Ա

Սրբազանը դեռ նոր էր զարթնել քնից, երբ առաջանորդարանի ծառան ներս գալով՝ հայտնեց սենեկապան սպասավորին թե՝ Մայր եկեղեցու լուսարարը վաղուց սպասում է դռանը՝ սրբազանին տեսնելու համար։

— Ի՞նչ ունի լուսարարը սրբազանի հետ,— հարցրեց սենեկապետը մի առանձին արհամարհանքով։

— Չգիտեմ, ասում է թե գաղտնիք ունի սրբազանին հաղորդելու։

— Գաղտնի՞ք։

— Այո։

— Այդ հետաքրքրական է, կանչիր նրան այստեղ,— հրամայեց սենեկապետը, ընդունելով որ քահանաներից մինը անպատճառ դավադրություն է սարքել սրբազանի դեմ։

Մի քանի րոպեից ներս մտավ լուսարարը։

Սա մի նիհար, միջին հասակով, համակրելի դեմքով և քաղցր նայվածքով երիտասարդ էր։ Տարիքը կլիներ մոտ երեսուն։ Եվ որովհետև սարկավագի աստիճան ուներ, ուստի հագած էր երկար պարեգոտ, որ նրա դալկահար ու մորուսով ծածկված դեմքին տալիս էր բարեպաշտ հավատավորի կերպարանք։

— Ի՞նչ ունիս սրբազանի հետ, որ այսպես վաղ կամենում ես անհանգստացնել նրան,— հարցրեց սենեկապանը՝ դիտելով լուսարարին մի բարձրահոն նայվածքով։

— Շատ կարևոր հաղորդելիք,— պատասխանեց վերջինս։ — Այսինքն։

— Այսինքն այնպիսի մի բան, որ միայն սրբազան հորը կարող եմ հայտնել։

— Այդ միևնույն է. առաջ կարող ես ինձ հայտնել,— նկատեց սենեկապանը այնպիսի մի եղանակով, որից կարելի էր ենթադրել թե որքան իրավունքներ է վայելում նա առաջնորդարանում։

— Չեմ կարող։

— Ինչպե՞ս թե չես կարող,— հարցրեց սենեկապանը՝ զարմանալով լուսարարի հանդգնության վրա։

— Ասում եմ, որ չեմ կարող, մի՞թե հասկանալի լեզվով չե՞մ խոսում.— նկատեց լուսարարը, այս անգամ արդեն վրդովվելով։

Սենեկապետը առաջին անգամն էր տեսնում մի խնդրարկու, որ համարձակվում է սրբազանին հայտնելիք գաղտնիքը իրանից ծածկել։ Նա սովոր էր նայել առաջնորդի մոտ եկող ամեն մի խնդրարկուի վրա ինչպես յուր հարկատու հպատակի, որը նախ յուր առաջ պիտի խոնարհեր, յուր բարեհաճությունը պիտի վաստակեր (քաղցր խոսքերով լիներ այդ, թե քաղցրագույն նվերներով) և ապա թե սրբազանի մոտ մտներ։

Եվ արդարև, չէ՞ որ սրբազանի սենեկապան լինել նշանակում է՝ առաջնորդարանի տեր լիներ։ Որին որ կուզե՝ թույլ կտա ներս մտնել, որին չի ուզիլ՝ կասե սրբազանը չէ կամենում ձեզ ընդունել։ Շատ համառողին՝ կառարկե թե՝ առաջնորդը հիվանդ է, կամ թե՝ ներսում պաշտոնական անձանց խորհուրդ կա, որն ուշ գիշերին կվերջանա և այլն և այլն։

Այս է ահա պատճառը, որ բոլոր խնդրարկուները, նամանավանդ սրբազանից կախում ունեցող հոգևորկանները, մեծ ակնածությամբ են նայում սենեկապան Հակոյի վրա, քաջ գիտենալով, որ սրբազանը նրան լսում է սիրով, հետևապես և հաճախ այդ սպասավորի կամքից է կախված թե ի՞նչ տրամադրությամբ կնդունե առաջնորդը այս կամ այն խնդրատուին։

Եվ որովհետև Հակոն միշտ պատրաստ ունի ձեռին երկու տեսակ ծանուցումն, որոնցից մեկովը տրամադրում է սրբազանին բարեհաճ աչքով նայել եկողի վրա, իսկ մյուսովն ընդհակառակը, ուստի ամեն ոք աշխատում է չգրգռել Հակոյի զայրույթը, որպեսզի արժանանա առաջին տեսակի ծանուցման։

Լուսարարը, սակայն անզգույշ գտնվեցավ։

Թողնելով նրան դահլիճում, սենակապանը մտավ սրբազանի մոտ, որն այդ րոպեին լվացվում էր, և յուր երկրորդ տեսակի ծանուցումն արավ։

— Մայր եկեղեցու լուսարարը, սրբազան, առավոտվանից եկել դուռը կտրել է, ասում է սրբազանին պիտի տեսնեմ: Ասում եմ՝ դեռ նոր է վեր կենում, գնա մի ժամից արի, ասում է՝ չէ, ես հենց հիմի պիտի տեսնեմ. ասա թող ընդունի, չեմ կարող սպասել։

— Եո՛,— բացականչեց սրբազանը էջմիածնական տոնով։

— Հապա՞ չեմ իմանում խմա՞ է, թե գժված։

— Այ տղա, զգույշ կաց, այդպիսի մարդկանց մի ըդունիր։

— Ի՞նչ անեմ, սրբազան, ասում է առաջնորդի մոտ եմ եկել, դու ի՞նչ իրավունք ունես, որ չընդունես։

— Եո՛։

— Հապա՞։

— Ուրեմն հարբած է։

— Կարծեմ։

— Այդպես վա՞ղ:

— Շատ փչացածն է երևում։

Սրբազանը իր լվացումը վերջացրեց և սպասավորի օգնությամբ հագնվելով՝ հրամայեց թեյ տանել ընդունարանը: Ապա ինքն ևս ուղղվելով այդտեղ՝ կարգադրեց կանչել լուսարարին։

Երբ վերջինս ներս մտավ, սրբազանն արդեն նստած էր բազմոցի վրա։

— Հա, ի՞նչ ունիս,— հարցրեց նա լուսարարին, երբ սա խորը գլուխ տալով կանգնեց դռան առաջ։

— Սրբազան հայր, եկա ձեզ խնդրելու, որ իրավունք տաք ինձ՝ հանել մեր եկեղեցու վերնատանը գտնվող մետաղյա պսակները՝ և փշրել այնոք։

— Ին՞չ,— աչքերդ մեծ բանալով հարցրեց առաջնորդը։

— Պսակներն եմ ասում, սրբազան, այն, որ ննջեցյալների տերերը տալիս են մեզ՝ եկեղեցու վերնատանը կախելու համար։

— Իրավունք տա՞մ որ հանես ու փշրե՞ս։

— Այո, սրբազան հայր։

— Ինչո՞ւ։

— Որովհետև նրանք պղծում են եկեղեցին։

— Ինչե՞ր ես խոսում․ այ աղա։

— Այդպես է, սրբազան հայր, այդ իրենք պսակներն են ասում ։

— Պսակնե՞րը։

— Այո, պսակները, որոնք ամեն օր կրկնում են այդ խնդիրը բողոքելով։

Սրբազանը ոչինչ չպատասխանեց, այլ աչքերը մեծ բանալով նայեց աջ ու ձախ և ապա ուժգին հնչակը քաշեց։

Ներս մտավ սենեկապանը։

— Թուղթ ու գրիչ բեր,— հրամայեց նա կամացուկ։

Հակոն հեռացավ։

— Ծրար էլ,— կանչեց ետևից սրբազանը։

Մի քանի րոպեից սպասավորը վերադարձավ գրության վերաբերյալ նյութերը ձեռին, զորս և դրեց սրբազանի առաջ։

Վերջինս շտապով ու երկյուղալից գրեց մի համառոտ նամակ, դրեց ծրարի մեջ և հասցեն գրելով՝ դարձավ լուսարարին։

— Լավ ես ասում, որդի, պետք է այդ պսակները հանել եկեղեցուց և փշրտել։ Բայց ամեն իր այդտեղ ցուցակագրված է երեցփոխական մատյանում, իսկ այդ մատյանները քննում են ժողովրդից ընտրված հաշվատեսները։ Դրանցից մինը, ինչպես գիտես, բժիշկ Մալուխյանն է։ Տար նրան այս նամակը, որով ես արդեն տվել եմ իմ համաձայնությունը, եթե նա ևս կհամաձայնվի, այն ժամանակ հանիր պսակները և փշրտիր։

— Իսկ դուք չե՞ք կամենում հարցնել թե՝ ինչո՞ւ համար եմ ես այդ հրամանը խնդրում ձեզանից,— հարցրեց լուսարարը վիրավորված ձայնով։

— Ի՞նչ հարկավոր է, որդի, ես արդեն գիտեմ պատճառը. դու գնա Մալուխյանի մոտ և հարկ եղածը նրան բացատրիր։— Այս ասելով՝ սրբազանը շտապով վեր կացավ տեղից և, կարծես, այցելուի ետևից փախչելով՝ ուղղվեցավ դեպի առանձնարանը, հրամայելով Հակոյին հետևել իրեն։

