորեցին թագավորին, որ չար կամքը չկատարի, բայց նա այնքան դառնացած էր սրտով, այնքան զայրացած էր, որ նրանց չլսեց։ Պարանը վիզը գցելով խեղդամահ արին։ Այսպես վախճանվեց սուրբ Դանիելը։ եվ բազմաթիվ մարդիկ, որոնք նրան ճանաչում էին ու գիտեին, նրա մարմինը վերցրին և ուզում էին մեծարել Քրիստոսի սուրբ վկաների ոսկորների հետ։ Բայց ինքը (Դանիելը) երևաց իր աշակերտին՝ Եպիփանին, որ մի սուրբ մարդ էր, և հայտնեց, որ իր ոսկորները չպատվեն ինչպես ուրիշներինը, այլ տանեն հողի տակ թաղեն այնտեղ, որտեղ ինքը կամեցավ և հրամայեց։ (Դանիելը) այսպես ասաց. «Եթե տերունական մարմինը երկու օր գերեզմանում ծածկվեց մինչև երրորդ օրը, երբ բարձրացավ իր հոր մոտ, որչա՞փ ավելի պետք է, որ մեր մարմինները հողի տակ ծածկվեն»։ Ուստի նրա մարմինը վերցրին նրա սիրելի սուրբ աշակերտները, որոնցից գլխավորը կոչվում էր Շաղիտա, որ նրանից նշանակված էր Կորդվաց աշխարհի վարդապետ, և երկրորդը Եպիփան, որ դարձյալ նրա կողմից նշանակված էր ուսուցանողի Աղձնիքի և Մեծ Ծոփքի. սրանց հետ էին նաև բանակի հոգևոր պաշտոնյաները։ Սրանք մարմինն առան, տարան Տարոն ու թաղեցին այն տեղում, ուր նրա բնակության խցիկն էր գտնվում, որ Հայոց մայր եկեղեցին էր, այն աղբյուրի մոտ, որտեղ Գրիգորը մկրտում էր աշխարհի զորքի բազմությունը, Հացյաց դրախտ կոչված տեղում։ Այստեղ հողի տակ ծածկեցին սուրբ Դանիելի մարմինը, ինչպես որ առաջուց տեսած երազում նրանց հրամայել էր։
Գլուխ ԺԵ
ՀՈՒՍԻԿԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՏՆԱՏԱԿ ԱՆԵԼՈՎ
ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆ ԱՍՏԾՈՒ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ:
Ապա խորհուրդ արին սուրբ Հուսիկի որդիներից ընտրել քահանայապետության համար։ Նրանց, իրենց կամքի հակառակ, բռնեցին, եպիսկոպոսների միահամուռ կամքով ստիպեցին և հարկադրերին սարկավագության ձեռնադրություն ստանալ-Պապին ու Աթանագինեսին։ (Իսկ) նրանք հոգևոր պատվի ավանդը գետին գցելով իրենց կամքով զինվորական ունայն արվեստով զինվեցին և կործանվեցին։ Նրանք գերադասեցին աշխարհիկ կյանքը, իրենց կին առան թագավորի քույրերին և հրաժարվեցին աստծու ժառանգությունից։ Նրանց կանանց անուններն էին — Պապի կնոջը՝ Վարազդուխտ, որոնք անորդի է անզավակ մեռան, — իսկ Աթանագինեսի կնոջը՝ Բամբիշ։ Սրանցից ծնվեց սքանչելի և զարմանալի ներսեսը, որ հետո քահանայապետ դարձավ։
Բայց այն ժամանակ չկար մեկը, որ նրանց համար քահանայապետությունը վարեր։ Ապա խորհուրդ արին, թե ո՛ւմ ընտրեն առաջնորդ։ Բոլորը միաբան որոշեցին, որ նույն Գրիգորի իշխանության տնից գտնեն մեկին, որ իր հայրերի աթոռը նստի։
Գլուխ ԺՋ
ՓԱՌԵՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ԱԹՈՌԸ ՆՍՏԵՑ:
Այս ժամանակ (կաթողիկոսության) արժան համարեցին մի ոմն Փառեն քահանայի՝ Տարոն գավառից, Հովհաննեսի մեծ մարգարեանոցից, որը նախապես շինված էր որպես աղոթատուն՝ ի հանգստություն սրբերի և վստահված էր նրան (Փառենին)։ Նրան կանչեցին թագավորի մոտ։ Թագավորը նրան ուղարկեց ընծաներով ու հրովարտակներով և մեծամեծ իշխանների ուղեկցությամբ, որ էին՝ Հայոց Վասակ զորավարը Մամիկոնյան տոհմից, Մեհենդակ Ռշտունին, Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը՝ մեծ ու գլխավոր նահապետներ, և էլի ուրիշ տասը պատվավոր մարդիկ։ Սրանք Փառենին առան գնացին Գամիրքի մայրաքաղաք Նեսարիա և այնտեղ նրան ձեռնադրեցին Մեծ Հայքի կաթողիկոս ու խաղաղությամբ վերադարձան իրենց աշխարհը։
Փառենը կարճ ժամանակ նստեց հայրապետական աթոռը։ Նա չէր համարձակվում նրանց խրատել, որևէ մեկի մոլորությունը կամ ամբարիշտ գործերը հանդիմանել։ Նա միայն ինքն իրեն մաքուր էր պահում և հարկադրված ընկերակցում էր անօրեն թագավորին, նրան հնազանդվում էր ու նրա կամքով շարժվում։ Ապա նա վախճանվեց, հայրերի մոտ գնաց։ Եկեղեցու սպասավորների խումբը նրա մարմինը վերցրեց, տարավ Տարոն գավառը, Հովհաննեսի մեծ մարգարեանոցի ագարակը, որտեղ ինքը նախապես ապրում էր կենդանի ժամանակ, և այնտեղ նրա մարմինջ թաղերին ու գեղեցիկ շիրիմ շինեցին վրան։
Գլուխ Ժէ
ՇԱՀԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՎՐԻԱՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՍԵՐՆԴԻՑ
ԷՐ ԵՎ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌԸ ԺԱԳԱՆԳԵՑ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ
ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԲՈՂՋ ՀԱՏՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԹՈՂԵԼ ԷՐ
ՏԻՐՈՋԸ ՈԻ ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ:
Այն ժամանակ բոլորը աշխարհովին միաբան խորհուրդ արին, թե ո՛վ պետք է հայրապետության աթոռը նստի։ Եվ որովհետև Գրիգորի տնից ոչ ոք չկար այդ (պաշտոնին) արժանավոր, ուստի հարմար գտան մի ոմն Շահակի, որ Աղբիանոս եպիսկոպոսի սերնդիր էր։ Նրան հանձներին մարդպետության իշխանին, որի անունն էր Հայր. նրա հետ դրին ավագներից Գարդմանաձորի իշխանին և ուրիշ տասը նախարար ու նրան ուղևորեցին մեծ հանդեսով Գամրաց երկիրը, Կեսարիա մեծ քաղաքը։ Այնտեղ Շահակին ձեռնադրեցին Մեծ Հայքի կաթողիկոս և պատվով վերադարձան թագավորի մոտ։
Եվ Շահակը ժառանգեց հայրապետների տեղը. սա էլ Փառենին նմանվեց իր վարքով. նրա օրինակով էր սա առաջնորդում աշխարհը։ Բայց որոնց որ նա հովվում էր, չէին լսում նրա ճշմարիտ խրատներին, այլ հանդիմանվելիս էլ՝ բացեիբաց ու համարձակ գործում էին իրենց մեղքերը, առանց վախի կատարում էին ամեն տեսակ չարիքներ, մոռանալով (տիրոջը) և նրա պատվիրանները — առհասարակ՝ թագավորը, նախարարներն ու իշխանները։ Նրանցից է՛լ ավելի վատ էին մյուս մարդիկ, որոնք ամբարշտացած էին մարդկանց նկատմամբ և իրենց հայրերի առաջին հին գործերին դարձան, մեծերից մինչ փոքրերը անձնատուր էին եղել այս բանին։ Այս բոլորի համար աստված բարկանալով նրանցից երես դարձրեց, նրանց ոտքի կոխան դարձրեց նրանց դեմ դուրս եկած թշնամիներին։ Որովհետև Տրդատի թագավորության ժամանակից ի վեր որիրոջը ճանաչելուց հետո (աստված) խաղաղություն պարգևեց, նրանց շրջապատող թշնամիներին լռեցրեց, նրանց սահմաններից պատերազմները հեռացրեց, և ոչ ոքի հետ նրանք խռովության կամ թշնամության գործ չունեցան ու ապրում էին կատարյալ խաղաղության մեջ։ Իսկ այն ժամանակ տերը գրգռություն առաջացրեց նրանց բոլոր սահմաններում, զորացրեց նրանց թշնամիներին, և ոչ մեկը ուրիշ ազգերի թագավորներից նրանց բարեկամ չէր, այլ բոլորը թշնամի էին։
Գլուխ ԺԸ
ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿՈՏՈՐԵԼ ԷՐ ՏԱԼԻՍ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏՈՀՄԵՐԸ:
Բայց այս անմիտ թագավորության ժամանակ ոչ միայն թշնամիները թշնամիներին, այլ նաև բարեկամները բարեկամներին, ընկերները ընկերներին դավաճանում ու մատնում էին Հայոց աշխարհում և տեսակ - տեսակ թշնամություններ էին անում միմյանց նկատմամբ։ Որովհետև տիրոջից նրանց մեջ խռովություն ընկավ, պիղծ դև ու մոլորության ոգի (հայտնվեցին), նրանք մեկը մյուսին քանդեցին ու ավերեցին իրենց անօրինության պատճառով։ Բայց բոլորից գերազանցում էր մի անօրեն, սատանայաբարո մարդ, որ Տիրան թագավորին գրգռում էր մանավանդ նախարարական տոհմերի դեմ, այսինքն՝ մեծ մարդպետության պատիվը կրող ներքինին, մի չարասիրտ, չարամիտ, չարագործ մարդ, որին Հայր էին ասում։ Նա մատնությամբ շատ նախարարներ կոտորել տվեց առանց որևէ հանցանքի և մեծ թագավորության կարգը խարխլեց։ Մանավանդ նա իր չարախոսությամբ սրի քաշել տվեց ու միաժամանակ անզավակ դարձրեց երկու ավագ տոհմեր՝ Ռշտունյաց և Արծրունյաց տոհմերը, որոնց առանց որևէ մեղքի ու հանցանքի մեջտեղից վերացրին, նույնիսկ տոհմերի էգերին կոտորեցին։ Այն ժամանակ երկու երեխա գտան, որոնք փախել ապաստանել էին դայակների մոտ — Մեհընդակ Ռշտունու որդուն Տաճատին, և Արծրունի Վաչեի որդուն՝ Շավասպին, որոնք ծծկեր երեխաներ էին։ Նրանց բերին թագավորի մոտ։ Նա երբ տեսավ երեխաներին, հրամայեց մորթել, որովհետև միայն նրանք էին մնացել այս երկու տոհմերից շառավիղներ։ Այդտեղ պատահեցին Արտավազդը և Վասակը՝ Մամիկոնյան տոհմի մարդիկ, որոնք Հայոց բոլոր զորքերի զորավարներն էին։ Նրանք վեր կացան, ընկան երեխաների վրա, ամեն մեկը մի երեխա թևի տակ առնելով դուրս եկան, զենքերը հանած, երեխաների համար մեռնելու պատրաստ։ Որովհետև թեպետ նրանք խնամում էին թագավորի որդուն՝ Արշակին, բայց այդ ժամանակվս գործերից զայրանալով՝ թողին իրենց Արշակ սանին և արքունական բանակից հեռացան։ Նրանք գնացին իրենց երկիրը՝ Տայքի ամրոցները և այնտեղ մնացին իրենց ընտանիքների հետ բավական տարիներ, իրենց մյուս կալվածքները թողնելով։ Այնտեղ նրանք խնամում էին այն երկու երեխաներին՝ Շավասպին ու Տաճատին, և (հետո) նրանց կնության տվին իրենց աղջիկները, որից այդ տոհմերը նորից բազմացան։ Նրանք երկար տարիներ Հայոց գործերին չէին խառնվում։
Գլուխ ԺԹ
ՀՈՒՍԻԿԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՊԻ ԵՎ ԱԹԱՆԱԳԻՆԵՍԻ ՄԱՍԻՆ, ԵՎ ԹԵ
ԻՆՉՊԵ՞Ս ԻՐԵՆՑ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆՎԵՑԻՆ:
Իսկ Հուսիկի որդիները՝ Պապն ու Աթանագինեսը, իրենց կյանքը վարեցին աստվածատեցությամբ. շրջում էին անօրինությամբ և ամբարտավանությամբ։ Նրանք ամբողջ կյանքի ընթացքում սաստիկ հանդուգն էին, աստծուց երկյուղ չունեին, կյանք էին վարում մեծ անառակությամբ և ցոփությամբ, աստվածային կարգերն արհամարհում ու ծաղրում էին։
Նրանք Տարոնի երկրումն էին, եկեղեցու ավան Աշտիշատում, որտեղ նրանց պապ Գրիգորը շինեց առաջին եկեղեցին։ Երկու եղբայրները՝ Պապն ու Աթանագինեսը, գնացին հասան այն գյուղը։ Սաստիկ հարբելով՝ նրանք ծաղրում էին աստծու տաճարը, երկուսով գնում մտնում էին այնտեղ գտնվող եպիսկոպոսանոցը, այնտեղ գինի էին խմում բոզերի, վարձակների, գուսանների և կատակաբանների հետ, սուրբ ու նվիրական տեղերը արհամարհելով ոտնակոխ էին անում։
Երբ նրանք եպիսկոպոսանոցում նստած ուտում խմում էին, ուրախություն էին անում, հանկարծ երևաց տիրոջ հրեշտակը փայլակի նման և երկու եղբայրներին միասին խփեց սպանեց նստած տեղերում։ Իսկ մյուս մարդիկ, որ այնտեղ էին, նրանց հետ նստած սեղանակից և ուրախակից էին, բոլորը թողին ու փախան, դուրս եկան սենյակից։ Եվ այնքան մեծ էր ահը, որ նրանցից ոչ մեկն էլ ետ չդարձավ, ոչ մի մարդ չհամարձակվեց նրանց մտաբերել ու ներս մտնել, ոչ ոք դռանը չմոտեցավ, դուռը չդրեց։ Նրանց փախչելիս դուռը բաց մնաց, և այնուհետև էլ ոչ ոք չէր համարձակվում դռների մոտով անցնել։
Այս կերպով սպանվեցին այն երկու եղբայրները՝ Պապն ու Աթանագինեսը, նրանք եպիսկոպոսանոցում ճաշի սեղանի տակ ընկած մնացին։ Տաճարի դռները բաց էին մնացել, և ոչ ոք չէր համարձակվում մոտենալ, մինչև նրանց մարմինները նեխվեցին, քայքայվեցին, անդամ-անդամ լուծվեցին, ոսկորները ցրվեցին։ Այս դեպքից շատ ամիսներ անցան, ապա սիրտ արին, ներս մտան՝ հավաքելու և այնտեղից դուրս հանելու նրանց ոսկորները, որ ցամաքել չորացել էին։ Նրրանց հանեցին (ու թաղեցին) եկեղեցու այգում, որ Ագարակ էր կոչվում։
Բայց Աթանագինեսին մնաց մի որդի Բամբիշ (կնոջից), որ թագավորի քույրն էր. նրա անունն էր Ներսես, որ հետո ամբողջ Հայաստանի հայրապետական աթոռը նստեց։ Իսկ Պապը իսկական կնոջից որդի չունեցավ, բայց նա մի հարճ ուներ Տարոն գավառի կարճազատների Հացյաց գյուղից, և այս հացեկացի հարճից մնաց մի որդի, որի անունն էր
Վրիկ։ Գլուխ Ի
ՏԻՐԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՏՆՎԵՑ ԻՐ
ՍԵՆԵԿԱՊԵՏ ՓԻՍԱԿ ՍՅՈԻՆՈԻ ՅԵԹՔՈՎ, ԻՆՉՊԵՍ ՎԱՐԱՐԻՑ ԳԵՐԻ
ԲՌՆՎԵՑ ՈԻ ԿՈՐԱՎ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ԱՄՐՈՂՋ ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐՆ ԷԼ
ՆՐԱ ՀԵՏ ԳԵՐՎԵՑ:
Բայց դեռ բարեկամություն էր տիրում երկու թագավորների՝ Հայոց և Պարսից միջև։ Այս ժամանակ Ատրպատականում նստում էր մի բարձր պաշտոնյա, որի անունն էր Շապուհ-Վարազ։ Արդ՝ մինչ կատարյալ խաղաղություն էր տիրում երկու թագավորների միջև, տիրոջ կամքով մի չնչին բանի պատճառով խռովություն ծագեց մի անարգ մարդու ձեռքով, որ մոլորությամբ դևից պակաս չէր, անունը Փիսակ, որը Տիրան թագավորի սենեկապետն էր՝ Սյունյաց տոհմից։ Սա պատվիրակ էր գնացել Վարազ-Շապուհի մոտ, որին Պարսից թագավորը սահմանապահ էր թողել Ատրպատականում։
Այն ժամանակ Տիրան թագավորը մի ձի ուներ, որի վրա բոլորը զարմանում էին։ Այդ ձին մուգ-շագանակագույն և պուտպուտիկ էր, ուժով լի, հոյակապ, հռչակված, բոլոր ձիերից մեծ և բարձր, տեսքով բոլորից գեղեցիկ ու սիրուն, որի նման ուրիշը չկար։ Փիսակը՝ թագավորի սենեկապետը, պատվիրակ գնալիս այս ձին մատնեց Վարազին, որի հետ բարեկամացել էր, և նրանից թուղթ առնելով՝ բերեց մատուցեց Հայոց թագավորին։ Դրան համաձայն չլինելով՝ թագավորր չկամեցավ (ձին) տալ։ Բայց որովհետև այն մարդուց կասկածում էր, միգուցե երկու թագավորների միջև խռովություն առաջացնի, որոնեց և գտավ այն գույնի մի ձի, նույն նշանով, նույն տեսքով, բացի մեծությունից, — որովհետև այնպիսի մեծությամբ ուրիշ տեղ չկար,— նույն տեսակ պուտպուտիկ, մուգ-շագանակագույն, և հրովարտակով ու ընծաներով Ատրպատականի իշխանին՝ Վարազին ուղարկեց նույն մոլի Փիսակի ձեռքով։ Նրան խրատում ու խորհուրդ էր տալիս, թե «ասա՛, այս այն ձին է, որ խնդրեցիր. քո սիրո համար քեզ չխնայեց»։ Իսկ նա երբ Վարազի մոտ հասավ, խնայելու գաղտնիքը բացեց և ջանաց գրգռել չկամենալով ազատվել իր նենգախոսությունից. նա ավելի արեց իր չարախոսությունը, ասելով. «Հայոց Տիրան թագավորը այնքան լցված է նախանձով, չկամությամբ, թշնամությամբ և ատելությամբ, այնքան անհավատարիմ և աներկյուղ է Պարսից թագավորի և Պարսից բոլոր զորքերի նկատմամբ, որ մինչև իսկ մի