Պեղում եմ հողը ու հողի միջից
հանում եմ ճամփա...
Ոտնահետքերը՝
տաք կռիվներից
դարձող ձիերի,
ինձ պատմում են հին անցք ու դարձերից,
ասում՝ իմ նախնիք դեռ իրենց օրում
ոչ մի ժամանակ չեն լքել դաշտը
ու չեն ճողոպրել դժվար մարտերից։
Պեղում եմ հողը ու հողում, ահա,
Որթատունկն է մեր,
Նոյի սուրբ ձեռքով
հեռավոր մի օր
թաղվել է հայոց խստաձյուն հողում,
որ զարկերակվի ավիշը կենաց.
այս ինչքա՜ն երկար ձմեռը տեւեց,
այս ի՜նչ փարթամ են մատերը պահվել։
Պեղում եմ հողը ու հողի միջից
հանում եմ մի լույս...
Սեգ ճակատից է
կաթել Մաշտոցի,
երբ նա շրջում էր,
դպրոցներ հիմնում հայոց աշխարհում.
բողբոջում է այդ լույսը ըղձալի,
եւ Գանձասարի զանգը հնչում է
երկնի ամենից բարձր գմբեթում։
Պեղում եմ հողը ու հողի միջից
հանում եմ ես ինձ...
Վեր հառնող տուն եմ՝
դժվար դարերի
սեգ կամարներով.
սիրտս շեմն եմ արել Արցախի
եւ ընդառաջ եմ գնում ցավերին,
եւ անվախճան է լույսը իմ ներսում։