Երբ վերջինս մոտեցավ, նա շշնջալով ասաց․

— Այ տղա, դուրս տար դրան այստեղից շուտով։

— Ի՞նչ կա, սրբազան, ի՞նչ իմացար,— հետաքրքրվեց Հակոն։

— Դուրս տար, ասում եմ, ապուշ, ինչ մասլահաթի ժամանակ է,— բարկացավ սրբազանը և ներս մտնելով առանձնարանը՝ դուռը ետևից փակեց։

Հակոն վերադարձավ, վերցրեց սեղանի վրա դրված ծրարը, հանձնեց լուսարարին և դահլիճի դուռը բանալով՝ հրավիրեց վերջինիս ելնել ընդունարանից։

Լուսարարը շուռ եկավ մեքենայաբար և մտամոլոր դուրս գնաց առաջնորդարանից։

— Տո հիմար, ո՞ւր ես այն խելագարին ներս բերել այստեղ,— հարցրեց սրբազանը սենեկապանին, երբ վերջինս ներս եկավ սարկավագի գալստյան պատճառն իմանալու։

— Խելագարի՞ն, մի՞թե նա խելագար է, սրբազան․․․

— Իհարկե, ինչպե՞ս է որ չես իմացել։

— Ինչպե՞ս իմանայի, սրբազան։

— Ինչպե՞ս պիտի իմանայիր, ապուշ, չէիր տեսնում որ աչքերը խառնված, մազերը գզգզված, պինչերը լայնացած․․․

Այդպես բաներ ես չեմ նկատել։

— Իհարկե, չէիր նկատիլ, քանի որ դու եկողի դեմքին չես նայում, այլ գրպանին։

— Սրբազան.․․

— Դե, լավ, մի երկարացնիլ։ Ասա տեսնեմ, դուրս անել տվիր գժին , թե՞ ոչ։

— Բոլորովին։

— Պատվիրիր որ բակի դուռը փակեն, նա կարող է վերադառնալ։ Դռնապանին զգուշացրու, որ ներս չթողնե այդպիսիներին,— հրամայեց սրբազանը և Հակոն դուրս գնաց այդ պատվերը ևս կատարելու։

Բ

Լուսարարը, սակայն, իր քայլերն ուղղեց դեպի Մալուխյանի տունը, և, չնայելով, որ գուշակում էր թե սրբազանի նամակը յուր պատիվը շոշափող հաղորդագրություն է պարունակում, այնուամենայնիվ, նա հանգիստ սրտով քաշեց բժշկի տան հնչակը, երբ հասավ նրա մուտքին։

Դուռը բացող ծառան հայտնեց, որ բժիշկը տանն է, ուստի լուսարարը գոհությամբ բարձրանալով սանդուղքներից, մտավ ծառայի ցույց տված ընդունարանը և նստեց մետաքսապատ աթոռներից մինի վրա։

Տասը րոպեից ետ՝ ներս մտավ բժիշկը։

Լուսարարը տեղից բարձրանալով ողջունեց բժշկին խոնարհությամբ և ծոցից հանելով սրբազանի նամակը, տվավ նրան։

— Այս ումի՞ց է,— հարցրեց բժիշկը։

— Առաջնորդից,— եղավ պատասխանը։

Բժիշկը բացավ ծրարը, կարդաց, ապա նամակը դնելով սեղանի վրա, մոտեցավ լուսարարին։

— Դուք հիվա՞նդ եք,— հարցրեց նա մի առանձին հոգածությամբ։

— Ոչ,- պատասխանեց լուսարարը։

— Բարի, բայց և այնպես, մի որևէ թուլություն չե՞ք զգում ։

— Ոչ մի թուլություն։

— Եվ ոչ էլ ջղային անհանգստությո՞ւն ունիք։

— Ես բոլորվին առողջ եմ, պարոն բժիշկ։

— Հըմ... հասկանում եմ. իսկ գիշերները հանգի՞ստ եք քնում ։

— Բոլորովին հանգիստ։

— Բարի. բարի...— Այս ասելով բժիշկը ավելի մոտեցավ լուսարարին և նրա երեսը դեպի լույսը դարձնելով սկսեց ուշադրությամբ աչքերը քննել, տեսնելու համար թե՝ խառնված չե՞ն նրանք, կամ բիբերից մինը մեծ և մյուսը փոքր չէ՞:

Սակայն լուսարարի աչքերը, ինչպես միշտ, պարզ էին ու փայլուն, իսկ բիբերի մեծությունը իրար հավասար։

— Հանեցեք ձեր լեզուն և ուղիղ կախեցեք դեպի վայր,— հրամայեց բժիշկը։

Լուսարարը, որ մինչև այդ խոնարհությամբ տեղի էր տալիս բժշկի քննության, այս անգամ արդեն կանգ առավ.

— Ինչի՞ համար է այդ քննությունը, պարոն բժիշկ,— հարցրեց նա։

— Իսկույն կասեմ, սիրելիս, իսկույն, հանեցեք ձեր լեզուն։

Լուսարարը հանեց լեզուն և ուղիղ ձևով կախեց դեպի վայր:

Բժիշկը տեսավ, որ հակառակ յուր սպասածին, լուսարարը չէ ծռում լեզուն ոչ աջ և ոչ ձախ կողմը, այլ պահում է ուղիղ դիրքում։

«Այստեղ մի թյուրիմացություն կա»... մտածեց ինքն իրեն բժիշկը և որոշեց մի ուրիշ փորձ անել.— Հապա, սիրելիս, փակեցեք ձեր աչքերը և սենյակի այս կողմից անցեք մյուսը՝ ուղիղ գծով։

— Բայց պ. բժիշկ, բացատրեցեք խնդրում եմ, ինչի՞ համար են այս բաները։

— Ասացի որ կբացատրեմ, դուք դեռ արեք ինչ որ ասում եմ։

Լուսարարը ժպտաց և առանց հասկանալու թե ինչի համար է ինքը այս տարօրինակ քննություններին ենթարկվում, փակեց աչքերը և ուղիղ ոչ հաստատ քայլերով գնաց ցույց տված տեղից մինչև մյուսը։

Բժիշկը տեսավ, որ նա չշեղեց ճանապարհը, կամ, ինչպես սպասում էր, չդողաց, և ոչ էլ ջղաձգական ոստյուն արավ:

«Չեմ հասկանում, այս մարդը առողջ է, ինչի՞ համար են ինձ մոտ ուղակել», հարցրեց բժիշկն ինքն իրան և որոշեց մի վերջին փորձ ևս անել.— Հապա, հանեցեք ձեր պարեգոտը, դարձավ նա լուսարարին: Վերջինս այս անգամ չընդդիմացավ։

— Այս ներքնազգեստն ևս։

Լուսարարը այն էլ հանեց։

Ապա բժիշկը մոտենալով՝ սկսավ իր բութ մատով ակոսել հիվանդի ողնաշարը։

— Այստեղ ցավո՞ւմ է,— հարցրեց նա ցույց տալով ողնաշարի վերին մասը։

— Ոչ,— եղավ սարկավագի պատասխանը։

— Իսկ այստե՞ղ։

— Ոչ էլ այդտեղ։

— Հագնվեցեք,— ասաց բժիշկը և սկսավ անցուդարձ անել սենյակում:

Երբ սարկավագը հագնվեցավ, բժիշկը ետ եկավ և նստեց յուր բազկաթոռի վրա։ Ապա հրավիրելով լուսարարին յուր մոտ, ասաց.

— Նստեցեք և պատմեցեք ինձ ձեր կյանքից մի բան:

— Ի՞մ կյանքից։

— Այո։

— Օրինակ, ի՞նչ։

— Օրինակ թե՝ ո՞րտեղ եք ծնվել. ի՞նչ ծնողներ եք ունեցել. ինչպես եք ուսում առել...

— Բայց պ. բժիշկ, ասացեք վերջապես. ինչի՞ համար են այդ քննությունները։ Չէ՞ որ ես գործով եմ եկել այստեղ և շուտ էլ պիտի վերադառնամ։

— Բարի, ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Բայց դուք պատմեցեք մի փոքր։

— Ինչի՞ համար պատմեմ։

— Հենց այնպես։

— Տեր աստված, ոչինչ չեմ հասկանում։

— Վնաս չունի, պատմեցեք։ Բժշկի խնդիրքը չեն մերժիլ։

— Շատ բարի, կպատմեմ, բայց մի պայմանով։

— Այսինքն։

— Առաջ կարդացեք ինձ սրբազանի նամակը. ես կամենում եմ իմանալ թե՝ ի՞նչ է գրել ձեզ։ — Սրբազանի նամակը... ձեր ինչին է պետք. մասնավոր գործի համար է։

— Ոչ, պ. բժիշկ, ես նրան այսօր մի առաջարկություն եմ արել, և նա կարծեց թե՝ խելագարվել եմ։ Այդ պատճառով ինձ ղրկել է այստեղ, որ դուք քննեք ինձ, այնպես չէ՞:

Բժիշկը նայեց լուսարարի վրա և ակամա ժպտաց.

— Այդ ճշմարիտ է։ Եվ եթե այդքանն արդեն դուք գուշակել եք։

— Կնշանակե խելագար չեմ, այնպես չէ՞։

— Ոչ, այդ չէի ուզում ասել... Բայց միևնույն է։ Դուք ինձ այն ասացեք, ի՞նչ առաջարկություն եք արել սրբազանին։

— Ես նրան առաջարկեցի թույլ տալ ինձ՝ վերցնել մեր եկեղեցու վերնատանը պահվող բոլոր պսակները և ջախջախել: Նա ինձ չմերժեց այդ, բայց ասաց թե՝ ձեզանից ևս պիտի իրավունք առնե։ Եվ այժմ ես եկել եմ դրա համար, իսկ դուք ինձ քննում եք իբրև խելագարի:

— Բայց դուք ինչի՞ համար եք կամենում պսակները փշրել:

— Նրա համար, որ նրանք պղծում են եկեղեցին։

— Ինչպե՞ս թե պղծում են։

— Այնպես էլի, նրանք իրենք վկայում են, որ իրանց գոյությունը այդ եկեղեցում նախատինք է տաճարի սրբության համար։

— Այսինքն դուք ինքներդ եք ասում, թե՞ պսակները։

— Իհարկե, պսակները։

— Նրանք, ուրեմն, խոսո՞ւմ են։

— Փառավորապես։

— Եվ դուք լսո՞ւմ եք նրանց։

— Այնպես պարզ, ինչպես որ այժմ լսում եմ ձեզ։

— Ինչպե՞ս եք լսում, հապա պատմեցեք,— ասաց բժիշկը, ինքն իր մեջ ուրախանալով, որ ահա վերջապես հաջողվեց իրեն մի բան պատմել տալ հիվանդին, որը եթե պատմության թելը կորցնե, կամ դեպքերի հետևությունը կխառնե իրար, կնշանակե թե, ինքը հարկ եղած ուշադրությունը կդարձնե նրա հայտնած տարօրինակ նորության վրա։

— Եթե այդ հարցը սրբազանն արած լիներ, պ. բժիշկ, այն ժամանակ, երևի, ստիպված էլ չէր լինի, ինձ, իբրև խելագարի, ուղարկել ձեզ մոտ։ Բայց չարավ։ Նրանց զբաղեցնում է միայն խնդրի արտաքինը և այդ պատճառով էլ իրանց որոշումները կապ չեն ունենում ներքինի հետ։ Ինչ որ է, ես հոժարությամբ կպատմեմ ձեզ այս դեպքը, հուսալով որ դուք իբրև բժիշկ և հոգեբան, ավելի լավ կըմբռնեք ինձ և կբացատրրեք թե ի՞նչ է նշանակում այս: Միայն թե նախ իրավունք տվեք ինձ ծանոթացնել ձեզ մի փոքր իմ անցյալի հետ։

— Խնդրեմ, խնդրեմ, ես սիրով կլսեմ ձեզ։

— Ես, պարոն բժիշկ, աղքատ ծնողների զավակ էի, ուստի հազիվ կարողացա թեմական դպրոցի ուսումն ավարտել:

Եվ որովհետև դիտավորություն ունեի քահանայանալ, այդ պատճառով պաշտոն ստանձնեցի եկեղեցում և սարկավագություն ստացա։ Բայց քահանայանալս ուշացավ, որովհետև քահանայացնողն ինձ չի սիրում։ Բացի այդ, սրբազանի առաջ հարգ վայելող պաշտպան էլ չունեմ, որ բարեխոսե իմ մասին։ Այսուամենայնիվ, ես չեմ վհատում, հուսալով, թե մի օր իմ արժանիքը, գուցե, միջնորդե իմ մասին...

Բայց այդ թողնենք։ Այժմ այն ասեմ, պ. բժիշկ, որ ես հաց աշխատելու համար չէ, որ քահանայանում եմ, այլ նրա համար, որ այդ պաշտոնը գրավում է ինձ և որ դրանով եկեղեցուն, հետևապես և ժողովրդին լավապես ծառայելու կոչումն եմ զգում իմ մեջ։ Որ այդ իմ հոգվո բնական հակումն է, ապացույց՝ որ ես առաջին ու միակ մարդն եմ, որին գրավում ու զբաղեցնում է եկեղեցին այնպես, ինչպես ուրիշներին՝ աշխարհային զվարճությունները։ Մինչդեռ իմ ընկերները հազիվ հասնում են ժամերգության և օրհնալ եղերուքր չլսած՝ թողնում են եկեղեցին, ես, ընդհակառակը, դեռ ժամերգությունը չսկսած՝ ժամ առաջ արդեն այդտեղ եմ և զբաղված գործով, այսինքն նայում եմ տաճարի կարգավորության, մաքրել եմ տալիս փոշիները, ուղղում աշտանակներն ու պատկերները, կարգի բերում եկեղեցական սպասները. պատրաստում մոմերը, դպիրների շապիկները, քահանաների փիլոնները և այլն։ Իսկ ժամասացությունիցն ետ՝ դարձյալ մի ժամաչափ մնում եմ այնտեղ, նորից ամեն բան յուր տեղը դնում և ապա թե դուրս գալիս եկեղեցուց։ Ինչ տոներին վերաբերում, այն ժամանակ հո օրվա մեծ մասը անցնում եմ տաճարում, որովհետև ավելի գործ եմ ունենում կատարելու: Իսկ լուր օրերը, հենց որ ազատ ժամանակ եմ գտնում, դարձյալ մտնում եմ եկեղեցի և նստելով այդտեղ, կարդում եմ հայսմավուրք կամ ավետարան: Միով բանիվ ինձ դրսում ոչինչ չէ գրվում, մինչդեռ եկեղեցում շատ բան եմ գտնում՝ իմ մտքին ու հոգուն կերակուր տալու համար: Ուրիշ բան եմ զգում՝ օրինակ, երբ սուրբ գիրքը կարդում եմ տանը, և բոլորովին ուրիշ բան, երբ այն կարդում եմ եկեղեցում։ Այն ժամանակ ես ինձ չեմ տեսնում երկրի վրա, այլ մի ինչ – որ բարձր ու վեհ աշխարհում, ուր մարդկայինն ու ապականելին անհետանում են իմ աչքերից: Այն ժամանակ զգում եմ, որ եկեղեցու օդն անգամ տոգորված է սրբությամբ, ես այն շնչում եմ ավելի լիքը կրծքով, մի ներքին, հոգեկան բերկրությամբ...

Ի՞նչն է այս ամենի պատճառը, չգիտեմ: Մայրս պատմում էր, թե ինձնով հղի եղած ժամանակ, վեց ամիս շարունակ անց է կացրել մեր վանքերից մինում, ուր հայրս, իբրև որմնադիր, նորոգում է եղել եկեղեցու փլած տանիքը։ Իսկ ինքը բոլոր այդ ժամանակ ծառայել է տաճարին։ Գուցե այս է պատճառը, որ ես այժմ սիրում եմ եկեղեցին...

— Անշուշտ, այդ մի ժառանգական բարեպաշտություն է,— հաստատեց բժիշկը:

— Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ. կնշանակե դեպի աստծո տունն ունեցած իմ սերը անցողական չէ։ Եվ այդ հենց երևում է նրանից, որ ես սիրում Լմ եկեղեցին թե այն ժամանակ, երբ նա հոծ ու լի է աղոթողների բազմությամբ, երբ դպիրները երգում, քահանաները կարդում կամ քարոզում են, երբ պատարագի ժամանակ քշոցները շաչում և բուրվառը խնկարկում է, երբ մարդկանց բազմությունը մի վայրկյան աշխարհը մոռանալով՝ հոգվով սլանում են դիպի վեր... և թե այն ժամանակ, երբ եկեղեցին դատարկվում է աղոթողներից և մնում ինքն յուր սրբության, յուր պատկերների և սպասների հետ:

Այսպիսի վերաբերումն ունենալով դեպի եկեղեցին, ես միշտ, պ. բժիշկ, հանգիստ սրտով եմ ներս ու դուրս արել այդտեղ։ Երբեք մի երկյուղ, կամ թաքուն զգացմունք չէ խռովել հոգիս, ինչպես այդ պատահում է շատերի հետ։ Իմ ընկերներից մինը, օրինակ, ասում էր թե՝ եկեղեցին ժողովրդից թափուր եղած ժամանակ, երկյուղ է ազդում իրան. իսկ մի ուրիշը կարծում էր, որ եթե գիշերը պատահմամբ մնա եկեղեցում, երկյուղից կարող է մեռնել։ Այդպիսի բաներ ինձ հետ չեն պատահել։ Ես հաճախ սուրբ գիրքը կարդալուց՝ հոգնել ու քնել եմ եկեղեցում, օրը անցել ու գիշերը վրա է հասել։ Եվ երբ զարթնելով տեսել եմ ինձ տաճարում, դուրս եմ եկել այդտեղից հանգիստ սրտով, առանց որևէ երկյուղ զգալու։

Բայց ահա քանի օր է ինչ մի տարօրինակ դեպք անհանգստացնում է ինձ։ Այդ առթիվ էր, որ ես սրբազանի մոտ գնացի, բայց նա չկամեցավ ինձ լսել և ուղարկեց ձեզ մոտ։ Այժմ դուք լսեցեք և ասացեք ճի՞շտ է այն կարծիքը, որ ես կազմել եմ իմ մասին թե ոչ...

— Ի՞նչ կարծիք:

— Այն թե եկեղեցու սրբության ոգին կամենում է իմ միջոցով խոսել ժողովրդի հետ և հայտնել նրան ճշմարտություններ, որոնց անծանոթ է նա մինչև այսօր։

«Ահա, եղջյուրներն երևում են»... մտածեց ինքն իրան բժիշկը և ապա լուսարարին դառնալով՝ ասաց.— Խոսեցեք, Ես այդ կասեմ, երբ մինչև վերջը կլսեմ ձեզ։

— Բարի,— հարեց սարկավագը և դիրքը աթոռի վրա ուղղելուց ետ՝ շարունակեց.— Եթե ես սիրում եմ եկեղեցին, պ. բժիշկ, բնական է, որ սիրեմ, նաև, եկեղեցական փառավոր հանդեսները, շքեղ թափորները, փայլուն հուղարկավորությունները, այնպե՞ս է թե ոչ։

— Անշուշտ։

— Էհ, պիտի իմանաք, որ ես, իսկապես, ամենից ավելի սիրում եմ վերջինը, այն է՝ հուղարկավորությունը, որովհետև նրա շարժառիթը սովորական լինելով հանդերձ, միևնույն ժամանակ և շատ խորհրդավոր է։ Հանկարծ մի մարդ, որ երեկ ապրում էր մեզ հետ, որ տեսնում էր աստծո լույսը և շնչում երկրի օդն այնպես, ինչպես մյուս բոլոր մարդիկ, որ ուներ զգացումներ՝ վշտի և ուրախության համար և տենչանքներ՝ լավագույնին տիրելու, որ եռանդով մաքառում էր հակառակորդի դեմ, կամ աննահանջ կռվում մի ափ գետին ավելի ստանալու հույսով, այսօր անսպաս թողնում է անխոս ու անտրտունջ հեռանում է աշխարհից՝ նրա գոյությունը բացասելով, հեռանում է մեզանից՝ մեր ձգտումները ծաղրելով.․․

Այս կետը մտածել է տալիս մեզ, այնպես չէ՞, և այս առթիվ երկար կարելի էր խոսել. բայց ես չեմ կամենում մտադրյալ նյութից հեռանալ...

— Հըմ... Ուրեմն սխալվում ենք.— մտածեց դարձյալ բժիշկը և ուշադրությունը լարեց։

— Այո, չեմ կամենում հեռանալ, որովհետև խնդիրը կապ ունի միայն հուղարկավորության հետ, ուստի նրա վերաբերմամբ էլ պիտի խոսեմ։

Մեզ մոտ, հո գիտե՞ք, ինչպես փառավոր են թաղում։ Այս բազմամարդ ու բազմացեղ քաղաքում միայն հայոց հուղարկավորություններն են, որոնք գրավում են առանձին ուշադրություն։ Ես շատ օտարազգիներից եմ գովեստներ լսել դրանց արտաքին փայլի ու շուքի մասին։ Զվարճախոսներից մինը, մինչև անգամ, ասում էր մի օր թե՝ «անկարելի է, որ հայոց մեռելների հարությունը հասարակ ձևով կատարվի․ երևի երկնային ոգիները նույնպիսի հանդեսներով կհարուցանեն նրանց, որպիսի հանդեսներով որ թաղված են»։ Սա, իհարկե, կատակ է։ Բայց ես պիտի խոստովանեմ, որ չափազանց շատ եմ սիրում այդ հանդեսները։ Եվ որքան այնոնք ավելի շքեղ ու փառավոր են լինում, այնքան ավելի ինձ հիացումն ու հափշտակություն են պատճառում։ Հուղարկավորության հանդեսի մեջ ամենից ավելի ինձ գրավում է այն դիակառքը, որ ծածկված է լինում պսակներով։ Օհ, այդ պսակները, հանգուցյալների այդ տխրաշուք արդուզարդերը միակ սիրածս շքեղություններն են աշխարհում... Այդ բազմերանգ ծաղկահյուսերը, իրենց մեծագին ժապավեններով, իրենց ոսկետառ և հաճախ սրտաշարժ մակագրություններով՝ ոչ միայն գեղեցկին սիրահար աչքերս են պարարում, այլ սիրտս լցնում են մի թաքուն, միայն ինձ հասկանալի երկյուղածությամբ։ Ինձ թվում է, թե դրանք պատկերացնում են ընդհատված կյանքի օղակները, որոնք իրարից տարաբաժան, անկարող են այլևս միանալ։

Դրան միևնույն ժամանակ ամփոփում են իրանց մեջ՝ հանգուցյալի կորուստը ողբացող սիրելների արտասուքը, փոխակերպելով այնոնց վարդի ու հասմիկի, հակինթի կամ շուշան ծաղկի։ Եվ իրավ, եթե արտասուքները կերպարանափոխվին՝ ի՞նչ կարող են դառնալ, եթե ոչ ծաղիկներ, ակնապարար գույներով անուշ բուրումներով...

Եվ ահա այս էր պատճառը, որ ես, առհասարակ, մեծ հաճությամբ էի ընդունում ու եկեղեցում պահում այն գեղարվեստական պսակները, որոնք հայտնի ննջեցյալների վրա դրած լինելու պատճառով՝ վերջինների տերերը բերում և հանձնում էին եկեղեցուն, խնդրելով՝ կախել այնոնք վերնատանը, իբրև հիշատակ թանկագին հանգուցյալի։

Եվ այդ պսակները եկեղեցում զետեղելով ես հոգում էի նրանց մասին մի առանձին քնքշությամբ, աշխատելով, որ դրանք երբեք չփոշոտին, կամ կոպտությամբ շոշափվելով՝ ծաղիկներից չզրկվին։

Դուք գուցե հարցնեք, թե ինչո՞ւ այդ աստիճան հոգածությամբ էի վերաբերվում նրանց.— պատճառն այն էր, որ ինձ թվում էր թե՝ այդ պսակները եթե շունչ չունին, գեթ, զգացմունք ունին և կարող են վշտանալ եթե փոշու շերտերը նրանց փայլուն տեսքը ծածկեն կամ կոպիտ ձեռքեր իրանց գեղեցկությունն ավրեն։ Այդ զգացմունքն, իհարկե ապրում էր ոչ թե նրանց՝ այլ իմ մեջ։ Որովհետև ես ընդունում էի (և իրոք էլ այդպես է), թե այդ պսակների մեջ միաժամանակ մարմնանում ու միավորվում են երկու հարգելի և կարի թանկագին կատարելություններ — մինը՝ առաքինության կամ հանճարի արժանիքը, մյուսն՝ այդ արժանաց կորստի համար զգացված վիշտը: Ամենքը գիտեն, որ քանի դեռ առաքինին կամ հանճարը շրջում են կենդանիների մեջ, նրանց արժանիքը, մեծ մասամբ, մնում է անհայտ, երբեմն իրանց համեստության, իսկ հաճախ՝ նախանձոտների չկամության պատճառով։ Բայց նրանց մեռնելուց ետ, երբ կրքերը լռում են (որովհետև հանգչողի հետ բաժանելու այլևս ոչինչ չեն ունենում), այն ժամանակ, ահա, երևան են գալիս մեռնողի արժանիքը մեծագրող մարդիկ և արտահայտում են իրենց վիշտը հրապարակով:

Ահա այդ գնահատված արժանիքը և նրա կորստյան համար արտահայտվող վշտերն են, որոնք միանալով՝ կազմում են մի մարմին և դառնում պսակ: Ինչպես որ դուր չեք կարող առանց խղճահարության պատառել կամ ոտնահարել հանճարեղ նկարչի մի գեղեցիկ ստեղծագործությունը, որքան էլ նա անշունչ մի առարկա լինի, և եթե անեք՝ կզգաք, որ հանճարի արդյունքը բողոքում է ձեր բարբարոսության դեմ, այնպես էլ ես չէի կարող ակնածությամբ չվերաբերվել այն ծաղկահյուս պսակներին, որոնք, ինչպես ասացի, մարմնացնում էին իրանց մեջ մեռնողի արժանիքը և մնացողի վշտերը:

Հաճախ ես միայնակ այդ պսակների առաջ կանգնած՝ խոսում էի նրանց հետ։ Դուք, իհարկե, զարմանում եք, թե ի՞նչ կարող էի խոսել անշունչ առարկաների հետ։ Իրավունք ունիք։ Բայց, ասացեք խնդրեմ, դուք չե՞ք գտնվել երբեք այնպիսի դրության մեջ, որ ցանկանալով ցանկանայիք հասու լինել ձեր հետաքրքրությունից խուսափող մի որևէ ճշմարտության։ Եվ տեսնելով, որ այդ նպատակին չեք կարող հասնիլ եթե դիմեք մարդկանց օգնության (որոնք միայն ստել գիտեն և կեղծել), սրտանց փափագել եք, որ լեզու ստանային այն անշունչ առարկաները, որոնք ինչ֊ինչ պատճառով առնչություն են ունեցել որոնածդ ճշմարտության հետ և այնոնք ցույց տային ձեզ նրա թաքստյան տեղը։

Օ՜, ես շատ անգամ եմ այդպիսի դրությունների մեջ գտնվել... Չնայելով տարիքիս, որ մեծ չէ, այսուամենայնիվ ես աշխարհում ապրել եմ բավական երկար։ Եվ մինչև անգամ վշտեր եմ կրել, որոնց պատմությունը, իհարկե, մեր զրույցին չի վերաբերում: Այսքանը միայն կասեմ, որ ինձ համար, առհասարակ, սովորական բան է եղել դիմել անշունչ առարկաներին, երբ ցանկացածս ճշմարտությունը իզուր եմ որոնել մարդ արարածի մոտ։

Այսպես, ահա, երբ եկեղեցում մի բան կարգավորելու ժամանակ անցնում էի ես հիշյալ պսակների մոտով և տեսնում նրանց գեղապաճույճ տեսքն ու հարուստ ժապավենների ոսկեգիր մակագրությունները, գլխումս հանկարծ ծագում էին հարցեր, որոնց լուծումը կամենում էի ստանալ իսկույն։ Ուստի և կանգ առնելով՝ խոսում էի պսակների հետ։

Բայց ի՞նչ էի խոսում.— ահա, մի սիրուն պսակ, որ շինված է մրտենու կանաչ ոստերից և զարդարված հասմիկի, ու նարնջածաղկի փնջերով։ Նրա լայնադրոշ ժապավենի վրա գրված է այսպիսի մի մակագրություն՝ Անկեղծ ու ազնիվ բարեկամին՝ վշտահար Ա. Ե.-ից:

Ես կարդում եմ այդ մակագրությունը և ինքս ինձ մտածում.— այստեղ գրված են միայն չորս բառեր։ Բայց որքան զգացմունքներ են պարունակում նրանք։ Եթե մինը լիներ և մեզ այդ մտքերը բացատրեր, կամ այդ զգացմունքների պատմությունը աներ, դրանով նա որքան խրատական, կամ որպիսի գորովաշարժ պատկերներ կբանար մեր առաջ... Այսպես մտածելով՝ ես դառնում էի պսակին։

— Ասա, ով անշունչ իր. դու, որ առաջին անգամ գրկեցիր քո տիրոջ դիակն, արդյոք ճանաչեցի՞ր նրան, իմացա՞ր որ աշխարհում նա եղել է մարդկանց անկեղծ ու ազնիվ բարեկակամը: Արդյոք ոգիները չպատմեցի՞ն քեզ նրա անցյալը, կամ չշշնջացի՞ն ականջիդ թե՝ ի՞նչ մեծ պատվի արժանացար. որովհետև քո ծաղիկները չէին, որոնք զարդարեցին հանգուցյալին, այլ նա ինքն էր, որ շուք տվավ քո գոյությանը։ Զի դու հյուսած ես այն նյութերից, որոնց բնությունն առատորեն սփռում է ամեն տեղ և զորս ամեն ձեռք կարող է ժողովել ու փնջել, մինչդեռ անկեղծ ու ազնիվ բարեկամներ, որոնք աշխարհից հեռանալով՝ վշտահար թողնեին սրտերը, չկան, ամեն տեղ նրանք հազվագյուտ են խիստ։ Եթե չես իմացել այդ բոլորը, գեթ այժմ գիտցիր այն, որ այդպիսի անձի դագաղը գրկելուդ համար է, որ արժանացել ես դու սրբարանում կախվելու։

Այս եղանակով էլ դառնում էի մի ուրիշին, որ հյուսած էր սպիտակ վարդերից և եզերված ձյունափայլ շուշաններով և որ յուր կերպասե ժապավենի վրա ուներ այսպիսի մակագրություն.

«Անկաշառ հրապարակախոսին,
ճշմարտության դրոշի տակ
Ազնվաբար մարտնչողին»:

Այսպիսի մակագրությունն ինձ արդեն հիացնում էր. ես կարդում էի այն մի քանի անգամ և ոգևորված բացականչում.— «Դեհ, խոսիր, ով պսակ, պատմիր կյանքն այն մեծ մարդու, որին չհրապուրեցին աշխարհի գանձերը, որ ճշմարտության դրոշակը ձեռքին կռվեց տկարի իրավունքի համար, զրկվածին պաշտպանեց... հալածվածին պատսպարեց... Ասա, ճանաչեցի՞ր դու նրան. հպարտացա՞ր արդյոք, երբ հանգչեցրին ճշմարտության զինվորի սուրբ նշխարների վրա. կամ ինչպե՞ս պատահեց որ լեզու չստացար և օրհներգ չերգեցիր նրա հանգստյան համար...»։

Այսպես, պարոն բժիշկ, ես խոսում էի մերթ այս և մերթ այն պսակի հետ, նայելով թե նրանցից ո՞րն էր ավելի շատ իմ ուշադրությունը գրավում յուր արտաքին տեսքով, կամ մակագրության խորիմաստությամբ։

Բայց ահա թե այդ առթիվ ի՞նչ պատահեց ինձ մի քանի օր առաջ։ Հենց նոր առավոտյան ժամերգությունը ավարտել և քահանաները դուրս էին գնացել, որ ես մոտեցա իմ սիրելի պսակներին, որոնց մի շաբաթ էր ինչ չէի նայել և սկսա փուքսով նրանց փոշին մաքրել։ Ապա ժապավենները մի-մի թափ տալով ու կարգավորելով՝ նորեն մի քանիսի մակագրությունները կարդացի, նորեն գլխումս մի քանի հարցեր ծագեցին, մի քանի նոր մտքեր պտտվեցին և ես նրանցից ամեն մինին մի որոշ լուծումն տալով՝ ընդնմին և պսակների հետ խոսակցելով՝ գործս ավարտեցի և եկեղեցու դասը վերադարձա։

Այստեղ նստելով ավագերեցի աթոռակի վրա, ցանկացա մի փոքր հանգստանալ: Շատ ժամանակ անցավ թե քիչ, չեմ հիշում, մեկ էլ հանկարծ լսեցի, որ մի քանի մարդիկ միաձայն ետևիցս բացականչեցին.

— Խեղճ մարդ, մի՞թե հավատում ես։

Վեր եմ թռչում իսկույն և ետ նայում իմանալու համար, թե ովքե՞ր են խոսողները։ Տեսնում եմ ոչ ոք չկա, եկեղեցին դատարկ է այնպես, ինչպես որ առաջ։ Այսուամենայնիվ, ես չեմ հավատում աչքերիս և սկսում եմ նայել սյուների ետևը, կարծելով թե այդտեղ մարդիկ են պահված։ Ապա խոնարհելով նայում եմ առաջնորդական բազմոցի տակը։

— Ումն ես որոնում, մենք այստեղ ենք,— գոչում են նույն ձայները։

Ես նորից վեր եմ թռչում և եկեղեցու մեջ արձանացած նայում այս ու այն կողմը։ Նայում եմ երկար, ոչ ոք չէ երևում։ Այդ մարդիկը երևի խորանում են, մտածում եմ ինքս ինձ և երկյուղագին մտնում նախ՝ մեկ և ապա մյուս խորանը, և սակայն ոչ մեկի մեջ ոչ ոքի չեմ պատահում։

— Մենք այստեղ ենք, ո՞վ բարի մարդ.— նորեն հնչում են ձայները, բայց այս անգամ ավելի տխուր, մելամաղձոտ եղանակով։

— Բայց ովքե՞ր եք դուք վերջապես,— գոչում եմ ես բարձրաձայն և եկեղեցու կամարները արձագանք են տալիս իմ հարցին։ Այդ արձագանքն արդեն սարսուռ է ազդում վրաս։

Պատասխան չառնելով՝ ես պատրաստվում եմ փախչել։ Բայց հանկարծ, ո՜վ հրաշք. տեսնում եմ առաջիս կանգնած է մի շարժուն ցանկապատ, որ ամբողջապես կազմված է այն բոլոր պսակներից, որոնք գտնվում էին եկեղեցվո վերնատանը և որոնց փոշիները սրբել էի ես մի ժամ առաջ։

— Այդ մենք ենք խոսում, բարի լուսարար. մի՞թե մեր ձայնը անծանոթ է քեզ,— ասում են պսակները միաբերան և ժապավենները շարժելով՝ ծածանում օդի մեջ։

Ես երկյուղից բռնված՝ նորից ետ եմ փախչում և որոնում մի անկյուն՝ ուր կարողանայի պահվել։

— Պահվելու փոխարեն, բարեկամ, առաջ անցիր դու, բաց արա եկեղեցու դռները և մեզ բոլորիս դուրս շպրտիր այստեղից. զի արժանի չենք մենք այս սրբարանում կախվելու,— ասում են նրանք այնպիսի մի դառն ու վշտահար ձայնով, որ ես համարձակություն եմ առնում նրանց վրա նայելու։

Եվ ահա այդ ժամանակ, պսակներից մինը, որ աչքի էր ընկնում յուր փառահեղ մեծությամբ, ծաղիկների առատությամբ և հարուստ ժապավեններով, և որի վրա, առհասարակ, ես հիացմունքով էի նայել միշտ, զատվելով մյուսներից, մոտեցավ ինձ և ասաց.

— Իզուր ես դու այդքան հոգ տանում մեր մասին, բարեկամ, դրանով դու արդեն մեղսակից ես դառնում նրանց, որոնք մեզ դրին ի ցույց ժողովրդյան՝ կախելով դիակառքերից, կամ ավանդ տալով այս եկեղեցուն։ Մենք ոչ այլ ինչ ենք, եթե ոչ կեղծիք և ստություն, մեր գոյությունը՝ հերքումն է ճշմարտության: Մի՞թե այս անհայտ է քեզ։ Ես լուռ ու զարմանքից սառած՝ հառում եմ աչքերս խոսող պսակին։

— Նայիր դու, ահա, այս մրտենու ճյուղին, շարունակում է նա նույն եղանակով,— ինչպես փայլուն, ինչպես դալար ու ճապուկ է երևում։ Անշուշտ քեզ թվում է թե Նա կյանք ունի յուր մեջ, թե նրան ոռոգել են առվի ալիքները, թե նրան օրորել են գարնան հովերը: Բայց ոչ. նա շինված է ժանգոտ երկաթից, որից կռում են թե ստրուկի շղթան և թե դահճի տապարը... Նայիր, հապա, այս վարդերին, այս շուշաններին, որքան են սիրուն, քնքուշ, կենսալիր... Թվում է թե հենց նոր փնջեց նրանց պարտիզում մանկամարդ մի կույս, թե հենց նոր ցողը վերացավ նրանցից, թե նրանք բուրում են անուշից բուրումն... Բայց մեկ մոտեցիր ձեռքով շոշափիր: Օ՜հ, ի՜նչ անարգանք... նրանք շինված են թիթեղի կտորներից, կավից, ճենապակուց, նույն այն նյութերից, որոնցից շինում են և լվացարաններ, և անմաքրության անոթներ... Այսպիսով, ուրեմն մենք ներկայացնում ենք՝ աստուծո ձեռքով բնության մեջ դրած ամենաքնքուշ ճշմարտության խարդախանքն ու կեղծիքը, վա՜յ մեզ, վա յ մեզ...

Այս բացականչության վրա բոլոր պսակները հառաչեցին, իսկ նրանցից մի քանիսը սկսան զոլել «հանիր մեզ այստեղից»:

Իմ զարմանքն ու ապշությունը հետզհետե աճում էին: Բայց ես ինձ չէի կորցնում, և երկյուղն իմ մեջ սկսել էր արդեն տեղի տալ հետաքրքրության։

Եվ ահա խոսող պսակն սկսավ հուշիկ դեպի վեր բարձրանալ և շքեղ ժապավենը օդի մեջ ծածանելով շարունակեց.

— Մենք ոչ միայն կեղծիք ենք և ստություն, այլև պաշտոն ունինք մարդիկ մոլորեցնելու, մտքեր խարդախելու, զգացմունքներ գողանալու։ Ապացույց, ահա, այս մակագրությունը, որ ոսկյա տառերով դրոշմված է իմ մետաքսյա ժապավենի ծայրին։ Կարդա, եթե հաճելի է քեզ. «Յուր արժանավոր որդուն մեծագրող ժողովուրդը»: Այսպես է գրված այստեղ։ Եվ այս հինգ բառերի մեջ կա հինգ հազար սուտ։ Հանգուցյալը, որին ժողովուրդը «յուր արժանավոր որդի» է անվանում, էր, իսկապես, նրա անարժան ծնունդը։ Տղայության ժամանակ, իրավ է, նա ապրեց այս ժողովրդի մեջ, բայց չսիրեց նրան, չխոսեք նրա լեզուն, չհարգեց նրա կրոնը։ Երբ ուսումն ավարտեց և աշխարհ մտավ, նա ամենից առաջ վազեց յուր շահի և փառքի ետևիք։ Եվ բախտը հաջողեց։ Նա դարձավ անվանի. մեծ գործեր կատարեց, մեծ պատիվներ ստացավ, բայց այդ մեծ գործերը չէին վերաբերում հայրենի երկրին, ստացած պատիվներից մաս չուներ «յուր» ժողովուրդը։ Նա ապրեց առանց հայրենիք ճանաչելու, առանց յուր ժողովրդի ցավերն իմանալու, առանց նրա վշտին գեթ հեռվից կարեկցելու, կամ մատի ծայրով նրա բեռը շարժելու։ Բայց, ահա, երբ մեռավ, հուշարարներն հիշեցրին և ժողովուրդը գոչեց.— «Դա իմ որդին է, ես մեծագրում եմ դրա արժանիքը»:

Բայց նա սուտ էր ասում։ Ժողովրդի մարդիկը գիտեին, որ հանգուցյալը յուր անունով, հռչակով ու փառքով իրանց չէր պատկանում, որովհետև նրա սիրտը երբեք չէ բաբախել իրանց համար։ Սակայն սնոտի փառասիրությունը՝ հավաքական կեղծավորության հետ միանալով՝ հանգուցյալին շինեց յուր արժանավոր որդի, շքեղ պսակներով նրա դագաղը զարդարեց, և կենդանության ժամանակ հոգվով ու սրտով օտարացածին մեռնելուց հետո հռչակեց հարազատ, ամփոփեց նրան յուր եկեղեցվո բակում, և ինձ, նրա ստախոս պսակին, տեղ հատկացրեց այս սուրբ տաճարում... վայ ինձ, վայ ինձ...

Վերջին բացականչության՝ դարձյալ միացան բողոքող հառաչանքներ։ Ապա խոսող պսակին հաջորդեց մի ուրիշը, որը նույն կերպով օդի մեջ կախվելով՝ շարժեց մետաքսյա ժապավենը և ասաց.

— Իսկ այստեղ ինձ վրա տես ի՞նչ են գրել: «Առաքինի բարերարին՝ երախտագետ հասարակությունը» — օհ, եթե իմանայիր, թե ո՞վ էր այն մարդը, որին տվել են ոչ միայն բարերար այլ առաքինի անուն: Սա մի թշվառ էակ էր մարդկային հոգով կատարելություններից զուրկ: Աշխարահային հաջողությունները բերել էին նրան մեծ հարստություն, իսկ դրա փոխարեն՝ զրկել նրան խղճից, ամոթից և կարեկցության զգացումից: Աղքատին տեսնելուց՝ նա փակում էր աչքերը, ընկածին պատահելուց՝ կոխում էր ու անցնում: Արհամարհում էր եղբորը՝ եթե անկարող էր տեսնում նրան և ատում հարազատին, եթե սա իրանից օգնություն էր հայցում։

Յուր կենդանության ժամանակ նա չբախտավորացրեց ոչ ոքին և ոչ էլ գործեց մի բարիք, որի արդյունքը տեսներ յուր աչքով։ Դրա փոխարեն նա շատ մարդկանց զրկեց և շատերի աչքից արցունք հոսեցրեց։ Այս ամենի հետ միասին նա անբարոյական մարդ էր, շնացող և ազգապիղծ։ Եվ այդ ճանապարհի համար շռայլում էր առատորեն։ Ժողովրդի անեծքը նա լսում էր անտարբերությամբ և նրա անզորությունը ծաղրում աներկյուղ։ Բայց երբ մեռավ այս հրեշը, ժառանգները եկեղեցուն տվին մի թշվառ բաժին և դրանով գնեցին ահա այս բառերը, որոնք դրոշմված են իմ ժապավենի վրա։ Այս բավական չէր, նրան թաղել տվին տաճարի բակում. որպեսզի եկող սերունդը խաբեն և նրա բերանով, գոնե, օրհնել տան անցյալ սերունդից անիծված մարդուն։ Օ՜, ամոթ և նախատինք...

— Ամո՜թ և նախատի՜նք...— կրկնեցին միաբերան մյուս պսակները և ճանապարհ տվին իրենցից մինին, որ շարժուն ցանկապատից ելնելով բարձրանում էր դեպի շատ վեր։

Բայց, աստված իմ, սա այն պսակն էր, որը ես այնքան սիրում էի, և որ պատկանում էր ամենից նշանավոր մարդուն, մի՞թե սա էլ պիտի չարախոսե յուր տիրոջ մասին, մտածեցի ես։ Բայց ահա թե նա ի՞նչ ասաց.

— Դու բերան գիտես իմ մակագրությունը, ո՛վ բարեկամ, և նրա վերաբերմամբ տվել ես ինձ հարցեր, որոնց ես սակայն դեռ չեմ պատասխանել։ Այժմ լսիր ինձ։ Հանգուցյալը, որի դագաղն ինձմով զարդարեցին, անուն ստացավ աշխարհում բախտի անարդար բերմունքով։ Նրան անվանեցին «Անկաշառ հրապարակախոս, ճշմարտության դրոշակիր ազատամիտ մարտնչող և այլն և այլն». և այդպիսի խոսքեր էլ դրոշմեցին, ահա, իմ ժապավենի վրա, որպեսզի ընթերցողերն հավատան թե իրանց մեջ, արդարև, ապրել է այսպիսի մարդ... Բայց ավաղ բարեկամների հյուսած այդ ներբողականը ոչ այլ ինչ էր եթե ոչ խաբկանք ու ստություն։ Այդ մարդն, իրավ, հրապարակախոս էր, բայց կաշառակեր, ձեռքին ուներ մի դրոշ, որ ճշմարտության չէր պատկանում, մարտնչում էր, այո, բայց ոչ ազնվաբար: Դու երևի զարմանում ես թե ով կարող է հրապարակախոսին կաշառել: Բայց խելամտիր թե՝ ի՞նչ բան է կաշառքը։ Դա մի անարգ վարձատրություն է, զոր մարդիկ ստանսղով՝ ծածկում են ճշմարտությունը և խղճի ձայնը լռեցնում: Դրա հետևանքը լինում է այն, որ արդարը խաչվում է, իսկ հանցավորն ազատվում. առաքինին անարգվում է, իսկ մոլին փառաբանվում։ Արդ նման վարձատրությունը կարող է լինել և բարոյական։ Հրապարակախոսն, իհարկե, կառաշվրւմ էր բարոյապես: Ամեն բանից ավելի յուր եսը սիրելով (ինչպես բոլոր այն մարդիկ որոնց բնությունը ստեղծել է փքացող և անհանճար), նա, բնականաբար էր և փառամոլ։ Հետևապես, ով որ շոյում էր նրա եսը, ով որ ասում էր թե՝ «Դու ես Մեսիան, թե քո քարոզն է ճշմարիտ, քո ուղղությունն է փրկարար, քո խելքն է կատարյալ»... լիներ այդ ասողը մի սինքքոր շողոքորթ թե՞ մի խորամանկ սրիկա այդ միևնույն է, հրապարակախոսը նրան հռչակում էր ազնիվ մարդ, ճշմարտության զինվոր, ուղղամիտ դատավոր և այլն և այլն։ Դրա հակառակ. եթե մինը համարձակվեր նրա եսը շոշափել՝ հայտնելով մի Հասարակ ճշմարտություն, ասեր, օրինակ թե՝ «Դու մեծ մարդ չես, այլ միայն փքացող, որ մեծի կապիկն է. թե քո սրմանիքր ոչ թե էական, այլ երևութական է. ասեր թե դու, ազատամիտ չես, որովհետև բռնանում ես քո հակառակորդի խղճի և կամքի վրա և քեզ հետևողների ուղեղը պատրաստ մտքերով նախապաշարելու՝ արգելում ես նրանց՝ ազատորեն մտածել, ասեր թե՝ դու արժանի չես ուրիշներին առաջնորդելու, որովհետև խոսքով սրբություն ես քարոզում, իսկ գործով՝ պղծությունը քաջալերում, այն ժամանակ, օ՜, ականջներդ պիտի խցեիր որպեսզի հրապարակախոսի հայհոյանքը ուղեղդ չթմրեցներ։ Այս պատճառով էլ, ահա, ժողովրդի մեջ ապրող բոլոր խեղկատակները, շողոքորթները, զրպարտիչները հռչակվում էին իբրև կատարելություններ, մինչդեռ արժանավոր ու առաքինի մարդիկ մատնվում անարգանքի, իսկ հանճարները՝ մնում անհայտության մեջ... Այս առթիվ եղած տրտունջն ու բողոքը չէր լսվում դրսում, որովհետև հրապարակախոսը հրատարակում էր միայն բարեկամների գրվածքները, որոնք, մեծ մասամբ, փառաբանում էին իրան: Այսպիսով էլ, ահա, նրա արժանիքը գնահատվեց մեծագնի. իսկ ճշմարտությունը, որ կարող էր մարդկանց մտքերը լուսավորել, մնաց կալանավոր... Դու ամեն օր լսում էիր թև ինչպես այդ հրապարակախոսը բողոքում ու լուտանգ էր թափում այն մարդկանց հասցեին, որոնք նյութական շահու համար հարստահարում էին իրենց տկար ընկերներին, որոնք պարտք խնդրող աղքատից, հարյուրին քսան տոկոս էին առնում: «Հարստահարիչներ, կեղեքիչներ, ավազակներ»... գոռում էր նա զայրագին և արարած աշխարհին հայտնում, թե մեծ ոճիր է կատարվել, որ Մաթուս աղայի օրերից սկսած մինչև այսօր պարտքով ապրող Հաբեթոսը 100 արծաթին 20 տոկոս է վճարել։ Ի՜նչ հարված, ի՜նչ թշվառություն։ Ինչո՞ւ բանաստեղծները ողբերգություն չեն գրում Հաբեթոսի համար. իսկ երկրի վարիչները ինչո՞ւ չեն կախում 20 տոկոս ստացող Մաղքոս աղային... Այս աղմկարար բացականչությունները, ով լուսարար, դու լսում էիր ամեն օր, բայց չէիր լսում թե՝ ի՞նչ էր մրմնջում կալանավոր ճշմարտությունը.— «Կեղծավորներ, փարիսեցիներ,— ասում էր նա.— դուք որ այդպես լավ ճանաչում եք հանցավորներին, ինչո՜ւ ապա մինչև այսօր հրապարակ չեք հանում միտք հարստահարողներին, խիղճ կեղեքողներին, սիրտ ու հոգի առևանգողներին։ Ինչո՞ւ չեք հայտնում աշխարհին թե՝ այդ մարդիկը հենց դուք, աղմկարարներդ եք, որ հանդուգն ու համարձակ ճեմում եք հրապարակում, խոսում բարձրագոչ, շաղակրատում անընդհատ, որ ներկայացնում եք ձեզ՝ իբր բարոյականության վարդապետներ, լուսավորության ջահեր, պրոմեթեան կրակի մատակարարներ... Եվ ժողովուրդը լսում է ձեզ և հասարակությունը հրճվում՝ որ յուր միտքը, կարծիքը և ցանկությունները կառավարում են ձեզ նման անշահասեր և հավետ անձնվեր առաքյալներ... ինչո՞ւ չեք հայտնում, թե դուք խաբում եք նրան. թե այն ամենը, ինչ որ գրում ու խոսում եք, ստություն է և կեղծիք, թե բարվո ու առաքինության մասին ձեր հերյուրած ճառերը լոկ ուռկաններ են, արվեստակյալ այնպես նուրբ, ինչպես սարդի ոստայնը, որի մեջ խճճվում են գաղափարի սիրահար ճանճերը... ինչո՞ւ չեք ասում թե՝ այն դրոշակը, որի վրա փայլուն տառերով դրված են ազնվություն, անկեղծություն, գերագույն գաղափարներ և այլն, հաստատված է, ոչ թե ձեր սրտի ու հոգվո, այլ ստամոքսի վրա և որ դուք հրապարակով «քամում եք մժղուկները» միայն նրա համար, որպեսզի գաղտուկ «ուղտերը կլանեք» և ազատ մնաք հասարակաց դատաստանից... Եվ սակայն, ավա՜ղ, ճշմարտության այս ձայնը միայն ես եմ լսում. որովհետև նա կապված է խավարի ու անհայտության մեջ։ Ես տեսնում եմ նրան ամեն օր և սրտագին վշտանում։ Իսկ երբ դու, ով լուսարար, գալիս ու սրբում էիր մեր ծաղիկների փոշին, կամ իմ ժապավենի մակագրությունը կարդալով հիանում, ես ամոթից կարմրում էի և աստծուն աղաչում,որ լեզու տա ինձ քեզ հետ խոսելու և ճշմարտության խելամուտ անելու... Օ՜, եթե գիտենայիր թե՝ ինչպես ծանր է տեսնել անմեղ մարդկանց խաբվելը... Այժմ, ահա, լսեցիր ինձ, նաև, իմ ընկերներին, օ՜ն, ուրեմն հանիր մեզ այս տաճարից և ցրվիր փողոցում. թող մարդիկ մեզ կոխոտեն, թող եկեղեցին, որ վեհավայր է սրղության և ճշմարտության, չպղծվի մեզմով, որ մարմնացումն ենք ստության...։

Այս ամենը, պարոն բժիշկը, ես լսում էի և տեսնում:Ես հավատում էի, որ սա մի երևույթ, մի գերբնական տեսիլ էր և թեպետ սկզբում հետաքրքրվում էի դրանով, բայց հետո իմ հետաքրքրությունը փոխվեցավ երկյուղի։ Ես զգում էի, որ կուրծքս հետզհետե ճնշվում, շունչս սպառվում է, որ մարմինս արդեն պատել է սառը քրտինք... Ես փորձ փորձեցի ճեղքել պսակների ցանկապատը և փախչել եկեղեցուց։ Այդ հաջողեց ինձ մասամբ. ես մոտեցա դռանը: Բայց հենց այդտեղ ցանկապատը նորեն ստվարացավ և պսակներից մինը տխուր ձայնով բողոքեց.

— Ինչո՞ւ, ով լուսարար, չես լսում, նաև ինձ։ Չէ՞ որ դու էիր,որ հարցնում էիր թե՝ գիտե՞մ արդյոք ի՞նչ կնշանակե՝ լինել «ազնիվ ու անկեղծ բարեկամ», որ աշխարհից հեռանանալով՝ «վշտահար» է թողնում սրտերը։ Այդ խոսքերը դու կարդացիր իմ ժապավենի վրա. այժմ թող որ հայտնեմ թե՝ ո՞վ էր այդ ազնիվ ու անկեղծ հանգուցյալը։— Դա մի զարգացած և հարուստ մարդ էր, որին սիրում էին շատերը, որովհետև նա գիտեր հաճելի լինելու արհեստը։ Բայց այդ շատերից մինը, Ա. Ե. նրան ոչ թե սիրում, այլ պաշտում էր, որովհետև հանգուցյալը, աոանց որևէ ակնկալության՝ օգնության հասավ իրան վտանգի ժամանակ, Ա. Ե. զգացվեց խորապես, որովհետև հավատաց թե հանգուցյալն այդ արավ բարձր մարդասիրության զգացմունքից դրդված, ուստի և դեպի նրան սկսավ տածել անսահման սեր։ Սակայն ճշմարտությունն այս էր։ Ա. Ե. ուներ մի կին, որ գեղեցիկ էր և առաքինի: Հանգուցյալը վաղուց գրավված էր նրանով, բայց մոտենալ չէր համարձակվում։ Երբ Ա.Ե. ընկավ վտանգի մեջ,հանգուցյալն ուրախացավ և շտապեց օգնել նրան, որպեսզի դրանով Ա. Ե.-ի տանը մոտենա։ Թակարդը հաջողեց: Հանգուցյալը մտերմացավ Ա. Ե.֊ի ընտանյաց հետ։ Եվ որովհետև աշխարհում առաքինի են մնում միայն այն կանայք, որոնց չէ պատահում գայթակղեցնողը, ուստի գեղեցկուհին հեշտությամբ հրապուրվեց... Ա. Ե.-ն այդ չիմացավ: Եվ երբ բարերարը մեռավ, նա գնեց ինձ թանկ գնով և «վշտահար» սրտով դրավ նրա դագաղի վրա, յուր կնոջ սիրահարին անվանելով «ազնիվ և անկեղծ բարեկամ»:

Արդեն ձեռքս դրել էի դռան վրա և կամենում էի բանալ, երբ մի շքեղ պսակ կախվելով փեղկերից, բացականչեց.

— Իսկ ինձ, բարեկամ, մի՞թե չես լսում, չէ՞ որ բոլոր պսակներից քնքուշն եմ ու գեղանին. չէ՞ որ իմ ծաղիկները, շինված են բյուրեղից և ժապավենս՝ սպիտակ թավշից։ Դու գգվել ես ինձ ամենից ավելի և երանել ես նորան. ով արժանացել է ինձ յուր վրա տեսնելու: Դեհ այժմ լսիր թե ինչ պիտի ասեմ ։

Ես կանգ առի։

— Ինձ վրա դրոշմված է գողտրիկ մակագիր,— շարունակեց պսակը.— Անզուգական ամուսնուն՝ անմխիթար կողակցից, այս է բոլորը. չորս սիրուն բառեր, որոնք վարագուրում են չորս տասնյակ կեղծիք։ Հանգուցյալն, արդարև, բարի ամուսին էր, իսկ և իսկ անզուգական. սիրում էր կնոջը քնքշությամբ և յուր երջանկությունը գտնում միայն նրա մեջ։ Կինը նույնպես կաթոգին էր դեպի նա։ Բայց հետո փոխվեցավ։ Մի երիտասարդ գրավեց նրան ավելի... Ամուսինն այդ իմացավ, տխրեց, հիվանդացավ և մեռավ։ Ցավեցին մարդիկ, ցավեց և կինը։ Նա ամուսնու սիրույն նվերներ բաժանեց— և իմ թանկագին ժապավենի բերանով հռչակվեց «Անմխիթար»: Թաղումը վերջացավ։ Բայց հենց այն վայրկյանին, որ կախում էին ինձ այս եկեղեցու վերնատանը, այրին յուր առանձնարանում գրկած էր սիրահարին և «մխիթարվում էր» նրա համբույրներով...։

Ես ոչինչ այլևս չկարողացա լսել. բացի շտապով եկեղեցու դուռը և դուրս փախա այդտեղից։

Լուսարարը լռեց և աչքերը բժշկին հառած սպասում էր թե ի՞նչ պիտի ասե նա։

Բայց վերջինս, որ շատ էր հետաքրքրվել այս տարօրինակ պատմությամբ, դեռ սպասում էր շարունակության, ուստի հարցրեց.

— Հետո ի՞նչ պատահեց։

— Հետո ես լսեցի թե ինչպես պսակները ողբում էին ու բողոքում, որ պիտի մնան եկեղեցում։

— Վե՞րջը։

— Վերջը այն եղավ, որ ես շտապեցի տուն։ Տեսիլը, իրավ է, չքացել էր աչքիցս, բայց ես ամբողջ օր նրա վրա մտածեցի, թեպետ ոչ ոքի ոչինչ չհայտնեցի։ Հետևյալ առավոտ երբ ներս մտա եկեղեցի, պսակները չերևացին։ Բայց հենց որ մոտեցա լույս առնելու կանթեղից՝ որպեսզի մոմերը վառեմ, դարձյալ լսեցի բողոքող ձայներ, որոնք հարցնում էին.

— Ծառա աստուծո, ինչո՞ւ չես հանում մեզ այստեղից և փողոցում ջախջախում, ինչո՞ւ ես թողնում, որ աստուծո տունը պղծվի...։

Ես, իհարկե, գործս թողեցի կիսատ և դուրս փախա։ Իմ պաշտոնը կատարեց ժամահարը։

Իսկ այսօր առավոտ, երբ նույն ձայները կրկնվեցան, ես փակեցի եկեղեցին և գնացի ուղղակի առաջնորդի մոտ: Այնուհետև պատմությունը արդեն հայտնի է ձեզ։

Բժիշկը մի փոքր մտածելուց ետ հայտնեց՝ որ լուսարարը երկար Ժամանակ այդ մտքերով ապրելով, կամ նրանցով հափշտակվելով՝ ենթարկվել է վերջապես զգայարանաց պատրանքի, այն է հալյուսինասիոնի, ուստի և խորհուրդ տվավ նրան՝ փոխել կյանքի եղանակը և զբաղվել մի փոքր աշխարհային զվարճությամբ։

Գալով առաջնորցի նամակին՝ նա պատասխանեց նրան հետևյալը.

«Սրբազան հայր.

Ձեր լուսարարը խելագար չէ: Նրա հետ խոսել են այն ոգիները, որոնք խոսում էին մի օր Սոկրատի Մահմեդի, Լոյոլայի, Լութերի, Գյութեի և այլոց հետ։ Զանազանությունն այն է, որ հիշյալները հռչակավոր մարդիկ դարձան, իսկ սա, ամենաշատը, պիտի դառնա հայ քահանա։ Այսուամենայնիվ, վատ չի լինիլ, եթե լսեք նրան և մեռյալների պսակները հանել տաք եկեղեցուց։ Իրավ որ հաճելի չէ տեսնել եկեղեցում ստություն և կեղծիք վարագուրող իրեր»։

Սրբազանը կարդաց այս նամակը և սարսափեց։

— Հակո ,— կանչեց նա։

— Հրամմե, սրբազան,— բուսավ իսկույն սենեկապանը։

— Այ տղա, լուսարարի գժությունը վարակիչ է եղել։

— Ո՞նց թե վարակիչ, սրբազան։

— Այ, բժիշկն էլ է գժվել։

— Եո։

— Հապա՞։ Գրում է, թե ձեր լուսարարը Սոկրատի, Մահմեդի, Լութերի ու Գյոթեի նման խելոք մարդ է։

— Տեր աստված։

— Բաս. առաջին անգամն է, որ այսպիսի բան եմ իմանում։ Դեհ, շուտ վազիր երեցփոխի մոտ և ասա իմ կողմից, որ լուսարարին ներս չթողնե եկեղեցի, քահանաները կարող են գժվել․ գուցե, ժողովուրդն էլ վարակվի։ Հետո իմացրու բժշկին՝ որ չմտնե առաջնորդարան․ ես վախենում եմ նրանից։

Սրբազանի իմաստուն կարգադրության շնորհիվ լուսարարը արտաքսվեց պաշտոնից, իսկ բժիշկ Մալուխյանը այլևս չկոխեց առջնորդարանի դուռը։