կաշի խնայեց ու թաքցրեց և քեզ խաբելով ու ծաղրելով՝ մի ուրիշ ձի քեզ ուղարկեց իմ ձեռքով: Եվ միայն այս չէ,— ասում էր նա,— նա հույս է դրել կայսեր ու նրա զորքի վրա, մտադրվել է Սասանի ցեղից խլել Պարսից թագավորությունը, որովհետև, ասում է, այդ տերությունը մերն է եղել և մեր հայրերինը. ես, ասում է, չեմ հանգստանա, մինչև մեր նախնի հայրերի պատիվը ետ չդառնա, մինչև նախնի թագավորությունը նորից չդարձնեմ հայրենի զավակներին, այսինքն իմ տոհմին, իմ տանը և ինձ»։ Այս և այսպիսի խոսքերով անօրեն Փիսակը գրգռում էր Վարազին իր բնիկ տիրոջ դեմ, իր թագավորի համար մահ էր նյութում։
Երբ Վարազ-Շապուհը՝ Ատրպատականի մարզպանը, այս բոլորը լսեց կատաղախոս, շնաբերան Փիսակից, անմիջապես ամբաստանության թուղթ գրեց Հայոց թագավորի մասին և ուղարկեց Պարսից Ներսեհ թագավորին։ Եվ այն աստիճան Պարսից թագավորին գրգռեց, զայրացրեց, գրգեց, չարացրեց, բարկացրեց Հայոց թագավորի դեմ, որ նրանից հրաման ստացավ, թե արդյոք հնար չկա՞ որևէ միջոց որոնել ու գտնել Հայոց թագավորին մեքենայությամբ գայթակղելու, որսալու և բռնելու։ Եվ մինչ երկու թագավորների միջև խաղաղություն էր տիրում, աստված բարկանալով՝ վրեժ գրգրռեց, որպեսզի անօրեն Տիրանից վրեժ լուծվի երկու մեծ քահանաների ու առաջնորդների անմեղ մահվան և արյան համար։
Այն ժամանակ Վարազը պատվիրակ ուղարկեց Հայոց թագավորի մոտ՝ հաշտության և խաղաղության պատրվակով խոսելու նրա հետ։ Նա սերն ու կարոտը պատճառ բերելով թույլտվություն էր խնդրում նրան այցելության գալու։ Երբ Հայոց Տիրան թագավորն այս լսեց, փութով, մեծ ուրախությամբ հրամայեց հրավիրել նրան։ Դեռ նա չեկած՝ թագավորը իր սենյակի ներքին սպասավորների հետ խորհուրդ էր անում։ Նա ասում էր. «Մեզ մոտ եկող հյուրին հարկավոր է զվարճացնել և ուրախացնել որսերով, կերուխումով ու ամեն տեսակ վայելչություններով։ Բայց պետք չէ, որ նա այստեղ մեր երկրում առատ որսի տեղեր տեսնի, որովհետև Պարսից ազգը չարասիրտ, նախանձոտ, չարաբարո, նենգ է, այլ պետք է գտնել որսով ոչ հարուստ տեղեր, որով նրան զվարճացնենք, բայց առատ որս չանենք, որսի մեծ կոտորածներ չանենք ցույցի համար, միայն ձևի համար անենք՝ պարսիկների դառնության և չարության պատճառով։ Ապա հունյաց երկրում Մեծ Մասիսի ստորոտում որս անենք, այնտեղ, որի անունը կոչվում է Աղիորսք քաղաքի։
Շապուհ-Վարազը եկավ հասավ երեք հազար մարդով, ներկայացավ թագավորին Ապահունյաց երկրում և մեծ պատվով նրանից մեծարվեց։ Իսկ այն խոսքերը, որ թագավորը որսի մասին ասաց, անմիջապես Պարսից զորավարի ականջին հասան այն քսու և բանսարկու, այն տիրանենգ ու տիրադրուժ, տիրասպան ու տիրամատնիչ Փիսակի, այն աշխարհավեր մարդու բերանով։
Սակավ օրեր նրանք միասին ուրախություն էին անում, բայց Պարսից իշխանը իր մեջ ունեցած թշնամությունը խորամանկությամբ ծածուկ էր պահում և հարմար առիթի էր սպասում, որ դավը գլուխ բերի։
Դեպքն այնպես բերեց, որ այդ ժամանակները զորավարներն այնտեղ չէին, այլ խռովել հեռացել էին այսպես էլ մյուս ազատանին, մեծամեծ նախարարներն ու ավագ տանուտերերը, նույնպես էլ արքունական զորքերը իրենց տներում, իրենց կացարաններում հանգստանում էին։ Թագավորի մոտ ուրիշ մարդ չէր մնացել, ո՛չ հետևակազոր և ո՛չ այրուձի, բայց միայն սակավաթիվ սպասավորներ, որսորդական շների պահապաններ, ճանապարհների մշակներ, վրանապահ, խառնիճաղանջ զինվորներ և աշխարհազոր։ Այնտեղ էին նաև տիկինը և արքայորդին՝ մանկահասակ Արշակը։ Այսպես, քիչ մարդիկ կային այնտեղ այդ ժամանակ. որովհետև թեպետ տեսնում էր, որ Պարսից զորավարը ուժեղ գնդով է եկել,— որովհետև երեք հազար լավ սպառազինված մարդիկ կային նրա հետ,— բայց չէր զգուշանում ու կասկածում, քանի որ տեսնում էր, թե նա խաղաղության համար է եկել մեծ նվերներով, ընծաներով և շքեղ մեծարանքներով։
Ոչ շատ օրեր անցնելուց հետո թագավորին ընթրիքի հրավիրեցին՝ նրան պատվելու համար։ Երբ խմելն սկսեցին, թագավորը և նրա հետ եղողները սաստիկ հարբեցին, և այս ժամանակ դարանակալ զորքը անսպասելի կերպով, հանկարծակի հարձակվելով սեղանակիցների վրա՝ յուրաքանչյուրին առանձին բռնեցին, իսկ վահանավորներն ու տապարավորներր Տիրան թագավորին շրջապատեցին։ Ոռնելով, նրա ոտքերն ու ձեռքերը կապեցին երկաթե շղթաներով, ամբողջ բանակը, ինչ որ գտան, ավար առան։ Թագավորի գանձերը, գույքը, կինը, որդիները, ինչ որ բանակում գտան, Ապահունյաց երկրից տարան։
Եկան հասան մի գյուղ, որին ասում էին Դալարիք։ Երբ Պարսից զորավարը եկավ Դալարիք գյուղը մտավ, իր հետ տանում էր կապված Տիրան թագավորին։ Եվ Վարազն ասաց, «Ապա ածուխ գտեք, որով երկաթ շիկացնենք, որ Հայոց այս թագավորի աչքերը դաղենք»։ Իսկույն ածուխ բերին և Տիբանի աչքերը դաղեցին։ Այն ժամանակ Տիրանը խոսեց ու ասաց, «Փոխանակ որ իմ զույգ լուսավոր աչքերը այս տեղում խավարեցին՝ թող այսուհետև Դալարիքի փոխարեն Ածուխ կոչվի սա հավիտյան, և այս հայտնի նշանը մնա ինձ հիշատակ. բայց ես միտքս բերի և գիտեմ, որ իմ գործած չարիքների ու մեղքերի վրեժը ինձանից պահանջվեց, որովհետև ես այս աշխարհը, որում թագավորում էի, խավարեցրի՝ երկու լուսատու ուսուցիչներից (ղրկելով) և կարծում էի, թե ճշմարիտ վարդապետության երկու հավատարիմ քարոզիչների լույսը կհանգցնեմ, այս պատճառով էլ իմ աչքերի լույսը խավարեց»։
Այնուհետև Պարսից թագավորի իշխանը ամենայն շտապով Ածուխ գյուղից մեկնեց, հետն առնելով Տիրան թագավորին և ամբողջ գերությունը, փութով գնաց հասավ Պարսից աշխարհը և գնաց Ասորեստան, իր տիրոջ՝ Պարսից թագավորի մոտ։
Հանկարծակի վրա հասած այս չարիքի ու թշվառության՝ այս կործանման գույժը լսելի եղավ։ Հավաքվեցին նախարարներն ու իշխանները, գործակալներն ու զորագլուխները, պետերը, երկրի բոլոր տեղերից հավաքված մեծ բազմություն։ Նրանք թեև հավաքվեցինք զորք կազմեցին, պատրաստությամբ հետամուտ եղան Վարազին, բայց չկարողացան հասնել։ Բայց և այնպես հասան, Պարսից աշխարհի մի կողմը գրավեցին, մարդկանց առհասարակ կոտորեցին, աշխարհը այրեցին ու ավարեցին։ Մի տեղ հավաքվելով՝ կոծում, սգում ու ողբում էին իրենց բնիկ տիրոջը՝ Հայոց թագավորին, ինչպես և աշխարհի կորուստն ու իրենց անտիրական մնալն ու կործանվելը. աղիողորմ կերպով լալիս էին։
Գլուխ ԻԱ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ ԵՎ
ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՆԱՑԻՆ, ՀՈԻՆԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԲԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՕԳՆԱԿԱՆ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԸ
ՄԵԾ ՉՈՐՔՈՎ ԵԿԱՎ, ՄԻԱՁԻ ՃՈՂՈՊՐԵՑ ՓԱԽԱՎ
ՊԱՐՍԻՑ ԱՇԽԱՐՀԸ:
Այնուհետև ավելի մեծ միաբանությամբ հավաքվեցին Հայոց աշխարհի մարդիկ — մեծամեծ նախարարները, ավագները, կուսակալները, երկրի տերերը, ազնվականները, զորագլուխները, դատավորները, պետերը, իշխանները, բացի գորավարներից, նույնիսկ ռամիկ շինական մարդիկ։ Սկսեցին իրար հետ խոսել և ասում էին. «Այս ի՞նչ է մեր արածը, նստել սուգ ենք անում, թշնամիները սրանից կօգտվեն. շատ չանցած՝ էլի մեր երկիրը կարշավեն։ Եկեք, մենք մեզ մխիթարենք, մեզ ու մեր երկրին տեր կանգնենք և մեր բնիկ տիրոջ համար վրեժխնդիր լինենք»։ Այսպես երկրի բոլոր մարդիկ հավաքվելով մի մտքի եկան, միաբանվեցին, որ իրենց համար օգնություն ու թիկունք գտնեն։
Այն ժամանակ Հայոց ավագանին մեծ նախարարներից (բաղկացած պատգամավորություն) ուղարկեց Հունաց թագավորի մոտ նվերներով (առաջարկելով), որ նրան ձեռք մեկնեն և հնազանդությամբ նրան ծառայեն. իսկ նա իրենց թիկունք լինի և օգնի վրեժխնգիր լինելու թշնամիներից: Ուղարկեցին Սյունյաց Անդովկ նահապետին և Արշարունյաց նահապետ Արշավիր Կամսարականին։ Սրանք գնացին հասան Հունաց աշխարհը, կայսերական պալատը, հանձնեցին հրովարտակը, բերած նվերները առաջ բերին և թագավորին ներկայացրին ամբողջ ժողովրդի խնդրանքը։ Կայսրը բոլոր հանգամանքները լսելով՝ մեծ փութով ու պատրաստությամբ ձեռնարկեց գործին վերահասու լինելու և թիկունք ու օգնական լինելու Հայոց աշխարհին, մանավանդ որ հիշում էր այն դաշինքը՝ երդումով կնքված ու հաստատված Կոստանդիանոս կայսեր և Տրդատ թագավորի միջև։
Եվ մինչ դեսպանները, որոնք Հայոց աշխարհից կայսերական պալատն էին գնացել, դեռ չէին դարձել իրենց աշխարհը, արևելքի կողմից ինքը՝ Պարսից ներսեհ թագավորը, շարժվեց ու եկավ, որ Հայոց աշխարհը գրավի, այրի, ավերի, ամբողջապես փչացնի և ամբողջ սահմաններով իր երկրին կցի։ Նա եկավ իր բոլոր զորքով, բոլոր աղխով, մեծ կարավանով, բազմաթիվ փղերով, անչափ մթերքներով, բուն մաշկապաճյանով, բոլոր կանանցով և տիկնանց տիկինով եկավ մտավ Հայաստանի սահմանները, ամբողջ աշխարհը բռնեց։ Այս ժամանակ Հայոց նախարարների ազնվական զորքերն իրենց ընտանիքներն առնելով փախչում էին Հունաց կողմերը, գուժում էին (այս լուրր) կայսերական բազմագունդ բանակի նախարարներին։ Հունաց թագավորը երբ այս բոլորը լսեց, ապա ինքն էլ իր զորքը դում արեց և շարժվեց, եկավ Հայոց աշխարհը՝ Պարսից թագավորի դեմ։
Նա բանակը թողեց Սատաղ քաղաքի մոտերը. ինքն ընտրեց հայկական բանակից երկու գլխավոր խելոք մարդ, այսինքն Արշավիրին և Անդովկին, որոնք իբրև պատվիրակներ նրա մոտ էին գնացել առաջ։ Նրանց հետ միասին ինքը կայսրը, շինականի կերպարանքով, իբրև կաղամբավաճառ մտավ Պարսից բանակը, որ այդ ժամանակ գտնվում էր Բասյան գավառում, Ոսխա կոչված գյուղում։ Նրանք մտան Պարսից թագավորի բանակը, դիտեցին, քննեցին, նրանց զորքերի զորության չափն առան և այստեղից դարձան իրենց բանակը։ Կազմակերպվեցին, պատրաստվեցին, վրա հարձակվեցին և գտան Պարսից բանակը նույն տեղում բանակած մեղկ, անհոգ, միամիտ, աներկյուղ խաղաղությամբ։ Ցերեկով նրանք հարձակվեցին Պարսից թագավորի վրա, ամբողջ բանակը սրի քաշեցին, ոչ մեկին կենդանի չթողին։ Բանակը կողոպտեցին, ավար առան, բռնեցին թագավորի կանանց ու Բամբիշին (տիկնանց տիկին) և նրանց հետ տիկիններին, նրանց բոլոր գույքն ու ստացվածքները, գանձերը, պաշարեղենը, սարքը կանանց հետ միասին գերի վերցրին։ Միայն թագավորը հազիվհազ պրծնելով մի առաջընթաց ձիավոր սուրհանդակով փախավ, հազիվ կարողացավ իր աշխարհն ընկնել։ Իսկ կայսրը մեծ շքեղությամբ պերճացած երևաց բանակում, բոլոր չափահասներին կոտորեցին, իսկ մնացածներին գերի տարան Հունաց երկիրը։ Իսկ (Հայոց) աշխարհի վրա վերակացու թողեց երկու իշխաններին՝ Անդովկին և Արշավիրին, որոնց մեծ պարգևներով մեծարեց. և նրանց հանձնելով բոլոր իշխաններին ու երկիրը ինքը վերադարձավ Հունաստան՝ իր երկիրը։
Իսկ Պարսից թագավորը փախավ գնաց իր երկիրը։ Երբ այնտեղ հասավ, իր մոտ հավաքեց իր իշխանության մեջ մնացածներին, սկսեց քննություն ու հարցուփորձ անել։ Խորհուրդ արեց, հրամայեց նորից քննել, իմանալ և հայտնել, թե որտեղի՞ց սկիզբ առավ այս պատերազմը։ Այն ժարմանակ հանգամանքները բացվեցին և հայտնի դարձավ, որ մի չնչին բանից, մի վատթար չարախոսությունից է ծագել, այն մոլի Շապուհ-Վարազը այդ խռովությունը հարուցել է մի ձիու պատճառով։ Ուստի հրաման տվեց՝ պատիվը նրանից առնել, պատվական պատմուճանը վրայից հանել և մեծամեծ չարչարանքների ենթարկել Վարազին։ Եվ ըստ պարսկական սովորության՝ հրամայեց նրա մորթը հանել, խոտով լցնել ու հրապարակում կանգնեցնել նախատինքի համար։ Ինքն էլ եղածի վրա զղջալով՝ պատվական իշխաններ էր ուղարկում (կայսեր մոտ) հաշտության մասին (բանակցելու), գերիները ետ դարձնելու համար. աղաչավորներ էր ուղարկում կայսեր հետ խաղաղության ու հաշտության մասին բանակցելու, որ գոնե իր կանանց գերությունից արձակի և խայտառակությունն ու նախատինքը վերացնի։
Այն ժամանակ Հունաց Վազես թագավորը հրովարտակ գրեց Պարսից թագավորին. «Նախ դու,— ասում է,— ետ դարձրու Հայոց աշխարհից տարածդ գերիները, Տիրան թագավորով հանդերձ, և առհասարակ ինչ որ այնտեղից առել ես. երբ դու այս անես, ապա ես էլ ետ կդարձնեմ՝ ինչ որ առել եմ. ուրեմն առաջ դու նրանցից առածդ ավարը վերադարձրու, ապա ես քոնը կվերադարձնեմ»։
Պարսից թագավորը երբ այս հրամանը լսեց, իսկույն նրա ասածները կատարեց, կապված Տիրանին բանտից ու կապանքներից արձակեց, քաղցրությամբ խոսեց հետը, թե նրան կրկին կթագավորեցնի և պատվով իր աշխարհը կուղարկի։ Իսկ Տիրանը պատասխանեց, թե «Ինձ կույր տեղովս, անօգուտ, անպատշաճ, նույնիսկ անկարելի է թագավորություն անել. իմ փոխարեն թագավորեցրու իմ որդուն՝ Արշակին»։
Այն ժամանակ (Պարսից թագավորը) նրա Արշակ որդուն թագավորեցնում է Հայոց աշխարհի վրա և թագավորի կանանց ու մյուս բոլոր գերիներին, գանձերով, ընծաներով, ստացվածքներով հանդերձ, առհասարակ գերությունից ետ է դարձնում. իրեն՝ Տիրան թագավորին էլ Պարսից թագավորը մեծ պատրաստությամբ ու պատվով իր երկրից ուղարկեց Հայոց աշխարհը։ Այսպես նա հավատարմությամբ կատարեց Հունաց թագավորի հրամայածները։ Երբ նրանց բոլորին Հայաստան ուղարկեց, ապա Հունաց թագավորի կողմից իր մոտ եկած պատվիրակներին էլ արձակեց, որպեսզի գնան, Հունաց թագավորին պատմեն, թե ինշպե՛ս ինքը կատարեց Հունաց թագավորի հրամանները, որպեսզի Հունաց թագավորն էլ վերադարձնի Պարսից թագավորի գերիներին, որ տարել էր։
Երբ Հունաց թագավորը լսեց, թե Պարսից թագավորը լիովին կատարեց իր տված հրամանները և Հայաստանի գերիներին ու Տիրան թագավորին ազատ արձակեց, գոհացավ, ապա ինքն էլ՝ Հունաց թագավորը, Պարսից թագավորի գերիներին ազատ արձակեց և Պարսից թագավորի կանանց կարգով-սարքով ու մեծ պատվով, բոլոր գերիներին էլ նրանց հետ Հունաց աշխարհից վերադարձրեց Պարսից աշխարհը ու բարեհաջող ուղարկեց իրենց թագավորի մոտ։
Ավարտվեց երրորդ մասը՝ քսանմեկ գլուխ պատմություններ Փավստոս Բուզանդ մեծ ժամանակագիր պատմագրի, որ Հունաց ժամանակագիր էր: