Նոյի ագռավը Ցպահանջ

Մուրացան

Պսակների բողոքը

[ 289 ] Ամառային երեկո էր։ Փոքրիկ ավանի միակ ճաշարանի բակում, որին հովանավորում էին հինավուրց ծառեր և ուր հավաքվում էին տեղի առաջադեմները գարեջուր խմելու, կամ գիտցած նորությունները միմյանց հաղորդելու, սեղաններից մինի շուրջը նստած էին մի խումբ երիտասարդներ, որոնք ավանում պատահած մի ինչ-որ նորության առիթով, վիճում էին այն մասին, թե «գաղտնիքներով հետաքրքրվելը լա՞վ բան է թե՞ վատ»։

Խոսակիցներից մինը, որ խնդրի վրա նայում էր անձնական շահի տեսակետից, այն կարծիքն էր հայտնում թե՝ գաղտնիքներով հետաքրքրվելը ոչ միայն լավ, այլև անհրաժեշտ է, ըստ որում հաճախ այդպիսի գաղտնիքներ իմանալով է, որ մարդ ազատ է մնում վտանգից։ Մի երկրորդն առարկում էր, թե՝ ընդհակառակն, ուրիշի գաղտնիքին հետամուտ լինելն անազնիվ գործ է և թե այդ ճանապարհով վնասից ազատ մնալն իսկ հավասար է գողության։ Մի երրորդը գերադասում էր միջին ճանապարհը, այն է թե՝ բարեկամի գաղտնիքները չպետք է քրքրել. բայց թշնամունը՝ պետք է անպատճառ։ Այսպիսով նա համաձայնվում էր մասամբ առաջինի և մասամբ երկրորդի հետ։

Երիտասարդներից մի փոքր հեռու նստած էր ավանի փոստատան կառավարիչը, որ մոտ հիսնամյա, բարեդեմ, խելոք աչքերով և գորշախառն մորուքով մի մարդ էր։ Գարեջրի շիշը դատարկած լինելով՝ նա այժմ թե՛ ծխում և թե՛ լսում էր երիտասարդներին։ Տեսնելով, որ նրանց վիճաբանությունը տաքանում է, նա վեր կացավ տեղից և մոտենալով երիտասարդներին՝ մեղմ ձայնով ասաց. [ 290 ] — Զեզանից յուրաքանչյուրի պաշտպանած տեսակետն էլ բանավոր է. բայց ես, պարոններ, խորհուրդ եմ տալիս ձեզ՝ երբեք չհետաքրքրվել գաղտնիքներով։

— Ինչո՞ւ, Վասիլ Իվանիչ, ինչո՞ւ. բացատրեցեք խնդրում ենք. անշուշտ դրա համար դուք ունիք ավելի հարգելի պատճառ,— հարցրին երիտասարդները հետաքրքրությամբ և վեր կենալով տեղերից, աթոռ առաջարկեցին կառավարչին։

Վասիլ Իվանիչը, որ յուր բարեխառն բնավորության շնորհիվ հարգված անձն էր այդ ավանում և հաճախ նման շրջաններում գտնվելով՝ սիրում էր բարի խորհուրդներ տալ երիտասարդներին, այս անգամ ևս հաճությամբ ընդունեց առաջարկված աթոռը և նստելով երիտասարդների հետ, ասաց․

— Գաղտնիքներով հետաքրքրվիլն, առհասարակ, անքաղաքավարություն է։ Դա կանանց թուլություններից մինն է, հետևապես և տղամարդուն ավելի քան անպատշաճ։ Եթե ձեզ անհաճո է լինում երբ ուրիշները զբաղվում են ձեր գաղտնիքներով, ապա ուրեմն իմացեք, որ ձեր հետաքրքրությունը ևս անհաճո կթվա ուրիշներին։ Ամեն ոք ցանկանում է միայնակ ապրիլ յուր գաղտնիքների հետ։ Այդ պատճառով էլ բարեկիրթ մարդը չի հետաքրքրվիլ ուրիշի գործով, եթե սա այդ չէ կամենում, և, նույնիսկ, չի առաջարկիլ դիմացինին այնպիսի մի հարց, որին պատասխանելն անհաճո լինի նրա համար։ Այս արդեն խնդրի բարոյական կողմն է։ Գալով դրականին, պիտի ասեմ, որ գաղտնիքներով հետաքրքրվելը միշտ բարիք չի բերիլ մեզ։ Երբեմն ընդհակառակն — նա կպատճառե այնպիսի մի չարիք, որից ազատվելու համար չի բավիլ, նույնիսկ, մեր ամբողջ կյանքը։ Եվ որովհետև ավելի լավ է բարիքից զուրկ մնալ քան չարիքի հանդիպել, ուրեմն զգուշացեք ավելորդ հետաքրքրությունից։ Այդ կարևոր է, մանավանդ, մոտիկ անձանց հետ ունեցած ձեր հարաբերության ժամանակ։

— Ի՞նչ չարիք կարող է հասնել ինձ, օրինակ, եթե ես հետամուտ լինիմ իմ մի բարեկամի գաղտնիքն իմանալու,— հարցրեց երիտասարդներից մինը։

— Այդ մի անորոշ հարց է, որին դժվար է պատասխանել,— նկատեց կառավարիչը: — Նախ՝ պետք է իմանալ թե՝ [ 291 ] ի՞նչ մարդ է բարեկամդ և ապա թե՝ ի՞նչ գաղտնիք ունի նա, որպեսզի ըստ այնմ կարելի լինի ասել թե՝ ի՞նչ չարիք կարող էր առաջանալ, եթե դուք նրա գաղտնիքը քրքրեիք։ Բայց ես ուրիշ հարց կտամ ձեզ։ Ի՞նչ եք կարծում, եթե հանկարծ մի հրաշքով ձեզնից սիրված անձինքների սրտերը բացվեին և երկնքից տրված մի շնորհքով դուք նրանց մեջ եղած գաղտնիքները կարդայիք, հաճելի կլիներ այդ ձեզ՝ թե՞ ոչ։

— Օ՜, անշուշտ։

— Դա մի բարիք կլիներ։

— Մի հրաշալի բարիք,— ձայն տվին երիտասարդներն այս ու այն կողմից։

— Դուք ուրեմն ամենքդ էլ անփորձ մարդիկ եք, — նկատեց կառավարիչը։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ,— հարցրին մի քանիսը։

— Ենթադրեցեք, որ դուք հայր եք և ունիք մի որդի, որին սիրում եք կաթոգին։ Հանկարծ կարդում եք այդ որդվո սրտում թե՝ նա ցանկանում է ձեր մահը, որպեսզի ինքն ազատորեն տիրե ձեր կարողության: Միթե հաճելի կլինի՞ ձեզ այդ։

— Իհարկե ոչ,— պատասխանեց մի երիտասարդ։

— Կամ ունիք մի մայր, որին պաշտում եք, իբրև սրբություն։ Եվ հանկարծ կարդում եք նրա սրտում թե՝ նա ձեզ ծնել է ապօրեն կենակցությունից...

— Օ՜, այդ անտանելի է,— բացականչեց մի ուրիշը։

— Կամ ունիք մի կին, որ ձեր երջանկությունն է կազմում. որին սիրում եք սրտագին․ որի հայացքը ձեզ լույս, ժպիտն՝ ուրախություն և շունչը՝ կյանք է տալիս, որ յուր մեջ ամփոփում է ձեր բոլոր իղձերը և քաջալերում ձեր ազնվագույն ձգտումները... Եվ հանկարծ դուք կարդում եք նրա սրտում թե՝ նա ձեզ չէ սիրում․ թե նրա ժպիտը սուտ, գգվանքը կեղծ և սերն՝ առերես է։ Այդ բավական չէ։ Դուք իմանում եք, որ նա հոգով ու սրտով պատկանում է ուրիշին... այն ժամանակ ի՞նչ կանեիք։

— Այդ դեպքում ես ինձ ավելի բախտավոր կհամարեի,— խոսեց երիտասարդներից մինը,— ավելի լավ չէ մի՞թե բնավ չսիրվել՝ քան շարունակ խաբվի՞լ։ [ 292 ] — Օ՜, եթե միայն այդքանով բանը վերջանար... Բայց եթե դուք չկարողանայիք թողնել այդ կնոջը, եթե չկարողանայիք չսիրել նրան. եթե իբր դժոխք տանջեր ձեզ այն միտքը՝ թե նա այլևս ձերը չէ ...

— Ի՞նչ, ուրեմն ձեր կարծիքով, ավելի լավ է որ մարդ խաբված մնա և շարունակ հավատա թե ինքը երջանի՞կ է,— հարցրեց մի ուրիշը։

— Անշուշտ,— հարեց կառավարիչը։— ճշմարիտ սերը այնքան է նվազ աշխարհում, որ եթե կեղծիքների մեծ մասը ճշմարտության տեղ չընդունենք, այն ժամանակ կյանքը դժոխք կդառնա մեզ համար։

— Բայց ախր ի՞նչ խելք է, որ մարդ գիտենա թե՝ իրեն չեն սիրում և միևնույն ժամանակ հավատա թե՝ սիրում են։

— Հենց բանն էլ նրանումն է, որ չիպիտի գիտենաս թե՝ չեն սիրում։ Խաբված լինելու մեջ, ճիշտ է, չկա ճշմարտություն, բայց կա անդորրություն։ Եթե ես խորհուրդ եմ տալիս ձեզ՝ չհետաքրքրվել գաղտնիքներով, այդ նրա համար է, որ դուք հաճախակի ճշմարտության չհանդիպեք և ձեր սրտի անդորրությունը իզուր չկորցնեք։ Մարդիկ միշտ շատ են տուժում, երբ զրկվում են հոգվո հանգստությունից։ Եթե աստված արգելեց Ադամին ու Եվային՝ ուտել «բարվո և չարի գիտության» ծառի պտղից, այդ, անշուշտ, նրա համար էր, որ նախամարդոց աչքերը չբացվեին և նրանք իրենց մերկությունը չտեսնեին։ Այդ մերկությանը ինչ անուն ուզում եք տվեք. կուզեք մտքի կամ հոգվո աղքատություն ասացեք, կուզեք կյանքի դատարկություն։ Այսքանը կա, որ այսօր էլ աշխարհը լիքն է այնպիսիներով, որոնք կցանկանային հավիտյան կուրանալ, միայն թե երբեք իրենց մերկությանը չտեսնեին։ Իսկ այդ մերկությունը ցույց է տալիս մեզ ճշմարտությունը, որին հանդիպում ենք գաղտնիքներ քրքրելու ժամանակ։

— Ես դեռ իմ կյանքում չեմ պատահել մի մարդու, որ զղջացած լիներ որևէ ճշմարտություն իմացած լինելուն համար,— նկատեց խոսակիցներից մինը։

— Ես նույնպես,— հարեց մի ուրիշը:

— Ես ևս — ձայն տվավ երրորդը։ [ 293 ] — Դուք բոլորդ էլ պատահել եք այսպիսի մարդու,— հայտնեց կառավարիչը՝ յուր ծխափողը վառելով։

— Մե՞նք,— հարցրին խոսողները։

— Այո, դուք,— պնդեց կառավարիչը։

— Ես, գոնե, չեմ հիշում։

— Ես, նույնպես։

— Գրազ կգամ որ սխալվում եք,— բացականչեց երրորդը և ձեռքը պարզեց դեպի կառավարիչը։

— Բարի․ ինչո՞վ եք գրազ գալիս,— հարցրեց վերջինս։

— Տասը շիշ գարեջրով։

— Պատրաստ եմ,— ասաց Վասիլ Իվանիչը և ձեռքը խփեց խոսակցի ձեռքին։

— Այժմ ասացեք, ո՞վ է այն մարդը։

— Վասիլ Իվանիչ Գոլուբցով, որ այս րոպեին նստած է ձեր առաջ։

— Դուք, անկարելի է,— բացականչեց գրազ բռնողը։

— Ինչպե՞ս թե անկարելի է։ Չէ՞ր կարող պատահել, որ ես իմանայի մի ճշմարտություն և զղջայի որ իմացել եմ։

— Ինչո՞ւ չէ։ Բայց... լավ ուրեմն, ասացեք, ի՞նչ ճշմարտություն եք իմացել։

— Չէ, դեռ առաջ թող գարեջրի շշերը գան,— նկատեց կառավարիչը ժպտալով։

— Իսկ եթե մենք գտնենք, որ դուք իզուր եք զղջացել հիշածդ ճշմարտությունն իմանալո՞վ,— հարցրեց խոսակիցը։

— Այն ժամանակ, իհարկե, գարեջրի փողը ես կվճարեմ։

Գրազ բռնողը հրամայեց և շշերը բերին։

Երբ բոլոր ներկա եղողների բաժակները լցվեցան, կառավարիչը յուր գավաթը վերցրեց, ծանրությամբ խմեց. ապա նորից լցնելով՝ առջևը դրեց և ասաց.

— Երևի ձեզանից ոչ ոք չէ մտածել մինչև այսօր թե Վասիլ Իվանիչը, որ յուր հմտության ու աշխատասիրության շնորհիվ կարող էր հայտնի քաղաքներից մինի փոստատան կառավարիչ լինիլ, ինչո՞ւ է մեր այս աննշան ավանում ծառայում։

— Ինչպե՞ս չէ, մենք հաճախ խոսել ենք այդ մասին և զարմացել, որ ձեզ նման արժանավոր մարդը համաձայնվել է [ 294 ] գալ մեր այս խղճուկ ավանը,— հաճոյախոսեց երիտասարդներից մինը։

— Հա՞, ուրեմն ապրեք. դեհ, այժմ լսեցեք,— ասաց կառավարիչը և գարեջրի գավաթը նորից կիսելով՝ շարունակեց.

— Ես, պարոններ, պաշտոն ունեի մայրաքաղաքում դեռ տասնևհինգ տարի սրանից առաջ։ Այնտեղ ծառայում էի դարձյալ փոստատանը և վարում էի գլխավոր նամակաբաշխի պաշտոնը։

Թե ի՞նչ պաշտոն է այդ, բացատրեմ։ Գլխավոր նամակաբաշխը, առհասարակ, վարում է թղթակցությունների բաժինը։ Յուրաքանչյուր անգամ, երբ փոստն ստացվում է, նրան հանձնում են բոլոր նամականին, հասարա՞կ թե ապահովյալ. նույնպես և պարբերական թերթերը: Այդ բոլորի հասցեները նամակաբաշխը կարդում է ի լուր յուր շուրջը խմբված ցրիչների, որոնց թիվը, երբեմն, հասնում է քսանի կամ երեսնի, և նրանցից յուրաքանչյուրին տալիս է յուր քաղաքամասին վերաբերյալ թղթակցությունը։ Ցրիչների հեռանալուց հետո՝ նամակաբաշխի մոտ մնում են այն թղթակցությունները, որոնք հանձնվում են տերերին փոստի վարչությունից տրված մի որոշ արտոնագրով (առանց որին օտար մարդը չի կարող այդ թղթակցությունը ստանալ), մեկ էլ այն թղթակցությունները, որոնց ծրարների վրա գրված է «ցպահանջ» խոսքը։ Վերջին տեսակի թղթակցությունները տրվում են տիրոջը միայն այն ժամանակ, երբ վերջինս ներկայանալով նամակաբաշխին՝ պհանջում է այն՝ նախապես յուր հասցեն հայտնելով։

Պետք է ձեզ ասեմ, որ «ցպահանջ» վերտառությունը կրող ծրարները ամենից հետաքրքրական թղթակցություններն են։ Նրանց մեջ, ճշմարիտ է, լինում են և հասարակ բովանդակություն ունեցող նամակներ (որոնք ստացվում են հեռու քաղաքներից), բայց լինում են և այնպիսիներ, որոնք պարունակում են իրենց մեջ թանկագին գաղտնիքներ, ռոմաններ դրամաներ, հաճախ և ողբերգություններ։ Այդ տեսակի թղթակցությունները, գլխավորապես, ստացվում են քաղաքային փոստով, որից երևում է, որ նրանց հեղինակները ապրում են նույն քաղաքում։ Դրանցից շատերի վրա չեն լինում, մինչև [ 295 ] անգամ, ստացողի անունն ու ազգանունը, այլ միայն երկու պայմանական տառ, օրինակ, «Ա. Դ. ցպահանջ» կամ «Ե. Ն. ցպահաջ», երբեմն, նաև, թվանշաններ.օրինակ, «1240,ցպահանջ», կամ «XXV, ցպահանջ»։ Նամակի տերն այդ պայմանական տառերը, կամ թվանշանները նամակաբաշխին հայտնելով՝ ստանում է յուր ծրարը:

Ահա այսօրինակ թղթակցությունները նամակաբաշխը պահում է առանձին զգուշությամբ, մանավանդ որ այդ մասին կանխավ խնդրում են նրան նամակ ստացողները։

Իմ ծառայության առաջին տարում ես, գրեթե, չէի հասկանում այդ խորհրդավոր հասցեների նշանակությունն ու արժեքը։ Բայց երբ նամակաբաշխի օգնական կարգվեցա՝ իմ գլխավորը հասկացրեց ինձ բոլորը և պատվիրեց, որ զգույշ լինիմ և յուր բացակայության ժամանակ սխալմունք չգործեմ՝ մեկին հասանելի նամակը մյուսին տալով։ — «Դրանով ոչ միայն պատասխանատվության կենթարկվենք մենք, այլև ուրիշներին դժբախտություն կպտտճառենք»,— ասում էր նա ինձ:

Եվ այդ օրից սկսա՝ մի առանձին կարևորություն ստացան իմ աչքում այդ պայմանական տառերով և «ցպահանջ» մակագրությամբ գրված նամակները։

Այժմ ես գիտեի, որ դրանք մեծ մասամբ, պարունակում են իրենց մեջ սիրահարական գաղտնիքներ, թանկագին խոստովանություններ, սիրային ժամադրություններ, երբեմն տրտունջներ, հաճախ բացատրություններ ևն. ևն.։ Միով բանիվ, այդ նամակների հասցեներին նայելով՝ գուշակում էի արդեն նրանց բովանդակությունը։ Այդ պատճառով էլ աշխատում էի հետևել իմ գլխավորի հրամանին ամենայն զգուշությամբ։

Բшյց երբ նա հեռացավ և ինքս տիրացա նրա պաշտոնին, այնուհետև սկսան հետաքրքրել ինձ, ոչ թե այդ նամակները, այլ նրանց ստացողները։

Պետք է ձեզ ասեմ, որ ես ի բնե շատ դիտող ու թափանցող եմ: Ես թեպետ հոգեբանություն չեմ ուսումնասիրած, այսուամենայնիվ, մարդու դեմքին նայելով, նրա շարժումը դիտելով, կամ խոսքը լսելով՝ կարող եմ թափանցել նրա ներքին [ 296 ] աշխարհը և հաճախ հասու լինել այնպիսի ճշմարտությանց, զորս սիրտն, առհասարակ, ճգնում է ծածկել, անգիտանալով սակայն՝ թե հենց ծածկելու համար գործ դրված աշխատությունն է, որ հայտնում է ամեն բան։

Եվ այդպիսի մեկը լինելու համար՝ հարկավոր չէ, իմ կարծիքով, մեծ առավելություններ ունենալ։ Մեզանից յուրաքանչյուրն ունի այն հոգին ու զգացմունքներն, ինչ որ ունին ուրիշները։ Բավական է միացնել դրան ինքն իրեն քննելու և յուր շրջապատողներին ուշադրությամբ դիտելու սովորությունը։ Այնուհետև մարդ կդառնա արդեն հոգեբան։ Իհարկե, չի լինիլ այնպիսին, որ աշխարհը զարմացնե յուր հմտությամբ, բայց, գոնե, կնմանվի հին նամակաբաշխին, որ «ցպահանջ» նամակներն իրանց տերերի ձեռքը տալու ժամանակ՝ զվարճանում էր նրանց դեմքերն ու հայացքները դիտելով։

Ով քաղցր անցյալ, որին սիրով ենք հիշում միշտ, որքան էլ ներկան լավագույն լինի նրանից,— բացականչեց տեսուչը հառաչելով և վառեց ծխափողը, որ հանգել էր արդեն։

— Եվ այսպես, սիրելի բարեկամներս,— շարունակեց նա ծխելով,— ինձ սկսան հետաքրքել «ցպահանջ» մակագրությամբ նամակ ստացողները։ Դրանք մեծ մասամբ լինում էին երիտասարդներ, կամ երիտասարդուհիներ, նորատի կանայք, հաճախ, նաև, սևեր հագած գեղեցիկ այրիներ...։ Դրանք գալիս էին ինձ մոտ, գլխավորապես, այն ժամերին, երբ ցրիչները հեռացած էին լինում փոստատնից։ Այդ ժամերին, նաև, քիչ էին լինում հաճախորդները։

Մեկ էլ տեսնում ես, ահա, դուռը բացվեցավ։ Մի երիտասարդ ներս գալով՝ շտապ քայլերով մոտենում է ինձ։

— Վասիլ Իվանիչ, ես նամակ չունի՞մ,— հարցնում է նա կամացուկ, բայց տենդային արագությամբ։

— Դո՞ւք։ Ձեր հասցեն՝ կարծեմ...

— «Ա.Դ. ցպահանջ»,— ասում է նա իսկույն, բայց դարձյալ կամացուկ։

Ես մոտենում եմ պահարանի այն դարակին, ուր «ցպահանջ» նամակներն են դրված և նկատում եմ թե՝ ինչպես երիտասարդի հայացքը հետևում է իմ շարժմանը։ Եվ երբ հանում եմ նամակների կույտը, նա շունչը բռնած սպասում է թե՝ [ 297 ] ե՞րբ պիտի սկսեմ կարդալ, կամ ե՞րբ պիտի ասեմ — ահա, պարոան, ձեր նամակը։

Իսկ ես դիտմամբ ծանր եմ շարժվում. և, միևնույն ժամանակ, նկատում եմ թե՝ ինչպես է անհանգստանում երիտասարդը, թեպետ արտաքուստ աշխատում է հանգիստ երեվալ:

Ես մեկ֊մեկ նայում եմ նամակները և հասցեները ինքս ինձ կարդում։ Այդ պարապմունքը տևում է մի քանի վայրկյան: Երիտասարդի նամակը դեռ չկա: Նայում եմ նրա դեմքին և արտասանում մի բառ — «Կարծեմ...»։

— Ի՞նչ, կարծում եք որ չունի՞մ,— հարցնում է նա շտապով։

— Այո,— պատասխանում եմ անփութությամբ։

— Լավ նայեցեք, խնդրում եմ,— ասում է նա, ե, միևնույն ժամանակ, աղաչավոր հայացք ձգում վրաս։

— Տեսնեմ... չեմ հիշում... գուցե...։ Սրանք, իհարկե, անմիտ բառեր են զորս ես արտասանում եմ երիտասարդի համբերությունը փորձելու և ինք ինձ զվարճանալու համար։

Բայց, միևնույն ժամանակ տեսնում եմ թե՝ ինչպես է խեղճը անհանգստանում այս տարակուսական բառերը լսելուց. ինչպես նրա դեմքի արտահայտությունը փոխվում է և այդ սպասողական վայրկյանները մի-մի ժամի չափ երկարում են նրա համար։

— Ահա, հրամայեցեք.— վերջապես հանում եմ նամակը տալիս նրան։

— Ահ, շնորհակալ եմ,— բացականչում է նա արագ և կիսաձայն և ապա նամակը, գրեթե, հափշտակելով՝ հեռանում ինձանից։

Ես նայում եմ նրա ետևից և ինքս ինձ ծիծաղում։ Սակայն, ճիշտն ասած, իմ այդ ծիծաղի մեջ խոսում է ոչ թե չարախնդությունը, այլ մի քնքուշ բարյացակամություն, որ ես տածում եմ դեպի երիտասարդը, ցանկանալով, իհարկե, որ այդ նամակը ուրախություն բերե նրան։

Բայց ահա ներս է մտնում մի նորատի գեղեցկուհի, մոտենում է ինձ զգույշ քայլերով և հարցնում է դարձյալ կիսաձայն. [ 298 ] — Ես նամակ չունի՞մ։

Այս խոսքերի վրա նա մի փոքր շառագունում է։ Իմ պատասխանը՝ «չգիտեմ, տեսնեմ» երկբայական է։ Ուստի նա սպասում է։

Գեղեցկուհու հասցեն, իհարկե, հայտնի է ինձ։ Եվ սկսում եմ պտրտել նամակների կույտը և աչքի տակով նայել նրան։ Ոչինչ, դեմքը խաղաղ է․ հայացքը միայն անհանգիստ խաղում է այն կետի վրա՝ ուր իմ ձեռքերը քրքրում են նամակները։

— Ս․ Ս.-կա՞յա,— հարցնում եմ ես և կանգ եմ առնում մի նամակի վրա։

— Այո, պարոն,— պատասխանում է օրիորդը և իսկույն շուրջը նայում, կարծես վախենալով թե՝ մի գուցե մեկը լսեր իմ ձայնը, կամ տեսներ իրեն, որ սպասում է Ս. Ս․— սկայա հասցեով նամակ ստանալու համար։

Վերջապես վերցնում եմ նամակը և մեկնում դեպի նրան։ Գեղեցկուհին արդեն շառագունել է. նա ստանում է ցանկալի ծրարը և գլխի թեթև շարժումով շնորհակալություն անում ու հեռանում։ Ես նայում եմ ետևից և տեսնում, թե ինչպես նա ծալեց ծրարը և յուր կուրծքը փակող կոճակներից մինը բանալով թաքցրեց այն բաճկոնակի տակ և ապա նորեն կուրծքը կոճկեց։ Այս ամենը նա կատարեց այնպես արագ, որ մուտքին հասնելուց արդեն գտնվում էր յուր նախկին դիրքում։ Այնպես որ, եթե հենց նույն րոպեին յուր մոտիկ բարեկամներից մինը պատահելով՝ հարց տար իրեն թե՝ ինչ է շինում այդտեղ, նա հանգիստ սրտով կարող էր պատասխանել թե՝ «դիպվածով անցնում էի այդտեղից և ներս մտա իմանալու համար թե հայրիկի անվամբ նամակ կա՞ր թե ոչ»։

Սիրող սրտերն, իհարկե, նման սուտերը հանցանք չեն համարում։ Լսողներն էլ, կարծում եմ․ եթե հանցանք չհամարեն, մեծ մեղք չեն գործիլ։ Պետք է օգնել որ ազատ սրտերը միշտ իրար սիրեն, դրանից մարդկությունը բնավ չի վնասվիլ։ Վնասը հասնում է հանցավոր սիրուց, որի հեղինակներն ուրիշ մարդիկ են։ Ահա, օրինակ. դրանցից մինը։

Նա հասակավոր է․ 45—50 տարեկան, բայց բոլոր մազերը միօրինակ սև են, որից երևում է, որ ներկում է զգուշությամբ։ Հագնված է խիստ մաքուր և կիրթ ճաշակով․ [ 299 ] ծածկած է փայլուն ցիլինդր և ձեռքին բռնած փղոսկրազարդ ձեռնափայտ։ Արդեն քայլվածքից ու հանդուգն նայվածքից երեվում է, որ փորձառու մի Դոն–Ժուան է, որ եկել է ստանալու, ո՞վ գիտե, յուր քանիերորդ սիրուհու ծածկագիրը։

Ես, այսուամենայնիվ, չեմ նայում նրա վրա և զբաղված եմ գործով։

— Վասիլ Իվանիչ, ներեցեք, ես շտապում եմ,— ասում է նա մոտենալով և ձեռնափայտով յուր ձեռքը ծեծելով, որով ուզում է հասկացնել թե՝ սպասել չէ կարող։

— Իսկույն,— ասում եմ, բայց էլի ուշացնում: Երևում է, որ պարոնը դժվարություն է կրում համբերելու։ Եվ այդ՝ ոչ թե նրա համար, որ մի վայրկյան առաջ է կամենում սիրած անձի ձեռագիրը կարդալ, այլ նրա համար, որ վախենում է թե մի գուցե իմ դանդաղելով ժամադրության ժամն անցնի։

Ես մոտենում եմ դարակին, հանում եմ պարոնին հասանելի նամակը և դիտմամբ բարձրաձայն հարցնում։

1350՞:

— Տվեք,— ասում է նա, առանց իմ հարցին ուղղակի պատասխանելու։

Եվ ծրարն ստանալով՝ նա հեռանում է մի քանի քայլ, բաց է անում նամակը և հենց միևնույն տեղն էլ կարդում։

Այժմ ես գործս թողած դիտում եմ նրա դեմքը, որը սկզբում դեռ լուրջ է. բայց հետո, քանի ընթերցումը առաջ է տանում, սկսում է պայծառանալ, վերջապես նա ժպտում է։ Իսկ այդ ժպի՞տը...Օ, եթե տեսնեիք, իսկույն կասեիք, որ ձեր առաջ կանգնողը մի լովելաս է։ Այդ ժպտի մեջ չկա այն անմեղ ու հափշտակվող ուրախությունը, որն ես հաճախ նշմարում եմ նման նամակներ ստացող երիտասարդ դեմքերի վրա։ Այդ ժպիտը ծաղրի ու չարախնդության մի զանգված է։ Նրա մեջ, կարծես, կարդում ես այս խոսքերը.— «Կգաս, սիրելիս, կգաս, դու առաջինը չես, վերջինն էլ չես լինելու...»։ Եվ նա նամակն անփութությամբ ճխլտելով՝ դնում է վարտիքի գրպանում և դուրս գնում։ Հարկավ, նա դիմում է ժամադրության տեղը, «Կահավորյալ համարների» մի թաքուն սենյակ, կամ միջնորդ կանանց «Ապաստանարանը», ուր վաղուց սպասում է նրան մի նորատի խնամքով հագնված, անուշ հոտերով [ 300 ] սրսկված և հաստ քողով երեսը ծածկած տիկին... Ո՞վ է դա, իհարկե, չգիտենք։ Այսքանը կարող ենք գուշակել, որ պատվավոր ընտանիքներից մինի անդամն է, որին գրավել է ԴոնԺուանը՝ յուր «բարեկամական» այցելությանց միջոցին, «ասպետական ազնվության» և «պատշաճից օրենքների» մասին ճառեր խոսելու ժամանակ...։

Մեր այս խորհրդավոր այցելուների մեջ լինում են հաճախ այնպիսիները, որոնք խուսափում են նամակաբաշխի քննող հայացքներից, կամ նրա խորամանկ ու անտեղի ժպիտներից. այդ պատճառով իրենց նամակներն ստանում են, կամ հասցնում մի անշունչ ու անխոս, բայց ավելի հավատարիմ միջնորդի ձեռքով. այն է՝ փոստատան «բաժանորդական» պահարանի։

Դա մի փայտյա հյուսվածք է, որ պարունակում է յուր մեջ հարյուր, կամ ավելի ապակեծածկ արկղիկներ, առանձին-առանձին համարներով։ Դրանք բացվում կամ փակվում են պահարանի այն կողմից, որը նայում է հաճախորդների համար հատկացրած սենյակին։ Փոստի հետ հաճախ հարաբերություն ունեցողը, որոշ վճարով, վերցնում է յուր համար այդ արկղիկներից մինը, որի մեջ և նամակաբաշխը, ետևի կողմից, ձգում է կանխավ բաժանորդին հասանելի նամակները։ Վերջինս անձամբ գալիս ու բանում է յուր արկղը, որի համարն է, օրինակ, 10 կամ 20 և վերցնում յուր նամակները։

Եվ ահա, այն բաժանորդները, որոնք ունին խորհրդավոր կապեր, սեփական արկղի բանալիի մի օրինակը հանձնում են իրենց, ասենք թե՝ սիրուհուն։ Վերջինս գալիս, բանում է արկղը և դնում նրա մեջ այն գիրը, որ կցանկանար հասցնել հոմանիին, կամ վերցնում այնտեղից այն, ինչ որ սիրեցյալը թողել է յուր համար։

Այսպիսով անշունչ արկղը կատարում է հավատարիմ թղթատարի պաշտոնը և սիրահարները օգտվելով նրա ծառայությունից՝ թե՛ ժամադրություններ են նշանակում և թե՜ մտքեր փոխանակում:

Եվ որովհետև այդ խորհրդավոր պահարանը գտնվում էր իմ հանդեպ, ուստի իմ քննական հայացքները թափառում էին, նաև, նրա շուրջը։ Մեկ էլ տեսնում ես ներս է մտնում մի տիկին [ 301 ] շնորհքով հագնված, կարի գեղանի, բայց խիստ լրջադեմ. այնպես որ վրան նայողը չի կարող հավատալ թե՝ ռոման ունի նա։ Տիկինը մոտենում է պահարանին, իհարկե, առանց մեկի վրա նայելու: Ըստ երևույթին, նա անուշադիր է դեպի շրջապատը: Բայց նամակաբաշխը նկատում է թե՝ ինչպես մի ակնթարթում նա աչք ածեց բոլորին և տեսնելով, որ հաճախորդների մեջ ծանոթ ոչ ոք չկա, մոտեցավ պահարանին։

Սակայն նրա սիրտը դարձյալ անհանգիստ է։ Այդ երևում է նրանից՝ որ ձեռքում պատրաստ ունեցած բանալին շտապով է մոտեցնում արկղին, ուստի և իսկույն չէ կարողանում բանալ: Վայրկենական շփոթությունը ստիպում է նրան նայիլ յուր շուրջր՝ ստուգելու համար թե՝ արդյոք որևէ մեկը չէ՞ նայում իրեն:

Բայց ինչի՞ց է քաշվում տիկինը։ Ամեն ոք կտրող է հավատալ թե՝ նա բանում է հենց յուր ամուսնու արկղը, չ՞է որ սա էլ բաժանորդ է այդ պահարանին։— Սակայն հենց խնդիրն էլ այդ է, որ նա չէ բանում № 45-ը, որ յուր ամուսնուն է պատկանում, այլ N64-ը, որ ուրիշին է հատկացրած։

Ի՞նչ ունի նա ուրիշի հետ...։ Այդ կարող են հարցնել և դրանից է քաշվում տիկինը։

Այս խորհրդավոր այցելուները, սիրելի բարեկամներս, որչափ բազմաթիվ, նույնչավ և բազմազան են լինում։ Եթե ես դրանց փոքրագույն մասի նկարագիրն իսկ անելու լինիմ, ամբողջ գիշեր պիտի խոսեմ: Բայց այդ կհեռացնե ինձ իմ նպատակից, և բացի այդ, դուք ավելի գարեջուր կխմեք, քան ես: Ուրեմն դատարկենք դարձյալ մի գավաթ և անցնենք բուն խնդրին։

Այս ասելով կառավարիչը վերցրեց գարեջրի շիշը, և փրփրուն հեղուկը մինչև գավաթի պռնկները լցնելով՝ խմեց այն ախորժակով, ապա գավաթը նորեն լցնելով առջևը դրավ ու շարունակեց.

— Այս մի քանի այցելության նկարագիրը որ արի, պարոններ, նրա համար էր, որ ծանոթացնեի ձեզ այն խորհրդավոր պատճառների հետ, որոնք իմ հետաքրքրությունը շարժում և երևակայությունը վառում էին։ Այժմ էլ պիտի ավելացնեմ՝ որ նման այցելուներով զբաղվելը՝ եթե սկզբներում [ 302 ] ինձ համար կազմում էր զվարճություն, վերջերում դարձավ, գրեթե զբաղմունք։ Բացի այն, որ այդ առթիվ շատ խոսում ու կատակներ էինք անում ծառայակիցների շրջանում, նույնիսկ, մեր տան խոսք ու զրույցը հաճախ վերաբերում էր այդ նյութին։

Մեր տուն ասելով, իհարկե, պիտի հասկանաք ինձ և Յուլիային։

Բայց ներողություն. վերջինի մասին դեռ ոչինչ չեմ ասել ձեզ։

Յուլիան իմ կինն էր։ Մի բարի, ազնիվ և գեղեցիկ արարած։ Նրա հետ ես ծանոթացել էի դեռ ա՛յն ժամանակ, երբ ես նոր գիմնազիոնն ավարտած՝ մտել էի ծառայության, իսկ ինքը տակավին շարունակում էր ուսումը։ Չնայելով, որ ես հարուստ չէի, այսուամենայնիվ, Յուլիայի մայրը համաձայնվեց տալ ինձ յուր աղջկա ձեռքը, երբ իմացավ, որ վերջինս սիրահարված է ինձ վրա։ Եվ որովհետև իրենք էլ միջոցներից զուրկ էին, ուստի վեցերորդ դասատան ուսումը բավական համարվեց օրիորդի համար և ամառային մի գեղեցիկ օր մենք պսակվեցանք։

Գուցե դուք կկամենայիք, որ, իբրև միջանկյալ, ես նախ պատմեի ձեզ թե՝ ինչպե՞ս ծանոթացանք մենք ինչպե՞ս սիրեցինք իրար, ի՞նչ ձևով սիրո առաջին խոստովանությունն արինք ևն, ևն. բայց դրանք ավելորդ են։ Մենք էլ սիրեցինք այնպես, ինչպես ուրիշները։ Եվ թեպետ ամեն սիրող չի խոստովանիլ ձեզ այդ, առարկելով որ յուր սերը բոլորովին ուրիշ, կամ նույնիսկ եզակի եղանակով է ծնունդ առել և զարգացել, թե յուր սիրահարությունը բանաստեղծներից երգելու արժանի պատմություն է ունեցել ևն... բայց այդ ամենը երևակայություն է։ Սիրո հիվանդությամբ, առհասարակ, մարդիկ վարակվում են միատեսակ։ Պատահում է, իհարկե, որ մինի տենդը սաստիկ է լինում, կամ երկարատև, իսկ մյուսինն ընդհակառակը, այսուամենայնիվ հիվանդության հետևանքը լինում է միևնույնը։ Ուրեմն այդ մասին չերկարելով հանդերձ, պիտի խոստովանեմ, որ ես, արդարև, երջանիկ էի Յուլիային ընտրելով։ Բացի յուր բարությունն ու աննման գեղեցկությունը, նա էր, միևնույն ժամանակ, սիրող ամուսին, հավատարիմ [ 303 ] ընկեր, շնորհալի տանտիկին, իսկ ծանոթների շրջանում՝ կենցաղագետ այցելու և հաճելի խոսակից։ Այն մի քանի տարիները, որ ես ապրեցի նրա հետ, կազմում էին իմ կյանքի միակ երջանիկ շրջանը, որի մեջ, արդարև, չեմ հիշում մի օր՝ որ ես տխրած լինեի, կամ Յուլիայից վշտացած: Նա ամեն ինչ էր ինձ համար, և՛ սեր, և՛ կյանք, և՛ հարստություն: Նրան ժառանգելով՝ ես կարծում էի թե՝ ժառանգել եմ արդեն աշխարհի բոլոր բարիքները միասին:

Բայց այս ամենը, իհարկե, միջանկյալ էր: Այժմ մեր զրույցը շարունակենք:

Ասացի, որ մեր տան խոսակցությունն էլ հաճախ վերաբերում էր իմ խորհրդավոր այցելուներին։ Եվ իրավ, ամեն անգամ, երբ վերադառնում էի ես ծառայությունից, Յուլիան դիմավորում էր ինձ ժպտադեմ և թևանցուկ անելով՝ քնքշաբար հարցնում.

— Դեհ, ասա, սիրելիս, այսօր քանիսի՞ն ուրախացրիր...

Ես սկսում էի պատմել թե՝ ո՞վ ուներ նամակ. ո՞վ ձեռնունայն վերադարձավ, ո՞վ չերևաց այդ օրը, կամ ի՞նչ նոր հաճախորդ լույս ընկավ։

Այս զրույցները այնքան էին սովորական դարձել, որ Յուլիան, մինչև անգամ, տեսած չլինելով իմ այցելուներին, ճանաչում էր նրանց իրենց հասցեներով, կամ իմ նկարագրած արտաքինով։ Ուստի և հաճախ այսպիսի հարցեր էր տալիս։

— Ն. Պ. նամակ ունե՞ր. №150-ը չերևա՞ց, ծավի աչքերով օրիորդը եկա՞վ, սևազգեստ այրին հաճախո՞ւմ է. իսկ բեղերը ներկած պարո՞նը. հապա փափլիկ դերասանուհի՞ն ևն. ևն.։

Ես, իհարկե, ինչպես ասացի, գոհացնում էի նրա հարցատիրությունը լիուլի։ Այս առթիվ, երբեմն, մեր զրուլցը երկարում էր և ես, խոսակցությանս միջոցին, սկսում էի դատել կամ ծաղրել մարդկանց, մեղադրելով մինին, արդարացնելով, մյուսին և վերջ ի վերջո գալիս այն եզրակացության՝ որ ամեն մարդ, անշուշտ, ունի մի գաղտնիք, որ ծառայում է յուր ներքին, անհատական երջանկությանը՝ ի վնաս յուր ընկերներիդ կամ հարազատի բարօրության։

Օ՜, որքա՜ն ծնողներ կան, բացականչում էի ես, որոնք հրեշտակների տեղ են դնում իրենց զավակներին և դրվատում [ 304 ] նրանց հրապարակով, որքան ամուսիններ կան, որոնք առաքինության տիպար են համարում իրենց կանանց, կամ տիկնայք՝ որոնք ամուսիններին միակ հավատարիմներն են ճանաչում աշխարհում և սակայն դրանց բոլորին ճանաչում է փոստի նամակաբաշխը, նա գիտե, որ աղջիկը խաբում է մորը, կինը՝ ամուսնուն, տղամարդը՝ յուր կնոջը. այրին՝ հարազատին ևն. ևն., բայց խաբվածներից ոչ ոք դժբախտ չէ համարում իրեն, որովհետև խաբված լինելը չգիտե...։

Եվ այս տեսակ մտածության միջոցին, երբ դառնում նայում էի իմ Յուլիայի վրա և տեսնում նրա խաղաղ նայվածքը, որի մեջ ասես յուր հոգվո անմեղությունն էր ցոլանում, կամ լսում նրա խելոք զրույցները, որոնցով նա բարքերի ապականությունն էր դատափետում, ինքս ինձ հիանում ու փառք էի տալիս աստծուն, որ նա արժանացրել է ինձ այնպիսի մի կնոջ, որ ամբողջ գլխով բարձր է յուր քույրերից և որի վերաբերմամբ համարձակ կարող էի ասել՝ ահա կին, որ արատ չունի, ահա ամուսին, որով կարող եմ պարծենալ։ Ա՜խ, ինչ լավ բան է հավատը...— բացականչեց կառավարիչը և գարեջրի գավաթը վերցնելով՝ դատարկեց այն մի ումպով և ապա նորից լցնելով՝ առջևը դրավ ու շարունակեց։

— Մի առավոտ փոստատուն մտավ մեր լավ ծանոթներից մինը։ Սա երիտասարդ դերասան էր, որ յուր շնորհալի խաղով քիչ ժամանակի մեջ մեծ հռչակ էր ձեռք բերել մայրաքաղաքում։ Եվ որովհետև տաղանդի հետ միասին նա ուներ և գրավիչ արտաքին, ուստի բոլոր կանայք սիրում էին նրան, իսկ օրիորդները՝ գրեթե պաշտում։ Այս պատճառով այն ներկայացումներին, որոնց մասնակցում էր Շուբինը (այս էր երիտասարդի ազգանունը), ներկա էր լինում միշտ ահագին թվով ժողովուրդ։ Եվ որովհետև շատերը ցանկանում էին ձեռք բերել արտիստի ծանոթությունը, ուստի նա ընդունվեցավ և ընտանիքներում։

Մեր բարեկամներից մինի տանը ծանոթացանք Շուբինի հետ ես և ամուսինս։ Եվ որովհետև պարոնը այցելեց մեզ սիրով, ուստի ես ևս փոխարինեցի նրան, այլև մի անգամ ճաշի հրավիրելով՝ պատվեցի արտիստին իմ հարկի տակ։ Այստեղից մեր մեջ սկսվեց մի բարեկամություն, որ թեպետ մի [ 305 ] առանձին ջերմություն չուներ, բայց հաճոյական էր միշտ։ Այս պատճառով ամեն անգամ, երբ մեր ծանոթները հավաքվում էին, Շուբինն անպակաս էր նրանց մեջ։ Պարոնի ասելով՝ նա ոչ ոքին չէր այցելում այնպես սիրով, ինչպես մեզ, որովհետև իմ անկեղծությունն ու բարությունը, իսկ Յուլիայի շնորհալի զրուցատրությունը գրավել էին նրան։

Իրավունք չունեի չհավատալ պարոնին, որովհետև նա այդ ասում էր այնպիսի մի սրտաբաց մտերմությամբ, որի մեջ հետին մտքերի ամենափոքր ստվեր չէր կարելի նշմարել։

Բшյց և այնպես ես զարմանում էի, որ Շուբինը այդքան սիրված լինելով քաղաքում, երբեք չէր դիմում ինձ «ցպահանջ» մակագրությամբ որևէ նամակ ստանալու։ Այս առթիվ խոսում էինք մենք հաճախ և ծիծաղում։

Եվ սակայն շուտով նրա հերթն էլ հասավ։ Հիշածս առավոտը մտնելով փոստատուն, նա մոտեցավ ինձ և ասաց։

— Վասիլ Իվանիչ, եթե «a.b.c.» տառերով նամակ ստանալու լինիք, խնդրեմ պահեք այն և հանձնեք ծառայիս։

— Ձեր ծառայի՞ն,— հարցրի ես զարմացմամբ։

— Այո՛, միայն նրան։

— Իսկ նա հավատարի՞մ է ձեզ,— հարցրի նորից խորհրդավոր զգուշությամբ։

— Օ՜, շունից ավելի,— պատասխանեց նա և ընդնմին շտապով ավելացրեց,— էհ, ցտեսություն, հուսամ չեք մոռանալ «а.b․c. ցպահանջ»։

— Հանգիստ եղեք, երբեք չեմ մոռանալ,— ապահովացրի ես պարոնին։ Եվ ապա երբ հեռացավ, ինքս ինձ մտածեցի սա էլ ուրեմն դարձավ իմ ժողովուրդը։

Եվ սակայն այս հայտարարությունը հաճելի եղավ ինձ այն պատճառով, որ այդ օրը Յուլիային կարող էի հայտնել մի նորություն։

Երբ տուն վերադարձա, առաջին խոսքս եղավ՝

— Կարո՞ղ ես գուշակել թե ի՞նչ նոր հաճախորդ ունիմ։

— Նոր հաճախո՞րդ,— հարցրեց ինձ Յուլիան, առանց յուր աչքերը կարից վերցնելու։

— Այո։

— Ո՞վ է։ [ 306 ] — Հապա գուշակիր.

— Ինչպե՞ս գուշակեմ. քաղաքում մարդ շատ։

— ՉԷ, մեր ծանոթներից է:

— Բայց ո՞վ է։

— Գուշակիր տեսնեմ,— կրկնեցի ես։

— Ասացի որ չեմ կարող։

— Շուբինը։

— Մի՞թե, այդ հետաքրքրական է,— ասաց Յուլիան ժպտալով։

— Այդքա՞ն միայն։

— Հապա էլ ուրիշ ի՞նչ։

— Չե՞ս զարմանում, ուրեմն, իմ մարգարեության վրա, որ ասում էի թե՝ շուտով Շուբինը իմ «ժողովուրդն» է դառնալու։

— Օ՜, ի՞նչ մեծ մարգարեություն ես արել. ո՞ւմ չէ հայտնի, որ նա հարյուրավոր երկրպագուներ ունի քաղաքում։

— Ունի, ես էլ գիտեմ, բայց բանն այս է, որ նա մինչև այժմ ծածկագիր չէր ստանում։

— Յուր հասցեով նամակ հո ստանո՞ւմ էր։

— Ինչո՞ւ չէ։

— Էհ, այդ նամակները չէի՞ն կարող գաղտնի զրույցներ պարունակել։

— Չեմ կարծում։ Նման նամակները «ցպահանջ» են գրում միշտ։

— Որ ապահովապես տիրոջ ձե՞ռքը հասնի,— հարցրեց Յուլիան ժպտալով։

— Անշուշտ։

— Ի՞նչ հասցե ունի Շուբինի նամակը,— հետաքրքրվեց կինս։

— Ալգեբրայական, պատասխանեցի ես։

— Այսի՞նքն։

— А. b. c., ցպահանջ։

— Բոլորովին նոր հասցե է։

— Այո, դեռ այս հասցեով նամակ չէ ստացվել ինձ մոտ։

— Գիտե՞ս ինչ եմ ուզում ասել քեզ,— դարձավ ինձ Յուլիան ժպտալով: [ 307 ] — Ի՞նչ:

— Արի մի անգամ բեր Շուբինի այդ a. b. c.-ն, բանանք ու կարդանք։

— Խելագարվե՞լ ես դու,— հարցրի ես զարմանալով։

— Ի՞նչ կլինի, կարդանք ու իմանանք թե ով է դրա մտերմուհին։

— Յուլիա, Յուլիա, ինչե՞ր ես խոսում, այդպիսի առաջարկություն չէի սպասում քեզանից,— նկատեցի ես լրջությամբ։

— Օհ, մեծ բան է, կարծես չես կարող ծրարը նորեն փակել ու հանձնել իրեն։

— Ես քեզ խնդրում եմ, որ այդ խոսքը չկրկնես, նույնիսկ կատակով։ Այդպիսի վարմունքը հանցանքից ավելի է. մի կարծիր թե ամուսինդ ընդունակ է անազնվության,— ասացի ես վճռաբար և մեր մեջ այլևս խոսք չեղավ այդ մասին։

Երկու օրից հետ, արդարև, փոստային արկղներից հանած նամակների միջից երևան եկավ «a.b.c.» հասցեով ծրարը, որը, չգիտեմ ինչո՞ւ, մյուսներից ավելի գրավեց ուշադրությունս և ես, փոխանակ սովորական դարակի մեջ դնելու այն, պահեցի իմ սեղանի արկղում։ Շուտով երևեցավ Շուբինի ծառան, որին անձամբ ճանաչում էի։ Իսկույն հանձնեցի նրան տիրոջ նամակը՝ պատվիրելով որ իմ աչքի առաջ ծոցը դնե, որպեսզի չկորցնի։

Տուն վերադառնալուց հայտնեցի Յուլիային, որ a.b.c. հասցեով նամակն արդեն ստացա և ուղարկեցի տիրոջը։

Այս լուրը, չգիտեմ ինչու, նրան այլայլեց և մի թեթև շառագույն նրա սիրուն դեմքը պատեց.

— Ի՞նչ պատահեց քեզ, ինչո՞ւ շիկնեցիր,— հարցրի ես՝ զարմանալով նրա դեմքի հանկարծական փոփոխության վրա։

— Շիկնեցի՞... չգիտեմ, գուցե հուզմունքից,— պատասխանեց նա։

— Բայց ինչո՞ւ հուզվեցար։

— Որովհետև այդ նորությունը հիշեցրեց՝ ինձ անցյալ օրվա քո կոպիտ վարմունքը... Այսքան ժամանակ է մենք պսակված ենք, և ես քեզանից դեռ ծանր խոսք չէի լսել։ Բայց այն օրը, մի որևէ Շուբինի պատճառով, էլ նախատական բան [ 308 ] չմնաց, որ դու չասեիր ինձ... օհ, չեմ կարող մոռանալ... Այս ասելով Յուլիան արտասվեց և թաշկինակը հանելով սեղմեց աչքերին։

— Յուլիա, Յուլիա. ի՞նչ ես անում դու, ինչե՞ր ես խոսում. ինչպես կարող եմ քեզ նախատել.— այս խոսքերով դիմեցի ես դեպի ամուսինս, և գրկելով նրան՝ սեղմեցի կրծքիս ջերմագին։

— Նախատինք չէր, հապա ի՞նչ էր. ես քեզ կատակով խոսք եմ ասում, իսկ դու այն ճշմարտության տեղ դնելով՝ նկատում ես թե՝ ես խելագարվել եմ, թե ես քեզ անազնվության ընդունակ մարդ եմ համարում ևն. ևն.։ Մի՞թե արդարև կարծում ես թե՝ ես թույլ կտամ ինձ մի վայրկյան մտածել թե իմ Վանիան կարող է ուրիշների նամակը բանալ... ինչո՞ւ չիմացար որ խոսածներս կատակ էին։

— Ներիր ինձ, հոգյակս, ներիր, խոստովանում եմ, որ սխալվել եմ, բայց իրավ որ քեզ նախատելու իրավունք չեմ ունեցել,— ասացի ես և ջերմագին համբույրներով սկսա իմ սիրեցյալի ձեռքերն ու դեմքը ծածկել։

— Թող այսուհետև այդ «ցպահանջ» նամակների մասին խոսք չլինի մեր տան մեջ, ես այլևս ոչինչ չեմ ուզում լսել, որովհետև ամեն անգամ էլ այս դեպքը հիշելով պիտի հուզվեմ,— ասաց Յուլիան, վերջին անգամ աչքերը սրբելով։

— Քո հրամանը կկատարվի ճշտությամբ,— պատասխանեցի ես։ Եվ այնուհետև, արդարև, այլևս խոսք ու զրույց չեղավ մեր մեջ այդ նամակների մասին։

Եվ սակայն, սիրելիներս, ես շաբաթը մի երկու անգամ պարբերաբար ստանում էի a.b.c. մակագրությամբ նամակներ և հասցնում Շուբինին։

Մի անգամ իմ գլխում ծագեց այսպիսի մի հարց։— Ինչո՞ւ ։ Շուբինը, որ ամեն օր գրեթե ազատ թափառում է այս փողոցներում, չի գալիս անձամբ յուր նամակն ստանալու, մինչդեռ ուրիշ մարդիկ, որոնք նրանից ավելի զբաղված են, երբեք «ցպահանջ» նամակները օտարին չեն հավատում։ Այս հարցի պատասխանը դեռ չէի գտել, երբ ահա մի օր նա մտավ փոստատուն և նամակ հարցրեց, հայտնելով [ 309 ] ընդնմին թե՝ պատահմամբ անցնում էր այդտեղից և ներս եկավ իսկապես ինձ ողջունելու համար։

Ես, իհարկե, շնորհակալություն արի, և որովհետև նրա a.b.c.-ն արդեն պահարանումն էր, ուստի հանելով հանձնեցի իրեն, և դրա հետ միասին, ըստ իմ սովորության, հառեցի հայացքս Շուբինի աչքերին։ Երիտասարդը, կարծես, շփոթվեց իմ հայացքից, և խոսքը գրեթե կիսատ թողնելով, նամակն արագությամբ ձեռքիցս առավ և «ցտեսություն» ասելով՝ իսկույն շուռ եկավ։

Այս մի տարօրինակ վարմունք էր։ Ինձ ողջունելու համար ներս եկած բարեկամը ինչո՞ւ այդպես շուտ ինձանից պիտի փախչեր։ Բացի այդ, երբ Շուբինը դռան մոտ հասնելով՝ կամենում էր գլխարկը ծածկել, վայր ձգեց նամակը՝ դարձյալ շփոթվելով։ Նա խոնարհեց վերցնելու և միևնույն ժամանակ մի գողունի հայացք ձգեց վրաս՝ տեսնելու համար թե՝ դեռ նայո՞ւմ եմ յուր վրա թե ոչ։ Ես, իհարկե, նայում էի։ Նա այդ նկատեց և նամակը վերցնելով՝ մի ակնթարթում հեռացավ։

Զարմանալի է, մտածեցի ինքս ինձ, դերասանին, իսկապես, անծանոթ պիտի լինի ամոթխածությունը։ Մի մարդ, որ հազարավորների առաջ միօրինակ համարձակությամբ խաղում էր թե՛ առաքինի մարդու և թե՛ ավազակի դերեր, չի պիտի ճնշվի որևէ ծածկագիր նամակ ստանալուց։ Եվ սակայն այս մարդը չէր իշխում ուղղակի նայել իմ երեսին, ի՞նչ է սրա պատճառը։

Այսպես մտածելով ես գալիս էի այն եզրակացության թե՝ ուրեմն ամոթի զգացումն ունին բոլոր նրանք, որոնք բարի գործը հանցանքից զատելու չափ ըմբռնումն ունին։ Բեմի վրա խաղալը, հարկավ հանցանք չէ, ուստի Շուբինը չէ քաշվում դրանից։ Բայց շահագործել, օրինակ, սերը մի կնոջ, որ իրեն չէ պատկանում, ծանր հանցանք է, և այդպիսի գործից նա պիտի ամաչե։ Եվ որովհետև a.b.c. հասցեով նամակ ստանալուց արդեն քաշվում է, պարզ է ուրեմն, որ նա գործում է մի հանցանք և դրա համար էլ ամոթի զգացումը թույլ չի տալիս իրեն՝ անձամբ գալ ինձ մոտ և յուր գիրն ստանալ։

Բայց թե իսկապես ի՞նչ էր նրա հանցանքի էությունը,այդ հարցն ինձ համար մնաց անլուծելի։ [ 310 ] Մի անգամ ամուսինս հայտնեց, թե հրավիրված է յուր քեռու տունը, որն ապրում էր քաղաքի հեռավոր մի արվարձանում և որի հետ վաղուց խռով էի ես։ Չնայելով իմ հակակրության, որ տածում էի դեպի կնոջս այդ ազգականը, ես, այսուամենայնիվ, չէի արգելում Յուլիային այցելել նրան, կամ պահպանել քեռու հետ բարի հարաբերություններ։ Այս պատճառով էլ, իհարկե, առանց դժվարության հաշտվեցի այն մտքի հետ, թե ամբողջ մի օր չպիտի տեսնեմ Յուլիային, կամ պիտի ճաշեմ առանց նրա ընկերության։

Երբ եկա ծառայության, ընկերներիցս մինը իմ վիճակն իմանալով, հայտնեց թե՝ ինքն էլ ստիպված է այդ օրը ճաշել միայնակ, որովհետև կինը հրավիրված է պիկնիկի։

— Արի, ուրեմն միասին կրենք մեր զրկանքը,— ասացի ես,— գնանք ճաշենք քաղաքից դուրս, այգիներից մինում։

— Դրանից լավ բան չէիր կարող առաջարկել, գնանք,— համաձայնվեց ընկերս։

— Մենք որոշեցինք ժամ առաջ վերջացնել գլխավոր գործերնիս և երկրորդականը մեր օգնականներին թողնելով խույս տալ փոստատնից, որպեսզի այգիների մաքուր ու թարմ օդից օգտվենք ավելի։

Նամակները զատելու ժամանակ դարձյալ լույս ընկավa.b.c.- հասցեով մի ծրար, որը չվստահանալով թողնել օգնականիս, ծոցս դրի իսկույն, որպեսզի Շուբինի տան մոտից անցնելուց՝ զանգը քաշեմ և հանձն եմ իրեն։ Բայց երբ դուրս եկանք փողոց և առաջին պատահած կառքը բարձրացանք, էլ մոռացա թե հետս նամակ ունիմ վերցրած, ուստի առանց կանգ առնելու դեպի այգիները սլացանք։

Այստեղ, իհարկե, ամեն բան լավ էր․ և օդը, և ծառերը, և՛ թուփերի տակ կարկաչող առուն։ Բայց ամենի գլուխ գործոցը եղավ մեր սեղանը, որ բացվեցավ հովանավոր ակացենու տակ և ընկերոջս տված պատվերի համաձայն՝ ծածկվեցավ շուտով ընտիր ակրատով (զակուսկա) և ապա համեղ կերակուրներով ու սառը գինու շշերով։

Մենք կերանք, խմեցինք որքան կարող էինք և շուտով համոզվեցանք, որ քեֆն ավելի լավ է քան թե ծառայությունը։ [ 311 ] Եվ որպեսզի այդ քեֆը թերատ չթողնեինք, մենք սկսանք նաև եռանդով երգել։

Հենց այդ միջոցին պատահմամբ ձեռքս ծոցս տարի և շոշափեցի այդտեղ Շուբինի նամակը։

— Ախ, ինչ հիմարություն արի ես,— բացականչեցի հանկարծ, այս նամակը պետք է տիրոջը հանձնեինք։

— Ի՞նչ նամակ,— հարցրեց ընկերս։

— Այ, այս a.b.c.-ն։

— Թող, բան չունիս, դրա տիրոջ հերն անիծած. ի՞նչ կկորցնե եթե վաղն ստանա։

— Ցպահանջ է, այ մարդ, կարող է ժամադրության խանգարում պատճառել,— նկատեցի ես ծիծաղելով։

— Ինձ ի՞նչ, թող խանգարվի։ Բայց չէ, տուր ինձ այդ նամակը, ես պիտի կարդամ, տեսնեմ ո՞վ է դա, որ հաճախ ժամադրություններ է նշանակում։ Անշուշտ գեղարվեստի երկրպագուներից մինն է...

— Թող, բան չունի՞ս,— ասացի ես լրջությամբ և կամեցա ծոցս դնել ծրարը։ Բայց ընկերս արագությամբ հափշտակեց այն ձեռքիցս և մի ակնթարթում ծրարը պատառեց։

— Երդվեցնում եմ քեզ այն ամենով, ինչ որ սուրբ է քեզ համար մի կարդար այդ նամակը,— բացականչեցի ես։

—Ծրարն արդեն պատառել եմ, այսպես հո չես կարող տիրոջը վերադարձնել,— պատասխանեց ընկերս՝ շարունակ ծիծաղելով և ինձանից փախչելով։

— Ուրիշ ծրարում կդնեմ, թող։

— Անկարելի է, այս նամակը պիտի կարդանք,— ասաց նա վճռաբար։

— Ուրեմն մի պայմանով,— հարեցի ես, տեսնելով որ նրա ձեռքից չեմ կարող այս գիրն ազատել։

— Ի՞նչ պայմանով,— հարցրեց նա։

— Այն, որ առաջ ես կարդամ և եթե հարմար գտնեմ բովանդակությունը քեզ հաղորդելու, այն ժամանակ միայն հաղորդեմ ։

— Համաձայն եմ,— ասաց ընկերս և վերադարձրեց նամակը։

Եթե գինին տաքացրած չլիներ ուղեղս, գուցե, այդ գրի [ 312 ] ծալքն անգամ չշարժեի։ Բայց արդեն անբնական դրության մեջ լինելով և իմ ձեռքում բաց տեսնելով այն ծածկագիրը, որ այնքան շատ հետաքրքրել էր ինձ, հրապուրվեցա և բացի.. բայց, աստված իմ, ի՞նչ տեսա... Աշխարհն ասես շուռ եկավ գլխիս և գինովությունը վայրկենապես անցավ։ Զգացի, որ աչքերս սևանում են և գետինը շարժվում է ոտքերիս տակ.ուստի մեջքս դեմ տվի ծառին։

— Ի՞նչ պատահեց քեզ, եղբայր, ինչո՞ւ գույնդ թռավ,ի՞նչ կար այդ նամակում,— հարցրեց ընկերս բոլորովին շվարած։

— Ոչինչ... ոչինչ չկա.. կառք բերել տուր, իսկույն պիտի գնամ քաղաք, — հազիվ շշնջացի ես, որովհետև բերանս վայրկենապես ցամաքել ու լեզուս դառնացել էր, խոսել չէի կարողանում։

Ընկերս, կարծես, գուշակել էր արդեն ինձ հասած դժբախտությունը, ուստի առջևս արձանացած ոչինչ չէր կարողանում խոսել։ Մի քանի վայրկյան այսպես լուռ մնացինք։ Նա նայում էր ինձ վրա, իսկ ես օդի տարածությանը, որ այդ վայրկյանին թվում էր ինձ պղտոր ու մթին. ես շունչ էի քաշում այնպես ծանր ու դժվարությամբ, որ կարծես թե թոքերս ճնշում էր մի երկանաքար։ Ապա տեսնելով, որ ընկերոջս ներկայությունը ավելի է ծանրացնում իմ թշվառ դրությունը, ասացի նրան նվաղած ձայնով.

— Ես հեռանում եմ այստեղից, մի հետևիր ինձ, խնդրում եմ ։

Ընկերս կանգնած տեղից մինչև անգամ չշարժվեց։ Ես դողդոջուն քայլերով դեպի ծառերի խորքերը հեռացա։ Երբ ինձ արդեն միայնակ զգացի, բացի ձեռքումս ճխլտած նամակը և նորեն կարդացի։

— Բայց ումի՞ց էր նամակը,— հարցրեց կառավարիչին խոսակիցներից մինը։

— Յուլիայից, իմ սիրած կնոջից..« 

— Ձե՞ր կնոջից։

— Այո։

— Ներողություն, ի՞նչ էր գրում նա։

— «Իմ սիրեցյալ, իմ աննման Պոլ,— գրում էր նա [ 313 ] երիտասարդին,— ես արդեն հետևեցի քո խելոք խորհրդին և հայտնեցի ամուսնուս թե՝ հրավիրված եմ իմ քեռու տանից, ուր, ինչպես գիտես, նա ոտք չէ դնում։ Ուրեմն ես առաջ կայցելեմ քեռուս, որպեսզի, համենայն դեպս, եղած լինեմ նրա մոտ. իսկ հետո, ժամը երկուսին կառքով կմոտենամ Դ-ի այգուն, ուր, հույս ունիմ, ժամ առաջ սպասում կլինես դու ինձ։

Առայժմ ուղարկում եմ քեզ իմ ջերմագին համբույրները։

Ց՛փութով տեսություն, քո Յուլիա»։

Այժմ, պարոններ, ավելորդ է նկարագրել ձեզ այն հոգեկան տանջանքները, որ ես կրեցի այդ զարհուրելի ժամերին։

Այդ նկարագիրն անելու համար վիպասան պիտի լինի մարդ։

Ես միայն կշարունակեմ իմ պատմությունը, որը վերջացնելու համար քիչ բան է մնում ինձ ասելու։

Չարագուշակ նամակը կարդալուց և ինձ հասած դժբախտության մեծությունը չափելուց հետ ես դուս եկա այգուց՝ առանց իմ ընկերից տեսնվելու և խելագարի պես ոտքով հասա քաղաք։ Եվ որովհետև որոշել էի գնալ անձամբ տեսնել, թե ինչպես է Յուլիան յուր սիրելիի հետ զվարճանում, ուստի կառք նստեցի և սլացա դեպի այն կողմը, ուր գտնվում էր Դ-ի այգին։ Սա քաղաքից հեռու լինելու պատճառով՝ հաճախորդներ չէր ունենում, բայց խիստ հարմար էր մենավոր տեսակցության համար։

Պարտիզի դուռը փակ գտնելով, ես մինչև անգամ, չբախեցի այն, այլ դռան վրայից թռչելով՝ ներս մտա և դիմեցի ուղղակի դեպի միակ հովանոցը, որ գտնվում էր այգու խորքում և շրջապատված էր տերևախիտ ուստերով։

Եվ ի՞նչ տեսա այդտեղ։ Հովանոցի մեջ բացված ճոխ սեղանի առաջ նստած էր Յուլիան, աջ ձեռքով բռնած գինու բաժակը, իսկ ձախով՝ քնքշաբար հոմանուն կռթնած։ Ինձ տեսնելուց նա մի ճիչ արձակեց և բաժակը ձգելով՝ ձեռքերով ծածկեց երեսը, որ արդեն սփրթնել, կտավի գույն էր առեք։

Շուբինը նույնպես վեր թռավ տեղից և այլայլված արձանացավ հովանոցի մի անկյունում։

Ես հառեցի աչքերս Յուլիայի վրա և անխոս նայում էի նրան ամբողջ մի վայրկյան։ Ապա գլուխս տխրությամբ շարժելով հեռացա այդտեղից առանց մի բառ արտասանելու։ [ 314 ] Երկու օր շարունակ ես խելագարի պես թափառում հի քաղաքի շրջակաները, առանց ուտելու և առանց հանգստանալու: Երբ երրորդ օրր վերադարձա տուն, բնակարանս լցված գտա ամբոխով։ Յուլիան մի քանի ժամ առաջ մեռել էր՝ թոլնավորելավ իրան կարբոլյան թթվուտով...

—Եվ, ուրեմն, այդ բոլոր դժբախտության պատճառը մի գաղտնիք քրքրե՞լն եղավ,— հարցրեց գրազ բռնողը։

— Եվ մի ճշմարտություն իմանալը,— հարեց կառավարիչը: